Հայաստանի Բարձր Արհեստագիտական Արդիւնաբերութեան Նախարարը Լոս Անջելեսում Ներկայացրեց Գերատեսչութեան Նոր Ռազմավարութիւնը 

0608arshakyan

 

0608arshakyan

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Լոս Անջելեսում  լրագրողների եւ գործարար համայնքի հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը յայտարարեց իր ղեկավարած գերատեսչութեան նոր ռազմավարութեան մասին, պատմեց արհեստագիտական համաշխարհային կենտրոնում՝ Սիլիկոն հովտում հանդիպումների ու ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին, ներկայացրեց բարձր արհեստագիտութեան ոլորտում Հայաստանի արձանագրած յաջողութիւններն ու հայրենիքում առկայ ներուժը:

«Հայաստանի բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարարութիւնն առանձնացրել է երեք գերակայ ուղղութիւններ, որոնցից անկիւնաքարային է  ռազմարդիւնաբերութիւնը: Այս ոլորտի զարգացումը հնարաւորութիւն կը տայ գիտահետազօտական ներուժը կիրառել նաեւ պաշտպանական նպատակների համար, լինել որոշակիօրէն անկախ սպառազինութիւններ ձեռք բերելիս, ինչպէս նաեւ՝ ստեղծել ապրանքներ ու ծառայութիւններ, որոնք կը կարողանանք արտահանել: Երկրորդ ուղղութիւնը թուայնացումն է, որ վերաբերում է նաեւ պետական կառավարման համակարգի արդիականացմանը, գործարարների համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը: Եւ երրորդ ուղղութիւնը՝ բարձր արհեստագիտական արդիւնաբերութունն է, որ ներառում է սթարթափերի, էկոհամակարգի զարգացումը», Յունիսի 1ին «Հիլթըն» հիւրանոցում հայ գործարար համայնքին յայտնեց Արշակեանը:

Ներկայացնելով Սիլիկոն հովիտ այցի նպատակներն ու Հայաստանում Բարձր արհեստագիտութեան ոլորտի հնարաւորութիւնները՝ Յակոբ Արշակեանը մասնաւորապէս նշեց. «Ունե՛նք տաղանդաւոր ժողովուրդ, մասնագէտներ ովքեր ստեղծում են համաշխարհային առումով մրցունակ արտադրանք եւ ունենք  արտահանման մեծ հնարաւորութիւններ: Միաժամանակ, շատ զարգացած չեն շուկայի հետ շփուելու, մարքեթինգի հմտութիւնները, որոնց լաւագոյնս տիրապետում են ԱՄՆում գործող հայ մասնագէտները, ովքեր գործում են յատկապէս Սիլիկոն հովի-տում, Լոս Անջելեսում: Նրանց բազմաբնոյթ գիտելիքներն ու փորձը պէտք է  կիրառելի դարձնենք՝ Հայաստանի մտաւոր ներուժի ստեղծածը տարբեր երկրների շուկաներ առաւել արդունաւէտօրէն արտահանելու: Մենք կարող ենք վիրտուալ կամուրջ կառուցել Սիլիկոն հովտի եւ Հայաստանի միջեւ, ինչը թոյլ կը տայ հայաստանեան սթարթափերին օգտուել ոլորտում մեր Սփիւռքահայ հայրենակիցների հնարաւորութիւններից եւ ներկայանալի լինել ԲԱ համաշխարհային կենտրոնում», նշեց Արշակեանը:

Հայաստանի բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը Սիլիկոն հովիտ այցի ընթացքում հանդիպել էր հայկական եւ միջազգային ընկերութիւնների ներկայացուցիչների, ԲԱ ոլորտի հայ մասնագէտների հետ, որի ընթացքում ձեռք են բերուել համագործակցութեան պայմանաւորուածութիւններ:

«Հանդիպել ենք արհեստական բանականութեան ոլորտում առաջատար «Ինվիդիա» ընկերութեան հետ՝ քննարկելու Հայաստանում նրանց գիտահետազօտական կենտրոն հիմնելու հնարաւորութիւնը: Հանդիպումներ ունեցանք աշխարհի լաւագոյն տասնեակում գտնուող «Սքայդեք» ընկերութեան հետ, որտեղ մեզ նաեւ տեղեկացրեցին, որ իրենց յաջողութեան գլխաւոր գրաւական են դարձել հայկական սթարթափերը: «Սինոփսիս»ի, «Էյ.Բի.Էմ»ի հետ նոյնպէս խօսել ենք համագործակցութեան  զարգացման մասին: «Գուգըլ»ի հայ աշխատակիցների հետ էլ քննարկել ենք «Գուգըլ Մեփ» եւ նրանց այլ ծառայութիւնները Հայաստանում առաւել արդիւնաւէտ դարձնելու, ինչպէս նաեւ՝ մեր երկրում այս ընկերութեան գրասենեակ բացելու հնարաւորութիւնները, հանդիպումներ ենք ունեցել նաեւ Սան Հոսէյի, «Դրափըր» համալսարանում, Լոս Անջելեսում էլ այցելել ենք «Սերվիս Թայթըն» ընկերութիւն, որ վերջերս  գրասենեակ բացեց Հայաստանում»:

Հանդիպումների ընթացքում, նախարարը եւս մէկ անգամ համոզուել է, որ Հայաստանում կայ բացառիկ գիտելիքների մեծ պաշար ու ներուժ, ինչի պահանջարկն այսօր ԲԱ ոլորտի համաշխարհային շուկայում շատ մեծ է: Նա ընդգծեց, հայաստանեան արտադրանքն ու ծառայութիւնները, ապրանքանիշները, հնարաւորութիւնները աշխարհին ընկալելի ձեւերով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ներկայացնելու կարեւորութիւնը:

Յակոբ Արշակեանը ներկայացրեց Հայաստանում ստեղծուած եւ աշխարհում մեծ յաջողութիւններ արձանագրած արտադրանքները, այդ թւում, օրինակ՝ աշխարհի ամենամեծ ֆոտօխմբագրիչ «Փիքսար» հաւելուածը, որ ամսական 100 միլիոնից աւելի օգտատէր ունի, «Էփըլ» ընկերութեան կողմից լաւագոյն ճանաչուած «Շեդոմետիք»ը, եւ այլ:

Միացեալ Նահանգներ Արշակեանի գլխաւորած պաշտօնական պատուիրակութեան կազմում էին Հայաստանի ԲՏ ոլորտի 15 ընկերութիւններ, ինչը, նախարարի խօսքով, նպատակ ունի խրախուսելու մասնաւոր ընկերութիւններին՝ տալով նրանց  համաշխարհային շուկայ դուրս գալու նոր հնարաւորութիւններ:

0608arshakyan1

Լոս Անջելեսում համայնքի հետ հանդիպմանը, նշուած ընկերութիւնների ղեկավարներն առիթ ունեցան ներկայացնելու իրենց կազմակերպութիւններն ու ապագայի ծրագրերը, որոնցում ակնկալւում է նաեւ սփիւռքահայերի մասնակցութիւնը: Հայաստանում ստեղծուած եւ յաջողութեամբ գործող ուղեւորափոխադրող «Ջիջի» ընկերութեան համահիմնադիր Խաչատուր Գրիգորեանը յայտարարեց, որ «Ջիջի»ն մուտք է գործել Միացեալ Նահանգներ, եւ նպատակ ունի հաստատուն տեղ գրաւել  նաեւ ամերիկեան շուկայում: Նախարար Արշակեանն էլ յորդորեց ներկաներին ներբեռնել «Ջիջի»ի հաւելուածը՝ խթանելու հայկական ընկերութեան գործունէութիւնը:

ՀՀ ԲԱ ոլորտի զարգացմանը մասնակցելու ձեւերի, օրինակ՝ հայկական ընկերութիւնների գործունէութիւնը միջազգային շուկայում խթանելու համակարգի, բաց բաժնետիրական ընկերութիւն ստեղծելու հնարաւորութեան մասին «Ասպարէզ»ի՝ հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ ներկայում մշակման փուլում է ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման ծրագիրը, որտեղ նաեւ ներառուած է, թէ ով եւ ինչպէս կարող է մանակցել՝ մասնաբաժին ունենալու առումով: Նախարարը տեղեկացրեց, որ ներկայում գործում են վենչուրային փոքր ընկերութիւններ, որոնցից մէկի՝ «Ամարգէյթ»ի համահիմնադիր (Smartgate VC) Աշոտ Արզումանեանը ներկայացրեց իրենց գործունէութիւնը: ««Սմարթգէյթ»ը վենչուրային հիմնադրամ է դասական կառուցուածքով, որի իմաստը հետեւեալն է՝ մենք վերցնում ենք ներդրողի գումարները եւ դրանք տեղաբաշխում ենք այն ընկերութիւններում, որտեղ հաւատում ենք, որ կարող է լինել ներդրման բարձր վերադարձ: Մենք ինքներս նախատեսում ենք ներդրում կատարել երեսուն ընկերութեան մէջ, ինչով նաեւ զանազանում ենք (դիւերսիֆիկացիա) ռիսկերը (վտանգները): Այսինքն, երբ ներդրում է կատարւում մէկ ընկերութեան մէջ՝ ռիսկը շատ բարձր է, մինչ՝ մի քանիսում՝ այն նուազում է: Մեզ վստահել են եւ ներդրումներ են կատարել ոլորտի հեղինակութիւն ունեցող փորձառու գործարարներ: Հայաստանում, արագ աճող արհեստագիտութեան ո-լորտն այսօր մեծ հնարաւորութիւններ է ընձեռում մտաւոր սեփականութեան վրայ հիմնուած բիզնես ունենալու, երբ նայում ենք ընթացքը, մեր ընկերութիւնները լաւագոյն ընկերութիւններում յայտնի են», նշեց Արզումանեանը:

«Վոլօ» ընկերութեան համահիմնադիր Արմէն Քոչարեանն էլ  ներկայացրեց 13 տարի գործող կազմակերպութեան  գործունէութեան հիմնական ուղղութիւնները, որոնք են՝ էնթերփրայզ (ձեռնարկատիրական) մոբայլ (շարժական) լուծումների շրջանակը, կիբերանվտանգութիւնը: Հայաստանում եւ Ուկրաինայում եօթ գրասենեակ ունեցող «Վոլօ»ի  հիմնական շուկաներն են ԱՄՆն, Եւրոպան, Ճապոնիան ու Հայաստանը: Քոչարեանը գոհունակութիւն յայտնեց այցից՝ նշելով, որ իրենց հիմնական նպատակն էր՝ պետութեանն աջակցել այս առաքելութեան շրջանակներում, եւ միասին հասկանալ ոլորտի զարգացման հնարաւորութիւնները։

«Նախկինում ԲԱ ոլորտն ինքնուրոյն է զարգացել, եւ այսօր ողջունելի է, որ պետութիւնը ձեռք է մեկնում, նախարարը գովազդում է մասնաւոր ընկերութիւններին, համագործակցաբար փորձում ապահովել ոլորտի զարգացումը: Սփիւռքում մեր հանդիպումները, ստեղծուած կապերն էլ օգնելու են աւելի արագ արդիւնքի հասնել, կոտրել կարծրատիպերն ու փարատել մտավախութիւններն ու փոխշահաւէտ յարաբերութիւններ հաստատել այստեղ մեր հայրենակիցների հետ», նշեց Քոչարեանը:

«Դէյթա Արթ»ի Հայաստանեան գրասենեակի ղեկավար Արսէն Բաղդասարեանն էլ պատմեց, որ համաձայնել է աշխատել հեղինակաւոր այս ընկերութեան հետ, եթէ նրանք ներկայութիւն հաստատեն Հայաստանում: Նրանք տեղեկատուական արհեստագիտութեան ծրագրային լուծումներ են առաջարկում Ֆինանսների, առողջապահութեան, զբօսաշրջութեան, եւ այլ ոլորտներում՝ յաճախորդներին օգնելով զարգացնել իրենց գործը: «Երկու տարի առաջ ծանօթացանք ոլորտի համաշխարհային առաջատար «Դէյթա Արթ» ընկերութեան նախագահի հետ, ինչի արդիւնքում, նա՝ ուսումնասիրելով մեր գործելաոճը, Հայաստանի շուկան, ներուժը, որոշում ընդունեց գրասենեակ բացել», յայտնեց Արսէն Բաղդասարեանը:

Անի Խաչատրեանն էլ պատմեց իր նախաձեռնութեան մասին, այն է բիզնես զբօսաշրջութիւնը՝ Բարձր տեխնոլոգիաների ուղղուածութեամբ՝ աւելացնելով. «Ընկերութիւնը, որի բացումը կը յայտարարուի շուտով,  օգնելու է մարդկանց, ովքեր Հայաստանում գործ հիմնելու միտք ունեն, սակայն չգիտեն ում դիմել: Մենք կազմակերպելու ենք այցեր ԲԱ ոլորտի տարբեր ընկերութիւններ, որտեղ այցելուն կը ծանօթանայ գործող ընկերութիւններին, հնարաւորութիւն կ՛ունենայ գտնել իրեն յուզող հարցերի պատասխանները»:

Հանրային հանդիպման մասնակիցները հնարաւորութիւն ունեցան հարցեր ուղղելու Յակոբ Արշակեանին եւ ընկերութիւնների ղեկավարներին, անձամբ ծանօթանալ եւ կապեր հաստատել:

Հանդիպման կազմակերպիչն էր Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսարանը՝ համագործակցութեամբ Հայ-ամերիկեան գործարար խորհրդի, Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների միութեան, Հայ արհեստավարժների միութեան եւ «Արփա» հիմնարկի:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top