Մեր Խօսքը

0116VEM

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ»Ի

 

0116VEM2018 թուականի ընթացքում Հայաստանում եւ Սփիւռքի հիմնական գաղթօջախներում կազմակերպուած հանդիսաւոր միջոցառումների ու գիտաժողովների միջոցով ազգովի նշեցինք Հայաստանի Հանրապետութեան 100րդ տարեդարձը:

Համազգային նշանակութիւն ունեցող այդ նուիրական առիթով մեզանում հնչեցին ոչ միայն բոցաշունչ ճառեր, այլեւ լրջմիտ գիտական գնահատականներ, բայց երբ անցաւ աղմուկը, երբ եկաւ լռելու, խորհելու եւ մեր ներկայ իմացական մակարդակից անցեալը վերաիմաստաւորելու պահը, պարզուեց, որ ասպարէզում չկայ որեւէ ամբողջական խօսք, տեքստ, այսինքն՝ պատմութիւն:

Երբ 2018 թուականի Մայիսի 31ին ու Յունիսի 1ին Հայաստանի ամերիկեան համալսարանում «Վէմ» հանդէսի խմբագրակազմի ջանքերով կազմակերպում էինք «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը 1918-1920թթ.: Սերունդների յիշողութեան եւ արդիականութեան մարտահրաւէրների համատեքստում» ընդարձակ խորագիրը կրող գիտաժողով-քննարկումը, համոզուած էինք, որ կարեւորը նրա տպագիր վերջնարդիւնքն է լինելու: Ուստի փորձեցինք որոշակի նպատակ դնել մեր կազմակերպած գիտաժողով-քննարկման առջեւ՝ ինչ-որ բանի հասնելու եւ վերջում ընթերցողին խորհելու նիւթ տալու համար: Մեր խնդիրը միւս գիտաժողովների նման՝ անցեալի հերոսական դրուագները վերապատմելը չէր, այլ 20րդ դարում ձեւաւորուած Հայաստանի Հանրապետութեան պատմութեան քննութիւնը 21րդ դարին իմացական տարածք տեղափոխելը: Իսկ դա պահանջում էր ոչ միայն վերհիշել հանրայայտ փաստերը կամ բացայայտել թերի ուսումնասիրուած կամ վիճելի թեմաներն ու դրանց շուրջ քննարկում կազմակերպել, այլեւ արդի պատմագիտութեան տեսական ու մեթոդաբանական բարձրութիւնից համակարգել, գիտակցել ու հասկանալ նոր գիտելիքների տեղն ու դերը մեր իմացութեան խորացման պրոցեսում:

Համակարգել նշանակում է Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը քննել եւ մեր ներսում, եւ մեր շուրջ ձեւաւորուած յարաբերութիւնների, այսինքն՝ ոչ միայն հայոց, այլեւ համաշխարհային պատմութեան տիրոյթում:

Գիտակցել նշանակում է վերականգնել պատմութեան սուբյէկտի (նիւթի-Խմբ.) մեր ինքնագնահատականը՝ «Հայաստան» հասկացութիւնը դիտարկելով իր միջազգային-իրաւական կարգավիճակի, իսկ «Հանրապետութիւնը»՝ ներքին լեգիտիմութեան (օրինականութեան-Խմբ.), այսինքն՝ «ժողովրդական գործ»ի կամ rec publikus-ի տիրոյթում:

Հասկանալ նշանակում է առանձնացնել պատմութեան հիւսուածքի տարրական՝ ատոմային մասնիկ հանդիսացող մարդու կամքի ու բանականութեան այն դրսեւորումները, որոնց մի մասն այսօր էլ ներկայ է մեր կեանքում՝ իբրեւ անցեալով հարստացած ու ամրացած պատմական փորձառութիւն:

Պատմութիւնը մէկ գիտութիւն է, եւ Հայոց պատմութիւնը գիտութիւն է այնքանով, որքանով նրա անբաժանելի մասն է ոչ միայն իբրեւ համաշխարհային ասպարէզում մեր ձեւական առկայութեան, այլեւ գիտակցուած ներկայութեան ընկալում: Թէեւ 1991 թուականին մենք ողջ աշխարհին ազդարարել ենք մեր ներկայութեան վերականգնման մասին, բայց մինչ օրս չենք գիտակցել այդ փաստն ինքներս մեզ համար: Քանզի սեփական ինքնագնահատականը վերականգնելու համար պարտաւոր ենք դառնալ պետութիւն ոչ միայն ֆունկցիոնալ (գործնական-Խմբ.), այլեւ իմացական առումով: Մինչդեռ շարունակելով մնալ սոսկ որպէս այսպէս կոչուած «յետ-կայսերական լեգիտիմութեան» դրսեւորում՝ մինչ օրս մենք ապրել ենք՝ հայեացքներս մօտակայ անցեալին յառած: Ու փորձելով դառնալ նրա պարզ հակաթեզը՝ մոռացել ենք, որ 20րդ դարում ունեցել ենք համաշխարհային պատմութեան մէջ մեր ներկայութեան կարճատեւ, բայց հրաշագեղ մի շրջան:

Եւ այսօր ներկայացնելով «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը 1918-1920թթ.» խորագիրը կրող գիտաժողով-քննարկման արդիւնքում մեր կուտակած գիտելիքները՝ ուրախութեամբ նկատում ենք, որ ներկայացուած շուրջ 25 զեկուցումների մեծագոյն մասը նոր խօսք էր կամ մեկնաբանութիւն 1918-1920 թուականների պատմութեան վերաբերեալ: Դա անհրաժեշտ է ճանաչողական բնոյթի լուրջ խնդիրների առջեւ կանգնած մեր սերնդին, որը վաղուց արդէն ձանձրացել է անցեալի դրուագները վերապատմող ու նուիրական դէմքերի յիշատակը խնկարկող «յետահայեաց թամադաներից»: Հայաստանի Հանրապետութեան պատմութեան վերաբերեալ մեր գիտելիքները տեղադրելով համաշխարհային պատմութեան ժամանակագրական ու թեմատիկ հիւսուածքում՝ ժամանակն է վերանայելու ոչ միայն 1918-1920 թուականների վերաբերալ խորհրդային-ժխտողական հայեցակարգը, այլեւ մեր օրերում դրա շրջուած արտայայտութունը դարձած այսպէս կոչուած «երեք հանրապետութուններ»ի կոնցեպտը (գաղափար-Խմբ.): Որովհետեւ եթէ խորհրդային շրջանում Հայաստանի Հանրապետութիւնը դիտւում էր իբրեւ շեղում կոմունիստական իդէալի միջոցով նոր հասարակարգի յաղթանակն ապահովելու անհրաժեշտութիւնից, այսինքն՝ ի վերջոյ պատահականութեան դրսեւորում, ապա Հայաստանի վերանկախացումից յետոյ անցած քառորդ դարի ընթացքում մեզանում գիտական հայեցակարգ՝ որպէս այդպիսին, գոյութիւն չունի: Նրան փոխարինել է պարզ քաղաքական նպատակայարմարութեան արտայայտութիւն հանդիսացող «երեք հանրապետութիւններ»ի կոնցեպտը, որը, համահարթեցնելով 20րդ դարի ընթացքում մեր ունեցած 3 յաջորդական պետութիւնների լրջագոյն տարբերութիւնները, պատմութեան ժամանակագրական յաջորդականութեանը հաղորդել է բովանդակային իմաստ: 20րդ դարում մենք ունեցել ենք ընդամէնը 2 հանրապետութիւն, որոնցից երկրորդը նոր է միայն «լցւում» իր անուանը համապատասխանող բովանդակութեամբ: Մեր մուտքը համաշխարհային պատմութեան բեմահարթակ ամենեւին էլ ուղղագիծ չի եղել, ուստի այն խնդիրներն ու նպատակները, որոնք դրուել են 1918-1920 թուականներին, կտրականապէս մերժուել են «հանրապետութիւն» հասկացութիւնն իբրեւ ցուցանակ օգտագործած խորհրդային ժխտողականութեան կողմից, բայց կրկին վեր են բարձրացել եւ իրենց գոյութեան մասին յիշեցրել 1991ից յետոյ:

Ուրեմն եւ որպէս համաշխարհային պատմութեան սուբյեկտ, եւ իբրեւ պատմութեան գիտական ընկալման օբյեկտ 20րդ դարում մենք արձանագրել ենք առաջ-հետ-առաջ շարժումները: Երիցս ճիշդ էր Ֆերնան Բրոդելը, երբ պատմութեան ընթացքը համեմատում էր հետ ու առաջ դարձող իսպանական շքախմբի հանդիսաւոր ընթացքի հետ: Համաշխարհային պատմութեան մէջ մեր ներկայութիւնը սկիզբ առնելով 1918ին, յաջորդ 70 տարիներին շարունակուել է այնքանով, որքանով պայքարել ենք մեզ իբրեւ Հայաստանի Հանրապետութիւն վերագտնելու համար, ինչն ամենեւին էլ չի սահմանափակուել ցանկացած հանրոյթի համար բնական՝ անկախութեան ձգտումով: Իսկ 1991ից յետոյ մենք հետ ենք ստացել Հայաստանը, բայց Հանրապետութիւնը՝ որպէս նրա ներքին բովանդակութիւն, նոր ենք միայն վերագտնում: Ուրեմն այսօր եկել է վերջին հարիւրամեակի Հայոց պատմութեան բարդ կորագիծը վերականգնելով՝ մեր երթի անկասելիութիւնը գիտականօրէն հիմնաւորելու եւ միաժամանակ՝ քաղաքականապէս ապահովելու պահը:

Նման հակասական երեւոյթի գիտական ընկալումը ոչ թէ քօղարկում, այլ անխուսափելիօրէն վերականգնում է գծային պատմութիւնը՝ ժամանակի միջին տեւողութեան ծիրում: Որովհետեւ թոյլ է տալիս վերաիմաստաւորել այն գաղափարներն ու գործերը, որոնք ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայում ոչ թէ փոխւում են, այլ սոսկ հարստացւում ու բիւրեղանում:

Եւ այդ տեսանկիւնից ներկայացնելով «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը 1918-1920թթ.» գիտաժողով-քննարկման նիւթերը՝ մենք արձանագրում ենք այն փաստը, որ դրանց միջոցով կեանքի են կոչուել հետեւեալ գիտական առաջադրանքները.

  1. Սկզբում իրականացուել է Հայաստանի Հանրապետութեան որպէս պատմաքաղաքական ուրոյն երեւոյթի տեղի ու դերի յստակեցումը ինչպէս Հայոց, այնպէս էլ համաշխարհային պատմութեան համատեքստում, այսինքն՝ մի կողմից՝ հայ ազգի ինքնակազմակերպման նախորդ համակարգերի հետ համեմատութեան, իսկ միւս կողմից՝ դրան զուգահեռ ողջ աշխարհում ու տարածաշրջանում ծաւալուած նոյնատիպ գործընթացների քննութեան միջոցով:
  2. Դա թոյլ է տուել անցնել մեր առջեւ դրուած երկրորդ հիմնախնդրի՝ հանրապետութեան հիմնադիրների պատմական առաքելութեան ընկալմանն ու շարունակուող Աշխարհամարտի դժուարին պայմաններում՝ 1918թ. Մայիսից մինչեւ Նոյեմբէր նորանկախ Հայաստանի գոյատեւման անօրինակ ճիգերի բացայայտմանը:
  3. Այնուհետեւ գիտաժողով-քննարկումն անցել է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեան պետական ինստիտուտների (հաստատութիւններու-Խմբ.) բնութագրմանն ու մեր երկրի կառավարման համակարգում դրանցից իւրաքանչիւրի ունեցած դերակատարութիւնը յստակեցնելու գործին:
  4. Հայաստանի Հանրապետութեան արտաքին-քաղաքական կացութիւնը գնահատելու գործընթացում առանձնակի ուշադրութիւն է դարձուել նրա միջազգային-իրաւական կարգավիճակի ուսումնասիրութեանը, ինչպէս նաեւ 1918-1920թթ. մեր նորանկախ երկրի առջեւ ծառացած այն տարածքային խնդիրների վերհանմանը, որոնք արդիական են նաեւ մեր օրերում (Արցախ, Ջաւախք եւ այլն):
  5. Գիտաժողով-քննարկման առջեւ ծառացած յաջորդ բարդ առաջադրանքը հանրապետութեան հասարակական-քաղաքական ու կրթամշակութային կեանքի ներկայացումն էր՝ սկսած մայրաքաղաք Երեւանից իբրեւ ուրոյն մշակութային յարացոյցից, մինչեւ պետական լեզուի եւ պետութեան խորհրդանիշերի բացայայտումը:
  6. Վերջապէս, «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը 1918-1920թթ.» գիտաժողով-քննարկման նիւթ դարձած հիմնախնդիրների յաջորդ՝ թուով հինգերորդ խումբը կապուած էր հանրապետութեան անկման պատճառների ու յանգմանքների քննութեան հետ, ինչը նրա մասնակիցների համար ամփոփիչ ու գնահատողական զեկոյցների ներկայացման առիթ դարձաւ:

2018 թուականի Մայիսի 31ին ու Յունիսի 1ին Հայաստանի Ամերիկեան համալսարանում կազմակերպուած գիտաժողով-քննարկման բոլոր զեկուցումները չէ, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը, այլ միայն այն տեքստերը (գրութիւնները-Խմբ.), որոնք համակարգուած գիտելիք են տալիս անցեալի վերաբերեալ: Որովհետեւ հրապարակուող ուսումնասիրութիւնների բովանդակութիւնը պարունակում է այն գիտական նորոյթը, որը դժբախտաբար բացակայում էր 2018 թուականին կազմակերպուած բազմաթիւ գիտաժողովներում: Թուարկենք դրանցից մի քանիսը.

ա) Գիտաժողովի նիւթերի ներկայ հրատարակման միջոցով առաջին անգամ հայ ընթերցողին համակարգուած գիտելիք է տրւում մեզանում հանրապետութեան գաղափարի ու հանրապետականութեան՝ որպէս ուրոյն պետաքաղաքական երեւոյթի ու միաժամանակ՝ գաղափարախօսութեան, անցած ուղու վերաբերեալ, եւ բացայայտւում է այդ հիմնարար արժէքների սկզբունքային տարբերութիւնը ինչպէս Խորհրդային Հայաստանի կարգավիճակի իրաւական բովանդակութիւնից, այնպէս էլ արդի հայ քաղաքական խօսոյթում «հանրապետութիւն» հասկացութեանը տրուող խորապէս աղաւաղուած իմաստներից:

բ) Նորայայտ արխիւային վաւերագրերի հիման վրայ բազմաթիւ ճշգրտումներ ու հաւելումներ են կատարւում Հայաստանի Հանրապետութեան ձեւաւորման գործընթացի վաղ շրջանի վերաբերեալ ժամանակակիցների յուշերում եւ անգամ՝ Ռ. Յովհաննիսեանի նման ճանաչուած գիտնականի աշխատութիւններում տեղ գտած ոչ ճիշտ տարեթուերի ու դէպքերի յաջորդականութեան վերաբերեալ:

գ) Ազգերի լիգայի ժնեւեան արխիւից նոր յայտնաբերուած վաւերագրերի հիման վրայ ցոյց է տրւում, որ 1918-1920թթ. մեր տարածաշրջանում միակ նորանկախ երկիրը Հայաստանն էր, որի իրաւական կարգավիճակը միջազգային հանրութիւնն առանձնացրել էր Քաղաքացիական պատերազմի մէջ ընկղմուած Ռուսաստանի եւ ընդհանրապէս «Ռուսական հարց»ի հետ կապուած հիմնախնդիրներից եւ դիտարկում էր անկախութեանը լիովին պատրաստ այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք էին Լեհաստանն ու Ֆինլանդիան, այսինքն՝ անկախ ապրելու մեր իրաւունքը ճանաչուած է եղել նախքան ԽՍՀՄի փլուզումը, եւ մեզ դիտարկելով սոսկ որպէս վերջինիս հետեւանք՝ մենք ինքներս ենք նեղացնում սեփական իրաւունքների շրջանակը:

դ) Առաջին անգամ գիտականօրէն հիմնաւորւում է այն թէզը, որ 1918ին հայկական Արցախի ինքնորոշման համար գործադրուած ժողովրդավարական ընթացակարգերը շատ աւելի լեգիտիմ էին՝ արդի միջազգային իրաւունքի տեսանկիւնից, քան Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ու տեղական Ազգային խորհուրդների պատգամաւորական կազմերի հիման վրայ իրականացուած՝ տարածաշրջանի երեք հիմնական պետութիւնների անկախացման գործընթացը, քանի որ Արցախում 1918-1920թթ. ժողովրդի կողմից անմիջականօրէն ընտրուած ժողովրդական ներկայացուցիչների համագումարներն էին որոշում երկրի ճակատագիրը:

գ) Մեծաթիւ արխիւային փաստաթղթերի ու համապատասխան ճարտարապետական լուծումների ներկայացման միջոցով առաջին անգամ գիտականօրէն հիմնաւորւում է այն տեսակէտը, որ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի կառուցման ծրագիրը ձեւաւորուել է ոչ թէ խորհրդային շրջանում, այլ 1919-1920 թուականներին մեծ ճարտարապետ Ա. Թամանեանի ձեռամբ ու վարչապետ Ա. Խատիսեանի բարձր հովանաւորութեամբ:

դ) Հայաստանի Հանրապետութեան 1918-1920թթ. պատմութեան շարադրանքի հիման վրայ առաջին անգամ համակողմանի քննութեան է ենթարկւում Հայոց պատմութեան դասագիրքը որպէս «մրցակցող յիշողութիւններ»ի պայքարի ասպարէզ՝ հիմք ընդունելով «յիշողութիւն» յղացքի վերաբերեալ համաշխարհային փիլիսոփայական ու պատմագիտական մտքի ձեռքբերումները՝ սկսած Փօլ Ռիկէօրից ու Բենեդիկտ Անդերսոնից մինչեւ Միշել Ֆուկօ, Եան Ասման, Եուրի Լոտման, Պիեռ Նորա, Փօլ Քոններթոն եւ Մարկ Ֆերրօ:

է) Առաջին անգամ 2018 թուականի Մայիսի 31ի ու Յունիսի 1ի գիտաժողով-քննարկման ընթացքում են բացայայտուել եւ ապա վերջին շրջանում բազմաթիւ հրապարակումների նիւթ դարձել 1920թ. Հոկտեմբերի 30ի Կարսի անկման ժամանակ գործի դրուած զինուորական դաւադրութեան մանրամասները, որի արդիւնքում մեր ազգային յիշողութեան մէջ սկսել է առարկայանալ այդ հայրենադաւ քայլին գնացած եւ դրա դիմաց քիչ անց Կարմիր բանակում ղեկավար պաշտօններ ստացած զինուորականների շրջանակը:

Աւարտելով 2018 թուականի Մայիսի 31ին ու Յունիսի 1ին Հայաստանի Ամերիկեան համալսարանում «Վէմ» հանդէսի խմբագրակազմի կազմակերպած «Հայաստանի Հանրապետութեան պատմութեան դասերը 1918-1920թթ.: Սերունդների յիշողութեան եւ արդիականութեան մարտահրաւէրների համատեքստում» գիտաժողով-քննարկման նիւթերի ներկայացումը՝ յոյս ենք յայտնում, որ նրանում արդէն ծանրակշիռ խօսքով հանդէս եկած երիտասարդ հետազօտողների նոր սերունդը կը շարունակի ու կ՛ամբողջացնի մեր գործը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top