«Գրասենեակը Աւելի Բարձր Կարգավիճակ Ունի, Քան Նախարարութիւնը»

0620sinanian

0620sinanian

ՀՐԱՅՐ ԹԱՄՐԱԶԵԱՆ

 

Սփիւռքի գործերի նորանշանակ գլխաւոր յանձնակատար, Գլենդէյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանեանը բացառիկ հարցազրոյց է տուել «Ազատութեանը»:

Անդրադառնալով Սփիւռքի նախարարութեան լուծարմանը եւ իր ղեկավարելիք գրասենեակի ստեղծմանը՝ Սինանեանն ասաց. «Ոչ միայն սփիւռքի նախարարութիւնը իրականում չանհետացաւ այն իմաստով, որ գործառոյթներն անհետացան, քանի որ գոյութիւն ունի գրասենեակը: Եւ ասեմ, որ գրասենեակը շատ աւելի բարձր կարգավիճակ ունի, այն ենթարկւում է ուղղակիօրէն վարչապետին, վարչապետի գրասենեակի մի մասն է կազմում: Սրանով վարչապետը նաեւ ազդարարում է Սփիւռքին, թէ որքան կարեւոր է Սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան եւ վարչապետի համար: Սփիւռքի նախարարութիւնը կրում էր անցեալի հին համբաւը, հետեւաբար մի փոքր երեւի նաեւ ռիբրենդինգի (վերանորոգուած ներկայացման-Խմբ.) կարիք կար: Ես բոլոր ջանքերը գործադրելու եմ, որպէսզի գրասենեակը աշխատի մեծ արդիւնաւէտութեամբ: Սկզբից մի քիչ կենտրոնանալու եմ Ռուսաստանի վրայ՝ անկեղծ ասեմ: Որովհետեւ շատ մեծ հայանք է, շատ կարեւոր է, նաեւ մեր ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) դաշնակիցն է»:

Նա յաւելեց, որ, անշուշտ, նաեւ Միացեալ Նահանգներն են մնում շատ կարեւոր. «Ասել, որ ես ամերիկացի եմ… այո, ես 31 տարի ապրել եմ Միացեալ Նահանգներում, բայց մինեւնոյն է ես սկզբունքայնօրէն երեւանցի եմ, հայաստանցի եմ: Եթէ անհանգստանում են Ռուսաստանի համար, ես շատ լաւ տիրապետում եմ ռուսերէն լեզուին, շատ լաւ ճանաչում եմ ռուսական մշակոյթը, քանի որ մեծացել եմ սովետական համակարգի օրօք, երբ ռուսական մշակոյթը շատ աւելի ներկայ էր Հայաստանում»:

Միացեալ Նահանգների քաղաքացի Զարեհ Սինանեանը իրանահայ համայնքի հետ աշխատելու հարցում որեւէ սահմանափակում չի տեսնում. «Շատ նրբանկատ պէտք է լինենք այս հարցերում. որեւէ օրէնք չխախտենք, որեւէ խնդիր չստեղծենք Հայաստանի համար, մեր համայնքների համար: Բայց որեւէ սկզբունքային խնդիր չեմ տեսնում»:

Անդրադառնալով իր հասցէին հնչող քննադատութեանը՝ ասաց. «Հիմնականում ասում են՝ Սինանեանը ԼԳԲՏի ակտիւիստ (գործիչ-Խմբ.) է, Սինանեանը մասոնների աջակիցն է, որովհետեւ նկար են գտել մասոնների հետ ինչ-որ միջոցառման է մասնակցում: Սիրելի հայրենակիցներ, եթէ հայ են, եթէ իմ ընտրողներն են, նոյնիսկ կարող էին հայ չլինէին, եւ նրանք խնդրել են, որպէսզի ես ներկայ լինեմ, յարգեմ իրենց, ես բոլոր իմ ընտրողներին յարգում եմ: Եթէ իրենք ինչ-որ յանցագործութիւն չեն գործում եւ ուզում են, որ իրենց քաղաքապետը ներկայ լինի ինչ-որ կարեւոր միջոցառման, բոլորին հաւասար ներկայ եմ եղել եւ իմ պարտականութիւնը կատարել եմ: Եւ նոյն ձեւով շարունակելու եմ այստեղ՝ եթէ մտնելու է իմ պարտականութիւնների մէջ, անելու եմ»:

Պատասխանելով հարցին, թէ որքանով է իրատեսական համարում հայրենադարձութիւնը, սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատարն ասաց. «Շատ լաւ հարց տուեցիք, որովհետեւ մեծ սիրով եմ այդ հարցին այս օրերին պատասխանում: Ես ձեզ ասեմ անկեղծ՝ մեր մօտից, յամենայն դէպս արեւմտեան Ամերիկայից կայ հայրենադարձութիւն: Ես սա չեմ ասում այն պատճառով, որ գիտեմ մարդկանց, որոնք ընտանիքներով տեղափոխւում են, այլ աւելի վիճակագրական փաստեր գիտեմ: Օրինակ, եթէ զրուցէք մեր բեռնափոխադրող ընկերութիւնների հետ, որոնք գործում են եւ Երեւանում, եւ այնտեղ, կտրուկ աճ է տեղի ունեցել բեռնափոխադրութեան այն մարդկանց համար, որոնք ընտանիքներով տեղափոխւում են Հայաստան: Մարդիկ իրօք ոգեւորուած են, մարդիկ իրօք լուրջ յոյսեր են կապում այսօրուայ Հայաստանի հետ, նաեւ իրենց տեսնում են դերակատար այսօրուայ Հայաստանի կերտման մէջ: Դա շատ դրական երեւոյթ է: Պարզապէս պէտք է այս իներցիան, մոմենտումը (այս պահու թափը-Խմբ.) դրական շարունակել, խթանել, արագացնել, որպէսզի նախ տեղացիները չհիասթափուեն, եկողները չհիասթափուեն, իսկ դրսում մնացածներն էլ բարի նախանձով ապրեն եւ հնարաւորութեան դէպքում կարողանան գալ»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top