«ՀՈՐԻԶՈՆ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԷՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆԻ ՀԵՏ

sofiahagopyan

«Քանի Որ Ես 13 Տարեկանից Ընկղմուեցի Յեղափոխական Շարժման Մէջ՝ Դարձայ Բոլոր Ժողովուրդների Հալածման Դէմ Պայքարի Մի Մաս»

 

 

Վարեց՝ ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

 

sofiahagopyan«Հորիզոն»ի աշխատակից Սոֆիա Յակոբեան հետեւեալ շահեկան հարցազրոյցը ունեցաւ համշէնահայերէնի քերականութեան առաջին դասագրքի հեղինակ Հիւրիէ Շահինի հետ:

 

Ահա եւ եկաւ այն պահը, երբ համշէնի ու համշէնահայերէնի մասին առիթ ունենք խօսելու ոչ թէ տխուր նօթաներով, այլ ուրախ լուրով:

Թուրքիայի համշէնցիներն առաջին անգամ հնարաւորութիւն ունեն մայրենին ուսանելու՝ նոր, բոլորովին այլ մակարդակում: Մտաւորական եւ իրաւապաշտպան Հիւրիէ Շահինի «Համշեցնակ Լիզուն Գիտանութիւն» դասագիրքը այն համարձակ ու կարեւորագոյն քայլն է համշէնի հայութեան ու համշէնական բարբառի պատմութեան մէջ, որը թէեւ «ուշ–ուշ եկած», բայց ոչ մի դէպքում ուշացած չէ:

Մինչ այժմ Թուրքիայում համշէնական ինքնութիւնը, մշակոյթն ու լեզուն ի հեճուկս տարատեսակ ճնշումների թէեւ ապրեցուել, յիշուել ու պահպանուել է ի պատիւ մեր համշէնցի հայրենակիցների ու նրանց յամառութեան, սակայն չենք կարող չփաստել, որ համշէնի հայկական բարբառը մինչ օրս մնացել էր համշէնական եայլաներում գուլպայ գործող տատիկների հեքիաթներում, համշէնցի հովիւների երգերում, թէյ հաւաքող կանանց բարձրաձայն քրքջոցներում ու Արդուինի Խոպայի անտառապատ գիւղերում ձմեռային երեկոներին շագանակ ու կաղին կարմրացնող վառարանի մօտ հաւաքուած մանուկների կատակներում:

Բայց մինչ մենք տխրութեամբ կարդում էինք ԵՈՒՆԷՍՔՕի զեկոյցները «համշէներէնի»՝ անհետացող լեզուների շարքին դասուելու մասին, Հիւրիէ Շահին անունով փոքրամարմին ու յամառ մէկը ուսումնասիրում, գրում ու կազմում էր համշէնահայերէնի քերականութեան առաջին դասագիրքը:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Տիկի՛ն Շահին, դուք այն քիչ համշէնցի մտաւորականներից էք, որ երբեւէ հարցականի տակ չէք դրել համշէնցիների հայ լինել-չլինելը, չէք խուսափել բացէիբաց ձեւակերպումներից ու երբեք հաշուի չէք նստել ո՛չ ազգայնական հատուածի ճնշումների, ո՛չ էլ համշէնի հայկական բարբառի տարածման՝ ոչ այնքան յուսադրող վիճակի մասին զեկոյցների հետ: Ինչպէ՞ս որոշեցիք ձեզ նուիրել այս ոչ դիւրին գործին, որպէս դասական համշէնական ընտանիքի զաւակ՝ ե՞րբ կարողացաք ձեւաւորել ձեր ինքնութեան մասին յստակ գիտակցութիւնը:

Huriye-Sahin

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Այս ամէնը սկսուեց դեռ մանկութեան տարիներին, պապիկիս պատմածներից սկսուեց ամէն ինչ: Պապս միշտ ասում էր, որ մենք սրի ուժով ենք իսլամացուել: Մեր եայլաների ճանապարհն անցնում է Արդուինի Արտահունճի շրջանով: Ամէն անգամ այնտեղից անցնելիս պապիկս ցոյց էր տալիս այնտեղ ժայռերն ու ասում. «Հայերին այ այստեղից են վայր գցել»: Ուրիշ բաներ էլ էր պատմում, հայերն ասում էին՝ «Մենք մեր լեզուն միայն զուգարանում կարող ենք հանգիստ խօսել»: Այս ամէնը համշէնի բարբառով էր պատմւում: Եւ քանի որ ես 13 տարեկանից ընկղմուեցի յեղափոխական շարժման մէջ՝ դարձայ բոլոր ժողովուրդների հալածման դէմ պայքարի մի մաս: Սա թոյլ տուեց, որ զարգանայ գիտակցութիւնս թէ՛ համշէնահայութեան պատմութեան, թէ՛ Հայոց Ցեղասպանութեան թեմայով:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Գրքի նախագծի միտքն ինչպէ՞ս ծնուեց:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Գրքի նախագիծն իրականում վաղուց կար, դեռ 2014 թուականին՝ «Ինչպէս Է Ուծացման Քաղաքականութիւնը Ոչնչացնում Լեզուները» գրքիցս յետոյ, որը պատմում էր գլխաւորապէս համշէնցի հայերին ու նրանց պատմութիւնը, որոշեցի գրել նաեւ այս գիրքը: Առաջին գրքում ես ապացուցում եմ, որ «համշէներէն» ասուածը հայերէնի մի բարբառ է, համեմատականներ եմ անցկացնում արեւելահայերէնի, արեւմտահայերէնի եւ համշէնի բարբառի միջեւ: Իսկ այս գիրքս ամբողջութեամբ քերականութեանն է նուիրուած: Այս գիրքը գրելիս երկու բան ինձ համարձակութիւն տուեց. առաջինը, որ ես շատ լաւ եմ տիրապետում մեր բարբառին, եւ երկրորդը՝ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կողմից հրատարակուած հայերէնի ուսուցողական ձեռնարկն էր: Այն ընթերցելիս ես հաւատացի, որ ունակ եմ լեզուաբանական աշխատութիւն ստեղծել, այդ գրքից շատ եմ օգտուել աշխատութեանս մէջ: Քանի որ համշէնահայերէնը արեւմտահայերէնի բարբառ է՝ կարողացայ այդտեղից շատ օրինակներից օգտուել, սակայն գրքիս զգալի մասը կենտրոնացած է հէնց բուն բարբառի վրայ:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Եղա՞ն այլ հայեր, որոնք աջակցեցին ձեզ այս ընթացքում:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Այս գրքիս հրատարակման համար մեծապէս պարտական եմ Յարութիւն Չերմէին: Նրա հետ ծանօթացել եմ 2011 թուականին, վերջինս ինձ սովորեցրեց հայերէն այբուբենն ու դասական արեւմտահայերէն: Պատրիարքարանի գիրքն էլ ինձ հէնց նա է նուիրել: Յիշում եմ, այդ տարի ձմրան ցրտին «Օրմանճը թաշ–ֆըրըն» սրճարանում դաս էինք անում: Եթէ դա չանէինք՝ շարունակութիւնն էլ չէր լինի:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Դուք նշեցիք, որ համշէնի հայկական բարբառը համարում էք արեւմտահայերէնի բարբառ: Կան համշէնցի մտաւորականներ, որոնք, օրինակ, համարում են այն արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի խառնուրդ, միեւնոյն ժամանակ որոշ պատմական աղբիւրներ նշում են, որ համշէնցիները գաղթել են Արեւելեան Հայաստանի Կոտայք եւ Արագածոտն շրջաններից:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Առաջին գրքումս համշէնի բարբառի արեւելահայերէնի հետքերն էլ եմ գտել ու շեշտադրել: Բայց ամէն դէպքում՝ համշէնահայերէնը «Կը» ճիւղի բարբառ է: համշէնի բարբառի հետ համեմատականներ անցեալնելիս, այն ինչ չէի կարողանում արեւելահայերէնում գտնել արեւմտահայերէնում էի գտնում եւ հակառակը: Իրականում կարծում եմ, որ համշէնի հայերէնը դասական հայերէնն է, որն ընկած է թէ՛ արեւմտհայերէնի, թէ՛ արեւելահայերէնի հիմքում, այն բարբառ դարձրել է 1700ականներին համշէնցիների իսլամացումը, որով տեղի հայերը դուրս մնացին հայալեզու կրթական համակարգից: Պոլսոյ հայ մտաւորականները նոյնպէս դուրս են եկել դասական հայերէնի սահմաններից ու թէեւ ժամանակին եկեղեցին դէմ էր՝ մէջտեղ եկաւ ժամանակակից արեւմտահայերէնը: Աշխատանքս ամբողջ այդ ընթացքում վերահսկել են հայ ուսուցիչներ Մարալ Ուսթապալն ու Արաս Սարըչոպանը: Աւարտից յետոյ էլ Սեւան Նշանեանը շատ գեղեցիկ խմբագրական գրեց:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Համշէնցիների հարեւան լազերը վաղուց արդէն ներկայացրել են լազերէնի առաջին պաշտօնական դասագիրքն ու լուծել այս խնդիրը: Ձեր գիրքն այս առումով առաջինն է համշէնահայերէնի պարագայում: Ի՞նչն էր, ըստ ձեզ, այսքան ժամանակ խանգարում ու պակասում համշէնցիներին, ինչն ունէին նրանց հարեւանները:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Կարծում եմ դա պայմանաւորուած է մեր ներքին անհամաձայնութիւններով: Այն վէճը, թէ մենք ի վերջոյ հա՞յ ենք, թէ՞ ո՛չ՝ դա մեզ «կողպում» է ներսից: Ճիշդ է, համշէնցիները Օսմանեան կայսրութիւնում Սեւ ծովի ափին բնակուող ժողովուրդներից ամենաուշը ընդունեցին իսլամը: Նոյնիսկ այժմ այս տարածքում կարծես թէ միակ խումբն ենք, որ դեռ դիմադրում է ու պայքարում:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Նոյն բանավէճը ոչ միայն համշէնցիների ներքին, այլեւ միւս հայերի հետ «արտաքին» յարաբերութիւններում է արհեստական խոչընդոտի վերածուել կարծես թէ: Ոմանք դեռ վիճում են՝ առհասարակ մահմետականը կարո՞ղ է հայ կոչուել, թէ՞ ոչ: Չէ՞ք կարծում, որ դա անհարկի ջանք ու ժամանակ է խլում մեզանից՝ խանգարելով կենտրոնանալ բուն ու օրակարգային հարցերի վրայ:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Հէնց այդ պատճառով է, որ ես որոշեցի մօտենալ հարցին լեզուի թեմայի տեսանկիւնից: Որովհետեւ լեզուն հէնց ժողովուրդն է որ կայ: Կարծում եմ, որ այս թապուները սկսել են արդէն բացուել:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Ձեր կարծիքով ինչը՞ նպաստեց նման առաջընթացի:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Նախ մեր յամառութեամբ շարունակած գիտական աշխատանքները սկսեցին արդիւնք տալ: Նաեւ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Հայաստանից Խոպա եկող եւ Խոպայից Հայաստան գնացող հայերի շփումներն ու փորձը մեծ ազդեցութիւն ունեցան: Վերջին 10 տարում զգալի ազդեցութիւն ունի նաեւ համացանցը:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Երբ Թուրքիայում ասում են ազգայնականութիւն՝ շատերը առաջինը մատնանշում են Տրապիզոնը, նաեւ՝ բուն Համշէնի, Ռիզէի տարածքները, ինչը համշէնահայերի պատմութեան ամենախրթին ու ցաւոտ կէտերից է երեւի: Խոպայի համշէնցի երիտասարդներն էլ յաճախ նշում են, որ մտածողութեամբ ու կենսակերպով շատ են տարբեր ռիզէցիներից:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Մենք չենք կարող բոլորին ընդհանրացնել: Մեր պէս մտածող ռիզէցի համշէնցիներն էլ քիչ չեն: Քանի որ կոտորածներն ու ուծացման քաղաքականութիւնը սկսուել է հէնց Ռիզէի տարածքից՝ նրանք աւելի շուտ են մոռացել մայրենին: Այսօր միայն 500 բառ են գործածում, մեծ մասը՝ տեղանուններ: Ընկերներիցս մէկը, որը վիճում էր ինձ հետ ու պնդում, որ համշէնցիները թուրք են՝ երեք օր առաջ շնորհաւորեց ինձ գրքիս հրատարակման կապակցութեամբ: Հէնց սրա համար ենք գրում, աշխատում ու պարբերաբար բանավիճում նրանց հետ:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- ԵՈՒՆԷՍՔՕն պարբերաբար ահազանգում է, որ «համշէներէնը» Թուրքիայում վերացման եզրին գտնուող լեզուներից մէկն է: Դուք, սակայն, ի հեճուկս սրա՝ քերականութեան գիրք էք հրատարակել, հետեւաբար՝ պատկանում էք այն մարդկանց թուին, որոնք իսկապէս հաւատում են, որ մենք ցանկութեան դէպքում ունակ ենք փոխել այս պատկերը:

ՀԻՒՐԻԷ ՇԱՀԻՆ.- Կարծում եմ, որ այս լեզուն ապրելու է յաւերժ: ԷՈՒՆԷՍՔՕի մատուցած ժամանակագրութիւնը բաւականին հակասական է: Այժմ թուրքական իշխանութիւնները ճանաչել են Թուրքիայում գոյութիւն ունեցող լեզուների՝ միջնակարգ դպրոցների կրթական համակարգում որպէս ընտրովի դասընթաց ներգրաւուելու իրաւունքը: Եւ ԵՈՒՆԷՍՔՕն նման յայտարարութիւն է անում հէնց հիմա, ոչ թէ այն ժամանակ, երբ Թուրքիայում բոլոր փոքրամասնութիւնների լեզուներն արգելուած էին: Ես յեղափոխական եմ, կայսերապաշտական կառոյցներին չեմ վստահում: Ի վերջոյ՝ ԵՈՒՆԷՍՔՕի յայտարարութիւնն էլ է քաղաքական: Ես համշէնահայերէնը միջնակարգ դպրոցներում որպէս ընտրովի առարկայ ներառելու վերաբերեալ նախագիծ եմ ներկայացրել Կրթութեան նախարարութիւն, 60 էջանոց ծրագիր եմ ներկայացրել, այժմ գործընթաց է գնում, կարծում եմ յառաջիկայ երկու ամսում կը յստականայ:

 

 


 

 

 

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

Օրենճ Քաունթի

 

Ս. Քառասնից

Մանկանց Եկեղեցի

 

 

Արի Կիրակոս

Մինասեան Ազգային Վարժարան

 

 

 


 

 

Homenetmen Burbank Sipan Chapter

 

 


 

 Apex Manufacturing

 

 Jack & Janet Harootun

 


 

 Դաւթեան-Մարիամեան Կրթական Հաստատութիւն

 


 

Nova Automotive

421 Fernando Ct.,

Glendale, CA 91204

818.548.9908

Ժիրայր եւ Ռիթա

Քէօրօղլեաններ

 


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top