«Մեր Քայլերը Լինելու Են Նրանց Քայլերի Արձագանգը». «Ահազանգ»ը Կը Շարունակէ Ահազանգել

0622Hamahart

0622Hamahart

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան (ՀԵՄ) «Ահազանգ» նախաձեռնութեան անդամները 21 Յունիսին տուին մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին անդրադարձան իրենց երկօրեայ նստացոյցին։

Նախաձեռնութեան անդամ Արգիշտի ԳԷորգեան նախ անդրադարձաւ նախաձեռնութեան՝ նշելով, որ անիկա սկսած է Հարկային օրէնսգիրքի եկամտային հարկի համահարթ սկզբունքին դէմ:

«Ուսումնասիրել են մի շարք երկրների մոդելներ ու եկել համոզման, որ սա կարող է բերել հասարակութեան բեւեռացուածութեան, եկամուտների ոչ արդար բաշխման: Ունեցել ենք մի քանի ակցիաներ, նամակներ ենք փոխանցել պատգամաւորներին, հանդիպումներ ունեցել ԱԺ ֆրակցիաների հետ: Վերջին ակցիան երկօրեայ նստացոյցն էր, ու հիմա սպասում ենք Ազգային ժողովում օրէնսդրական փաթեթի քննարկումներին՝ հասկանալու համար, թէ ինչ է տեղի ունենում», ըսաւ ան։

«Ահազանգ» նախաձեռնութեան անդամներէն Քրիստինէ Վարդանեան դիտել տուաւ, որ իրենց միակ պահանջը զարգացող արդար համակարգ ունենալն է, իսկ համահարթ սկզբունքը ամբողջովին կը հակասէ այդ դրոյթին, որուն համար իրենք կը պայքարին։

«Սա էլեկտրաէներգիայի թանկացում չէ, որ քաղաքացին միանգամից ընկալի՝ ինչի մասին է խօսքը: Պէտք է բացատրենք, որոշակի պատկերացում տանք նրանց: Առաջին ընթերցմամբ անցաւ օրինագիծը, երկրորդ ընթերցումն էլ առաջիկայ օրերին կը լինի, բայց յոյս ունենք, որ պատգամաւորները քաջ կը գիտակցեն՝ ինչին են կողմ քուէարկում», նշեց Վարդանեան:

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւններու գրասենեակի ծրագիրներու համակարգող, տնտեսագէտ Թադեւոս Աւետիսեան ըսաւ, որ ներկայացուած նախագիծը դժուար է իբրեւ հարկային բարեփոխում ներկայացնել, անիկա ունի կասկածելի սկիզբ եւ կասկածելի հետեւանքներ:

Ըստ անոր՝ իրենց կատարած հաշուարկներով՝ նախագիծը երկար կեանք պիտի չունենայ եւ անխուսափելի պիտի ըլլայ վերադարձը յառաջդիմական հարկման:

«Այս փոփոխութիւնը դրականօրէն չի ազդում մինչեւ 150,000 դրամ աշխատավարձով աշխատողների վրայ, որոնք աշխատողների 71 տոկոսն են (435,000 աշխատողներ), չի ազդում նաեւ աշխատողների 25 տոկոսը (142,000 մարդ) կազմող աղքատների վրայ: Բացի այդ՝ բիւջէի հարկային մուտքերը նուազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցուելու է անուղղակի հարկերի աւելացմամբ եւ գների բարձրացմամբ: Գործող իշխանութեան նախընտրական ծրագրում կարմիր թելի նման անցնում էր դրոյթը, որ պէտք է խթանուի արժանապատիւ աշխատանքը, որ մարդիկ դուրս գան աղքատութիւնից ու բարեկեցիկ պայմաններում ապրեն: Բայց այժմ, աշխատող աղքատներին համահարթ սկզբունքով հարկելով, որեւէ բարելաւում չենք իրականացնում», ըսաւ Աւետիսեան:

Լրագրողները նախաձեռնութեան անդամներուն հարցուցին, թէ ի՛նչ պիտի ըլլայ իրենց կեցուածքը, եթէ ընդունուի օրինագիծը։ Քրիստինէ Վարդանեան նշեց, որ մինչեւ վերջ պիտի փորձեն պայքարիլ բոլոր միջոցներով ու ամէն ինչ պիտի ընեն, որ այդ դրոյթը չընդունուի: «Կոնկրետ (յստակ-Խմբ.) քայլերը կախուած են լինելու նրանից, թէ միւս կողմն ինչ է անելու, ինչպէս է արձագանգելու: Մեր քայլերը լինելու են նրանց քայլերի արձագանգը», ամփոփեց ան։

«Մենք ուղերձ ունենք այդ պատգամաւորներին: Նրանց յիշեցնում ենք, որ իրենք ներկայացնում են բոլորին, բնակչութեան բոլոր շերտերին, ու չպէտք է սխալուեն: Կոչ ենք անում այդ պատգամաւորներին չհարուածել իրենց քաղաքական յենարանին՝ բնակչութեան մեծամասնութեանը, եւ ասում ենք՝ դուք դեռեւս կարող էք շտկել ամէն ինչ, դեռ ուշ չէ», յայտնեց Քրիստինէ Վարդանեան:

Նախաձեռնութեան անդամները վստահ են, որ եկամտահարկի համահարթեցման այս օրէնքով իշխանութիւններուն համար դժուար պիտի ըլլայ տնտեսական յեղափոխութիւն իրականացնել, այս օրէնքով կարելի չէ հասնիլ ընկերային արդարութեան:

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, քանի որ վստահ ենք, որ Հայաստանում տնտեսութեան զարգացումը հնարաւոր կը լինի հարկման պրոգրեսիւ (յառաջդիմական-Խմբ.) եղանակով: Կը պայքարենք այնքան, մինչեւ գործի արդար ու տրամաբանական պրոգրեսիւ եղանակը», եզրափակեց նախաձեռնութեան անդամ Արգիշտի Գէորգեան:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top