«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»Ի ՀԱՐՑԱԶՈՅՑԸ «ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ»Ի ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ԽՄԲԱԳԻՐ ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆԻ ՀԵՏ

1227haroutsassounian

«Չեմ Կարծում՝ Որեւէ Խմբաւորում Իր Անունը Կապի Քոչարեանի Հետ»

 

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

 

 

«Առաջին Լրատուական»ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխաւոր խմբագիր Յարութ Սասունեանը:

 

1227haroutsassounianՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Սասունեան, օրերս Արցախում Դաշնակցութիւնը Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու շուրջ ֆորում անցկացրեց: Տեսակէտներ էին հնչում, որ այդ դաշինքում պէտք է ընդգրկուի Սփիւռքը: Ինչպէ՞ս էք գնահատում՝ արդեօք կա՞յ նման դաշինք ունենալու անհրաժեշտութիւն:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ.- Ցաւօք, ֆորումի մանրամասներին տեղեակ չեմ, բայց, անշուշտ, Հայաստանը եւ Արցախը պէտք է ռազմաքաղաքական դաշինք կնքեն, որովհետեւ Հայաստանն է, որ պատասխանատու է Արցախի ապահովութեան եւ գոյութեան համար: Արցախն առանց Հայաստանի տնտեսական եւ զինուորական օժանդակութեան չի կարող գոյութիւն ունենալ: Եւ եթէ որոշեն, որ այդպիսի համաձայնագիր պէտք է կնքուի, անշուշտ Սփիւռքը չի կարող դուրս մնալ այդպիսի ծրագրից, որովհետեւ մենք թէեւ ապրում ենք Սփիւռքում, բայց մեր միտքը եւ մեր մտահոգութիւնը մեր հայրենիքն է, մեր Արցախը եւ, անշուշտ, Արեւմտահայաստանը: Հայաստանն ու Արցախը մեր մտահոգութեան կիզակէտն են, եւ ինչ որոշեն Հայաստանի եւ Արցախի ղեկավարները՝ մենք պատրաստ ենք թիկունք կանգնելու այդպիսի որոշմանը:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ռոբերտ Քոչարեանը յայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միաւորւում են մարտահրաւէր նետելու գործող իշխանութիւններին, եւ որ ինքը միանում է նրանց: Դաշնակցութիւնը կը դառնա՞յ Քոչարեանին սատարող ուժերի առանցքը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ.- Այդ հարցը ճիշդ կը լինի ուղղել Դաշնակցութեան ղեկավարութեանը: Քոչարեանի նկատմամբ հսկայական դժգոհութիւն, անգամ թշնամանք կայ ժողովրդի մէջ Հայաստանում եւ Սփիւռքում, եւ չեմ կարծում, որ որեւէ խմբաւորում իր անունը կապի Քոչարեանի հետ. դա մեծ հակազդեցութիւն կ՛ունենայ ժողովրդական մասսաների կողմից: Դրա համար չեմ կարծում, որ նման բան կը պատահի: Ամէն մարդ մի կարծիք ունի, եւ, դժբախտաբար, ամէն մարդու կարծիք նոյն արժէքը չունի: Այդ կարծիքը պէտք է հիմնուած լինի տեղեկութիւնների վրայ, եւ ոչ թէ ամէն մէկը իր գլխում ծագածն ասի: Ինձ համար կարծիք յայտնելն արժէք չունի, եթէ այն հիմնուած չէ փաստերի վրայ: Հիմա թէ Դաշնակցութիւնն ինչ կ՛անի Քոչարեանի հետ կապուած՝ ես կասկածում եմ, որ այդպիսի խօսակցութիւն տեղի ունենայ:

Ինչ վերաբերում է Քոչարեանի յայտարարութիւններին, ապա հասկանալի են այդ յայտարարութիւնները: Այդ մարդը Արցախի նախագահ է եղել, դրանից յետոյ տասը տարի եղել է ՀՀ նախագահ եւ հիմա նստել է բանտում: Նրա կարծիքով՝ ինքն անարդար է բանտարկուել եւ ունի պատճառ զայրանալու եւ ասելու, որ ամէն ինչ անելու է ընդդիմանալու ներկայ իշխանութիւններին: Իսկ թէ ովքեր կը միանան իրեն, ՀՅԴն, թէ ուրիշները կը միանան՝ չեմ իմանում: Կուսակցութիւններն իրենք պէտք է որոշեն՝ ինչ են անում կամ չեն անում:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Դուք նշեցիք, որ Քոչարեանի նկատմամբ հսկայական դժգոհութիւն, անգամ թշնամանք կայ ժողովրդի մէջ Հայաստանում եւ Սփիւռքում: Այդ թշնամանքը գալիս է նրա նախագահութեան տարիների՞ց: Մենք յիշում ենք՝ ինչպէս Գըրգ Գըրգորեանը հիասթափուեց եւ այլեւս չաջակցեց Հայաստանին:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍԵՒՆԵԱՆ.- Մինչեւ բուն հարցին անդրադառնալը՝ նախ կ’ուզէի պարզաբանել Գըրգ Գըրգորեանի հետ կապուած: Գըրգորեանի մասին խօսակցութիւններն արդէն մի քանի տարի է՝ ամէն տեղ լսում եմ, այդ բոլորը սուտ են եւ կեղծիք: Գըրգորեանը երբեք չի դադարեցրել իր ծրագրերը, երբեք չի նեղացել, չի յուսախաբուել: Ճիշդ հակառակը՝ ես այդ բոլոր ծրագրերի անմիջական պատասխանատուն էի: 242 միլիոն դոլարի ծրագիր ենք իրագործել «Լինսի» հիմնադրամի գումարներով: Իմ անմիջական պատասխանատուութիւնն էր վերահսկել այդ աշխատանքները: Եւ բոլոր ծրագրերը իրագործեցինք հարիւր տոկոսով, բոլոր ծրագրերը աւարտին հասցրինք, յետոյ փակուեց «Լինսի» հիմնադրամը, եւ նոր ծրագիր կեանքի չկոչուեց: Իսկ եթէ Գըրգորեանը նեղացած լինէր Հայաստանից, անհրաժեշտութիւն չկար «Լինսի» հիմնադրամը փակելու, քանի որ այն հարիւրաւոր միլիոն դոլարներ տալիս էր ամերիկեան բարեսիրական միութիւններին, եւ եթէ միայն հայերից նեղացած լինէր, կարող էր Հայաստանին չտալ, բայց շարունակեր տալ ամերիկացիներին: Ես ամենաշատն եմ իմանում՝ ծրագրերն ինչպէս են ընթացել, ինչու աւարտուեցին, թէ ինչու Գըրգորեանը աւարտեց ծրագրերը: Գըրգորեանը ինձ բազմիցս ասել է, որ եթէ աւելի տարիքը մեծանայ, «Լինսի»ն փակելու է, դադարեցնելու է բարեգործական աշխատանքը: Եւ «Լինսի» հիմնադրամը փակեց բոլորի համար՝ թէ՛ հայերի, թէ՛ ամերիկացիների: Իր նպատակն այն է, որ խորը ծերութեան ժամանակ չզբաղուի «Լինսի» հիմնադրամով: Եւ կարեւոր է, որ ժողովուրդն իմանայ ճշմարտութիւնը:

Ինչ վերաբերում է Քոչարեանի նախագահութեան շրջանում Սփիւռքի հետ աշխատանքներին, սա մի փոքր բարդ հարց է. Քոչարեանը, ինչպէս գիտէք, Դաշնակցութեան եւ ՀՀԿի հետ կոալիցիա էր կազմել, եւ նրանք կառավարութեան մաս էին կազմում, եւ քանի որ Դաշնակցութիւնը առաջատար կուսակցութիւն էր Սփիւռքի մէջ, բաւական դրական մօտեցում էր Քոչարեանի նկատմամբ դաշնակցական շրջանակների մէջ, բայց միւս կողմից հակառակն է՝ Հայաստանի ժողովուրդը, որ արտագաղթել եւ ապրում էր Սփիւռքում, խիստ զայրացած էր  Քոչարեանի իշխանութիւնից, յետագայում էլ՝ Սերժ Սարգսեանի իշխանութիւնից, քանի որ հսկայական խնդիրներ կային, եւ դրա պատճառով էլ մարդիկ թողել էին հայրենիքը եւ հեռացել, նրանք դժգոհ էին երկրում առկայ կաշառակերութիւնից, իրենց ղեկավարութեան ապրելակերպից, եւ նրանք ստիպուած եղան թողնել իրենց հայրենիքը եւ գնալ արտասահման: Այդ մարդիկ ուրախ չէին ո՛չ Սերժ Սարգսեանի եւ ոչ էլ Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան ժամանակ: Եւ երբ յեղափոխութիւն տեղի ունեցաւ, բոլորն էլ, ինչպէս Հայաստանում, ընդհանուր առմամբ մեծ համակրանք ունեն Փաշինեանի յեղափոխութեան նկատմամբ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top