Աւա՜ղ Փակւում Է Մշակոյթի Մի Օճախ Եւս…

0524berjbookstore

 

0524berjbookstore

 

 

ՌՈՒԲԻՆԱ ՆԱԶԱՐԵԱՆ

 

Կլենտէյլի Սուրբ Աստուածածին եկեղեցու գրեթէ կողքին ի թիւս այլ խանութների՝ կայ եւս մէկը, որի ցուցանակը, սակայն, տարբերւում է իր բովանդակութեամբ, իսկ խանութն ինքը՝ իր հոգեւոր արժէքներով ու դերով:

Մտնում ես ներս, եւ քեզ անմիջապէս համակում է ակնածանք եւ խոնարհման ցանկութիւն:

Այստեղ լուռ է ու խորհրդաւոր, քանզի քեզ շրջապատում են համաշխարհային, սակայն առաջին հերթին մեր ազգային մեծերը եւ ասես շշնջում, «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Հաւանաբար արդէն հասկացաք, որ խօսքը «Պերճ» գրատան մասին է:

Հիմա, երբ խանութը փակելու որոշում է կայացուած, երբ այլեւս չենք մտնելու այդ հայաշունչ օճախը եւ այլեւս չենք լսելու մեր մեծերի հայրենի բարբառը, սթափւում ես յանկարծ ու մտածում. «Մա՜րդ Աստծոյ, կարո՞ղ ես ասել, թէ դու քանի անգամ ես մտել հայ մշակոյթի այդ համեստ տաճարը, գնե՞լ ես արդեօք հեքիաթների գէթ մէկ գիրք՝ քո զաւակին ուրախացնելու համար, ձեռքդ առել եւ գէթ մէկ անգամ թերթե՞լ ես հայ դասականների հատորներից մէկը, ընտրե՞լ ես արդեօք հայկական նաշխերով զարդարուն եւ Հայաստանից բերուած մէկ բացիկ՝ հարազատիդ տարեդարձը շնորհաւորելու ցանկութեամբ տոգորուած: Առաւել եւս երբեւէ նոյնիսկ մէկ սենթի օգտու տուե՞լ ես մշակոյթի այդ համեստ կեդրոնին՝ թէկուզ ազգաշահ գործ կատարելու ազնիւ մտադրութեամբ: Աւա՜ղ, այսօր աւելորդ է խօսել այդ մասին, քանզի խանութը, ցաւօք շուտով ընդմիշտ հրաժեշտ է տալու մեզ, եւ մենք ամէնքս այդ հարցում ունենք մեղքի մեր բաժինը:

Մտաւորականի տիպիկ օրինակ է գրատունը տարիներ առաջ հիմնած, ժամանակի ընթացքում հարստացրած, խանութը պահպանելու համար ամէն ջանք գործադրած տնօրէնը՝ պարոն Պերճ Տէր Սահակեանը: Ո՞վ չի հասկանում, որ գրատունը օգուտով չի ախատել: Բայց արի ու տես, որ պարոն Պերճը երբեք չի տրտնջացել, նա գոհացել է, երբ կարողացել է հոգալ գոնէ խանութը կենդանի պահելու ծախսերը:

Գրքերի նկատմամբ սէրը նրա մօտ առաջացել է դեռ Պէյրութում ապրելու տարիներին, երբ հայրը՝ Աւետիս Տէր Սահակեանը, նոյնպիսի տպարան եւ հրատարակչատուն ունէր, եւ տղան օգնում էր նրան՝ իրեն յանձնարարուած տարբեր գործեր կատարելով: Յընթացս սովորում էր հայկական միջնակարգ դպրոցում, որն աւարտելուց յետոյ կրթութիւնը շարունակեց նոյն այդ դպրոցին կից վեցամսեայ հայագիտական դասընթացներում: Այստեղ էր, որ առաջին անգամ աւելի մօտիկից ծանօթացաւ հայ մեծ գրողների կեանքին եւ գործունէութեանը եւ ընդմիշտ կապուեց դրանց հետ: Երբեւէ չմտածեց գրատան փոխարէն մթերային, բանջարեղէնի կամ հագուստի խանութ հիմնելու եւ աւելի մեծ շահ ունենալու մասին: Նա ծնեալ մտաւորական է, մանկուց գիրք է տեսել, կարդացել ու սիրել, ընտելացեր էր նոյնսիկ դրանց հոգին, ապրել դրանց մէջ եւ դրանց համար:

Տարիները գլորուել էին, արծաթով ծածկել Պերճ Տէր Սահակեանի մազերը, բայց հոգին փոխել չէին կարողացել: Նա իր անբասիր գործունէուամբ դարձաւ Կլենտէյլի հայ համայնքի իւրօրինակ խորհանոշցներից մէկը եւ շուրջը համաբխմեց տեղի ըներցասէր մտաւորականներին:

Օրեր առաջ, ինչպէս սովորաբար, մտայ պարոն Պերճ գրատունը: Սովորական բարեւից, ինչպէս էք, ինչպէս չէքից յետոյ, յանկարծ իմացայ խանութը փակելու մասին ցնցող նորութիւնը:

Անսպասելի հարուածից շուարեցի: Մի պահ ինձ թուաց, թէ եկել եմ մասնակցելու իմ շատ սիրելի հարազատի տեսակցութեան տխուր արարողութեանը: Թուաց՝ սիրտս դադարեց բաբախելուց: Մի՞թէ այլեւս չէի մտնելու այդ նուիրական վայրը, որն ինձ համար հերանց տուն էր ասել, հայրենիքից պոկուած մի բեկոր:

Ինչեւէ: Փաստն այն է, որ աւա՜ղ, փակւում է մշակոյթի մի օճախ եւս, որն աւելի քան 32 տարի ծառայել է հայապահպանման սրբազան գործին, եւ մօտ օրերս ընդմիշտ հրաժեշտ ենք տալու նրան: Եւ քանի որ սա դառը (լեղի-Խմբ.) իրողութիւն է, մեզ մնում է հաշտուել եղածի հետ, իսկ պարոն Պերճին մաղթել առողջութիւն եւ տոկունութիւն ամերիկեան կեանքի դաժան պայքարում:

 

ՌՈՒԲԻՆԱ ՆԱԶԱՐԵԱՆ՝ Հայաստնի Հանրապետութեան վաստակաւոր մանկավարժ, Մովսէս Խորենացու անուան մետալակիր, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ոսկէ մետալակիր

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top