ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՕՐՈՐԱ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՏՈՔԹ. ԹՈՄ ՔԱԹԻՆԱՅԻ ՀԵՏ

0000USCCatena5

«Հայերը Շատ Բան Ունեն Առաջարկելու». Թոմ Քաթինա

 

 

Կաթոլիկ միսիոնար,  Հարաւային Սուտանի Նուպա Լեռներուն վրայ սարսափելի պայմաններու մէջ գործող միակ վիրաբոյժը հանդիսացող տոքթ. Թոմ Քաթինա  անցեալ Երեքշաբթի, 5 Փետրուարին, Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարան (USC) եկած էր՝ մասնակցելու քանի մը ծրագիրներու:

USC-ի Հայկական ուսմանց հիմնարկութիւնը նոյն համալսարանի «Քէք» բժշակական բաժանմունքին, Կրօնական կեանքի գրասենեակին, Կրօնականա եւ Քաղաքացիական Տորնզայֆ կեդրոնին, Կաթոլիկ յառաջացեալ ուսմանց հիմնարկութեան եւ Քաուսօ կաթոլիկ կեդրոնին հետ միասնաբար հիւրընկալած էր տոքթ. Քաթինան, որ համալսարանին մէջ հանդիպումներ ունենայ դասախօսական կազմին եւ ուսանողութեան հետ, ինչպէս նաեւ անոնց հետ մասնակցի հրապարակային քննարկումներու:

2017ին տոքթ. Քաթինա իր մարդասիրական գործունէութեան համար արժանացաւ «Օրորա» մրցանակին, ստանալով 100,000 տոլարի դրամաշնորհ: Բացի այս գումարէն, մրցանակակիրը հնարաւորութիւն ստացած էր իր նախընտրած ու գնահատած բարեսիրական կազմակերպութեան մը մէկ միլիոն տոլարի նուիրատուութիւն մը փոխանցել: «Օրօրա»ի Զարթնող Մարդկայնութիւն մրցանակը, որ ստեղծուած է ի պատիւ Հայոց Ցեղասպանութեան վերապրողներուն եւ ի շնորհակալութիւն անոնց փրկողներուն, ամէն տարի կը շնորհուի անձի մը, որու գործունէութիւնը բացառիկ հետք ձգած է մարդկային կեանքի պահպանման եւ մարդասիրական դատեր ջատագովելու ի խնդիր տարուող աշխատանքներու վրայ:

Բնիկ Նիւեորքցի տոքթ. Քաթինա Սուտան փոխադրուած է, ուր 2008 թուականէն ի վեր կ՛աշխատի իբրեւ բժիշկ-վիրաբոյժ: Վերջին ինը տարիներուն տոքթ. Քաթինա Գթութեան Մայր կաթոլիկ հիւանդանոցին մէջ 24 ժամեայ աշխատանքային դրութեամբ գործած է շաբթուան եօթ օրերուն, իր հոգատարութեան տակ առնելով Նուպայի750,000 բնակիչները:

Սարին Հապէշեան առիթը ունեցաւ զրուցելու տոքթ. Քաթինայի հետ իր մարդասիրական գործունէութեան եւ նոր նշանակման մասին: Հարցազրոյցէն որոշ մասեր առաջին անգամ ըլլալով ներկայացուած են «Սիվիլնեթ»էն:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Որո՞նք են մարդասիրական աշխատանքի ամենամեծ մարտահրաւէրները:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.– Կարծում եմ՝ ամենամեծ մարտահրաւէրն այն է, որ դու միշտ հեռաւոր շրջաններում ես, որտեղ լոգիստիկան շատ բարդ է, եւ, հաւանաբար, ամենակարեւոր ու ամենամեծ խնդիրը նիւթերի տեղափոխումն է, որ դաշտում աշխատելիս անհրաժեշտ ամէն ինչ ունենաս ձեռքիդ տակ: Երկրորդ խնդիրն այն է, որ յաճախ գործ ունես տուժած մարդկանց հետ: Մարդիկ, որոնք սովոր չեն ապրել այնպէս, ինչպէս մենք սովոր ենք Արեւմտեան աշխարհում: Այնպէս որ, պէտք է յարմարուես նրանց կենսակերպին, արագութեանը, շփման ձեւին:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ինչպէ՞ս յարմարուեցիք, երբ ժամանեցիք Սուդան:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Մեծ համբերութիւն պահանջուեց: Պէտք չէ շտապել, մարդկանց ստիպել անել այն, ինչին դու ես սովոր: Պէտք էր հետեւել, թէ ինչպէս են նրանք գործում, յարմարուել նրանց տեմպին եւ գտնել նրանց կենսակերպի շահեկան կողմերը:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Երբ գնացիք Սուդան, գիտէի՞ք, որ պատրաստւում էք այդքան երկար մնալ եւ տեղափոխուել այնտեղ:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Իմ սկզբնական նպատակն էր այնքան մնալ, մինչեւ կարողանայի հիւանդանոցի գործերը փոխանցել մէկ ուրիշին: Գիտէի, որ որոշակի ժամանակ կը պահանջուի: Կարծում էի՝ տասը տարուց քիչ կը տեւի, բայց արդէն 10.5 տարի է, ինչ այնտեղ եմ: Այդուհանդերձ, թունելի վերջում լոյս է երեւում. չորս մարդ ունենք, որոնք սովորում են Քենիայի եւ Ուգանդայի բժշկական կրթական հաստատութիւններում: Մի տղան մէկ տարուց կ՛աւարտի, միւսներն էլ՝ առաջիկայ չորս-հինգ տարում: Այնպէս որ, յոյս ունեմ՝ առաջիկայ տասը տարում կը կարողանամ ամբողջապէս նրանց փոխանցել գործերը, ու նրանք կը կարողանան գլուխ հանել:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ի՞նչ էք ծրագրում անել դրանից յետոյ:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Գուցէ մի որոշ ժամանակ մնամ՝ որպէս ուսուցիչ, գուցէ, վերջապէս, երբ վիրահատութիւնների եւ բարդ աշխատանքի համար ծեր լինեմ, աշխատեմ գլոբալ առողջապահութեան ոլորտում: Կը ցանկանայի աշխատել ուսուցողական բնոյթի հիւանդանոցում՝ գուցէ Միացեալ Նահանգներում կամ մէկ ուրիշ տեղ, որն առողջապահական գլոբալ ծրագիր կ՛իրականացնի:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ինչո՞ւ էք անում այս աշխատանքը:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Չեմ կարող գտնել այնպիսի աշխատանք, որն աւելի կը բաւարարի ինձ, քան այս մէկը, որն անում եմ: Չեմ կարող աւելի յուսահատեցնող աշխատանք գտնել, բայց, միեւնոյն ժամանակ, չեմ էլ կարող ուրիշ մի բան գտնել, որն ինձ աւելի շատ բաւարարուածութեան զգացում կը պարգեւի: Ես կաթոլիկ միսիոներ եմ, հետեւաբար մեզ համար մեր դերը պարզ է եւ հասկանալի: Քրիստոս ասաց՝ գնացէք եւ հոգ տարէք փոքր եղբայրներին եւ քոյրերին: Ես եւ միւս միսիոներները հէնց դա էլ անում ենք ամէն օր, այնպէս որ, դա բաւականին պարզ է:

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Երբեւէ մարդիկ «օ~հ, ուաո~ւ»ից այն կողմ անցնո՞ւմ են, երբ խօսքը վերաբերում է ձեր գործին: Եւ հնարաւո՞ր է անել դա՝ կարիերա (գործի ասպարէզ-Խմբ.) անել այնտեղ, որտեղ դուք միաւորում էք հաւատն ու մասնագիտական հմ-տութիւնները՝ ծառայելու մարդկութեանը:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Դուք ճիշդ էք, «օ~հ, ուաո~ւ» բացականչութիւնները մէկ տարուայ կեանք ունեն, յետոյ դա անցնում է: Օտար մշակոյթի մէջ ապրելու, Աֆրիկայում ապրելու հմայքը, դրա հետ կապուած բոլոր առեղծուածները որոշ ժամանակ անց կորչում են, եւ յետոյ դու պէտք է հասկանաս, թէ ինչն է քեզ պահում այնտեղ: Ինձ համար մի քանի բան կայ՝ մէկն իմ հաւատն է, որն ասում է՝ տե՛ս, դու պատասխանատուութիւն ես վերցրել այս մարդկանց առջեւ, որը պէտք է կրես թէ՛ լաւ, թէ՛ վատ ժամանակ: Դա գրեթէ ամուսնութեան նման է, գիտէք, հաւատարիմ մնալ դրան եւ հոգ տանել այս մարդկանց մասին: Յաջորդն, իհարկէ, կարիքն է, որ դու տեսնում ես, եւ այն, իսկապէս, դիպչում է սրտիդ: Դու քեզ տեսնում ես մի միջավայրում, որտեղ չկայ պատշաճ առողջապահութիւն, այնտեղ չկան բժիշկներ, եւ մարդիկ, կարծես, ձգւում են դէպի քեզ: Դու ունես մարդիկ, որոնք տոկուն են, շատ ուժեղ, նրանք ողորմութեան կարիք չունեն, նրանք պարզապէս մի փոքր օգնութեան կարիք ունեն՝ դժուարութիւնը յաղթահարելու համար: Նրանք մղում են քեզ՝ շարունակել աշխատել այնտեղ, բայց դու պէտք է յաղթահարես այն արտասովորութեան սկզբնական կախարդանքը: Եթէ իսկապէս խորանաս եւ հասկանաս, թէ ինչն է քեզ ստիպում անել այդ աշխատանքը, այն դառնում է հնարաւոր, բայց պէտք է ունենաս մի բան, որը կ՛օգնի քեզ կանգ չառնել:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ո՞ր կէտում է «Աւրորա» նախաձեռնութիւնը հատւում ձեր առաքելութեան եւ կենսակերպի հետ:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան մանտրան երախտագիտութիւնն է՝ ի գործ: «Աւրորա»յի հիմնադիրները գտնում են ճանապարհը, թէ ինչպէս մեծարել մարդկանց, որոնք օգնեցին ցեղասպանութիւնը վերապրած իրենց նախնիներին: Ես հայ չեմ, բայց, իհարկէ, գիտեմ Հայոց Ցեղասպանութեան մասին: Ես այս կերպ եմ մօտենում հարցին. ինձ այնքան շատ բան է տրուել այս կեանքում, ամէն ինչ՝ սկզբից մինչեւ վերջ: Ես ծնուել եմ հիանալի ընտանիքում, հրաշալի ծնողներ ունեմ, լաւագոյն կրթութիւն եմ ստացել, հետեւաբար՝ ինչպէ՞ս պէտք է արտայայտեմ երախտագիտութիւնս: Ինձ համար սա, կարծես, ազնիւ չէ: Ինչո՞ւ ինձ տրուեցին կեանքի բոլոր այս առաւելութիւնները, իսկ աշխարհի 99 տոկոսին՝ ոչ: Ես զգում եմ, որ սա երախտագիտութիւն է գործով, հետեւաբար՝ ես իմ երախտագիտութիւնն եմ յայտնում՝ որպէս բժիշկ աշխատելով Սուդանում այն մարդկանց համար, որոնք չեն ունեցել այն առաւելութիւնները, որոնք ինձ են տրուել:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Դուք կարիք ունէ՞ք հայերին բացատրելու, թէ որն է «Աւրորա»յի առաքելութիւնը:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Ես դա տեսնում եմ հիմնադիրների աչքերում: Հայաստանին շատ են օգնել, Ցեղասպանութիւնից յետոյ հայերին շատ են օգնել, օգնել է Ամերիկան, Ֆրանսիան, տարբեր մարդիկ, ոչ միայն երկրները, այլեւ անհատներ: Հիմա ժամն է, որ Հայաստանը քայլ անի եւ ասի՝ տեսէք, դժուարին պահին մեզ օգնութեան ձեռք են մեկնել, հիմա մեր հերթն է եւ մեր ժամը՝ փրկելու մնացած աշխարհին: Դուք կարող էք մտածել՝ օհ, մենք փոքր երկիր ենք, չենք կարող շատ բան անել, բայց հայերը շատ բան ունեն առաջարկելու:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- «Աւրորա» մրցանակը դափնեկրին 100,000 դոլար դրամաշնորհ է տալիս: Ի՞նչ դերակատարում ունի փողը մարդասիրական աշխատանքում: Ինչպէ՞ս է այն փոխել ձեր աշխատանքը:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Պէտք է ընդունել, որ փողը հսկայական դերակատարում ունի մարդասիրական աշխատանքում: Ոչ մի մարդասէր ոչինչ չի կարող անել առանց փողի՝ անկախ նրանից՝ բժիշկ է, թէ բարեգործ: Կարող ես լինել ամենախելացի բժիշկն աշխարհում, կարող ես Սուդանի մէջ հիանալի գործ անել, բայց եթէ ոչ ոք քեզ չի աջակցում, ոչինչ էլ չես կարող անել: Չես կարող դեղորայք գնել, վճարել անձնակազմին: Առանց այս ամէնի ոչինչ չես կարող անել: Այնպէս որ, փողը մեծ դեր ունի ցանկացած մարդասիրական գործում:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- «Աւրորա» մրցանակը նաեւ մէկ միլիոն դոլար է յատկացնում դափնեկրին՝ այն նուիրաբերելու իր ընտրած կազմակերպութիւններին: Ի՞նչ էք դուք արել այդ մէկ միլիոն դոլարով:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Ճիշդ է, դու կարող ես այդ փողը յատկացնել մինչեւ երեք կազմակերպութեան: Ես ընտրել եմ Կաթոլիկ առողջապահական առաքելութեան խորհուրդը, Աֆրիկայի առողջապահական առաքելութեան հիմնադրամը եւ Aktion Canchanabury-ն: Սրանք համեմատաբար փոքր կազմակերպութիւններ են, որոնք շատ լաւ աշխատանք են անում տեղում: Դրանք աջակցում են նախագծերին եւ նախաձեռնութիւններին, որոնք ուղղուած են ՄԻԱՎ կանխարգելմանն ու առողջապահութեանը, ապագայ բժիշկների եւ բուժքոյրերի վերապատրաստմանը: Դրանք ունեն մաշկային հիւանդութեան՝ բորոտութեան բուժման ծրագրեր եւ մի քանի տարբեր նախագծեր, որոնք իրականացնում են՝ աֆրիկեան տարբեր հիւանդանոցների տրամադրելով դեղորայք: Ինձ դուր են գալիս այս կազմակերպութիւնները, որովհետեւ փոքր են, արդիւնաւէտ եւ տեղում ունեն իրենց աշխատողները:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Տեսե՞լ էք «Աւրորա» մրցանակի ազդեցութիւնը:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Այո: Պատճառներից մէկը, որ մեր հիւանդանոցը մինչեւ հիմա գործում է, այդ միլիոն դոլարի դրամաշնորհն էր: Առանց դրա, հաւանաբար, ստիպուած լինէինք փակուել: Ես տեսել եմ այդ մրցանակի հսկայական ազդեցութիւնը: Ասացինք՝ տեսէք, սա այն պահն եմ, յուզուած եմ՝ Հայաստանում լինելու համար: Իսկապէս յոյս ունեմ՝ լաւագոյնն անել այս ժամանակահատուածում: Ես իսկապէս հաւատում եմ «Աւրորա»յին, այն գործին, որ նրանք փորձում են անել: Հիմնադիրները՝ Ռուբէն Վարդանեանը, Նուբար Աֆէյեանը եւ Վարդան Գրեգորեանը, շատ համոզիչ են: Այնպէս որ, անհամբեր եմ՝ աշխատել նրանց եւ «Աւրորա»յի մնացած թիմի հետ:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Կարո՞ղ էք պատմել հիւանդանոցի մասին, որտեղ աշխատում էք: Ինչպիսի՞ն է կեանքն այնտեղ: Ինչպիսի՞ն են այցելուները:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Մեր հիւանդանոցը 435 մահճակալ ունի, որը բաւականին մեծ կարելի է համարել, եթէ համեմատենք միւս հիւանդանոցների հետ: Մենք ունենք բոլոր տիպիկ հիւանդասենեակներն ու բաժանմունքները: Երեխաների հիւանդասենեակ, տղամարդկանց եւ կանանց, ծնարան, ունենք տուբերկուլեօզի եւ մաշկի հիւանդութիւնների բաժանմունքներ, ամէն օր բազմաթիւ վիրահատութիւններ ենք իրականացնում: Ամենատարածուած հիւանդութիւնները տիպիկ արեւադարձայիններն են՝ մալարիայ, գաստրոէնտերիտ, պնեւմոնիա: Տուբերկուլեօզի շատ դէպքեր ենք ունենում, այն դեռ շատ տարածուած է: Շատ հիւանդներ ունենք, որ տառապում են բորոտութեամբ, ինչն աշխարհում գրեթէ վերացած է: Շատ վիրահատութիւններ ենք անում: Քաղցկեղի շատ դէպքեր ենք ունենում, ինչը մարդկանց միշտ զարմացնում է: Մենք միակ հիւանդանոցն ենք հարիւրաւոր մղոնների վրայ, որը քաղցկեղից բուժուելու որեւէ հնարաւորութիւն է տալիս: Մենք ունենք քիմիաթերապիայի դեղեր, որոնցից լիարժէք օգտւում են քաղցկեղով շատ հիւանդներ: Սա վերաբերում է քաղցկեղի բոլոր տեսակներին, որոնցով հիւանդանում են բոլոր տարիքի մարդիկ, անգամ քաղցկեղի շատ արտասովոր տեսակներով: Աշխատանքային օրը շատ յագեցած է: Այն սկսում ես 7ին կամ 7:30, առաւօտեան առաջինը փորձում ես շրջել հիւանդասենեակներով եւ տեսնել բոլոր հիւանդներին: Դա մի քանի ժամ է տեւում: Այդտեղից գնում ենք կլինիկա՝ մինչեւ ուշ երեկոյ զննելու հիւանդներին: Շաբաթուայ մէջ մի քանի օր միայն վիրահատութիւններ եմ անում:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Պատկերացնում եմ, որ դա կարող է շատ բարդ եւ ժամանակատար լինել: Ինչպէ՞ս էք հանգստանում:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Լաւ հարց է: Անկեղծ ասած, բացի աշխատանքից, իրականում այլ բանի ժամանակ գրեթէ չի էլ մնում: Երեւի, մի քիչ կարդում եմ: Արբանեակային ինտերնետ կապ ունենք, բայց այն սովորաբար էլեկտրոնային նամակների եւ աշխատանքային, վարչական գործերի համար է, որ պէտք է անեմ: Աշխատանքից դուրս շատ բան չկայ անելու: Դա հեռաւոր վայրերում աշխատելու անյարմարութիւններից է: Գնալու որեւէ տեղ չկայ: Գիշերային կեանք, ռեստորաններ, կինօ… այս հարցերը չեն էլ քննարկւում: Պէտք է պատրաստ լինէք մեկուսանալ եւ աշխատել այնտեղ:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Դուք գո՞հ էք այդ մեկուսացումից: Դուք Նիւ Եորքից էք, որտեղ միջավայրը միանգամայն այլ է:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Այնքան երկար եմ եղել այնտեղ, որ գրեթէ տանն եմ զգում աւելի շատ, քան երբ վերադառնում եմ զարգացած աշխարհ: Ես սովորել եմ այդ կենսակերպին: Ինձ համար դա մեծ բան չէ:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Կարդացել եմ, որ մի որոշ ժամանակ առաջ, երբ Սուդանում պատերազմ էր, ձեզ առաջարկել են դուրս գալ տարածքից, բայց հրաժարուել էք: Կարո՞ղ էք ասել՝ ինչո՞ւ:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Մի քանի տարբեր պատահարներ եղան: Առաջինը 2011ին էր, երբ պատերազմը սկսուեց, եւ ինձ հովանաւորող կազմակերպութիւնը ցանկանում էր ինձ դուրս բերել այնտեղից: Ասացին՝ նրանք կռւում են, եւ դա շատ վտանգաւոր է, դուրս եկ այդտեղից, երբ հանդարտուի, կարող ես վերադառնալ: Նրանք ասացին՝ եթէ դուրս չգաք, ստիպուած կը լինենք՝ հեռացնել ձեզ: Ամէն դէպքում, ես կամաւոր բժիշկ միսիոներ էի եւ ասացի՝ լաւ, դուք կարող էք ազատել ինձ աշխատանքից, բայց ես չեմ հեռանում: Ես, քոյրերը եւ մեզ հետ աշխատող հոգեւորականը չհեռացանք:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ինչպէ՞ս էք երիտասարդներին ոգեշնչում մարդասիրական աշխատանք կատարել եւ այն դարձնել թիւ մէկ առաջնահերթութիւն:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Կարծում եմ՝ անկախ նրանից, թէ դու ամբողջութեամբ մարդասիրական աշխատանք ես կատարում, թէ բանկային ոլորտում ներդրող ես Ռուբէնի նման, դու ուզում ես ինչ-որ բան անել աշխարհի համար: Ամէն մէկն էլ առաջարկելու բան ունի: Աշխարհում մարդկանց մեծ մասը միջինից ցածր եկամուտ ունի, սա է մարդկութեան մեծամասնութիւնը: Եթէ սիրտդ ցաւում է այդ մարդկանց եւ այդպիսի աշխատանքի համար, դու կարող ես ինչ-որ բան անել: Եթէ դու բանկային ոլորտի ներդրող ես Մոսկուայում կամ Նիւ Եորքում, ունես ֆինանսական ռեսուրսներ, իսկ մարդասիրական աշխատանքով զբաղուողները ոչինչ չեն կարող անել առանց փողի, որոշ միջոցներ յատկացրու: Դա հսկայական օգնութիւն է, դրան մի նայիր այնպէս, թէ «ես պարզապէս փող եմ տալիս»: Ո՛չ, դա մեծ օգնութիւն է: Եթէ կայ այլ բան, որ կարող ես անել, ուզում ես նուիրաբերել, ուզում ես ներգրաւուել, պարզապէս գնայ եւ ուսումնասիրիր իրավիճակն ինչ-որ տեղ: Դու ուզում ես գնալ այդ շրջաններից մէկն ու ծանօթանալ, դա արդէն ինչ-որ քայլ է՝ սկսել հասկանալ, թէ ինչ է այնտեղ կատարւում: Ինչի՞ կարիք կայ այնտեղ, գուցէ հմտութեան, որը դու ունես: Ատաղձագո՞րծ ես: Էլեկտրի՞կ ես: Ինչո՞վ ես անում կեանքում: Տեխնոլոգիաների ոլորտո՞ւմ ես: Ես ոչինչ չեմ հասկանում տեխնոլոգիաներից, եթէ ինչ-որ մէկը գալիս է Նուբա, սկսում եմ հարցուփորձ անել, որովհետեւ գաղափար չունեմ այդ ոլորտի մասին: Դա մեծ օգնութիւն է մեզ համար: Ամէն մէկն էլ կարող է իր նպաստը բերել: Պարզապէս օգտագործիր քո ստեղծարարութիւնը, ռեսուրսները եւ մտածիր, թէ ինչ կարող ես անել աղքատներին եւ լուսանցքում յայտնուածներին օգնելու համար: Ամէն մէկն էլ առաջարկելու բան ունի: Եւ ես իսկապէս ուզում եմ, որ մարդիկ հաւատան, չմտածեն, թէ նայէք այս մարդուն, ի~նչ մեծ գործեր է անում: Ես պարզապէս անում եմ այն, ինչ սիրում եմ, ինչ բնական է ինձ համար: Անկեղծ, մեծ բան չէ: Դուք եւ մէկ ուրիշն էլ կարող էիք նոյնն անել: Գուցէ ոչ այն, ինչ ես եմ անում, բայց մէկ այլ բան, որը եւս շատ օգտակար է:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.-  Որպէսզի մարդիկ անեն մարդասիրական այն աշխատանքը, որ դուք եւ «Աւրորա»ն էք անում, կարծո՞ւմ էք նրանց պէտք է մղել դրան: Պէ՞տք է նրանց համոզել, որ կարող են, թէ դա պարզապէս բնութեան կանչ է:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Կարծում եմ, մարդկանց պէտք է վստահութիւն ներշնչել, որ նրանք կարող են նպաստել ինչ-որ բանի, որովհետեւ մարդկանց մեծ մասն այսպէս է կարծում. «Ես չեմ կարող դա անել, դա չափազանց դժուար է»: Պարզապէս պէտք է նրանց մի փոքր վստահութիւն ներշնչել, թէ կարող են: Եթէ դու մարդ ես, որը վախենում է ճանապարհորդել եւ չի ուզում տեղափոխուել մէկ այլ վայր, կարող ես քո հիւրասենեակից էլ ինչ-որ բան անել: Միշտ ինչ-որ բան կայ, որ կարող ես անել: Կարծում եմ՝ մարդկանց պէտք է ուղղակի յիշեցնել եւ մի փոքր էլ դրդել, ասել՝ այո՛, դու եւս կարող ես ինչ-որ բան անել: Այլապէս մենք փոքր-ինչ ինքնահաւան ենք դառնում:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.- Ի՞նչն է ձեզ հետաքրքիր:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Ինձ հետաքրքիր է, թէ ինչպէս են իրերն աշխատում: Միշտ էլ հետաքրքիր է եղել: Քոլեջում մեքենաշինութիւն էի ուսումնասիրում, ինչը զուարճալի է, քանի որ ես ահաւոր եմ տեխնոլոգիական հարցերում: Հիմա ինձ աւելի շատ հետաքրքիր է, թէ ինչպէս է ամէն ինչ աշխատում կառավարական եւ միջազգային մակարդակում: Ովքե՞ր են իրականում առաջնորդում կառավարութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները:

 

ՍԱՐԻՆ ՀԱՊԷՇԵԱՆ.-  Եւ վերջում, ի՞նչ չեմ հարցրել ձեզ, որ կարծում էք կարեւոր է, որը ձեր ուղերձի մասն է աշխարհին:

ԹՈՄ ՔԱԹԻՆԱ.- Գիտէք, կարծում եմ՝ վերադառնանք այն թեմային, որ իւրաքանչիւրն էլ առաջարկելու բան ունի: Իրօք, ուզում եմ շեշտել այդ տեսակէտը: Ես կաթոլիկ միսիոներ եմ, որը շատ նեղ շրջանակ է: Կարիք չկայ, որ Սուդանում աշխատող կաթոլիկ միսիոներ լինէք, որ ինչ-որ բան անէք: Դուք կարող էք լինել ցանկացած ոք, որը կարող է նպաստել ընկերոջ բարեկեցութեանը: Ցանկացած ջանք, ժամանակ կամ փող, որ ներդնում էք ինչ-որ մէկին օգնելու համար, խոստանում եմ՝ հարիւրապատիկը ետ կը ստանաք: Դա կարող է լինել նոյնիսկ բաւարարուածութեան զգացումը: Հարիւրապատիկը ձեզ ետ է գալիս, եթէ ձեր արածը սրտից է բխում, եւ ասում էք՝ անում եմ սա, որովհետեւ անհանգստանում են մէկ ուրիշի համար: Բազմապատիկը ձեզ ետ կը գայ: Չկասկածէք: Սա նաեւ «Աւրորա»ի ուղերձն է:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top