«Այդպէս Էլ Չհասկացան, Որ Կայ Ու Կը Մնայ Դաշնակցութիւնը». Հրանդ Մարգարեան

0117hrantmarkarian

0117hrantmarkarian

 

Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի խօսքը` ՀՅԴ 33րդ Ընդհանուր ժողովի բացման, Յունուար 16-ին, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերու դահլիճին մէջ:

 

Արդէն սովորոյթի ուժ է ստացել իւրաքանչիւր Ընդհանուր ժողովի առիթով ասելը, որ այն բացառիկ ազգային-քաղաքական իրավիճակում է տեղի ունենում: Այսուհանդերձ, ընդունենք, որ նախորդ ժողովին յաջորդած տարիներիցիւրաքանչիւրը իսկապէս բացառիկ կարեւոր ու լարուած է եղել մեր ժողովրդի եւ կուսակցութեան համար. յիշենք Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը, ապրիլեան քառօրեայ պատերազմը, պարեկապահակային ծառայութեան գունդի (ՊՊԾ) գնդի գրաւումը, նոր Սահմանադրութեան ընդունումը, վերջապէս` ժողովրդական մեծ շարժումն ու իշխանափոխութիւնը:

 

Յատկապէս վերջինս եւ դրան յաջորդած իւրաքանչիւր օրը բերել են միիրավիճակի, երբ օդում կախուած հարցերը չափազանց շատ են, րոպէ առ րոպէ աճում է լարուածութիւնը եւ վտանգի զգացողութիւնը: Ժամանակահատուածը, քաղաքական պահը շատ լուրջ է եւ մենք մեր հերթական ժողովն ենք սկսում:

 

Պատասխանատուութիւնը մեծ է:

 

Անցած քառամեայ շրջանը Հարաւային Կովկասի համար յատկանշուեց նորանոր ընդհանրութիւններով, որոնց հիմքում ընկած էր յետխորհրդային տարածքում որոշակի յենակէտերի ձեւաւորման եւ ապա` Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի միասնականացման Ամն-ի ու նրա դաշնակիցների ռազմավարութիւնը:

 

Անցած քառամեակում մեր տարածաշրջանը վերածուեց համաշխարհային մրցապայքարի իւրօրինակ առաջնագծի ու նաեւ մանրակերտի: Ուստի այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի ներսում` մեր շուրջը տեղի ունեցող բարդ ուվտանգաւոր գործընթացի հայելային արտացոլումն է:

 

Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանի օտար նպատակներին ծառայող ռազմավարութեան գործադրման առաջին հանգրուանի մէջ էր ներառուած Հայաստանը: Այն պէտք է իրագործուէր 2015 թուականից սկսեալ, սակայն ինչ-ինչ պատճառներով յետաձգուեց: Սկսեց իրագործուել 2016 թուականի ապրիլեան քառօրեայ պատերազմով: Ձախողուեց: Սակայն յաղթանակած բանակը սկսեց պախարակուել ներքին կասկածելի ծագում ունեցող խմբակների, հասարակական կազմակերպութիւնների եւ Արեւմտեան պատկանելութիւն ու ֆինանսաւորում ունեցող լրատուամիջոցների կողմից: Ոչ մի բան Հայաստանում չպէտք է դրական համարուէր, նոյնիսկ սխրանքներ գործած բանակն ու համաժողովրդական զարթօնքը` յանուն վտանգուած հայրենիքի պաշտպանութեան: Ակնյայտ էր նպատակը` վարկաբեկել յաղթանակը, այն կերտած բանակը եւ ժողովրդական միասնական ալիքը:

 

Եթէ ժամանակին ամէն ինչ արւում էր ներհայաստանեան կեանքում դրական ոչինչ չտեսնելու, հիմա նոյնը ինքնաբերաբար սկսել է վերաբերել անցեալին, ուր ամէն ինչ ներկայացւում է բացասական երանգի ներքոյ: Անցեալն ամէն կերպ մերժող այս ընթացքը մեզ տանելու է ինքնակործանման:

 

Արտաքին գործօնով հնարաւոր չեղաւ ապակայունացնել երկիրը, վրայ հասաւ ներքին գործօնը` տեղի ունեցաւ ՊՊԾ գնդի գրաւումը: Այս անգամ նոյն ուժերը` կասկածելի ծագում ունեցող խմբակները, հասարակական կազմակերպութիւնները եւ արեւմտեան պատկանելութիւն ու ֆինանսաւորում ունեցող լրատուամիջոցները, որոնք միշտ հայրենիքի ազատագրման համար մղուող պայքարը համարել ու համարում են տեռորիզմ, ի զարմանս բոլորի, ձայն ձայնի տուած պաշտպանեցին ու հերոսացրին ակնյայտ տեռորիստական արարքը:

 

Քառօրեայ պատերազմն ու ՊՊԾ գնդի գրաւումը, թւում էր, թէ կարող են բաւարար հիմք դառնալ երկրի ներսում մի շարք բարեփոխումների եւ երկրում առկայ արդարացի դժգոհութիւնների լիցքաթափման համար, սակայն, աւաղ, բարեփոխումները կրեցին ձեւական բնոյթ: Արտաքին քաղաքականութեան առումով սրան գումարուեց Ռուսաստանի նկատմամբ որոշակի նեղուածութեան դրսեւորումներով պայմանաւորուած` Հայաստանի քաղաքական վերնախաւի զգալի մասի արեւմտամէտ դիրքորոշումը, ինչն էլ հիմք դարձաւ թաւշեայ յեղափոխութեան խթանմանը:

 

2018 թուականի դեկտեմբեր 9-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոմեր երկիրը յայտնուել է այդ նոյն գործընթացի երկրորդ հանգրուանում: Ղարաբաղեան հարցի սառեցման ռազմավարութիւնը սկսում է փոխարինուելգերտերութիւնների հակամարտութեամբ պայմանաւորուած Միջերկրականից մինչեւ Կասպիականն ընկած տարածաշրջանում ուժերի վերադասաւորմամբ, ինչն իր հիմքում ունի մի կողմից` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ միւս կողմից` հակաիրանական ճակատ ձեւաւորելու նպատակադրումներ:

 

Համաշխարհային մրցապայքարի այս թատերաբեմում, որի մէջ ակամայ յայտնուել ենք մենք, նկատի չեն առնւում կոնկրէտ երկրների արտաքին ու ներքին քաղաքականութեան մէջ առկայ առանց այդ էլ չափազանց նուրբ իւրայատկութիւններն ու շահերը:

 

Իշխանափոխութիւնից յետոյ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան յարաբերութիւններում առաջ եկած բարդութիւնները վկայում են, որ սկսել է գործել մշակուած ռազմավարութիւնը: Այժմ, Ղարաբաղեան հարցում, սթաթուս-քոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը, ուստի այս պետութիւնների յետ առաջ եկած հարցերի արագ կարգաւորումը այլընտրանք չունի:

 

Պէտք է գիտակցել` տարածաշրջանային ներկայ քաղաքական ներկապնակում մեր կամքից անկախ, գտնւում ենք Արեւմուտք-Թուրքիա-Ազրպէյճան եւ Ռուսիոյ-Հայաստան-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում: Առանց որեւէ բեւեռի հանդէպ հակակեցուածք ընդունելու պէտք է ձեւաւորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցութիւնների բաժանման այլոց օրակարգը, այլ պէտք է լինի մեր անվտանգութիւնը, որը խարսխուած է Հայաստանի առանցքի եւ Ռուսիոյ հետ ռազմավարական դաշինքի ու դարաւոր բարեկամ Իրանի հետ:

 

Նման պայմաններում տարածաշրջանով շահագրգիռ գերուժերի շահերի միջեւ հաւասարակշռութեան պահպանման խնդրի հետ միասին անհրաժեշտ է նաեւ Արցախեան հարցում ներազգային կոնսեսուսի ապահովումը, ինչը, մեղմ ասած, չի կարեւորւում մեր այսօրուայ իշխանութիւնների կողմից:

 

Դժուար չէ հասկանալ, որ մենք մաս ենք կազմել մի ծրագրի, որը գործադրուել է հանգրուան առ հանգրուան` քառօրեայ պատերազմ, ՊՊԾ գնդի գրաւում, իշխանափոխութիւն, դեկտեմբեր 9-ի Ազգային Ժողովի ընտրութիւններ:

 

Թիւր ըմբռնումներից խուսափելու համար, անմիջապէս անդրադառնանք, որ գարնանը տեղի ունեցած իրադարձութիւնները մենք համարում ենք համաժողովրդական զարթօնք, որը եկաւ թօթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարութիւնները: Այն եկաւ վճռական եւ վերջնական ոչ ասելու երկրում առկայ խտրական քաղաքականութեանը, սոցիալական անարդարութեանը, կաշառակերութեանը, անգործութեանն ու աղքատութեանը: Սակայն ինչ որ ուժեր լաւագոյնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհութիւններն ու պոռթկումը հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչութիւն չունէին ժողովրդի դժգոհութիւնների, ցանկութիւնների, պահանջների հետ:

 

Ժողովրդական շարժումը գեղեցիկ էր ու հուժկու, արդարացի էր ու տարերային եւ միեւնոյն ժամանակ` անխուսափելի: Չնայած շարժման առաջնորդերի հետապնդած նպատակներն ու ծրագրերը մեզ համար անորոշ էին, այդուամենայնիւ ուզեցինք հաւատալ, որ ժողովրդական նման մեծ ալիքը ընդունակ է զգաստութեան, պատասխանատուութեան այնպիսի մակարդակի բարձրացնել նրանց, որ կարողանան ձեռք բերած վստահութեան բացառիկ մանդատը լաւագոյնս օգտագործել իրապէս ազգային, անկախ, ժողովրդավարական հզօր երկիր ունենալու համար: Մենք համագործակցութեան ձեռք մեկնեցինք, բանակցութիւնների մէջ մտանք, Նիկոլ Փաշինեանի մակարդակով մեզ հաւատացրին, որ յարգանքով են վերաբերում մեր կուսակցութեանը, շատ լաւ գիտակցում են, թէ մենք ինչի համար եւ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել: Պայմանաւորուեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թւում էր ամէն ինչ դէպի լաւն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ յետոյ հասկացանք` ոչ յարգանք կայ, ոչ պայմանաւորուածութիւնների նկատմամբ հաւատարմութիւն, ոչ էլ այլ տեսակէտ լսելու հանդուրժողականութիւն:

 

Պարզ էր` եթէ ընդհանուր ծրագրիր կայ երկիրն իր ազգային ուղեգծից հանելու, անտեսելու ազգային շահերն ու օրակարգերը` այդտեղ Դաշնակցութիւնը ոչ միայն տեղ չունի, այլեւ` անընդունելի է: Ուստի ամէն ինչ պէտք էր անել այն պառակտելու, վարկաբեկելու համար: Մի խօսքով` հեռու ու մօտ պատմութեան ընթացքում քանիցս կատարուած փորձերի կրկնութիւն, որոնց հեղինակներն այդպէս էլ չհասկացան, որ կայ ու կը մնայ Դաշնակցութիւնը:

 

Ի հարկէ գլխաւորը չի սահմանափակւում կուսակցութիւն-վարչապետ փոխյարաբերութիւններով, ուրեմն փորձենք անդրադառնալ մի շարք կէտերի, որոնք շատ աւելի ցայտուն կը բնորոշեն մեր օրակարգերը եւ ներկայ իշխանութիւնների էութիւնն ու որդեգրած ուղղութիւնը:

 

Արցախեան օրակարգ

 

Արցախը վերջին 30 տարիների ընթացքում եղել է մեր կենսագրութիւնը, մեր գերխնդիրը: Մի քանի հարիւր ընկերներ մեր շարքերից այս հողի ազատագրման համար են իրենց կեանքը տուել, մեզանից շատերն են իրենց առողջութիւնը վնասել: Արցախը եղել է մեր կեանքի իմաստը: Մեզանից շատերի համար սեփական կեանքը արդարացուած է Արցախով: Յաջորդ սերունդներին թողել ենք աւելի մեծ հայրենիք ու 2-րդ հայկական անկախ հանրապետութիւնը:

 

Պայքարը դեռ շարունակւում է, 30 տարի կռիւ է, ու կռիւը դեռ չի աւարտուել: Կռիւ թշնամու դէմ` մեր ազատագրածը յաւէրժացնելու համար, կռիւ աշխարհի դէմ Արցախի ազատագրման արդարացիութիւնն անընդհատ ապացուցելու համար, կռիւ մերոնց հետ` կռուից չյոգնելու, չտատանուելու, չշեղուելու, չտկարանալու, չքաղքենիանալու, չնահանջելու, Արցախից ձերբազատուելու նպատակ չհետապնդելու համար:

 

Անցած 30 տարիներին թէ՛ Արցախը` իբրեւ ինքնուրոյն, միասնական քաղաքական միաւոր, թէ՛ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց` դիտակէտ, դա արցախեան դիտակէտն է եղել:

 

Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծաւալուող իրադարձութիւնները գնահատել ենք, մեր շահը ամէնուր փնտրել ենք արցախեան դիտակէտից: Այժմ վտանգ կայ. Արտաքին քաղաքականութեան մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի Դաշնութեան հետ յարաբերութիւններում առկայ, մեղմ ասած, դժուարութիւնները ուղղակիօրէն առնչւում են մեր անվտանգութեանն ու Արցախի պայքարին: Անհրաժեշտ է կարգաւորել յարաբերութիւնները:

 

Պետութեան կազմակերպական ընթացքը, բարոյական, քարոզչական մթնոլորտը ամենէեւին վստահութիւն չեն ներշնչում, թէ մենք ընթանում ենք չզիջելով զարգանալու ուղիով: Մենք մի կողմ ենք դրել ազգ-բանակ ծրագիրը, ու լրջօրէն չենք պատրաստւում պատերազմի, որպէսզի իսկապէս խուսափենք պատերազմից:

 

Պարտադրուած պատերազմ դիմագրաւելու համար մեզ պէտք է միասնութիւն, հայրենասիրութիւն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզւում է այսօր` այլ բան է: Կազմակերպուած պետութիւն, հասարակութիւն ունենալու փոխարէն մեզ հրամցւում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր: Կոտրւում է մեր ժողովրդի միասնութեան, պայքարի ոգին:

 

Մեծ շփոթ կայ, հնարաւոր է նաեւ գիտակցաբար ստեղծուող շփոթ, որպէսզի հետզհետէ ընդունելի դառնայ անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախեան հարցի շուրջ բանակցութիւններում մեր դիրքորոշումներին: Շրջանառութեան մէջ են դրուել ,տարածքներ խաղաղութեան դիմացէ, ,տարածքներ անվտանգութեան դիմացէ բանաձեւէր, խօսւում է, թէ Արցախը պէտք է բանակցի, ապա խօսւում է թէ Արցախում իշխանափոխութիւն պիտի տեղի ունենայ: Իսկ ո՞րն է մեր ռազմավարութիւնը, ու՞ր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրութիւնը, որը հաստատուել է ժողովրդական հանրաքուէով: Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշուի նստո՞ւմ է պաշտօնական Երեւանը, թէ՞ ամէն ինչ նորովի պէտք լինի ու քննելի:

 

Պարզ է` քննարկումը առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ յետագայում նաեւ ընդունելի ու նոյնիսկ ցանկալի դարձնելու համար: Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել` Արցախը մերն է ու վերջ: Մնացածը զուր ջանքեր են:

 

Կայ ընթացք`Արցախն իբրեւ ինքնուրոյն, միասնական ազդակ հայկական քաղաքական իրականութիւնից դուրս մղելու: Ճիգ կայ ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կեանքը, որի միակ նպատակն այն է, որ համահայկական կեանքում Արցախը դադարի ինքնուրոյն, միասնական գործօն լինելուց: Արցախում եւս ,սեւ ու սպիտակէի բաժանում են ուզում մտցնել: Ուզում են, որ ոչ ոք Արցախի անունից խօսելու ինքնուրոյն իրաւունք չունենայ, իսկ խօսելու դէպքում, ակամայ «սեւ» կամ «սպիտակ» համարուի:

 

Արցախը պէտք է մնայ միասնական, ոչ ոք իրաւունք ունի Արցախը սպիտակ կամ սեւ ներկելու: Արցախը պէտք է մնայ ազգային, ինքնուրոյն, վճռական հայկական հզօր ազդակ համազգային մեր կեանքում:

 

Սոցիալական Արդարութիւն

 

Սոցիալական անարդարութեան զոհը ժողովրդական լայն զանգուածներն են, հետեւաբար առանց սոցիալական արդարութեան չկայ ամբողջական արդարութիւն: Սահմանադրութեան համաձայն` Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն է: ՀՅ Դաշնակցութեան համար սոցիալական պետութեան հիմնականառաքելութիւնը Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու համար աղքատութիւնից զերծ կեանքի ապահովումն է: Այսօր եւս կիրառւում է նոյն տնտեսական քաղաքականութիւնը, ինչ նախորդ իշխանութիւնների օրօք` նէոլիբերալիստական տնտեսական քաղաքականութիւն, ուր օրըստօրէ պետութեան հարստութեան բեւեռացմանը զուգընթաց մեծանում է աղքատութիւնը:

 

Հայաստանում այդպէս էլ դեռ չի հաստատուել սահմանադրութեամբ նախատեսուած սոցիալական ուղղուածութեան տնտեսական կարգը: Տնտեսական այնպիսի կարգ, որը պէտք է ապահովի Հայաստանի եւ Արցախի առաջընթաց զարգացումը շրջափակման եւ պատերազմական պայմաններում: Մեզ համար սոցիալական արդարութեան հարցը ազգային հարցերի հետ շաղկապուած հիմնական օրակարգ է:

 

Ժողովրդավարութիւն եւ արդարադատութիւն

 

Ժողովրդավարութիւնը նախ հակառակ, այլ տեսակէտ ու կարծիք հանդուրժելու մթնոլորտի ստեղծման մէջ է, մինչդեռ ներկայումս մեզ մօտ այլ է, հակառակ տեսակէտը ընդունւում է հիստերիայով, ահաբեկումով, լրատուամիջոցներում ու սոցիալական ցանցերում սանձազերծուող արշաւով: Իսկ դատական համակարգը, անկախ նրանից թէ որքանով է կարող արդարամիտ լինել, ակնյայտօրէն ենթակայ է ճնշումների: Մենք շատ հեռու ենք ժողովրդավարութիւնից ու անկախ դատական համակարգ ունենալուց:

 

Խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուել է, ըստ էութեան, մէկքաղաքական ուժի իշխանութիւն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թէ օրէնսդիր, թէ գործադիր իշխանութիւնը, իր ճնշման տակ է պահում նաեւ դատական իշխանութիւնն ու, այսպէս կոչուած, չորրորդ իշխանութիւնը`զանգուածային լրատուամիջոցները: Ըստ էութեան խախտուել է կառավարման խորհրդարանական համակարգի կարեւորագոյն յատկանիշը` իշխանութեան հակակշռելիութեան ու հաշուետուողականութեան սկզբունքը:

 

Չի ձեւաւորուել կոռուպցիայի դէմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների միաձուլման եւ անձնակենտրոն իշխանութեան ամրապնդման:

 

Ազգային կառոյցներ, Սփիւռք

 

Ակնյայտ է, որ ազգային կառոյցները համարւում են անընդունելի եւ ուղղակի կամ անուղղակի միջոցներով, հակառակ հրապարակաւ հնչեցրած հաւաստիացումների, դառնում են թիրախ, որոնց շուրջ փորձում են բացասական մթնոլորտ ստեղծել, վարկաբեկել կամ պառակտել: Այդ թիրախների շարքում են հայկական բանակը, հայկական ազգային եկեղեցին, հայկական ազգային կուսակցութիւնները, կազմակերպուած Սփիւռքը, ազգային արժեհամակարգը:

 

Այս ամէնը նկատի ունենալով, կարելի է փաստել, որ նոր իշխանութիւնները չեն արտայայտում ժողովրդական շարժման տրամադրութիւնները եւ անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար էլ սկիզբ առաւ այդ շարժումը:

 

Բայց սա դեռ ամենավտանգաւորը չէ: Անփորձութեամբ, սխալ կառավարմամբ եւ անորակ կադրերով իշխանութիւնները կարող են վատագոյն դէպքում երկիրը մի քանի տարով յետ գցել իր բնականոն զարգացումից: Աւելի վտանգաւոր են այն միտումները, որոնք երեւակւում են ազգային խնդիրներին վերաբերող նոր իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան մէջ: Այդ միտումները, եթէ ընդամէնը սխալմունքի հետեւանք են` դարձեալ վտանգաւոր են, բայց եթէ ծրագիր են` ապա կարող են կործանարար լինել, եւ այլեւս խօսք չի կարող գնալ երկիրը մի քանի տարով իր զարգացումից յետ գցելու մասին, այլ խօսք կարող է գնալ երկիրը կորցնելու մասին:

 

Ուստի այս պայմաններում մեզ այլ ելք չի մնում, քան դիրքաւորուել ներքին վտանգներին դիմակայելու համար: Լինելով կառավարութիւնից եւ խորհրդարանից դուրս` շարունակել լինել ժողովրդի կողքին` անընդհատ եւ ամէնուրեք եւ ժողովրդի հետ միասին չթողնել, որ մինչեւ յաջորդ ընտրութիւններ կառավարութիւնը եւ խորհրդարանը ճակատագրականսխալներ անեն, իսկ յաջորդ ընտրութիւններին արդէն տուն ուղարկել այս իշխանութիւններին եւ ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը:

 

Մինչեւ յաջորդ ընտրութիւններ Հայաստանը պէտք է ապրի, ուրեմն`

 

Մեր երկրի անվտանգութեան ապահովման եւ Արցախի հարցի արդարացի լուծման խնդիրների համադրումը Հայաստանի հետագայ զարգացման ռազմավարութեան հետ որեւէ այլընտրանք չունի: Չզիջելով զարգանալու եւ առաջադիմելու նախապայմանը խաղաղութեան արտաքին ու ներքին կռուանների ամրապնդումն է, երկրի արտաքին հաւասարակշռութեան շուտափոյթ վերականգման եւ նրա դիմադրողականութիւնը ապահուող կառոյցների հզօրացումը: Օրուայ մարտահրաւէրները խորապէս գիտակցելուց յետոյ անհրաժեշտ է վերադիրքաւորուել արդիւնաւէտ պայքարի համար: Դաշնակցութեանը խանգարողներ միշտ էլ եղել են ու միշտ էլ լինելու են: Առաւել եւս հիմա, երբ օրախնդիր է ազգայինի պահպանումը` առաւել արտայայտուելու է հակադաշնակցական պայքարը:

 

Չափազանցրած չեմ լինի, եթէ ասեմ, որ ինձ յաճախ թւում է` մեր դէմ աշխարհն է պայքարի դուրս եկել: Պայքարում են պետութիւններ, միջազգային կազմակերպութիւններ, քաղաքական, հասարակական միաւորումներ, զանգուածային լրատուամիջոցներ: Շատ-շատերը, երբ փորձում են հայկական իրականութեան մէջ ինչ-որ դերակատարութիւն ունենալ, ինչ-որ այլ նպատակ հետապնդել, անպայման նախ փորձում են հարուածել Դաշնակցութեանը:

 

Դաշնակցութեան դէմ պայքարը շատ-շատերի համար ինքնանպատակ է, գոյութեան իմաստ: Թւում է թէ, եթէ չլինէր Դաշնակցութիւնը, կը շարունակուէր Դաշնակցութեան դէմ պայքարը: Այդ պայքարը ոչ մի առնչութիւն չունի Դաշնակցութեան որոշումների, կեցուածքի, մօտեցումների ու գործունէութեան հետ: Բուն հարցը` Դաշնակցութեամբ մարմնաւորուած ազգային արժեհամակարգն է:

 

Մեր դէմ պայքարում են, քանի դեռ առկայ է մեր ազգային տեսակը, մեր գաղափարական էութիւնը, մեր արժեհամակարգը, մեր պայքարի անհաշտ ոգին: Այդ պայքարը եղել է անցած 128 տարիներին եւ հաւատում եմ` շարունակուելու է դեռ երկար-երկար տարիներ: Այդ պայքարը ամէն Ընհանուր ժողովի շեմին նոր թափ է առնում, բորբոքւում է, նպատակ ունենալով ազդել ժողովրդի վրայ:

 

Սակայն այսօր ուզում եմ նաեւ անդրադառնալ, այսպէս կոչուած, ներկուսակցական ընդդիմութեանը, որը ընդհանուր մթնոլորտից ազդուած` ունեցաւ պահեր ու պարագաներ, ուր մոռացուեցին մեր աւանդոյթները, մեր կարգն ու բարոյական հասկացութիւնները` ակամայ ջուր լցնելով այլոց ջրաղացին:

 

Նախ կատարեմ մի հաստատում` ներկուսակցական ընդդիմութիւնը նոյնքան դաշնակցական է ինչքան բոլորս ու դրանով թող մտահոգ լինեն հակադաշնակցական տարրերը եւ նուազ մտահոգ` անկեղծ շարքային-համակիրները:

 

Ապա` անցած երկար տարիներին ընդդէմի պայքարը հասկանալիօրէն կենտրոնացուած է եղել իմ անձի դէմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետեւ մենք մեզ թոյլ չենք տուել հակականոնագրային, մեր բարոյական, աւանդական հասկացութիւններին հակառակ պատասխանել այդ արշաւին, եւ արդիւնքում ստեղծուել է մթնոլորտ, որից մենք չենք շահում:

 

Ինչպէս ցանկացած շարքային-գիտակից դաշնակցական ես էլ` մշտապէս իմ անձը ստորադասել եմ կուսակցութեանը եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցութեամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցութեամբ, ամուր եմ եղել Դաշնակցութեամբ: Իմ ամբողջ գործունէութիւնը եղել է կուսակցութեանը միաձուլուած, իբրեւ կուսակցութեան զինանշանի մի մասնիկ` յանուն Հայաստանի զինանշանի:

 

Այսօր յայտնուել ենք մի հանգրուանում, ուր, ինչպէս վերը նշեցի` վերադիրքաւորուելու անհրաժեշտութիւն կայ: Այդ վերադիրքաւորման համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխութիւններ: Եւ առաջին փոփոխութիւնը, որն առաջարկում եմ` ինձանից սկսելն է:

 

Ուստի գալիս եմ ամենայն լրջութեամբ ու պատասխանատուութեամբ, առանց դոյզն իսկ չափով նեղուածութեան յայտարարելու` իմ թեկնածութիւնը չեմ դնելու Բիւրոյի կազմի ընտրութիւնների ժամանակ: Նախապէս հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում եւ կազմակերպութեան մէջ ծանրակշիռ ներկայութիւն են, ներողամտութիւնը:

 

Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտութիւն է, որովհետեւ չեմ պարտուել, ոչ յոգնածութիւն է, որովհետեւ իրաւունք չունենք յոգնելու, այլ պարզապէս մարտավարական ճկունութիւն է ու վերջ:

 

Կեցցէ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը

կեցցէ հայ ժողովուրդը

Արցախը մերն է ու վերջ:

 

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Varouj Garabedian said:

    Աս ճառը լաւ է. կարեւորը անի չէ որ ՀՄ որքան ճիշդ կամ խիստ է իր քննարկածին մէջ. կարեւորը անի է որ աս ժողովը յաջորդ շրջանին համար ի՞նչ գործի ծրագիր պիտի հանէ եւ իրական պիտի աշխատի: Մեր մէջը խօսք մը կայ. խօսքով փիլավ չեփիր: Մարդիկ դաշնակցութիւնը եւ կառավարութիւնը, բոլորին ալ իրենց գործին մէջէն պիտի դատեն, հաւնին կամ չիհաւնին: Ամէնէն կարեւոր կէտը, որ ըսած է ՀՄ, կուսակցութեան անդամները պէտք չէ որ հայութիւնը չիսիրողներուն ջուր բերեն.

*

Top