«ՀՑԹԻն Գիտական, Կրթական, Մշակութային, Յիշողութեան, Քարոզչական Հաստատութիւն Է, Աշխատանքներ Պէտք Է Տարուեն Բոլոր Ուղղութիւններով». Յարութիւն Մարութեան

musuem1

musuem1«Տեսակէտ» մամուլի ակումբում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ) հիմնադրամի տնօրէն Յարութիւն Մարութեանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ամփոփեց իր պաշտօնավարման ամիսներին ՀՑԹԻ ծաւալած գործունէութիւնը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարանը շարունակել է իր հիմնական առաքելութիւնը, ընդունուել են պատուիրակութիւններ, թանգարանն ունեցել է շուրջ 100 հազար այցելու, որից 79.235ը՝ օտարերկրացիներ, եւ նրանց թւում՝ 316ը թուրքեր եւ Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիներ:

musuem

Յարութիւն Մարութեան

2018-19թթ. ընթացքում շարունակուել է նաեւ գիտահաւաքչական աշխատանքը: ՀՑԹԻը ձեռք է բերել հնատիպ գրքեր եւ ալբոմներ, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ, ձեռագիր յուշեր, ցեղասպանութեան վերապրողների վերաբերեալ անձնական փաստաթղթեր եւ կենսագրական տուեալներ, տեսագրութիւններ: Ձեռք են բերուել հարիւրաւոր գրքեր եւ ալբոմներ (հնատիպ եւ նորատիպ), հնատիպ ու նորատիպ պարբերական մամուլ, լուսանկարներ եւ սեւանկարներ, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեանն առնչուող այլ նիւթեր:

Տնօրէն պարոն Մարութեանը նշեց, որ իր հիմնական նպատակն է նախ՝ կարգաւորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները հինգ հիմնական ուղղութիւններով՝ գիտական, կրթական, մշակութային, յիշողութեան, քարոզչական, ապա դրանց նոր լիցք հաղորդել:

«Տեղ են գտել կառուցուածքային փոփոխութիւններ՝ յստակեցուել են բաժինների գործառոյթները, ձեւաւորուել են նոր բաժիններ: Ներկայումս թանգարանում առկայ է երեք գիտահետազօտական բաժին՝ Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի ուսումնասիրութեան, Հայոց Ցեղասպանութեան զոհերի փաստագրման եւ տուեալների հաւաքագրման, Համեմատական ցեղասպանագիտութեան բաժին, որի կազմում գործում է Այսրկովկասի հայութեան զանգուածային կոտորածների ուսումնասիրութեան ծրագիրը»,  շեշտադրեց պարոն Մարութեանը:

«Ցեղասպանագիտական Հանդէս»ի 2018թ. մէկ համար հրատարակուեց անցեալ տարեվերջին, եւս մէկը՝ առաջիկայ շաբաթների ընթացքում: Տարուայ ընթացքում կը հրատարակուի եւս երկու համար հայերէն, առնուազն մէկը՝ անգլերէն: Փոփոխուել եւ թարմացուել են ամսագրերի խմբագրական կազմերը, ամսագրերը համապատասխանեցուել են միջազգային չափանիշներին, աշխատանքներ են տարւում ամսագրերի հասանելիութիւնն աւելացնելու ուղղութեամբ:

«Հաստիքների մասնակիօրէն օպտիմալացման շնորհիւ աշխատանքի ենք ընդունել չորս նոր աշխատակիցների՝ ամէն մէկը 0.5 դրոյքի շրջանակներում: Գիտաշխատողների աշխատանքային պարտականութիւնների շրջանակը յստակեցուել է ու կանոնակարգուել՝ փորձելու ենք հետեւողականօրէն հետամուտ լինել դրա իրականացմանը», նոր աշխատակիցներ ընդունելու հարցին պատասխանեց պարոն Մարութեանը:

ՀՑԹԻ ունեցել է ակտիւ մասնակցութիւն հանրապետական եւ միջազգային նշանակութիւն ունեցող՝ ի մասնաւորի Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի եւ Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան Երրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին:

«Կարեւորում ենք տարեկան առնուազն մէկ միջազգային գիտաժողովի անցկացում, օրինակ աշնանը ֆինանսական խնդիրների բարեյաջող կազմակերպման դէպքում տեղի կ՛ունենայ «Հայոց փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923թթ.» միջազգային գիտաժողովը», ասաց պարոն Մարութեանը. «Յաջորդ տարի, նոյնպէս, նախատեսւում է Կանադայի մարդու իրաւունքների թանգարանի հետ կազմակերպել «Երեխաների բռնի տեղափոխումը որպէս ցեղասպանական գործողութիւն. Հայոց Ցեղասպանութեան, Հոլոքոստի եւ տեղաբնիկների ցեղասպանութեան օրինակներով» միջազգային գիտաժողով: Այժմ բանակցում ենք Լեհաստանի «Պիլեկի» ինստիտուտի հետ որպէս համագործակցութեան երրորդ կողմ»:

ՀՑԹԻն ձեռնամուխ է եղել երեք ծաւալուն ծրագրերի իրականացման.

– Հայոց Ցեղասպանութեան զոհերի եւ վերապրողների էլեկտրոնային շտեմարան.

– Հայոց Ցեղասպանութեան վերապրողների տեսաձայնագրութիւնների շտեմարան.

– Հայոց Ցեղասպանութեանն առնչուող յուշագրութիւնների շտեմարան:

 

ՀՑԹԻ ընթացիկ ակտիւութիւններից է մեթոդաբանական սեմինարների շարքը: Արդէն անց է կացուել եօթ դասախօսութիւն եւ քննարկում, առաջիկայ օրերին կը կայանայ ութերորդը:

Միջազգային գիտական համագործակցութեան շրջանակներում համագործակցութեան պայմանագրեր են կնքուել եւ կնքուելու ինչպէս ներհայաստանեան, այնպէս էլ արտասահմանեան կազմակերպութիւնների հետ: «Կայ ակտիւ շփում Ինֆորմատիկայի եւ աւտոմատացման ինստիտուտի հետ եւ շուտով կը կնքենք համագործակցութեան պայմանագիր, միւսը «Արարատ» կոնեակի գործարանի թանգարանի հետ համաձայնագիրն է, որը կը կնքուի արդէն Ուրբաթ օրը», նշեց տնօրէնը:

ՀՑԹԻ արտասահմանեան գործընկերներից փոխըմբռնման յուշագիր է կնքել Կանադայի մարդու իրաւունքների թանգարանի հետ, բանակցութիւններ են ընթացել ՀՑԹԻում աշխատանքային այցով ժամանած Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Շօա հիմնադրամի հետ, Պոտսդամում՝ «Լեփսիուս Հաուս»ի հետ: Բանակցութիւններ են տարւում նաեւ այլ միջազգային հեղինակութիւն ունեցող կազմակերպութիւնների հետ, արդէն Մայիսի վերջը կը լինի շօշափելի արդիւնք, ինչի մասին լրացուցիչ կը յայտարարուի:

Ապրիլի 24ին ընդառաջ կը բացուի «Հայոց Ցեղասպանութեան 150ամեայ վկաները. Կոմիտաս վարդապետ եւ Յովհաննէս Թումանեան» ժամանակաւոր ցուցադրութիւնը:

«Գիտաժողովների դահլիճի նախասրահում ստեղծում ենք փոքր պատկերասրահ, ուր վերացուցադրուելու են Ժանսեմի կտաւները», յաւելեց պարոն Մարութեանը:

Օգոստոսի վերջին ՀՑԹԻում կը բացուի ժամանակաւոր ցուցադրութիւն՝ նուիրուած Առաջին համաշխարհային պատերազմի հայ գերիների կեանքին Աւստրիայի համակենտրոնացման ճամբարներում:

«Մէկ-մէկուկէս ամիս առաջ ՀՑԹԻում մեկնարկեց նաեւ Կրթական ծրագրի փորձնական շարքը, իսկ արդէն մօտ օրերս ծրագիրը կը գործարկուի աւելի լայն մասշտաբով: Դիմել ենք նաեւ դրամաշնորհի: Ծրագրի շրջանակներում նախատեսւում է թանգարան այցելած աշակերտների հետ՝ ցուցադրութիւնը դիտելուց յետոյ, ամրապնդել ստացուած գիտելիքները՝ որոշակի թեմաներով դասախօսութիւններ կարդալու եւ քննարկումների ճանապարհով: Հնարաւորութեան պարագայում նախատեսւում է նաեւ աշակերտների խմբերի եւ ուսուցիչների վերապատրաստումներ, իսկ ամրան ամիսների ընթացքում՝ նաեւ սփիւռքահայերի համար», ասաց պարոն Մարութեանը:

Աստիճանաբար կանոնակարգւում են նաեւ ֆոնդերի աշխատանքները, տարւում են աշխատանքներ նաեւ թանգարան-ինստիտուտի վեբկայքի թարմացման հարցում:

«Միւս տարի թանգարան-ինստիտուտի 25ամեակն է: Կազմելու ենք առաջարկութիւնների շարք, կը կիսուենք Նախարարութեան հետ», նշեց պրն. Մարութեանը:

Այժմէական է մնում Ծիծեռնակաբերդի զբօսայգու հարցը՝ շուրջ 100 հա. տարածք, որի խնամքի համար անհրաժեշտ են կոնցեպտուալ (յղացական-Խմբ.) նոր մօտեցում, բարերարների ընդգրկում այս եւ այլ հարցերի շուրջ:

 

 


 

 

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

St. Mary’s ADHC

Glendale Hye Funeral

Services, Inc.


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top