Կանադահայ Արուեստագէտ Կարէն Պետրոսեանը Համայնքին Ներկայացաւ «Թիւֆէնքեան» Պատկերասրահում

0516garen1

0516garen1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Գլենդելում գործող «Թիւֆէնքեան» արուեստի կենտրոնում ընթանում է կանադահայ նկարիչ, քանդակագործ Կարէն Պետրոսեանի՝ «Մեղուափեթակի մէջ. Կարէն Պետրոսեանի Արուեստը» խորագրով անհատական ցուցահանդէսը:

Ինչպէս արուեստագէտն է նշում, իրեն յուզող մշտական հարցն է մարդու եւ բնութեան յարաբերութիւնները. «Մենք պէտք է հասնենք մի հանգրուանի, երբ չպէտք է տարբերութիւն լինի մարդու եւ բնութեան ստեղծածի միջեւ»: Այս մտայնութեամբ է նա տասը տարի շարունակ աշխատել ներկայացուած հաւաքածուի վրայ, որ բնոյթով բացառիկ է՝ նկարչի եւ մեղուների համատեղ աշխատանքով ստեղծուած։ «Այս ցուցադրութեան համար պատրաստուող գործերս երկար ժամանակ էին ստեղծւում, քանի որ նկարն աւարտելուց յետոյ այն տեղադրում է փեթակում, եւ մեղուներն էին շարունակում աշխատանքը: Որոշ աշխատանքներ փեթակներում մնացին մէկ տարի, որոշները՝ հինգ, եւ այդ ընթացքում մոմակալւում էին, սկսում էին կրել մեղուների կնիքը: Մեղուները բնութեան այն էակներն են, որոնց կենսահամակարգը թերեւս ամենակազմակերպուածն ու կատարեալն է, ստեղծագործը: Իմ աշխատանքներն էլ խորհրդանշում են մարդկութեան կողմից աւերելու եւ բնութեան ստեղծելու երեւոյթը, ինչպէս նաեւ՝ բնութեան հետ ներդաշնակուելու գիտակցման անհրաժեշտութիւնը», մեկնաբանում է Կարէն Պետրոսեանը:

0516garen

Ներկայացուած հաւաքածուն առաջին անգամ ցուցադրուել է Հայաստանում՝ 2015թ.ին, այնուհետեւ՝ Կանադայում, Մինէապոլիսի թանգարանում, եւ կրել է տարբեր, այդ թւում՝ «Պատերազմ Եւ Խաղաղութիւն» խորագիրը: Հաւաքածույում ներկայացուած են նաեւ լուսանկարներ ու քանդակներ:

Կարէն Պետրոսեանը նաեւ քանդակագործ է, եւ նրա մեծադիր քանդակները կարելի է տեսնել Երեւանում: Հայ արուեստագէտի աշխատանքներից մէկն էլ՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին մարդասիրական առաքելութեան շրջանակներում հազարաւոր հայ որբերի կեանք փրկած կանադացի բուժքոյր Սառա Քորնիկի բրոնզէ քանդակը, Սեպտեմբերին կը տեղադրուի Կանադայի Եարմութ քաղաքում: Պետրոսեանը նշում է, որ իր այդ ստեղծագործութիւնը նաեւ երախտագիտութիւն է Քորնիկին եւ կանադացիներին մեզ օգնելու համար:

Կարէն Պետրոսեանն աւարտել է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը, այնուհետեւ՝ Սանկտ Պետերբուրգի գեղարուեստի ակադեմիան: 1987թ.ին տեղափոխուել է Մոնրէալ, որտեղ շարունակել է ստղեծագործական գործունէութիւնը՝ անհատական եւ խմբային ցուցահանդէսներով ներկայանալով Կանադայում, Հայաստանում, Ճապոնիայում ԱՄՆում եւ այլ երկրներում: Կարէն Պետրոսանի աշխատանքները ներկայացուած են նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ժամանակակից արուեստի թանգարանում:

Արուեստագէտը խոստովանում է, որ լիցքաւորման հիմնական աղբիւրը Հայաստանն է, որտեղ բնակւում է տարուայ մի մասը: Նա բարձր է գնահատում «Թուֆէնքեան» ցուցասրահը, որ դարձել է աշխարհասփիւռ հայ արուեստագէտների «հանդիպման» բացառիկ հարթակ:

Ցուցասրահը նաեւ իւրատեսակ թանգարան է հայ համայնքի համար, որ առիթ է ստեղծում ծանօթանալու հայ դասական ու ժամանակակից արուեստագէտներին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top