Ընտանիքի Օգնութեան Հիմնադրամը Նշեց Ստեղծման Հինգամեակը

0417nazbash

0417nazbash

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Ընտանիքի Օգնութեան հիմնադրամի (ԸՕՀ – Family Rescue Fund)՝ «Մայր» եւ «Դուստր» խորագրով ամէնամեայ տօնական ձեռնարկը բարեգործական առաքելութեան շուրջ համախմբել էր համայնքի մօտ երեք հարիւր կանանց, որոնց մեծամասնութիւնը ներկայացել էին դուստրերի հետ միասին:

Նշւում էր նաեւ կազմակերպութեան հիմնադրման հինգերորդ ամեակը: «Ընտանիքի Օգնութեան հիմնադրամը Հայաստանում իր առաքելութիւնը սկսեց անապահով ընտանիքներին ա-ջակցութիւն ցուցաբերելով՝ այդ թւում բնակարաններ, այնուհետեւ մեր գործունէութիւնն ընդլայնուեց, եւ սկսեցինք օգնել նաեւ վիրաւորուած զինուորներին, սահմանամերձ գիւղերի դպրոցների աշակերտներին, նաեւ՝ Միացեալ Նահանգներում մի շարք կազմակերպութիւնների, այդ թւում ՀՕՄին: Տարուայ ընթացքում մեր դրամահաւաք ձեռնարկներն էլ լաւագոյն առիթ են հաճելի միջավայրում համախմբելու ամերիկահայ կանանց, ովքեր իրենց նուիրատուութիւններով ներդրում են ունենում մեր աշխատանքներում», նշեց ԸՕՀի նախագահ Նազ Աթիկեան-Բասկիջեանը:

Ձեռնարկի հանդիսավար Լիլի Աւագեանը ներկայացրեց հինգ տարիների ընթացքում ԸՕՀի կողմից իրականացուած ծրագրերը, այդ թւում՝ անօթեւան եւ կարիքաւոր ընտանիքներին բնակարանների, հագուստի, սնունդի, անհրաժեշտ կենցաղային իրերի տրամադրում, բժշկական, իրաւաբանական եւ հոգեբանական աջակցութիւն: Տեսանիւթերի ու լուսանկարների միջոցով ներկայացուեցին հիմնադրամի մի քանի հոգաբարձուների այցերն ու հանդիպումները նշուած ընտանիքների, Արարատի մարզում գտնուող Սիփանիկ գիւղի հիմնական դպրոցում աշակերտների հետ:

Նազ Աթիկեան-Բասկիջեանն ու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ,  ֆինանսական օգնութիւն է սկսել յատկացուել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»ին: Հաստատութիւնը գործում է որպէս ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինուորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծւում են նաեւ սոցիալական ինտեգրման (համարկման), կրթութեան եւ աշխատանքի հարցեր: «Աջակցութիւն վիրաւոր զինուորներին եւ զինուորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպութեան նախագահ Հայկուհի Մինասեանը, տեսաուղերձի միջոցով ողջունեց ներկաներին, եւ կարեւորեց ԸՕՀի աջակցութիւնը կենտրոնին. «Չէք կարող պատկերացնել, թէ մեր վիրաւոր տղաները որքան շուտ են ապաքինւում ձեր ուղարկած դեղորայքների եւ աջակցութեան շնորհիւ»: Մինասեանը հակիրճ հաշուետուութիւն ներկայացրեց  կենտրոնի կողմից իրականացուած ծրագրերի մասին, որոնց թւում՝ հաշմանդամ զինուորների համար սանհանգոյցների վերանորոգումը, որ հնարաւոր է դարձել Նազ Աթիկեան-Բասկիջեանի նուիրատուութեան շնորհիւ:

Նշուեց նաեւ վիրաւորուած զինուորների ընտանիքներից ոմանց համար աշխատանք ստեղծելու ծրագրի մասին, ըստ որի, օրինակ, ստեղծուել է գոմ, որտեղ ընտանիքը կը զբաղուի նապաստակաբուծութեամբ: Հայկուհի Մինասեանը համայնքին յորդորեց վիրաւորուած եւ հաշմանդամ զինուորներին, յատկապէս՝ մանկահասակ երեխաների ունեցող ընտանիքներին օգնելու նպատակով դիմել ԸՕՀին:

Ընտանիքի Օգնութեան հիմնադրամի միջոցառման ընթացքում հանդէս եկան երգիչներ, պարային համոյթներ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top