Հայ Ճարտարագէտների Եւ Գիտնականների Միութիւնը Մեծարեց Աշխարհահռչակ Հայ Գիտնական Եուրի Յովհաննիսեանին

0131oganessian2

0131oganessian2

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութիւնը Վիկտոր Համբարձումեանի անուան պատուաւոր շքանշանով պարգեւատրեց համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, պրոֆեսոր Եուրի Յովհաննիսեանին, ում անունով նաեւ անուանակոչուել է Մենդելէեւի պարբերական աղիւսակը վերջերս համալրած 118րդ քիմիական տարրը (oganesson (Og)): Արարողութիւնը տեղի ունեցաւ Յունուարի 19ին՝ կազմակերպութեան 35ամեակի հանդիսութեան շրջանակներում:

«Շատ կարեւոր է, որ ազգը միասին լինի, որ մենք հասկանանք իրար, դա է ամենակարեւորը», այս խօսքերով գիտնականը ողջունեց նաեւ Միութեան առաքելութիւնը, որ գաղափարի շուրջ համախմբում է ԱՄՆի եւ արդէն նաեւ տարբեր երկրների հայ գիտնականների ու ճարտարագէտների: ՀՃԳՄ հրաւէրով, կարճատեւ այցով Լոս Անջելեսում գտնուող աշխարհահռչակ գիտնականի հետ առիթ ունեցան հանդիպելու նաեւ լրատուամիջոցների ներկայացուցիչները՝ Միութեան կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ:

0131oganessian

Եուրի Յովհաննիսեանը, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագաւառի համաշխարհային մեծագոյն գիտնականներից է: Նրա հետազօտութիւնները կապուած են բարդ միջուկների փոխգործակցութեան մեխանիզմների, ծանր իոնների հզօր արագացուցիչների ստեղծման, միջուկային փոխակերպումների հազուագիւտ գործընթացների ուսումնասիրման, իւրօրինակ մեթոդների մշակման հետ:

Լրագրողների հետ անմիջական զրոյցի ժամանակ Եուրի Յովհաննիսեանը պատմեց իր կեանքից դրուագներ, Օգանեսոնի ստեղծման եւ այդ տարրի յատկութիւնների մասին, տեղեկացրեց առաջիկայ ծրագրերին, որոնք ներառում են նաեւ նոր տարրերի բացայայտում: Գիտնականը, կեանքի առաջին 15 տարիներն անցկացրել է Հայաստանում, այնուհետեւ տեղափոխուել է Ռուսաստան, որտեղ աւարտել է Մոսկուայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը: Ռուսաստանի Դուբնա քաղաքի միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտում եղել է միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրէն, այնուհետեւ՝ տնօրէն եւ գիտական ղեկավար, միաժամանակ՝ նոյն լաբորատորիայի ծանր միջուկների հետազօտման բաժնի պետն է: Յովհաննիսեանի ղեկավարութեամբ գործող խումբը, գերծանր մի շարք  նոր տարրեր է բացայայտել, որոնք համալրել են Մենդելէեւի աղիւսակը, իսկ վերջին տարրն անուանակոչուել է հայ ֆիզիկոսի անունով:

0131oganessian4 «Բոլոր տարրերը բացայայտուել են 15 տարուայ ընթացքում: Այժմ աշխատում ենք 119րդ տարրը գտնելու ուղղութեամբ եւ մեր հաշուարկներով այն կը ստանանք 2020 թուականին: Դա հնարաւոր կը լինի նոր լաբորատորիայի շնորհիւ, որ հարիւր անգամ աւելի արդիւնաւէտ է նախորդներից, եւ ուրեմն արդիւնքները, սպասւում է, որ կարճ ժամանակում շատ աւելին կը լինեն», յայտնեց Յովհաննիսեանը:

Ռուսաստանի ԳԱԱ ակադեմիկոս մեր հայրենակիցը նաեւ Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ է, Երեւանի Պետական համալսարանի պատուաւոր դոկտոր: Եուրի Յովհաննիսեանը մեծ աւանդ ունի ՀՀ գիտական կազմակերպութիւնների եւ Միջուկային հետազօտութիւնների միացեալ ինստիտուտի միջեւ համագործակցութեան զարգացման գործում, ինչի համար էլ 2010թ. պարգեւատրուել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան գիտութեան պետական կոմիտէի «Ոսկէ մեդալ»ով:

«Ինը տարի առաջ, սկսեցինք դիտարկել Հայաստանում ֆիզիկայի զարգացման հնարաւոր սցենարներ: Այդ նպատակով, հաւաքեցի աշխարհում շատ յայտնի տասը գիտնականների ու բերեցի Հայաստան՝ ներկայացնելով մեր հայրենիքում առկայ ներուժն ու հնարաւորութիւնները, եւ ակնկալելով նոր ծրագրերի առաջարկներ: Ուսումնասիրութիւնների ընթացքում պարզեցինք, որ Հայաստանում, ցաւօք, շատ բարձր է ուռուցքային հիւանդութիւններից մահացութեան թիւը, ինչի պատճառներից է այն, որ Հայաստանում չկար հիւանդութեան վաղ շրջանում ախտորոշման հնարաւորութիւն: Ես որոշեցի, որ առաջնահերթ պէտք է զբաղուել այս հարցով եւ ստեղծել ժամանակակից ախտորոշման կենտրոն», յիշում է Յովհաննիսեանը: Արդիւնքում, ձեւաւորւում է Ուռուցքաբանութեան գերազանցութեան հայկական կենտրոնը:

Գիտնականը նշեց, որ վերջերս հանդիպել է ՀՀ նոր կառավարութեան մի քանի նախարարների հետ՝ քննարկելու տարաբնոյթ ծրագրեր:

Հայաստանում գիտութեան զարգացման շրջանակներում Եուրի Յովհաննիսեանի հետ համագործակցութեան մասին պատմեց նաեւ Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան (ՀՃԳՄ) հրաւէրով Լոս Անջելեսում գտնուող ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանը: «Յովհաննիսեանը մեծ գիտնական է, ում հնարաւորութիւններն ու կապերը փորձում ենք օգտագործել: Մենք մեծապէս կարեւորում ենք գիտութեան զարգացումը Հայաստանում եւ ցանկանում ենք ներգրաւուել նաեւ Սփիւռքի ներուժը: Այդ առումով, սփիւռքահայ գիտնականների եւ ճարտարագէտների հետ ծանօթացումը չափազանց կարեւոր է, եւ ՀՃԳՄի միջոցով բազմաթիւ հանդիպումները բաւական արդիւնաւէտ էին այդ առումով», նշեց նախարարը: Նա նաեւ յայտարարեց, որ աշխատում են Հայաստանից դուրս գտնուող գիտնականների ու տարբեր մասնագէտների տուեալների հաւաքագրմամբ ստեղծել ցանց, որի միջոցով առաւել արդիւնաւէտ կը լինի համագործակցութիւնը:

Արայիկ Յարութիւնեանը յայտարարեց, որ նոր կառավարութիւնն առաջնահերթ է համարում «գիտութեան վերադարձը» ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ: «Բուհն առանց գիտութեան եւ գիտութիւնն առանց բուհի դժուար է պատկերացնել, եւ այդ հարցում մեծ դեր է վերապահուած Գիտութիւնների ազգային ակադեմիայի ներքոյ գործող ինստիտուտներին: Որպէս օրինակ ունենք Հայ-ռուսական (սլաւոնական) համալսարանը, որ բուհի եւ գիտահետազօտական ինստիտուտների համագործակցութեան լաւագոյն փորձն ունի», նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով ԱԺ կը ներկայացուի գիտութեան եւ կրթութեան միասնական օրէնքի նախագիծը:

0131oganessian3ՀՀ Կառավարութեան ներկայացուցչին հարց ուղղուեց նաեւ սփիւռքի նախարարութեան փակման մասին, եւ արդիւնքում ինչպէ՞ս են համակարգուելու  Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները: «Այս հարցում մեր առաջնահերթութիւնները չեն փոխուել, աւելին՝ Սփիւռքը մեզ համար առաւել կարեւոր է, որովհետեւ մարդկային ռեսուրսների (ուժերու-Խմբ.) առումով այստեղ շատ մեծ հնարաւորութիւններ կան: Միաժամանակ, իմ այցերն այստեղ մի քանի դպրոցներ ցոյց տուեցին, որ հետաքրքրութիւնն Հայաստանի նկատմամբ աւելի է մեծացել. նոյնիսկ հինգ տարեկան երեխան այսօր ապրում է հայրենիքով, ինչի պատճառներից մէկն էլ ծնողների հետ միասին ներգրաւուածութիւնն է եղել թաւշեայ յեղափոխութեան շարժմանը: ՀՀ վարչապետը ներկայացրել է, թէ մենք ինչպէս ենք տեսնում Սփիւռքի հետ յարաբերութիւնների համակարգումը: Ըստ այդմ, պրոֆիլային (մասնագիտական-Խմբ.) ուղղութիւններով գործառոյթներ կ՛իրականացնեն համապատասխան նախարարութիւնները: Կրթութեան օրինակով եթէ ներկայացնեմ, կրթութեան եւ գիտութեան նախարարութեան որոշ գործառոյթներ տրուել էին սփիւռքի նախարարութեանը՝ օրինակ դասագրքերի բաշխումը: Մենք յաճախ իրականացնում էինք ուսուցիչների վերապատրաստում, ծրագրերի քննարկում, բայց գրքերի բաշխումից յետոյ լուրջ աններդաշնակութիւն էր առաջանում ուսուցիչների, քննարկուած ծրագրերի եւ առաքուած դասագրքերի միջեւ: Հիմա, այս գործառոյթները կը փոխանցուեն կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը, եւ այդպէս բոլոր միւս համապատասխան նախարարութիւններին», տեղեկացրեց նախարարը: Նա նշեց նաեւ, որ քննարկւում է վարչապետի գրասենեակին կից յատուկ յանձնարարութիւններով դեսպանի պաշտօնի ստեղծումը, ով կը զբաղուի Սփիւռքի հարցերի համակարգմամբ եւ հաշուետու կը լինի վարչապետին: «Այսինքն, մենք աւելի ենք բարձրացնում Սփիւռքի հարցերի համակարգողի կարգավիճակը»: Ըստ Արայիկ Յարութիւնեանի, սփիւռքի նախարարութիւնն արհեստական գերատեսչութիւն է եղել. «Խորհուրդ կը տամ նայել սփիւռքի նախարարութեան կառուցուածքին, որտեղ աշխատակազմի 80 հոգին բաշխուած էր 18 վարչութիւններում, եւ պաշտօններն էին՝ վարչութեան պետ, պետի տեղակալ, բաժնի պետ ու ոչ մի աշխատող: Ակնյայտ է, որ այստեղ արդիւնաւէտութիւն չի կարող լինել: Վարչութիւնները կրկնում են միմեանց գործառոյթները, ինչը նշանակում է, որ նախորդ իշխանութիւններն այս  կառոյցն օգտագործել են ծանօթներին աշխատանքի տեղաւորելու նպատակով»: Նախարարը հաւաստիացրեց, որ կառավարութիւնում տեղի ունեցող կառուցուածքային փոփոխութիւնները միտուած են միայն արդիւնաւէտութեան բարձրացմանը:

Հայաստանի կառավարութեանը՝ գիտութեան զարգացման հարցում անվերապահ աջակցութեան մասին, յայտարարեց Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան ատենապետ Ջոն Շիրաջեանը: Նա նշեց, որ շարունակուելու են Միութեան ծրագրերը Հայաստանում, այդ թւում՝ մեծ տեղ է յատկացուելու կրթական ծրագրերին:

0131oganessian1

Մամուլի ասուլիսը նաեւ բացառիկ առիթ էր լոսանջելեսաբնակ 12ամեայ Դանիէլ Շաքարեանի համար, ում երազանքն էր հանդիպել յայտնի հայ գիտնականին ու ստանալ իրեն յուզող հարցերի պատասխանները: Տեղեկատուութեան տարածման արագութեան եւ ատոմի կառուցուածքի մասին նրա հարցերին ամենայն մանրամասնութեամբ պատասխանեց Եուրի Յովհաննիսեանը՝ պատանուն նաեւ նուիրելով իր անուան տարրի տարբերանշանը:

Լոս Անջելեսի հայկական ընկերակցութեան մասնաշէնքում անցկացուած տօնահանդէսին ներկայ աւելի քան երկու հարիւր հիւրերը բացառիկ առիթ ունեցան ծանօթանալու եւ հաղորդակցուելու գիտնականի հետ: Ձեռնարկի ընթացքում բանախօսները ներկայացրին Միութեան պատմութիւնն ու Եուրի Յովհաննիսեանի կեանքն ու գործունէութիւնը՝ նրան շնորհելով նաեւ Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան պատուաւոր անդամի կոչում:

Յ.Գ.- Եուրի Յովհաննիսեանի հետ բացառիկ հարցազրոյցի տպագիր տարբերակին ու տեսանիւթին կարող էք հետեւել «Ասպարէզ»ի առաջիկայ համարներից մէկում: Նախագծին աջակցել է Հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութիւնը, գլխաւոր հովանաւոր՝ «Ռեմեդի Լիքէոր»:

 



Այս Էջը Կը Հովանաւորեն

ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ԶԱՐԵՀ ԻՍԱԽԱՆԵԱՆ

 


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

3 Comments

  1. Kenneth K Hekimian said:

    We were at the AESA Gala and were thoroughly impressed with the proceedings. Please send the link to the english language translation. Thank you.

*

Top