Մտորումներ Արարատի Դիմաց

0711grishdavtian

0711grishdavtian

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

 

Արարատը միշտ էլ դժգոհութեամբ ես նայել ինձ,

Կարգավիճակի պատճառով,

Որ թուրքական մահիկի շեղբը

Քերում է փառակը:

 

Ես էլ պանդխտութեան մէջ

Թափառում եմ

Մոլորուած զաւակի կարգավիճակով:

 

Պատմական մի տնօրինութիւն,

Որ չտնօրինութիւն է,

Ապօրինութիւն…

 

«Հէյ, Մանթաշի մարմանդ հովեր»…

 

Թէ իղձս ձերը լինէր,

Ես գերեզմանուած կը լինէի փառակին,

Որպէս զոհուած զաւակը,

Որպէս զոհուած զինուորը,

Որ արիւնով է մաքրել

Թուրքական մահիկի շեղբը

Փառակից…

 

Սփիւռուած ու անճիտուած,

Անճրկած,

Բայց խենթութիւնը ունեմ

Փառակիդ

Զոհաբերութեանս գերեզմանին ձգտելու

Անմահութեան յաղթանակով:

 

Մեծ փրկութիւնները

Փոքրագոյն զոհողութեամբ են վաստակւում:

 

Այդ լոգարիտմով եմ ընտրեալը,

Որ պիտի վերացնեմ

Թուրքական մահիկի

Պիղծ շեղբը

Սրբազան փառակիցդ…

 

Սերունդներ են հաւատագրուած եղել

Նոյն հաւատոյ հանգանակին,

Բայց խաչուած են եղել

Անկարողութեան խաչփառին,

Նոյն բնօրինակով եղեռնուեցին

Ցեղասպանութեամբ:

 

Ու… հիմա,

Որպէս այցելու եւ ամառային հովեկ,

Արարատեան դաշտի մի հեռաւոր անկիւնում

Կարօտաթափութեամբ անդորրած,

Նայում եմ մշուշուածիդ,

Որ հազիւ դիմագծւում ես

Որպէս ցանկալի վեհութիւն,

Իմաստաւորւում եմ մտորումներով:

 

Պատմական պահը

Եւ գոյութեանս կարելիութիւնները

Այդքանով են կոկոնած,

Եւ չգիտեմ

Երբ եմ բուրելու,

Երբ ենք բուրելու,

Որպէս բացուած վարդ

Եւ իրականութիւն

Արարատի լանջին:

 

Արարատը ճակատագրուած է մեզ,

Որպէս լեռ, դաշտ ու հայրենիք:

 

 

Արարատեան Դաշտ,

20180912

 

***

 

Փոթորիկների Ընդմէջ

 

Քրքջում ու միաժամանակ հեծեծում է

Խենթութեամբ բռնուած բնութիւնը,

Հողմերը մռնչալով լիզում են

Լեռների փշերը,

Կռացած ժայռերի մռութները,

Քրափների լերկ բաշերը…

 

Աւերակի տակ է մնացել արիւնոտ յոյսը,

Ահազանգը հնչում է,

Որպէս յուսահատ զառանցանք:

 

Ոգիները խենթ քամիներ հեծած

Արշաւում են

Խութ ու խոռոչի վրայից:

 

Ազատութեան հսկաները

Անդունդներ են հաւասարացնում

Սարեր փլցնելով…

 

Հայը կանգնում է ամուր ծունկերով

Եւ վրէժխնդիր արդարութիւնն է ահազանգում…

 

Ծառերի սօսափիւններով

Եւ սաղարթների շառաչիւնով

Աստուածներն են պատգամ յղում:

 

Նուիրուած հերոսները,

Մարտիկները ինքնազոհութեան երդումով

Մաքառում են,

Խորտակում են

Ասիական բարբարոս խուժաններին,

Խորտակում են թուրքաթոյն վիշապներին

Եւ փրկում են

Հայրենիք ու գեղեցկութիւն:

 

***

Հարցազրոյց Աստուծոյ Հետ

 

 

 

 

 

 

 

Լեռների ձիւնածածկ գագաթների առինքնութեան,

Անտառների ծառապատ խորքում,

Գետերի սորուն հոսանքների միախառնոյթում,

Ծովերի խորունկ կապտութեան հայելում,

Ծաղիկների գունագեղ բուրաստանում,

Ամպերի անպարագիծ փափկութեան անկողնում,

Քառակի սեզոնների միատեղ բարեխառնոյթում,

Ես խոնարհուեցի գերագոյնութեան շնորհին,

Հարցումով?

«Ինչո՞ւ Հայոց Ցեղասպանութեան Մեծ Եղեռնը»:

—Անթոյլատրելի է եղել…

Ամպրոպեց շանթը, որպէս նզովք՝ արիւնոտ ձեռքերին:

 

«Ինչու՞ ցեղասպանեցին Ջուղայի Խաչքարերին»…

Ամպրոպեց շանթը, որպէս նզովք՝ արիւնոտ ձեռքերին:

 

Աստուծոյ նզովքը կը կործանի:

 

Ջրվէժները գահավիժում են փրփուրով,

Հովիտները հովանում են զեփիւռներով,

Ես խոնարհուած եմ գերագոյնութեան շնորհին:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top