Ում Մասին Էր Խօսում Նիկոլ Փաշինեանը

0112nigolpashinian

ԳԱՅԱՆԷ  ԽԱՉԱՏՐԵԱՆ

 

0112nigolpashinianՀՀ կառավարութեան 2018թ. Դեկտեմբերի 13ի նիստում ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման յստակ գործընթաց:

«Ցաւօք, ոչ համատարած, բայց համատարածութիւնը կախուած է արդիւնաւէտութեան բարձրացման փոփոխութիւնների տրամաբանութիւնից, որովհետեւ մենք ֆինանսաւորումն աւելացնում ենք համաչափ, բայց, ցաւօք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մօտ կան նախարարութիւններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շօշափելի բարձրացում են ունեցել, եւ կան նախարարութիւններ, որտեղ աշխատավարձերի շօշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բիւջէում մենք աշխատավարձի բազայի (հիմքի-Խմբ.) հետ կապուած ոչ մի փոփոխութիւն չենք արել», ասել էր նա:

168.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմից հետաքրքրուեց՝ աշխատավարձերի շօշափելի բարձրացում ո՞ր նախարարութիւններում, ո՞ր հաստիքների եւ ի՞նչ չափով է եղել:

Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացրել են, որ 2018թ. ընթացքում պետական կառավարման մարմինների աշխատողների պաշտօնային դրոյքաչափերի (ժամավարձի-Խմբ.) բարձրացում չի իրականացուել, սակայն միաժամանակ հանրային իշխանութեան մարմինների 2018թ. գործունէութեան արդիւնքներով տնտեսուած միջոցներն ուղղուել են տուեալ մարմնի աշխատակիցների խրախուսմանը (bonus):

2018թ. ՀՀ նախարարութիւններում աշխատակիցների աշխատավարձերի աճ գրանցուել է նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նուազման արդիւնքում:

«Միաժամանակ յայտնում ենք, որ ՀՀ 2019թ. պետական բիւջէով հանրային իշխանութեան բոլոր մարմինների համար նախատեսուել է աշխատողների պարգեւատրման ֆոնդ՝ հիմնական աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպէս նաեւ «ՀՀ 2019թ. պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9րդ յօդուածի 17րդ կէտի համաձայն՝ թոյլատրուել է ՀՀ կառավարութեանը 2019թ. անհրաժեշտութեան դէպքում իւրաքանչիւր պետական մարմնի կողմից իրականացուող ծրագրերի համար նախատեսուած բիւջետային միջոցներն արդիւնաւէտ, օգտաւէտ եւ (կամ) խնայողաբար կառավարելու արդիւնքում առաջացող տնտեսումն ուղղել այդ պետական մարմնի աշխատակիցների պարգեւատրմանը՝ ի յաւելումն այլ օրէնքներով սահմանուած պարգեւատրման պայմանների, այդ թւում՝ սահմանափակումների:

ՀՀ վարչապետի աշխատակազմից մեզ են տրամադրել նաեւ 2018թ. աշխատավարձերի բարձրացման վերաբերեալ ՀՀ նախարարութիւնների պարզաբանումները: Ըստ այդմ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութեան աշխատակիցների աշխատավարձերն անցած տարի բարձրացել են 7.4 տոկոսով՝ նախարարութեան 2018թ. բիւջետային ծախսերի արդիւնաւէտութեան բարձրացման արդիւնքում առաջացած տնտեսումների հաշուին:

Տրանսպորտի (փոխադրութեան միջոցի-Խմբ.), կապի եւ ՏՏ (տեղեկատուական արհեստագիտութեանց-Խմբ.) նախարարութիւնում 2018ի Նոյեմբերին ծառայողական պարտականութիւնները բարեխիղճ կատարելու համար նախարարութեան 37 աշխատակից պարգեւատրուել է ընդհանուր 8.8 միլիոն դրամի չափով, իսկ տարեկան արդիւնքներով առաջացած 31 միլիոն դրամ խնայողութիւնների եւ 9.2 միլիոն դրամ այլ յօդուածներով տնտեսումների վերաբաշխման արդիւնքում Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ պարգեւատրուել են նախարարութեան բոլոր աշխատակիցները:

Այս տարի պետբիւջէով նախարարութեան պահպանման ծախսերով «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ յատուկ վճարներ» յօդուածով պլանաւորուած է 97 միլիոն 365.5 հազար դրամ՝ համաչափ եռամսեակային բաշխուածութեամբ՝ նկատի ունենալով աշխատավարձի յաւելում 30 տոկոսի չափով, ինչը նախորդ տարիներին նախատեսուած չի եղել, եւ 33 մլն. 871.9 հազար դրամ՝ «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» յօդուածով՝ կիսամեակային արդիւնքներով բացառապէս քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու նպատակով, որը բխում է «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքի պահանջներից:

Ֆինանսների նախարարութիւնում 2018թ. տեղի ունեցած օպտիմալացման (առաւել բարենպաստ դարձնելու-Խմբ.) արդիւնքում աշխատավարձի ֆոնդի տնտեսումների հաշուին աշխատակիցների խրախուսման հնարաւորութիւնն աւելացել է մօտ 30 տոկոսով:

Էներգետիկ (ուժանիւթին վերաբերող-Խմբ.) ենթակառուցուածքների եւ բնական պաշարների նախարարութեան աշխատակազմի պահպանման նպատակով 2018ի բիւջէով յատկացուած գումարների տնտեսման արդիւնքում աշխատակիցները պարգեւատրուել են աշխատավարձի տարեկան ընդհանուր ֆոնդի 12.35 տոկոսի չափով:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեանը 2019ի բիւջէով պահպանման ծախսերի համար լրացուցիչ նախատեսուել է «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հաւելավճարներ» ծախսային յօդուած՝ 81.8 միլիոն դրամի չափով, որը կազմում է նախարարութեան «Աշխատողների աշխատավարձեր եւ յաւելավճարներ» ծախսային յօդուածի 21.6 տոկոսը:

Բնապահպանութեան նախարարութիւնն աշխատակիցների վարձատրութեան չափի փոփոխութեան հաշուետուութիւնը ներկայացրել է իր ենթակայ կազմակերպութիւնների մասով, որոնցից որոշներում՝ աշխատակիցների կրճատում, որոշներում՝ աւելացում է եղել: Ըստ այդմ՝ տարեսկզբին նախարարութեան 10 ՊՈԱԿների եւ 1 ՓԲԸի 797.5 հաստիքները Հոկտեմբերի դրութեամբ դարձել են 794.5, իսկ աշխատավարձի միջին աճը՝ 19 տոկոս:

Նշենք, որ անտառապահների աշխատավարձերի ամենամեծ աճը եղել է «Դիլիջան ազգային պարկում»՝ 100 հազար դրամից դառնալով 185 հազար դրամ՝ աճելով 85 տոկոսով:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top