ՏԱՐԵԼԻՑ. Բաքուի Եւ Սումգայիթի Ջարդերի Դատապարտումը Միջազգային Կառոյցների Կողմից

0119bakumassacres

0119bakumassacres

ՏԱՐՕՆ  ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Քսանինը տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում շարունակւում էին հայերի նկատմամբ կազմակերպուած ջարդերը, բռնութիւնները: Բաքւում հայերի հանդէպ ջարդեր իրականացուել են նաեւ նախորդ տարիներին՝ 1988-1989թթ.: Ընդհանուր առմամբ, 1988-1990թթ. Բաքւում ջարդերի ընթացքում եւ դրա հետեւանքով սպանուած հայերի թիւը հասնում է առնուազն 500-600ի:

Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականութեանը, Բաքւում եւ աւելի վաղ՝ 1988թ. Փետրուարի վերջին Սումգայիթում, ինչպէս նաեւ Կիրովաբադում (Գեանջա) հայերի դէմ իրականացուած ջարդերը եւ բռնութիւնները դատապարտել են մի շարք միջազգային կառոյցներ, կազմակերպութիւններ: Հայերի նկատմամբ իրականացուած ջարդերը 1988, 1990 եւ 1991թթ. ընդունած բանաձեւերում դատապարտել է Եւրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել եւ դրա հետեւանքների մասին 2002թ. խօսել է ԱՄՆ փախստականների հարցերով յանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը:

Ականատեսների վկայութիւնները, ինչպէս նաեւ նշուած բանաձեւերը ցոյց են տալիս, որ, մասնաւորապէս, Բաքւում եւ Սումգայիթում հայերի դէմ իրականացուած գործողութիւնները կրել են կազմակերպուած բնոյթ, կամ առնուազն իրականացուել են Ադրբեջանի իշխանութիւնների թողտուութեամբ:

Եւրոպական Խորհրդարանի ընդունած բանաձեւերը Բաքուի եւ Սումգայիթի ջարդերի վերաբերեալ

 

Եւրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. Յուլիսի 7ին, 1990թ. Յունուարի 18ին եւ 1991թ. Մարտի 14ին, ընդունել է Սումգայիթի ջարդերը (pogrom) եւ Բաքուի ջարդերը (massacre) դատապարտող երեք բանաձեւ: Բանաձեւերում կոչ է արւում ԽՍՀՄ իշխանութիւններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի եւ նրանց գոյքի անվտանգութիւնն ապահովելու նպատակով: Ուշագրաւ է, որ 1990թ. Յունուարի 18ի բանաձեւով՝ ԽՍՀՄ զօրքերը Բաքու մտցնելուց մէկ օր առաջ կոչ է արւում Եվրայանձնաժողովին եւ Եւրոպական Խորհրդին ԽՍՀՄ իշխանութիւններին ներկայացնել բանաձեւը եւ վստահ լինել «որ նրանք երաշխաւորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչութեան իրական պաշտպանութիւնը՝ զօրքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար»:

1990թ. Յունուարի 18ի բանաձեւում  Եւրոպական խորհրդարանը քննադատում է Բաքւում շարունակուող ջարդերը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դէմ բռնութիւնները, Հայաստանի շրջափակումը: Բանաձեւում, մասնաւորապէս, նշւում է, որ Բաքւում վերսկսուել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողութիւնները, ինչի հետեւանքով, նախնական հաշուարկներով, իրականացուել են բազմաթիւ յանցագործութիւններ, որոշ հայեր մահացել են, մասնաւորապէս, դաժան պայմաններում: Բանաձեւում նաեւ դատապարտւում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնուող հայկական գիւղերի, մասնաւորապէս, Շահումեանի եւ Գետաշէնի շրջանների վրայ յարձակումները: 1990թ. Յունուարի 18ի բանաձեւում նաեւ յղում է կատարւում 1988թ. Յուլիսի 7ին ընդունուած «Խորհրդային Հայաստանի վերաբերեալ» բանաձեւին, որտեղ դատապարտւում էին Սումգայիթում հայերի դէմ իրականացուած ջարդերը եւ Բաքւում հայերի դէմ բռնութիւնները:

0119bakumassacres1

Բանաձեւով Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպայի Խորհրդին կոչ է արւում բողոք ներկայացնել Խորհրդային իշխանութիւններին՝ վստահ լինելու՝

Որ վերջիններս հրահանգել են անմիջապէս եւ ամբողջովին վերացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

Որ նրանք գտնեն տեւական քաղաքական լուծում ԼՂ հակամարտութեան համար:

Որ նրանք երաշխաւորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչութեան իրական պաշտպանութիւնը՝ զօրքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար:

Որ նրանք երաշխաւորում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տեղաշարժման ազատութիւնը, գոյքի եւ մարդկանց անվտանգութիւնը:

Որ հայերի դէմ իրականացուած ջարդերի հանգամանքները, մասնաւորապէս, Սումգայիթի եւ Կիրովաբադի (Գանձակ), ամբողջութեամբ բացայայտուած են:

Հարկ է նշել, որ Բաքւում ապրող հայերի դէմ բռնութիւնները եւ ջարդերը 1990թ. Յունուարին չեն սկսուել: Նշուած բանաձեւը, ինչպէս նաեւ աւելի վաղ՝ 1988թ. Յուլիսի 7ի Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը  փաստում են, որ Բաքւում հայերի դէմ բռնութեան գործողութիւններ իրականացուել են դեռեւս 1988 թուականից սկսած: Բազմաթիւ ականատեսների վկայութիւնները եւս ցոյց են տալիս, որ հայերի նկատմամբ բռնութիւններ, ունեցուածքից նրանց զրկելու, հարկադիր տեղահանելու, սպանելու բազմաթիւ դէպքեր գրանցուել են նաեւ 1989թ.:

1987թ. բանաձեւում, մասնաւորապէս, նշւում է, որ «վատթարացող քաղաքական իրավիճակը, որը յանգեցրել է Սումգայիթում հակահայկական ջարդերի եւ Բաքւում բռնութեան գործադրման լուրջ դէպքերի՝ ինքնին սպառնում է Ադրբեջանում ապրող հայերի անվտանգութեանը»: Բանաձեւում նաեւ նշւում է հետեւեալը.

Կոչ է արւում խորհրդային իշխանութիւններին ապահովել այդ պահին Խորհրդային Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի անվտանգութիւնը եւ համոզուել, որ հայերի դէմ ջարդեր հրահրած (դրդած) կամ դրանց մասնակցած եւ մեղաւոր ճանաչուած անձինք կը պատժուեն ԽՍՀՄ օրէնքներին համապատասխան:

Բանաձեւում անդրադարձ է կատարւում նաեւ ԼՂ ինքնավար մարզի հայ բնակիչների դէմ բռնութիւններին, ԼՂ բնակչութեան պահանջներին.

Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ ցուցարարների դէմ բռնութիւնները:

Սատարում է Հայաստանի Խորհրդային Հանրապետութեան հետ վերամիաւորուելուն ուղղուած հայկական փոքրամասնութեան պահանջը:

Ինչպէս տեսնում ենք, չնայած 1988թ. բանաձեւում արդէն իսկ Եւրոպական Խորհրդարանը փաստում էր, որ Ադրբեջանում ապրող հայերի կեանքին եւ գոյքին վտանգ է սպառնում, սակայն Խորհրդային Ադրբեջանում այդ կանխելու ուղղութեամբ քայլեր չեն իրականացուել, ինչը եւս յանգեցրել է 1990թ. Յունուարի ջարդերին:

Սումգայիթի եւ Բաքուի հայերի ջարդերին անդրադարձող մէկ այլ կարեւոր բանաձեւ  Եւրոպական Խորհրդարանն ընդունել է 1991թ. Մարտի 14ին: «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրաւունքների (հետ կապուած) իրավիճակի» վերաբերեալ բանաձեւում նշւում է, որ «300 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանից (Բաքուի եւ Սումգայիթի ջարդերը (massacres)), ծայրայեղ աղքատութեան մէջ են եւ անյապաղ օգնութեան կարիք ունեն»:

0119bakumassacres2

1990թ. Մայիսի 14ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում Բաքուի հայկական ջարդերին անդրադարձել եւ այն «պոգրոմ» է անուանել նաեւ Շոտլանդիայի ազգային կուսակցութեան ղեկավար Վինիֆրեդ Էւինգը: Նա մասնաւորապէս նշել է, որ Ադրբեջանի Բաքու քաղաքում «իսլամական վերածնունդը եւ հայերի դէմ ջարդերը հրէաներին ստիպել են լքել (երկիրը)»: Այստեղ, մասնաւորապէս, ուշագրաւ է «իսլամական վերածնունդ» ձեւակերպումը, որը եւս, ի թիւս վերը նշուած եւ այլ գործօնների, յանգեցրել է Ադրբեջանում ապրող փոքրամասնութիւնների դէմ ճնշումների: Նկատենք, որ 1990թ. Յունուարի 13ին Բաքուի Լենինի հրապարակում «Ժողովրդական ճակատ»ի կազմակերպած ցոյցում Ա. Էլչիբէյի հետ միեւնոյն հարթակից ելոյթ է ունենում նաեւ մի կրօնական գործիչ, որը խօսում է, մասնաւորապէս, «մուսուլման բնակչութեան դէմ իրականացուած ճնշումներից», յայտարարում, որ «բոլոր մուսուլման երկրները Ադրբեջանի կողքին են», բացասական յայտարարութիւններ հնչեցնում քրիստոնեաների հասցէին: Հաշուի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի բնակիչների զգալի հատուածը, այդ թւում՝ հայերը, կազմում էին քրիստոնեայ բնակչութիւնը, նմանատիպ յայտարարութիւնները եւս կարող էին հրահրել Ադրբեջանի իսլամադաւան բնակչութեանը բռնի գործողութիւնների դիմել այլ դաւանանքի ներկայացուցիչների, մասնաւորապէս, քրիստոնեաների նկատմամբ:

ԱՄՆ փախստականների հարցերով յանձնաժողովի տնօրէնի յայտարարութիւնը:

Ադրբեջանի տարածքում հայերի դէմ կազմակերպուած ջարդերին եւ բռնութիւններին անդրադարձել են նաեւ մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ: Բացի այդ, 2002թ. Փետրուարին ԱՄՆ փախստականների ընդունման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսի արդարադատութեան յանձնաժողովում թեմային ծաւալուն անդրադարձ է կատարել ԱՄՆ փախստականների յանձնաժողովի տնօրէն Բիլ Ֆրելիքը: Նա մասնաւորապէս անդրադարձել է Մոսկուայում ապրող, Ադրբեջանից գաղթած հայ փախստականներին: Նշւում է, որ 2000թ. Դեկտեմբերին Մոսկուայում եղել է նշուած խմբին պատկանող մինչեւ 2000 հայ փախստական, որոնք Բաքուից տարհանուել են 1990թ. հակահայկական ջարդերի հետեւանքով: Ֆրելիքը նաեւ նշել է, որ Ադրբեջանից շուրջ 200 հազար հայ փախել է Հայաստան, եւ միայն յետոյ են խորհրդային զօրքերը Մոսկուա տարհանել համեմատաբար աւելի քիչ թուով հայերի: Նա քննութեան է առել Մոսկուա տարհանուած հայերի կարգավիճակը, նրանց խնդիրները, խօսել այն սոցիալական ծանր պայմաններից, որում նրանք յայտնուել են ջարդերի հետեւանքով: Հարկ է աւելացնել, որ բազմաթիւ հայեր Բաքուի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերի, Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացուած բռնաճնշումների հետեւանքով ապաստան են գտել նաեւ այլ երկրներում: Այդ թւում՝ աւելի քան 55 հազար հայ ապաստան է գտել Միացեալ Նահանգներում:

Նշուած յայտարարութիւնների, փաստաթղթերի մեծ մասում Սումգայիթում, Բաքւում եւ Կիրովաբադում հայերի դէմ իրականացուած բռնութիւնները, սպանութիւնները անուանում են «պոգրոմ»: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի՝ «pogrom-ը կրօնական, ռասայական կամ էթնիկական փոքրամասնութեանը պատկանող անձանց կամ գոյքի վրայ ամբոխի յարձակումն է, որը թոյլատրուել կամ իրականացուել է իշխանութիւնների թողտուութեամբ»:

Թէեւ նշուած եզրոյթը աւանդաբար կիրառւում է հրէաների հանդէպ իրականացուած ջարդերը նկարագրելու համար, սակայն երբեմն կիրառուել է նաեւ այլ նմանատիպ գործողութիւնները նկարագրելու նպատակով: Մասնաւորապէս, pogrom է անուանւում նաեւ 1955թ. Սեպտեմբերի 6-7ը Ստամբուլում յոյների դէմ իրականացուած ջարդը: Հաշուի առնելով այն փաստը, որ բառի ծանրաբեռնուածութիւնը ենթադրում է նաեւ «ջարդերը իշխանութիւնների կողմից թոյլատրելու կամ վերջիններիս թողտուութեամբ իրականացնելու» իմաստ, չի բացառւում, որ Եւրոպական Խորհրդարանի բանաձեւերը եւս արձանագրում են այդ փաստը:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ միայն Եւրոպայի Խորհրդարանի նշուած երեք բանաձեւերը արդէն իսկ ի ցոյց են դնում այն իրողութիւնը, որ յանցագործութեան անպատժելիութիւնը ծնում է նոր յանցագործութիւններ: 1988թ. Սումգայիթի ջարդերը եւ դրան Խորհրդային Ադրբեջանի այլ տարածքներում եւս հայերի հանդէպ յաջորդած բռնութիւնները յստակ քաղաքական եւ իրաւական գնահատական չստանալու պատճառով հնարաւորութիւն ստեղծեցին հայերի հանդէպ նոր բռնութիւնների եւ ջարդերի իրականացման համար:

Անպատժելիութեան մթնոլորտը իր  գագաթնակէտին հասաւ 1990թ. Յունուարին, երբ Բաքւում սպանուեցին բազմաթիւ հայեր, շատերը մահացան հարկադրուած գաղթի ճանապարհին: 1990թ.ից յետոյ եւս հայերի հանդէպ բռնութիւնները եւ ճնշումները շարունակուեցին՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի գրեթէ ամբողջական հայաթափում: Նշուածները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի կողմից շարունակուող ժխտողական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ միջազգային կառոյցների եւ պետութիւնների կողմից Ադրբեջանի տարածքում հայերի դէմ իրականացուած ջարդերին համապատասխան գնահատական չտալը կարող են յանգեցնել յետագայում եւս նմանատիպ գործողութիւնների իրականացման:

 

«ԱՐՄԷՆՓՐԷՍ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top