Հայ Ճարտարագէտների Եւ Գիտնականների Միութիւնը Կը Մեծարի Աշխարհահռչակ Ֆիզիկոս Եուրի Օգանեսեանին

0112scientists1

 

0112scientists1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան (ՀՃԳՄ) 35ամեակի հանդիսութեան շրջանակներում, Յունուարի 19ին, կը մեծարուի համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Եուրի Օգանեսեանը՝ ում անունով անուանակոչուել է Մենդելէեւի պարբերական աղիւսակը նոր համալրած 118րդ քիմիական տարրը (oganesson (Og): Ձեռնարկը նաեւ առիթ է լինելու միութեան անդամների համար անդրադառնալու վերջին շրջանում իրականացուած աշխատանքներին ու ներկայացնելու ապագայի ծրագրերը:

«Համախմբել Հայ Ճարտարագէտներին ու գիտնականներին՝ հաղորդակցուելու, համագործակցելու եւ առաւել բարեկեցիկ համայնք ստեղծելու նպատակով»:  Հայ Ճարտարագէտների եւ գիտնականների միութիւնը գործունէութեան 35 տարիների ընթացքում անշեղօրէն հետեւել է այս կարգախօսին, միաժամանակ, որպէս առաջնահերթութիւն սահմանելով զօրակցումը հայրենիքին:

Դոկտոր Յակոբ Փանոսեանի՝ միութիւն հիմնելու երազանքն իրականութիւն դարձաւ, երբ տարբեր ոլորտների շուրջ 40 հայ գիտնականներ, պրոֆեսորներ ու ճարտարագէտներ արձագանգեցին Փանոսեանին, եւ 1983 թուականի Յունիսի 3ին տեղի ունեցաւ նրանց առաջին հիմնադիր հանդիպումը: Այսօր Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան (ՀՃԳՄ) անդամների ու համախոհների թիւը մի քանի հազար է, նրանց գործունէութեան ոլորտներն ու նպատակները՝ բազմազան:

Միութեան նախագահ Ջոն Շիրաջեանը, համառօտ ներկայացնելով աւելի քան երեք տասնամեակների գործունէութիւնը, նշում է, որ յաջողուել է իրականութիւն դարձնել հիմնադիրների ու անդամների տեսլականը: «Միութեան հիմնանպատակն էր համախմբել աշխարհասփիւռ հայ ճարտարագէտներին ու գիտնականներին, այդ թւում՝ Հայաստանի գիտնականներին, ինչը խորհրդային տարիներին հեշտ չէր: Բարեբախտաբար, ստացուեց որոշ կապեր հաստատել, եւ այդ հանգամանքն էր, որ հնարաւորութիւն ընձեռեց Սպիտակի երկրաշարժի օրերին արագ արձագանգել եւ օգնութեան հասնել աղէտից տուժած մեր հայրենակիցներին», նշում է Շիրաջեանը:

0112scientists

Միութեան ներքոյ ստեղծուած կենսաբանական ճարտարագիտութեան (Bio-engineering) յանձնախմբի համակարգմամբ, 1988թ.ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան են ուղարկւում  երիկամի դիալիզի սարքեր: Միաժամանակ, հայրենիք են մեկնում քաղաքային երկրաչափութեան (Civil Engineering) յանձնախմբի ամերիկահայ մասնագէտներ, որոնց աջակցութիւնը շարունակւում է ցայսօր: Նշուած ոլորտի մասնագէտները խորհրդակցութիւն են տրամադրում կառուցապատման ժամանակակից չափանիշների հարցում, ուսումնասիրում են հին կառոյցների ու դպրոցների վերականգնողական նախագծերը եւ լուծումներ առաջարկում:

«Հայաստանի անկախացումից յետոյ, միութիւնը սկսեց տարբեր նախագծեր իրականացնել: Կարողացանք օգտակար լինել Բիւրականի աստղադիտարանին, կատարուեցին մեծաքանակ գիտական թարգմանութիւններ՝ անգլերէնից, ռուսերէնից հայերէն, կազմակերպեցինք բազմաթիւ  սիմպոզիումներ՝ ամերիկեան տեխնոլոգիաները հայաստանցի մասնագէտներին ծանօթացնելու, ինչպէս նաեւ մեր փորձը փոխանցելու նպատակով, սահմանեցինք կրթաթոշակներ հայ ուսանողների համար», հայրենիքում գործունէութեան նախնական փուլի մասին յիշում է Շիրաջեանը: ՀՃԳՄը նաեւ կապեր է հաստատում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ՝  հեռահար  դասաւանդող սարքեր տրամադրելով նրանց, ինչի արդիւնքում հնարաւոր է դառնում հեռակայ դասաւանդել եւ քննարկումներ անցկացնել:

Ջոն Շիրաջեանը նշում է, որ ներկայում տասներկու տարբեր աշխատանքային խմբերի միջոցով են իրականացնում իրենց գործունէութիւնը Հայաստանում, այդ թւում՝ կրթական, վերականգնող էներգիայի, բարձր եւ տեղեկատուական տեխնոլոգիաների, արդիւնաբերութեան եւ այլ:

«Մեր յանձնախմբերի գործունէութիւնն ուղղորդում ենք ըստ անհրաժեշտութեան: Շրջակայ միջավայրի պաշտպանութեան մեր խումբը, օրինակ, Հայաստանում անցկացնում է գնահատում եւ հասնում խնդիրների լուծմանը, բարձրացնում է իրազեկութիւնը տարբեր հարցերի շուրջ, ու ներկայացնում ծրագրեր, որոնք ուղղուած են երկարաժամկէտ հատուածում շրջակայ միջավայրի բարելաւմանը:

Ներկայացնեմ մեր ծրագրերից մէկը, որ իրականացուել է Արմավիրում. Հայաստանի անկախացումից յետոյ տեղի ունեցած զանգուածային ծառահատումներից յետոյ ամայացած մի շրջանում յատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, մեր մասնագէտները տնկեցին արագ աճող ծառեր, եւ կարճ ժամանակում հասան մեծ արդիւնքի: Ցաւօք, ապօրինի ծառահատում տեղի ունեցաւ, ինչի համար մենք դիմել ենք դատարան: Սակայն, այս յաջողուած մեթոդը կարելի է կիրառել երկրի տարբեր շրջաններում», տեղեկացրեց Շիրաջեանը:

Յղում անելով կազմակերպութեան նպատակներին, նա նշում է, որ առաջնահերթութիւն է Հայաստանում գիտութեան զարգացումը, եւ այդ ուղղութեամբ իրականացուող տարբեր աշխատանքները, որոնց թւում են նաեւ փորձի փոխանակումը՝ մասնագիտական վարժանքների միջոցով: «Ինքնաբաւ տնտեսութիւն եւ ուժեղ բանակ ունենալու համար անհրաժեշտ է տիրապետել տարբեր ոլորտներում գիտութեան առաջընթացին եւ ներառել նորամուծութիւնները», նշում է ՀՃԳՄ ատենապետը:

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան այս նպատակին են ծառայում նաեւ Լոս Անջելեսում տարուայ ընթացքում անցկացուող դասախօսութիւնները: Ձեռնարկին, որպէս բանախօս, հրաւիրւում են ամերիկահայ գիտնականներ, ճարտարագէտներ, ովքեր նաեւ խօսում են Հայաստանում իրենց գործունէութեան ոլորտում առկայ հնարաւորութիւնների եւ հնարաւոր զարգացումների մասին:

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան առաջնահերթութիւններից է պատանիների ու երիտասարդների կրթութիւնն ու նրանց աջակցելը՝ կառուցելու  մասնագիտական կենսագրութիւն արհեստավարժների օգնութեամբ: Այս նպատակով, իւրաքանչիւր տարի, Լոս Անջելեսում անցկացւում է Գիտական օլիմպիադա (ողիմպիական). «Մի իւրօրինակ ձեռնարկ է, որին մասնակցում են հայկական եւ հանրային դպրոցների հայ 6-12րդ դասարանների հայ աշակերտներ: Այն անցկացւում է Կալիֆորնիայի գիտական մրցոյթ-տօնավաճառի չափանիշներով, եւ մեր գնահատող խմբի անդամներն էլ յայտնի գիտնականներ են, մասնագէտներ: Այսպիսով, մենք նաեւ մարզում ու պատրաստում ենք մեր աշակերտներին գաւառի եւ նահանգի գիտական  մրցոյթներին: Առիթ ենք ստեղծում, նաեւ, որ մեր մասնագէտները դասախօսութիւններ կարդան, իրենց փորձը փոխանցեն մեր երիտասարդներին»: Ջոն Շիրաջեանը տեղեկացրեց, որ այս տարի օլիմպիադայի աշխարհագրութիւնն ընդլայնուելու է, եւ մասնակցելու են նաեւ Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի հայ երիտասարդները՝ «Սքայպ» համակարգի միջոցով: 2019 թուականի Օլիմպիադան նախատեսուած է Մարտի 17ին: Մասնակցութեան համար յայտերն ընդունւում են մինչեւ Մարտի 8ը: Մանրամասների կարելի է ծանօթանալ ՀՃԳՄ կայքում (https://aesa.org/science-olympiad/):

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան գործունէութիւնը հնարաւոր է դառնում նուիրեալ անդամների շնորհիւ: «Ունենք հիւսիս-արեւելեան մասնաճիւղ, որ ներառում է Նիւ Ջըրզին ու Նիւ Եորքը:  Մասնաճիւղեր ունենք նաեւ տարբեր համալսարաններում: Մեր անդամների թւում են ճանաչուած գիտնականներ եւ միաժամանակ՝ ուսանողներ, որ միաւորուած են մէկ գաղափարի շուրջ: Ուրախ ենք, որ մեզ միացաւ նաեւ աշխարհահռչակ գիտնական Եուրի Օգանեսեանը, ում նաեւ մեծարելու ենք մեր այս տարուայ տօնական հանդիսութեան ժամանակ՝ Վիկտոր Համբարձումեանի անուան պարգեւը յանձնելով նրան: Օգանեսեանին ես համարում եմ մեր օրերի հերոս, ով բացի իր բազմաթիւ կոչումներից, պատմութեան մէջ երկրորդ անձն է, ում անունով Մենդելէեւի աղիւսակում տարր է կոչւում նրա կենդանութեան օրօք», տեղեկացրեց ՀՃԳՄ ատենապետը:

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութիւնը Յունուարի 19ին բացառիկ առիթ է ընձեռելու ամերիկահայ համայնքին՝ հաղորդակցուելու մեր աշխարհահռչակ հայրենակցի հետ: Տօնահանդէսը նաեւ դրամահաւաքի ձեռնարկ է, որի ընթացքում հաւաքուած հասոյթը տրամադրուելու է միութեան առաջիկայ ծրագրերի իրականացմանը: «Դրամական միջոցների մի մասը նախատեսում ենք յատկացնել շարժական լաբորaտորիայի ստեղծմանը՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում օգտագործելու համար: Որոշակի գումար կը յատկացուի քաղցկեղի եւ սրտի հիւանդութիւններով տառապող հայաստանաբնակ մեր հայրենակիցների համար դեղորայքին: Ծրագրում ենք նաեւ աջակցել Հայաստանում  եւ Արցախի սահմանամերձ հատուածներում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրների լուծմանը», ամփոփեց Ջոն Շիրաջեանը:

Յունուարի 19ին նախատեսուած ձեռնարկի ընթացքում ելոյթներով հանդէս կը գան բանախօսներ, գեղարուեստական մասը կազմուած կը լինի հայկական երգ ու պարից: Մանրամասներին կարելի է ծանօթանալ միութեան կայքից:

 

ՏԵՂԵԿԱՆՔ.- Ֆիզիկոս, Ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Եուրի Օգանեսեանի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային եւ արագացուցչային տեխնիկային: Օգանեսեանը, նոր տարրերի արհեստական սինթեզի բնագաւառում կատարուած 11 յայտնագործութիւնների համահեղինակ է: Նրա ղեկավարութեամբ Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտում (քաղաք Դուբնա) յայտնաբերուել են Մենդելէեւի աղիւսակի նոր տարրեր՝ 112-118 յաջորդական համարներով: Գիտնականի մասնակցութեամբ, Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտում ստեղծուել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ: Գիտնականը ՌԴ ի Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի (Դուբնա) Ֆլէօրովի անուան միջուկային ռէակտորների գիտական ղեկավարն է:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top