«Մայրենիք» Շարժապատկերը Ներկայացնում Է Արցախի Կին Սակրաւորներին 

0418mayrenik1

0418mayrenik1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Իսկ ի՞նչ, եթէ հայրենիքի համար պայքարը ենթադրէր դէմ գնալ աւանդույթներին »: «Մայրենիք» վաւերագրական շարժապատկերի հերոսուհիների համար առաջնահերթը հայրենիքի անվտանգութիւնն է, եւ նրանք կոտրում են կարծրատիպեր՝ աշխատելով որպէս սակրաւորներ: Մարտի 27ին, Գլենդելում տեղի ունեցաւ շարժապատկերի առաջին փակ ցուցադրութիւնը, որի ժամանակ ստեղծագործական թիմի անդամները պատմեցին մտայղացման եւ ֆիլմը ստեղծելու շարժառիթների մասին:

«Մայրենիք»ը պատմում է Արցախում ականազերծմամբ զբաղուող «Հէյլօ Թրասթ» (Halo Trust) միջազգային կազմակերպութիւնում աշխատող մի խումբ արցախցի կանանց մասին, ովքեր վտանգելով կեանքը՝ ականներից մաքրում են  տարածքներ, որոնք օգտագործւում են գիւղատնտեսական եւ այլ  նպատակներով: Արցախեան պատերազմից յետոյ, ամէն տարի քաղաքացիական բնակչութեան շրջանում արձանագրուել են ականի պայթիւնի բազմաթիւ դէպքեր՝ երբեմն ճակատագրական հետեւանքներով: Գիտակցելով փաստի լրջութիւնը, արցախցի կանայք համարձակութիւն են ունեցել ստանձնել հայ կնոջ համար «ոչ-աւանդական»   սակրաւորի բարդ ու վտանգաւոր գործը:

«Բոլորը զարմանում էին, թէ ինչպէս էինք կարողանում նման աշխատանք կատարել, քանի որ տարիներ շարունակ միայն տղամարդիկ էին աշխատել այդ կազմակերպութիւնում: Բայց եկանք այն եզրակացութեան, որ եթէ տղամարդը կարողանում է, ինչո՞ւ կինը չի կարող: Ծանր իրավիճակներն էլ անցկացնում ենք ծիծաղով», ֆիլմում պատմում է սակրաւոր Վարդիթերը:

0418mayrenik2«Մայրենիք»ը մի քանի կանանց փոքրիկ պատմութիւնների միջոցով, ներկայացնում է նրանց կեանքը, որ մաքառում են անցեալի ցաւի դէմ, միայնակ մայրեր են, որ զաւակներին բնականոն կեանք ապահովելու համար են նաեւ համաձայնել սակրաւոր լինել, եւ ուրախ են, որ «Հէյլօ ԹրասԹ»ի հնարաւորութիւն է ընձեռում աշխատանք ունենալու: Չնայած գործի բնոյթին, սակրաւոր հայուհիների հումորն ու մշտապէս ժպտալու կարողութիւնն էլ իսկապէս բացառիկ է դարձնում հայ կնոջ կերպարը:

«Մայրենիք» ստեղծագործական խմբի անդամների մեծ մասն էլ հայ երիտասարդ կանայք են, ովքեր բնակուելով եւ գործելով ԱՄՆում, միաւորել են իրենց տաղանդն ու հնարաւորութիւնները՝ ֆիլմի միջոցով նաեւ աշխարհին ներկայացնելու արցախցի կնոջը՝ տոկուն, արի ու ստեղծարար, բարձրացնելու նրանց հանրային դերը, աջակցելու նրանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելաւմանը:

Ֆիլմի ռեժիսորներն են՝ Էմիլի  Մկրտիչեանն ու Ջեսսէ Սորսուրեանը: Ֆիլմի համա-արտադրողն է ճանաչուած երգիչ, երգահան Սեպուհ Սիմոնեանը: Ատեղծագործական խմբի միւս անդամներն են՝ Նատալի Կոջոյեանը, Ալեքս Իգիդբաշեանը, Գոհար Մինասեանը: «Մայրենիք»ն արդէն ներկայացուել է վաւերագրական ֆիլմերի հեղինակաւոր փառատօններից մէկում (Full Frame Documentary Film Festival) եւ մեծ արձագանգ է գտել:

Ֆիլմի համա-արտադրող Ֆուլիանէ Պետիկեանը չափազանց կարեւոր է համարում անդրադառնալ թեմայի, որ արդիական է նաեւ այսօր, եւ կարիք ունի համահայկական աջակցութեան: Արցախում ԱՄՆ ֆինանսական օժանդակութեամբ տարիներ շարունակուող ականազերծման աշխատանքները շարունակելու համար, նաեւ մասնաւոր ֆինանսաւորման կարիք կայ: Միաժամանակ, ֆիլմի միջոցով, ստեղծագործական թիմը փորձելու է լուծել նաեւ Արցախում յատկապէս կանանց համար աշխատատեղերի ստեղծման հարցը: Նշուած նպատակն իրականացնելու համար ստեղծագործական թիմը կազմակերպելու է ֆիլմի ցուցադրութիւն՝ հասոյթը տրամադրելով արցախցի կանանց: Ընդունւում են նաեւ նուիրատուութիւններ, որոնք կարելի է անել հետեւեալ կայքի միջոցով՝ https://motherlandfilm.org/donate:

0418mayrenik

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top