Բաւական Է Պառակտէք Ժողովրդին

mariroseabusefian

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

 

mariroseabusefianԱրդէն երկար ժամանակ հայրենի հիմներգը փոխելու առաջարկը կրկին անգամ շրջանառութեան մէջ է մտել եւ քանի դեռ շարունակւում է, նոյնիսկ արդէն ժողովրդային քննարկման հարց դարձել, չէի կարող անտարբեր լռութեան մատնել այս յոյժ կարեւոր խնդիրը:

Թէեւ այս հարցը անգամներ, չգիտես ինչու, մեր իւրաքանչիւր նոր իշխանութեան օրակարգի առաջարկ է դառնում, որին անդրադարձել եմ նախորդ իմ գրութիւններով, սկսած ԼՏՊից մինչեւ այսօր, սակայն ներկայ իշխանութեան ներկայացուցիչները, առաջին իսկ պահից, երկրի ամենահրատապ հարցն են դարձրել այն, անտեսելով մեր երկրի բազում անպատասխան, չգործադրուած, չլուծուած խնդիրները: Իսկ ամենակարեւորը՝ իրեն յեղափոխական հռչակած իշխանութիւնը, յետեւում է նախկին ոչ յեղափոխական իշխանութիւնների քայլերին,  առաջնորդւում նրանց արծարծած հարցերով:

Այս հիմներգում ի՞նչն է, որ այդպէս անհանգստացնում է մեր երկրի իշխանութիւններին, որ իւրաքանչիւր նոր կազմուած կառավարութիւն առաջնահերթ խնդիր է դարձնում հիմներգի փոփոխութիւնը:

Տգիտութիւնը սեփական պատմութեա՞ն, պետական մտածողութիւնից զուրկ լինելով յանկարծ իշխանութեան մաս կազմե՞լը, ժողովուրդների եւ յատկապէս իր ժողովրդի անցած ճանապարհին անտեղեակ լինելով այն որպէս առաջադիմութիւն հրամցնե՞լը եւ կամ համոզուածութիւնը, որ այս իշխանութիւնն է սկիզբ դնում մեր առաջին անկախութեան, ըստ որի պարտաւոր ենք ամէն ինչ ջնջել ու իրենցից սկսել:

Այստեղ տեղին է կրկնել Վ. Տէրեանի հետեւալ տողերը, որը նոյն հետեւութեան էր յանգել ականատես լինելով ժողովրդային արժէքները ջնջողների եւ այն որպէս առաւել լուսաւոր հեռանկար մատուցող բոլշեւիկեան կառավարութեան քանդիչ աւերը տեսնելով.

«Չե՛մ հաւատում ճիչերին ձեր ցնծագին

եւ խանդավառ աղմուկներին այդ շփոթ,

գաղտնի մի թոյն կեղեքում է իմ հոգին

եւ ձեր խինդը սարսեցնում է, որպէս բօթ…»։

Այսօր մեզ ստիպում են նոյն հետեւութեան յանգել: Մեզ ստիպում են հարցնել՝ ո՞ւր մնաց, ո՞ւր անհետացան այն ցնծագին, ժողովրդի իրաւունքներին առաջնութիւն տուող խոստումները: Թէ՞, հրապարակում հաւաքուած ժողովրդի բուռն փափաքով է առաջարկուող այս փոփոխութիւնը, որը միայն ԱԺի փոխնախագահի ականջին փսփսացին:

Ողջ հայութիւնը ցնծութեամբ ընդունեց իշխանափոխութիւնը այն հաստատ հաւատով, որ վերջապէս կ՛ունենայ ազգային իշխանութիւն, որը ժողովրդի մարդկային իրաւունքների հետ համահաւասար կը պահպանի ազգային իրաւունքները: Այդ ազգային իրաւունքների մէջ մտնում են մեր անկախութեան բոլոր խորհրդանիշները, որոնք սկիզբ են դրուել 100 տարի առաջ մեր երկիրը առաջին անգամ անկախացրած իշխանութիւնն ու ժողովուրդը, մեր հողատարածք-սահմանների ճշդումն ու պահպանումը, մեր դէմ կատարուած Ցեղասպանութեան իրաւական պահանջների պետականօրէն հաստատումը, Արցախի անձեռնմխելիութեան հաստատումը:

Սակայն պարզւում է մեր այս նոր կառավարութեան համար, Ազգային իշխանութիւն, նշանակում է ամէնից առաջ սրբել-նետել ազգի պատմութեան խորհրդանիշները, կտրել ժողովրդին իր իրական պատմութիւնից, աստիճանաբար նաեւ նրա իրաւունքներից եւ պարտադրել իրենց համարել մեր սկիզբը:

Ուրեմն յեղափոխական ժողովրդային կառավարութիւն հաստատել նշանակում է՝ որպէս առաջնահերթ խնդիր, ժողովրդից խլել 140ամեայ մի հիմներգ, որին ժողովուրդը կապուել է ոչ միայն հոգու թելերով, այլ մի ողջ տարագիր հայութիւն ինքն իրեն ոտքի է կանգնեցրել, արիւն թափել այդ հիմներգը իր հայրենի հողում եւ ամէնուրեք հնչեցնելու համար: Մի հիմներգ, որը չի գրուել որեւէ մէկի պատուէրով, այլ նախ սիրուել ու երգուել է ժողովրդի կողմից մօտ 40 տարի եւ ապա յարմար պահին դարձել խորհրդանիշ:

Իսկ ամենակարեւորը՝ ձգտում են ազգային հիմներգը փոխարինել սովետականով, որը աղճատեց մեր ժողովրդին, ոչնչացրեց նրա մարդկային եւ ազգային իրաւունքները, իր շահերի զոհը դարձրեց մեր հողատարածքները: Այս ամէնը մոռանալով կամ կոծկելու համար վկայակոչում են Խաչատրեանի մեծութիւնը:

Չեմ կարծում Խաչատրեանի տարողութեան աշխարհահռչակ մի մեծութիւն կարիք ունենայ ԱԺի փոխնախագահի եւ նրա հետեւորդների մեծարմանը, որոնք նոյնիսկ չեն վերլուծում, թէ Խաչատրեանը ե՞րբ է գրել այն եւ ինչո՞ւ է այդքան անտեղի ուռճացուած ու «յաղթական»:

Իսկ չէ՞ որ այն գրուած է 1944թ., երբ Ստալինի պահանջով ամէն ինչ յաղթական ուռճացուած պիտի լինէր, պիտի շեփորահարուէր, որ «Հոկտեմբե՛րն է կործանումից մեզ փրկել եւ լուսաշող ապագայ պարգեւել»: Խաչատրեանի նման ուշադրութեան կենտրոնում գտնուող մի անուն չէր կարող այլ կերպ վարուել եւ իր տաղանդը չներդնել, իր տուրքը չմատուցել Լենինի եւ կոմունիզմի պանծացմանը:

Նախ մոռանում են, որ երաժշտութիւնները գրւում են տեքստերի վրայ եւ յետոյ հարց է ծագում, քաղաքական ազատ պայմաններո՞ւմ արդեօք Խաչատրեանը կը գրէր այդ ամբողջովին սովետական երաժշտութիւնը: Խաչատրեանի նման մի մեծութիւն, որը պեղել էր մեր ժողովրդի հոգու խորին շերտերը, որը գիտէր իր ժողովրդի ներքին ձայնի իւրաքանչիւր ռիթմը, դժուար թէ գրէր այդպիսի մի հիմն, փուչ հիմքի վրայ կառուցուած մի ցնծերգ, վկան իր բոլոր լրջագոյն հոգու խորք մտնող ստեղծագործութիւնները:

Եթէ մեր հայրենի ժողովուրդը տառապում է յիշողութեան կորուստով, ապա յիշեցնեմ, որ հարիւր հազարաւոր հայեր, մինչեւ իսկ իրենց կեանքը հայրենիքի համար նուիրաբերած գլխատուեցին, նոյնպէս հայրենադարձները դեռ չեն մոռացել, որ այդ երաժշտութեան խաբկանքի տակ հարիւր հազարաւորներ հայրենադարձուեցին Սիբիրներ, հեռաւոր Կամչատկաներ աքսորուեցին ու ոչնչացուեցին: Հարիւր հազարաւոր հայեր անիծեցին այդ հիմնը, երազելով ազատ հայրենիք, իրենց հոգում գաղտնի փայփայելով մեր ազգային, մեզ դէպի անկախութիւն առաջնորդած հիմնը:

Ցաւալին այն է, որ ժողովրդի մի հատուած, որոշ մտաւորականների հետ ձայնակցում են ԱԺի փոխնախագահին եւ մեր հիմներգը նուաստացնում, այն անուանում նվնուոց, մահ գովերգող, ոչ հերոսական զգացում արթնացնող, վկայաբերելով այլ երկրների հիմներգերը, մոռանալով, որ ժողովուրդները ընդունում են իրենց հիմներգերը ոչ թէ կռուի կամ յաղթանակի զգացում գրգռելու համար իրենց մէջ, այլ որ այդ հիմներգի համար կեանքեր են զոհուել հաւատով ու նուիրաբերումով, որ այն առաջնորդել է իրենց հայրերին, իրենց զաւակներին դէպի ներկան, որ այն իր մէջ ընդգրկում է մի անփոխարինելի պատմութիւն, իրենց անցեալը:

Մեր հիմներգի փոփոխութեան առաջարկի հետ բացայայտուեց վերջապէս այն առեղծուածը, թէ ինչո՛ւ մեր անկախութիւնը համարում են երրորդը, երբ իրականում ունեցել ենք միայն երկու անկախութիւն: Ուրեմն, ըստ ոմանց, սովետական բռունցքի տակ Հայաստանն էլ անկախ է եղել եւ ոչ թէ Սովետ Միութեան 16 գերիներից մէկը, այն էլ մասնատուած իր դարաւոր տարածքներից եւ իր Արցախից, եւ հիմա կարօտախտն է նրանց մղում դէպի այդ երաժշտութիւնը: Անշուշտ, մոռանում են, որ իւրաքանչիւր անգամ քծնանքով ու ստիպողաբար էին լսում, ոտքի կանգնում մեխանիկօրէն, բայց զգօն, վախենալով, որ յանկարծ կողքինը չնկատի իր վերաբերմունքը եւ չմատնի ուր որ հարկն է:

Ստիպուած եմ կրկնել. ինչո՞ւ կրկին անկախութեան ձգտեց ժողովուրդը, երբ արդէն անկախ էր, ինչո՞ւ այդ ծանր զրկանքներից անցաւ ժողովուրդը, երբ ապրում էր «ազատ ու անկախ Սովետական Հայաստանում»:

Իրապէս վիրաւորական է այս տգիտութիւնը, որը յատուկ միտումով դեռ շարունակւում է նսեմացնելու կամ մոռացութեան մատնելու, ջնջելու մեր Առաջին Անկախութեան պատմութիւնն ու խորհուրդը:

Մինչեւ օրս դեռ շարունակւում է մեր պատմութեան աղաւաղումը, շարունակւում է բոլշեւիկներից սկսած գրոհը Դաշնակցութեան եւ նրա հետ կապուած իւրաքանչիւր մասունքի ու գործունէութեան հանդէպ: Բոլորովին պատահական չէ, որ հիմներգի հետ միաժամանակ առաջարկւում է փոփոխել նաեւ մեր դրօշն ու զինանշանը:

Վստահաբար ԱԺի փոխնախագահը անծանօթ է այն գրոհներին, որ տեղացել է այդ մասունքների գլխին 70 երկար տարիներ: Նա կարծում է իր այդ քայլով մեր բազում կեղծուած պատմութեան մէջ մի նոր էջ է աւելացնելու ու հրամցնելու որպէս նոր յեղափոխութեան պարգեւ: Անծանօթ է, որ Սփիւռք հրաւիրուած հայ նշանաւոր գրողներից շատերը մերժում էին կանգնել եռագոյնը պարզած բեմերում եւ Դաշնակցութեան զինանշանի տակ, իրենց այդ սովետանուէր քայլի համար երկիր վերադառնալով պարգեւատրւում ԿԳԲի մեդալներով: Եւ ի՞նչ ստացուեց,  այնուամենայնիւ 100 երկար ու ձիգ տարիներ դրանք պահպանեց հայրենանուէր մեր գիտակից ժողովրդի մի հոծ հատուած եւ հպարտօրէն փոխանցեց իր երկրորդ անգամ անկախացած երկրին:

Ժամանակին մի անուանի մտաւորականի հարցրի, թէ գիտէ՞ մեր առաջին անկախութեան հիմը: Նա հարցրեց. «Այսի՛նքն՝ դաշնակցութեա՞ն հիմնը»: Մինչեւ օրս այս մոլորութիւնը շարունակւում է եւ այն դարձնում հիմնականում դաշնակցութիւնը ոչնչացնելու թիրախ:

Ոչ, սիրելիներ, ժամանակն է տարբերէք՝ դաշնակցութեան հիմնը «Մշակ Բանուոր»ն է, իսկ ներկայ հիմներգը՝ մեր Առաջին Անկախութեանն է, որը ծնունդ առաւ, ոչ պատրաստի, ոչ դրսի ուժերի օգնութեամբ, այլ մոխիրներից ու ծուատուած ժողովրդի հայրենատենչ անձնազոհութիւնից:

Այն ծնունդ առաւ Բաշ Ապարանից ու Սարդարապատից, այդ հիմներգի եւ մեր եռագոյն դրօշի առջեւ խոնարհուեց ոչ միայն տառապած ու իր զաւակների արեան գնով պայքարած մի ողջ հայրենատենչ ժողովուրդ, այլ նաեւ՝ այնպիսի մեծութիւններ, որոնք անձեւ քաոսից ընդամէնը երկու տարում կերտեցին մեր Առաջին Հանրապետութիւնը, գիտական ու կրթական օջախները, աշխարհի 40 երկրներում դիւանագիտական ցանցեր՝ հիւպատոսարաններ բացեցին ու անյայտութիւնից Հայկական Հարցը միջազգայնացրին: Եւ այդ նոյն բոլշեւիկ-կոմունիստների ձեռքով, որի պատուէրով ստեղծուած հիմներգն էք ուզում ետ բերել, մեր անկախութիւնն ու մեր հարցերը խորտակուեցին:

Այս նորօրեայ յեղափոխութեան մոլեռանդ պաշտպանները իրար անցած փորձում են նոր դրօշ արարել, հաւանաբար մուրճն ու մանգաղն էլ վերադարձնեն, սակայն առայժմ բաւարարւում են խաչերով ու գորշ գոյներով, մոռանալով, որ խաչակիրների դարը վաղուց պատմութեան արխիւն է նետուել: Մոռանալով, որ դրօշը փոխւում է միայն այն դէպքում, երբ երկիրը օտարի ներխուժումով պարտւում կամ գրաւուում է եւ ներխուժողը իր դրօշն է պարտադրում, ինչպէս եղաւ բոլշեւիզմի պարագային: Միթէ՞ իրենք իրենց օտարների շարքին են դասում:

Մոռանում են, որ ազգային խորհրդանիշները արտացոլում են տուեալ ժողովրդի պատմութեան յաղթական վերելքը: Եւ այսօր, փոխանակ փայփայելու մեր սակաւ փառապանծ վերելքը՝ մեր առաջին անկախութիւնը, որի արդիւնքում մենք այսօր երկիր ունենք եւ այդ երկրում մի մեծ առաւելութիւն է տրուել իրենց, ժամանակաւոր պաշտօններ զբաղեցնել երկրի կառավարման մէջ, դեռ ուզում են իրենց փոփոխութիւններով ի սպառ փոխել պատմութեան ընթացքը: Սա ահաւոր քայլ է, մտածումն անգամ դատապարտելի եւ մեր նոր սերունդի վերջնական աղաւաղում:

Կարծում եմ, այսպէս որ շարունակուի, շուտով հերթը հասնելու է նաեւ մեր  էպոսին, յայտարարելով, որ յեղափոխական իրենց ոգուն չի  համապատասխանում օրինակի համար Ձենով Օհաններն ու Ցռան Վերգոները: Որ Մսրայ Մելիքին պէտք է տայինք ինչ որ պահանջում էր: Ո՞վ գիտէ, ամէն ինչ սպասելի է, երբ մարդը տգէտ է, երբ կորցնում է իր ազգային եւ քաղաքացիական պատասխանատուութիւնը:

Շատ երկար տարիներ սովետները ջանք ու դրամ չխնայեցին պառակտելու մեր ժողովրդին: Հարիւրաւոր հայորդիներ առեւանգուեցին եւ խոշտանգուեցին նրանց այդ տխրահռչակ քարոզչութեան հետեւանքով՝ տրամադրելով ժողովրդին դաշնակցութեան դէմ, վարկաբեկելով եւ խեղաթիւրելով նրա պատմութիւնն ու իւրաքանչիւր քայլը: Անգիտակից ժողովրդին հեշտ էր պառակտելը, բայց այսօր այլ է դրութիւնը: Դաշնակցութիւնն ամէնուր է որպէս ժողովրդային կուսակցութիւն,  հսկայ մի Սփիւռք նոյն փայփայանքով է կապուած իր խորհրդանիշներին՝ իր հիմներգին, դրօշին եւ զինանշանին, ինչպէս անցած 100 տարիների ընթացքում եւ աճող սերունդը պարծանքով է այն կրում օտար երկրների կործանիչ բռունցքի տակ:

Համացանցերով ու ժամանակակից արագ լրատուութեամբ ժողովուրդը տեղեկանում է աւելիով լուրերի, որքան էլ փորձեն թաքցնել իշխանութիւնները: Այդ արագ եւ բաց լրատուութեան շնորհիւ ականատես եղանք մեր նոր կառավարութեան խորհրդարանական նիստին, ուր միայն քծնանքն ու մեծարումն էր տիրում, բայց ոչ՝ երկրի հրատապ հարցերը:

Մեր երկիրը եւ ժողովուրդը այսօր աւելի կարեւոր խնդիրներ ունի իր առջեւ դրուած, որոնցից ճակատագրականը Արցախի եւ մեր երկրի ապահովութեան հարցն է: Ուստի ժողովրդին պառակտելու միջոցների, խօսքի ազատութիւնը կապանքելու ու սուտ պատճառաբանութիւնների փոխարէն, աւելի օգտակար պիտի լինէր, որ պաշտօններ զբաղեցրած անձերը իրենց ժամկէտներում  զգաստօրէն ծառայեն երկրին ու ժողովրդին, միշտ յիշելով, որ իրենք միայն ժամանակաւոր աթոռներ են զբաղեցնում, իսկ ժողովորդի փայփայած խորհրդանիշներն ու արժէքները յաւերժ են:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top