Ահա Զատկուան Իմ Սեղանի Ճաշացանկը

0419anoushgharibyan

0419gharibyan

ԱՆՈՅՇ ՂԱՐԻՊԵԱՆ-Օ՝ՔԱՆԸՐ

 

0419anoushgharibyanԱմենասիրուած տօնական օրերից մէկը ինձ համար միշտ եղել է Սուրբ Զատիկը: Աչքերս փակում եմ եւ միանգամից տեղափոխւում արեւոտ առաւօտ՝ մեր Երեւանեան բնակարանում: Այդ օրը արեւը միշտ աւելի պայծառ էր շողում, երկինքը աւելի կապոյտ: Ճաշասենեակում մեծ սեղանին փռուած էին նոր լուացած բազմազան կանաչեղէն: Սա առաջին կանաչն է ցուրտ ձմրանից յետոյ: Ամէն մի կանաչեղէնից պիտի հոտ քաշէի՝ սամիթ, ուրց, մաղադանոս, թարխուն, կոտեմ, որն շատ էի սիրում բայց ուտելուց միշտ աչքերս արցունքոտւում էին: Սեղանի միւս մասում տոպրակում գեղեցիկ կտրատած լաւաշն է, որը հայրս միշտ բերում էր Էջմիածնից, թարմ թոնրի լաւաշ: Խոհանոցում տատիկս արդէն պատրաստել է մեծ կաթսան՝ լի սոխի կեղեւներով, եւ սկուտեղի վրայ շարել ձուեր որ միասին զարդարենք կանաչիով: Մայրս պատրաստում է ձուկը, որի համն անմոռանալի է, ճերմակ ու պինդ սիգը գեղեցիկ շերտերով շարուած՝ անպայման թարխունով: Եւ իհարկէ ամենաշքեղ ուտեստը՝ սեղանի զարդը, չամչով փլաւը: Այդ օրը կարծես ամէն ինչ էլ աւելի համեղ էր: Միգուցէ այն պայմանաւորուած էր ցուրտ ձմրանով եւ մեծ պահքից յետոյ ամէն ինչ նոր շունչ, նոր կեանք էր առնում: Այս յիշողութիւնները այնքան հզօր ու թանկ են ինձ համար եւ իմ ցանկութիւնն է որ իմ երեխաներն էլ ունենան նման յիշողութիւն:

Ամէն տարի ես փորձում եմ պատրաստել այն ամէնը ինչ կար մեր սեղանին: Երկար փնտռտուքից յետոյ ես գտայ բաղադրատոմսերի եւ պատրաստման եղանակների մի գանձարան՝ Հեղինէի «Իւթուբ»եան ալիքում: Այս ալիքում Հեղինէն կիսւում է իր ընտանեկան ուտեստների բաղադրատոմսերով, որոնցից ցանկացածը ունի մի հետաքրքիր պատմութիւն եւ դրա հետ մէկտեղ շատ համեղ է: Այս կիրակի ես պատրաստելու եմ իր եղանակով՝ չամչով ու լաւաշով փլաւը եւ մի նոր ուտեստ, որը կոչւում է Մշոշ՝ Վանի խոհանոցից:

Ես հասկանում եմ, որ շատերի մօտ ժամանակի պակասի կամ այլ պատճառներով այս ամէնը պատրաստելն այնքան էլ հեշտ չէ: Պատրաստ կերակուրի համար մի հրաշալի խանութ եմ յայտնաբերել ինձ համար: Գլենդելում կայ մի կոկիկ խանութ «Նովա» անունով, որն իրեն կից ունի խոհանոց: Մեծ պահքի ժամանակ ես այցելեցի «Նովա», քանզի այն հազուագիւտ տեղերից էր անսաման պահքի ընտրանիով, եւ համտեսեցի իրենց կերակուրը: Ամէն ինչ շատ համեղ էր եւ որակեալ: Պասուց տոլման ամենաշատը հաւանեցի, որովհետեւ տատիկիս պատրաստած տոլմային էր նման, պատրաստողն էլ մի բարի հայուհի:

Եւ իհարկէ ինչ խնջոյքի սեղան առանց գինու: Յոյսով եմ որ այս անգամ ես կ՛ոգեւորեմ ձեզ անպայման գնել հայկական կամ հայի պատրաստած գինի:

Իմ առաջին առաջարկը կը լինի սպիտակ գինի, պատրաստուած Վոսկեհատ խաղողի տեսակից: Այս գինին շատ լաւ կը համադրուի տարբեր տապակած կանաչեղէնի եւ սպիտակ ձկան հետ: Կարմիր գինուց խորհուրդ կը տամ անպայման փորձել մի գինի «Կարին» անունով: «Կարին» գինին արտադրւում է Կալիֆորնիա նահանգի Լոդա շրջանում՝ շատ քիչ քանակութեամբ: Այս գինին հիանալի կը համադրուի չամչով փլաւի եւ Մշոշի հետ:

Սիրելիներ համոզուած եմ, որ իւրաքանչիւրդ էլ ունէք ջերմ յիշողութիւններ եւ սիրուած տօնական ուտեստներ: Ահա իմ սեղանի ճաշացանկը.

Սոխի կեղեւով խաշուած ձու

Չամչով ու լքուաշով փլաւ

Մշոշ

Թարխունով շոգեխաշած ձուկ

Հայկական գինի

Շնորհաւոր Սուրբ Զատիկ: Ձեր կենացը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Barsamian Nevart said:

    Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է յարութիւն Քրիստոսի:
    Հրաշալի յիշողութիւն եւ շնորհակալութիւն ճաշացանկին համար: Մեծ մայրս ալ նոյն ճաշացանկը ունէր: Մենք կ’ապրէինք Հալէպ, Սուրիա: Բայց ծնած էր արեւմտեան Հայաստան՝ Չմշկածագ : Նոյնը ես կը ալ կը փորձեմ մատուցանել, բայց նոյն համը չունի::

*

Top