Արմէն Սմբատեանը Եւ Յասմիկ Պօղոսեանը Իւրացրել Են Պետական Յուշարձանը  (ԱՕԿՍի շէնքը)

0622aoks1

0622aoks1

ՀՐԱՆՏ ԳԱԼՍՏԵԱՆ

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ

 

0622hasmig

Յասմիկ Պօղոսեան

Անտոն Քոչինեանի 1955թ. կարգադրութեամբ 2001 թուականին սեփականաշնորհուել է Երեւանի կենտրոնում գտնուող ԱՕԿՍի շէնքը: Այն մայրաքաղաքի ամենահին շէնքերից մէկն է: ԱՕԿՍի շէնքը պետական յուշարձան է: Եւ ահա այդ պետական յուշարձանը դեռեւս 2001ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցութեան հարցերով խորհրդական Արմէն Սմբատեանը եւ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը:

1955թ. Անտոն Քոչինեանը եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի նախագահը: Եւ 1955թ. նրա կարգադրութիւնը 2001ին պաշտօնեաները կարողացել են դնել ԱՕԿՍի շէնքի սեփականաշնորհման հիմքում: Մի զարմացէք. պաշտօնեաները փող աշխատելու համար տիրապետում են խարդախութեան բոլոր ձեւերին: Նման դէպքերում պետական տարբեր մարմիններ, գերատեսչութիւններ սկսում են «թղթեր» դասաւորել: Դատարկ թղթապանակը կարճ ժամանակ յետոյ լցւում է տարատեսակ տեղեկանքներով: Եւ Ազգային արխիւի՝ ԱՕԿՍի թղթապանակում յայտնւում են այնպիսի դէմքեր, ինչպիսիք են հանրայայտ Ռոբերտ Նազարեանը ու Երուանդ Զախարեանը, ճարտարապետ Նարեկ Սարգսեանը, զանազան ճարտարապետներ, փոխքաղաքապետեր, եւ գործը նրանց օգնութեամբ գլուխ է բերւում: Վերեւներից ով ում համար է զանգել, ով ումից որքան գումար է վերցրել՝ դժուար է ասել: Եթէ իրաւապահները ցանկանան, իհարկէ, կարող են պարզել ամէն ինչ, բայց ինչո՞ւ պիտի անեն:

ԱՕԿՍի շէնքը գտնւում է Երեւանի կենտրոնում՝ Աբովեան 3 հասցէում: Շէնքն ընգրկուած է Հայաստանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում: «Յուշարձանը, սակայն, պետական սեփականութիւն չէ, եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿի կողմից պահպանութիւն չի իրականացւում», յուշարձանի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է ՊՈԱԿի տնօրէն Վլադիմիր Պօղոսեանը:

Եթէ պետական սեփականութիւն չէ, նշանակում է սեփականաշնորհուել է: Իսկ ինչպէ՞ս է այդ պատմական յուշարձանը սեփականաշնորհուել:

0622armen

Արմէն Սմբատեան

Պարզելու համար դիմել ենք Կառավարութեանն առընթեր պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանին: Ստացել ենք այսպիսի պատասխան. «…տեղեկացնում եմ, որ Երեւան քաղաքի Աբովեան 3 հասցէում գտնուող շէնքը երբեւէ հաշուառուած չի եղել ՀՀ կառավարութեանն առընթեր պետական գոյքի կառավարման վարչութեան աշխատակազմի հաշուեկշռում, ինչպէս նաեւ ընդգրկուած չի եղել պետական գոյքի մասնաւորեցման ծրագրերում, հետեւաբար ՀՀ ԿԱ պետական գոյքի կառավարման վարչութիւնում դրա օտարման կամ սեփականաշնորհման վերաբերեալ տեղեկատուութիւն առկայ չէ»:

Սրան յաջորդել է մեր նամակը՝ ուղղուած վարչապետ Յովիկ Աբրահամեանին: Նամակը ուղարկուել է Կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէ: Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահի տեղակալ Ա. Մուսայեանի պատասխանը շատ ուշագրաւ մանրամասներ է պարունակում: Հէնց այս գրութիւնից երեւում է, թէ քանի պետական մարմին է մասնակցել ԱՕԿՍի շէնքի սեփականաշնորհումը գլուխ բերելու գործին:

Նախ՝ ներկայացնենք Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի պատասխանից մի հատուած.

«…Երեւան քաղաքի Աբովեան փող. 3 հասցէում գտնուող շէնքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարութեանն առընթեր պետական ունեցուածքի հաշուառման եւ ապապետականացման վարչութեան կողմից 08.05.1996թ. կնքուած սեփականաշնորհման պայմանագրով օտարուել է «Թիֆլիս» ՍՊ ընկերութեանը: Վերջինիս սեփականութեան իրաւունքը 18.04.2003 թուականին ստացել է իրաւունքի պետական գրանցում:

Աբովեան փող. 3 հասցէում գտնուող շէնքի միւս տարածքները, մասնաւորապէս, շէնքի՝ դէպի Աբովեան փողոցին հարող, 1ին եւ 2րդ հարկերը, ինչպէս նաեւ դէպի նախկին Լալայեանց փողոցին հարող նկուղային եւ 1ին եւ 2րդ հարկերը, որպէս 1056.19քմ մակերեսով մէկ ամբողջական միաւոր, 03.07.2001 թուականին սեփականութեան իրաւունքով գրանցուել են «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն» հասարակական կազմակերպութեան անուամբ: Շինութիւնների նկատմամբ սեփականութեան իրաւունքի, իսկ դրանցով զբաղեցուած 0.07945 հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրաւունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. 699 կարգադրութիւնը, հաշուեկշռային արժէքի վերաբերեալ հասարակական կազմակերպութեան 22.06.2001թ. ա-97 տեղեկանքը, հողյատկացման վերաբերեալ Երեւանի քաղաքապետի 07.05.2001թ. ?456 որոշումը եւ այդ որոշման հիման վրայ 01.06.2001 թուականին կնքուած հողօգտագործման պայմանագիրը: Յետագայում՝ 23.02.2007 թուականին կնքուած պայմանագրով հասարակական կազմակերպութիւնը նշուած գոյքից դէպի նախկին Լալայեանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատուածը օտարել է «Լոկալ Դիւելոփըրզ» ՍՊ ընկերութեանը, որը իրաւունքի գրանցումից յետոյ վերջինիս կողմից քանդուել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թուականին կնքուած աւանդի ներդրման պայմանագրով ներդրուել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերութեան կանոնադրական կապիտալում եւ ներկայումս այն սեփականութեան իրաւունքով գրանցուած է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերութեան անուամբ»:

0622aoks

Սամուէլ Մայրապետեանին ԱՕԿՍի Տարածքից Օտարուել Է 529.29 քմ.

 

Արմէն Սմբատեանը եւ Յասմիկ Պօղոսեանը «ԱՕԿՍ»ի՝ նախկին Լալայեանց փողոցին յարող տարածքից 529.29 քմ մակերեսով հատուածը օտարել են «Լոկալ Դիւելոփըրզ» ՍՊ ընկերութեանը: Այս ընկերութեան սեփականատէրը էլիտար շինարարութեամբ զբաղուող Սամուէլ Մայրապետեանն է: Այժմ այդտեղ Ս. Մայրապետեանը բարձրայարկ շէնք-հիւրանոցային համալիր է կառուցել, որը նախագծել է «Նարեկ Սարգսեան» ճարտարապետական արուեստանոց» ՍՊԸն: Քաղաքի այդ հատուածում հողի 1քմ.ը մասնագէտները գնահատում են նուազագոյնը հազար դոլար: Դա նշանակում է, որ հողատարածքի համար այս պաշտօնեաները ստացել են մօտ կէս միլիոն դոլար, կամ էլ կառուցուող շէնքերում այդ գումարին համարժէք բնակարաններ են ստացել Մայրապետեանից:

Ս. Մայրապետեանի եւ Ա. Սմբատեանի գործարքները յայտնի են Սմբատեանի՝ Կ՛ոնսերվատորիայի ռեկտոր եղած տարիներից: Նրանք նաեւ միասին աշխատել են մշակոյթի նախարարութիւնում, երբ Ա. Սմբատեանը նախարար էր: Երեւանի Բայրոնի փողոցում Մայրապետեանի կառուցած էլիտար շէնքի տարածքի մի հատուածը պատկանում էր Կոնսերվատորիային, եւ Սմբատեանի ձեռքով է այն յանձնուել Մայրապետեանին: Բայց սա էլ առանձին պատմութիւն է:

 

Առեղծուածային «ԱՕԿՍ» ՍՊԸն

 

«Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն» ՀԿն հիմնադրուել է 2005թ. Յունիսի 5ին՝ ըստ Արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի տուեալների: ՀԿի հիմնադիրները նախագահի խորհրդական Արմէն Սմբատեանը եւ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանն են: 2011թ. Սեպտեմբերի 27ին «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն» ՀԿն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸն՝ 50 հազար դրամ կապիտալով (դրամագլուխով-Խմբ.): Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸի հիմնադիրները նոյնպէս նրանք են՝ Արմէն Սմբատեանը եւ Յասմիկ Պօղոսեանը:

2011թ. Դեկտեմբերի 2ին «ԱՕԿՍ» ՍՊԸի հիմնադիր կապիտալը փոխուել է եւ դարձել 201 միլիոն դրամ:

2012թ. Օգոստոսի 1ին «ԱՕԿՍ» ՍՊԸի հիմնադիրը փոխուել է, եւ 100 տոկոսանոց բաժնետէր է դարձել օֆշորում գրանցուած «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերութիւնը: Սա նշանակում է, որ կամ՝ 1. Արմէն Սբատեանը եւ Յասմիկ Պօղոսեանը օֆշորում գրանցել են ընկերութիւն, որը դարձել է «ԱՕԿՍ» ՍՊԸի 100 տոկոս բաժնետէրը, կամ՝ 2. «ԱՕԿՍ» ՍՊԸի բաժնետոմսերը վաճառուել են օֆշորային ընկերութեանը:

Ընկերութիւնը գրանցուած է բրիտանական Վիրջինեան կղզիներում, Սի Մեդոու Հաուս, Բլեքբըրն Հայուէյ, Ռոուդ Թաուն, Թորթոլա, 116 հասցէում: Ընկերութեան անունից հանդէս է եկել Գոռ Համլէտի Դաւթեանը:

2014թ. Մարտի 26ին «ԱՕԿՍ» ՍՊԸի բաժնետէրերը փոխուել են: Եւ այն այսօր ունի այսպիսի տեսք.

ԱՕԿՍ ՍՊԸի բաժնետէրերը Create infographics-ն է:

«ԱՕԿՍ» ՍՊԸ ի տնօրէնն է Գոռ Համլէտի Դաւթեանը:

Ադելա Ստեփանեանը, որը տնօրինում է «ԱՕԿՍ» ՍՊԸի 25 տոկոսը, Գոռ Դաւթեանի մայրն է:

 

Ո՞վ Է Գոռ Դաւթեանը

 

Գոռ Դաւթեանի անունը մամուլում յայտնուել է 2010թ., երբ «Բջնի» գործարանը խլուեց Խաչատուր Սուքիասեանից: Յիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասեանը 2008ին նախագահական ընտրութիւնների ժամանակ պաշտպանում էր նախագահի թեկնածու Լեւոն Տէր Պետրոսեանին: Գործարանը անցաւ այն ժամանակ ԱԺ պատգամաւոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանին: Եւ գործարանի սեփականատիրոջ փոփոխութեան ժամանակ ակտիւ դերակատարութիւն է ունեցել Գոռ Դաւթեանը: (««Տնտեսական» քաղաքականութիւն կամ Սուքիասեանների ունեզրկումը», «Նպատակը մէկն է. Սուքիասեաններից խլել այդ գործարանը եւս»):

Գոռ Դաւթեանին է պատկանում «Աուդիտ սերվիս» ՍՊԸն: Նա նաեւ ղեկավարում է ընկերութիւնը: Ընկերութիւնը, ինչպէս նշուած է կայքում, մատուցում է «իրաւաբանական ծառայութիւններ, խորհրդատուութիւն, տեղեկատուութիւն, ֆինանսներ»:

Գոռ Համլէտի Դաւթեանը 50 տոկոս բաժնետէր է եղել «Սոխօսենթր» ՍՊԸում:

Ընկերութիւնը հիմնադրուել է 2012թ. Փետրուարի 17ին: Ընկերութեան գրանցումից մի քանի ամիս յետոյ՝ 2012թ. Յուլիսի 26ին, կառավարութիւնը կայացրել է 1052 – Ա որոշումը Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցէում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին: Կասկածելի այս որոշմանը դեռ կ՛անդրադառնանք, կը ներկայացնենք նաեւ Արմէն Սմբատեանի եւ Յասմիկ Պօղոսեանի առնչութիւնը այս ընկերութեանը եւ կառավարութեան վերոյիշեալ որոշմանը:

 

«Թիֆլիս» ՍՊԸ

 

«Թիֆլիս» ՍՊԸն նոյնպէս գտնւում է Աբովեան 3 հասցէում: Ընկերութիւնը հիմնադրուել է 1996թ. Ապրիլի 30ին: Հիմնադիր կապիտալն այժմ կազմում է 15 միլիոն դրամ:

Ընկերութեան գրանցումից 8 օր յետոյ (08.05.1996թ.), Երեւան քաղաքի Աբովեան փող. 3 հասցէում գտնուող շէնքի 255.01 քմ. մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարութեանն առընթեր պետական ունեցուածքի հաշուառման եւ ապապետականացման վարչութեան կողմից 08.05.1996թ. կնքուած սեփականաշնորհման պայմանագրով օտարուել է «Թիֆլիս» ՍՊ ընկերութեանը:

Ընկերութեան սեփականատէրերը այդ ժամանակ եղել են երեքը՝

Սահակեան Սամուէլ – 21 դոկոս

Աղաջանեան Աննա – 64 տոկոս

Աղաջանեան Վարազդատ – 15 տոկոս

2013ի Յունիսին ընկերութեան 100 տոկոս բաժնետէր է դարձել Վաղարշակ Յակոբեանը: Վաղարշակ Յակոբեանը Յասմիկ Պօղոսեանի որդին է:

Իսկ ընկերութեան տնօրէնը նորից Գոռ Դաւթեանն է:

 

«Արտասահմանեան Երկրների Հետ Մշակութային Կապի Եւ Համագործակցութեան Հայկական Ընկերութիւն» ՀԿն

 

«Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն» ՀԿն 2005 թուականին հիմնադրել են Արմէն Սմբատեանը եւ Յասմիկ Պօղոսեանը: Այդ ժամանակ Սմբատեանը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանը, 1997թ.ից եղել է նաեւ ԱՕԿՍի նախագահը: Իսկ Յասմիկ Պօղոսեանը եղել է Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն (ԱՕԿՍ) խորհրդի նախագահը: 2006ին Յասմիկ Պօղոսեանը նշանակուեց մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար: Դրանից յետոյ «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն» ՀԿն սկսեց բազմաթիւ ծրագրեր իրականացնել Յասմիկ Պօղոսեանի ղեկավարած նախարարութեան հետ:

Մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանին նամակ ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել, թէ ինչպէս է սեփականաշնորհուել ԱՕԿՍի շէնքը, եւ ովքեր են այսօր այդ շէնքի սեփականատէրերը: Նախարարութեան աշխատակազմի ղեկավարի պաշտօնակատար Ա. Մուրադեանը գրել է, թէ ներկայացուած հարցադրումների պատասխանները Մշակոյթի նախարարութեան իրաւասութիւններից դուրս են: Նմանատիպ մի նամակ էլ ուղարկեցինք նախագահի խորհրդական Արմէն Սմբատեանին, ով, սակայն, դեռեւս չի պատասխանել նամակին:

ԱՕԿՍի շէնքի առաջին յարկում եւ տանիքում, ինչպէս նաեւ շէնքի դիմաց այժմ գործում է «Բլեք Բերրի» սրճարանը: «Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութիւն»ը տեղափոխուել է շէնքից եւ գործում է Սարեան փողոցում: Այստեղից մեզ յայտնեցին, որ ԱՕԿՍի շէնքի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

 

ԱՕԿՍի Շէնքի Պատմութիւնը

 

Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութեան (ԱՕԿՍ) շէնքը գտնւում է Աբովեան (հնում‘ Աստաֆեան) եւ Հին Երեւանցի (նախկին Լալայեանց) փողոցների անկիւնում եւ զբաղեցնում է Աբովեան փողոցի 28մ հատուածը: Նախագծուել է 1914թ.ին, կառուցուել՝ 1915ին (անձնագրում նշուած է՝ 1914-17թթ.): Ճարտարապետը Բորիս Մեհրաբեանն է, ով նաեւ Երեւանի գլխաւոր յատակագծի (1906-1911թթ.), Թիֆլիսի առեւտրային բանկի Երեւանի բաժանմունքի (Նալբանդեան 2, 1910թ.), Քաղաքային դումայի (Խորենացու 16, 1907թ.), քաղաքային ոստիկանութեան (Խորենացու 22, 1908թ.) եւ մի շարք բնակելի տների հեղինակն է:

Պատուիրատուն բժիշկ Յովհաննէս Յովհաննիսեանն է, ով 1895թ.ից եղել է Երեւանի քաղաքային հիւանդանոցի գլխաւոր բժիշկը, աչքի հիւանդութիւնների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչը: 1911թ.ին, թողնելով պետական աշխատանքը, բացել է քաղաքի առաջին մասնաւոր վիրաբուժական հիւանդանոցը՝ 10 մահճակալով եւ կից ամբուլատորիայով: 1915թ.ին հիւանդանոցը տեղափոխել է իր նորակառոյց երկյարկանի առանձնատուն՝ Աստաֆեան 39 հասցէում, որի առաջին յարկում եղել է հիւանդանոցը, երկրորդում ապրել է ամուրի բժիշկը: Հիւանդանոցն ունեցել է վիրաբուժական եւ ակնաբուժական բաժիններ:

Յ. Յովհաննիսեանը բժշկական կրթութիւն է ստացել Խարկովի եւ Մոսկուայի համալսարաններում, վերապատրաստուել է Վիենայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկուայում: Եղել է նաեւ քաղաքային դումայի պատգամաւոր, հասարակական գործիչ: Մահացել է 1935թ.:

1923թ. խորհրդային իշխանութիւնները բռնագրաւել են բժիշկ Յովհաննիսեանի տունը, եւ մինչեւ 1944թ.ը այնտեղ գործել է Տրոպիկական ինստիտուտը (մալարիայի հիւանդանոց): 1944թ.ին շէնքը յանձնուել է Արտասահմանեան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցութեան հայկական ընկերութեանը, որի նպատակն է եղել «ՀՍՍՀ աշխատաւորութեան եւ արտասահմանեան երկրների ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու փոխըմբռնումը» զարգացնելն ու ամրապնդելը: Շէնքում գործել է նաեւ ՀՍՍՀ Արտաքին գործերի մինիստրութիւնը:

ԱՕԿՍի շէնքը կառուցուած է երեւանեան սրբատաշ սեւ տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները՝ փայտից: Շէնքի անձնագրում գրուած է, որ այն արժէքաւոր է որպէս Երեւանի 20րդ դարի սկզբի ճարտարապետութեան յուշարձան. «Այն ժամանակաշրջանի նման տիպի լաւագոյն շինութիւններից է»:

«Իր ճարտարապետական-գեղարուեստական չափանիշներով՝ ծաւալատարածական լուծումներով եւ օրիգինալ դեկորատիւ յարդարանքով, շինութիւնը չունի իր նմանը իր ժամանակի Երեւանից պահպանուած ճարտարապետական յուշարձանների մէջ», գրում է ճարտարապետութեան դոկտոր Մարիետա Գասպարեանը իր հեղինակած «Հին Երեւան» կայքում:

Յուշարձանն ընդգրկուած է Երեւան քաղաքի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների պետական ցուցակում:

Բժիշկ, հաւաքորդ Յարութիւն Մինասեանը առաջարկում է շէնքը վերածել հայ բժշկութեան թանգարանի, որովհետեւ, ի թիւս այլ հանգամանքների, այն կորցրել է արտերկրի հետ կապի ապահովման իր ֆունկցիան Արտգործնախարարութեան եւ Սփիւռքի նախարարութիւնների ստեղծումից յետոյ: «Շատ լաւ կը լինէր, որ դա լինէր բժշկութեան թանգարան, քանի որ դա իր պատմական իմաստով թանգարան է. կառուցուել է բժշկի անձնական փողերով, կառուցուել է որպէս հիւանդանոց, մինչեւ 23 թիւը գործել է [որպէս] հիւանդանոց, 23 թուից մինչեւ 46 թիւը՝ էլի որպէս հիւանդանոց… Մանաւանդ, որ մենք այսօր չունենք հայ բժշկութեան թանգարան, որը ամբողջ աշխարհն ունի, բոլոր նախկին խորհրդային հանրապետութիւնները ունեն», «Հետք»ի հետ զրոյցում ասում է Յ. Մինասեանը՝ յաւելելով, որ բժշկութեան թանգարանի համար ինքը 30 հազար ցուցանմուշ ունի, որոնք պահում է տանն ու աշխատավայրում:

ԱՕԿՍի շէնքը թանգարանի վերածելու առաջարկով նա նամակներ է ուղղել պետական տարբեր կառոյցների, ինչպէս նաեւ նախագահին: «Ամէն անգամ գրում են՝ շատ լաւ գործ էք անում, հայրենանուէր գործ էք անում, ապրէք, շնորհակալութիւն, գովում են, վերջում ասում են, բայց կը ներէք, տարածք չունենք, որ թանգարան սարքենք», ասում է բժիշկը:

 

«ՀԵՏՔ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top