Վերին Եփրատի Աւազանի Հայկական Գիւղերը Շարունակում Են Արտասուել

0000Yeprad
0000Yeprad

Եփրատը

ՀԱՆՐԻԷԹ ԹՕՓՈՒԶԵԱՆ ԲԱՇՕՂԼՈՒ

 

Հայոց պատմութեան մէջ ամենահին բնակավայրերից մէկը՝ Վերին Եփրատի աւազանը, հեթանոսական ժամանակաշրջանից ի վեր մեծ կարեւորութիւն է ունեցել: Յատկապէս Քեմահ-Երզնկա-Թերջան գիծը հեթանոսական ժամանակաշրջանի կարեւոր կենտրոն է եղել. այդտեղ Անահիտի, Արամազդի, Միհրի, Նանէի տաճարներն են կառուցուել: Ներկայում Անահիտի պաշտամունքը շրջանում իր կարեւորութիւնը տարբեր ձեւերով պահպանում է:

Մ.թ.ա. 331թ. հայ իշխանները հռչակում են իրենց անկախութիւնը եւ հիմնադրում Մեծ Հայքը՝ Եփրատի արեւելքում, Փոքր Հայքը՝ Եփրատի հիւսիսում: Ըստ հայոց պատմութեան աղբիւրների՝ 1021 թ. Վասպուրականի շրջանի թագաւոր Սենեքերիմ Արծրունին իր հողերը ստիպուած է եղել թողնել Բիւզանդիայի կայսր Բարսեղ Բ.ին, ու դրա դիմաց ստացել է Սեբաստիա ու Կապադովկիայի շրջանը: Այսպիսով՝ Վասպուրականի շրջանից գաղթ է սկսւում: Շրջան են տեղափոխւում 14,000անոց բանակն ու բազում ընտանիքներ: Առեւտրային ու մշակութային ոլորտում մեծ կարեւորութիւն ձեռք բերած շրջանը 12րդ դարի վերջում մտնել է սելջուկեան տիրապետութեան տակ, ապա ենթարկուել Լենկ-Թեմուրի գազանութիւններին, իսկ երբ Սելիմ Եաւուզը Չըլդըրանում յաղթանակ տարաւ, շրջանն անցաւ օսմանեան տիրապետութեան տակ: 1915թ. Ցեղասպանութիւնից յետոյ այն մշակութապէս եւ բնակչութեան ազգային կազմի առումով ամբողջովին փոխուել է:

 

ՇՐՋԱՅՑԻ ՍԿԶԲՆԱԿԷՏԸ ՍՎԱՍՆ ԷՐ (ՍԵԲԱՍՏԻԱ-«ԱԿՈՒՆՔ»Ի ԽՄԲ.)

 

Վերին Եփրատի աւազանում իմ շրջայցն սկսեցի Սվասից: Երբ շրջում էինք քաղաքի կէտնրոնում գտնուող սելջուկեան ժամանակաշրջանում կառուցուած կառոյցներով, անհնար էր չհիանալ այդ կառոյցների ճարտարապետութեամբ՝ յատկապէս Դիւրիղի (Տեւրիկ-«Ակունք»ի Խմբ.) Ուլու մզկիթի դռներով: Սելջուկեան ճարտարապետութիւնն ազդուել է հայկականից ու օգտագործել հայ շինարարների տաղանդը: Յայտնի է, որ 1915թ. առաջ շրջանի կենտրոնում կար մօտ 20,000 հայ բնակչութիւն, իսկ գաւառներում ու գիւղերում ապրում էր մօտ 80,000 հայ: Այստեղ էին գտնւում Ս. Սարգիս, Ս. Մինաս, Ս. Փրկիչ, Ս. Գէորգ, Քառասուն Մանուկ ու Ս. Աստուածածին եկեղեցիները, բացի այդ՝ առաջին քրիստոնեայ նահատակներից Ս. Վլասին պատկանող մի մատուռ: Ս. Վլասի գերեզմանը մուսուլմաններն էլ են սուրբ համարել. այն ուխտատեղի է եղել նաեւ նրանց համար: Նաեւ, Սվասի կենտրոնում են եղել երկու հայ բողոքական, մէկ հայ կաթոլիկ եկեղեցիներ, մէկ հիւանդանոց, մէկ թատրոն, գործել է 13 դպրոց, հրատարակուել է երկու տեղական թերթ: Իսկ 1915թ. յետոյ, վերադարձած մի բուռ ժողովուրդն արդէն դպրոցներում չէր կարող սովորել, սրբավայրերը այնպիսի վիճակում էին, որ կարգի բերելը դժուար էր: Եկեղեցու եւ դպրոցի շէնքերը վերածուել էին զինուորական կայազօրի, իսկ 1952թ. ամենավսեմ Ս. Աստուածածին եկեղեցին կառավարութեան որոշմամբ պայթեցուել է: Այսօր այդտեղ միայն մի քանի պատերից ու իրենց գոյութիւնը պահպանել փորձող մի քանի ընտանիքներից բացի, ոչինչ չի մնացել:

0000Sivas Surp Kevork Kilisesi

Սեբաստիոյ Ս. Գէորգ եկեղեցին

 

ԴԷՊԻ ԷՂԻՆ (ԱԿՆ, «ԱԿՈՒՆՔ» ԽՄԲ.) ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԸՆԿԱԾ ԵԶԱԿԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

 

Դիւրիղից ճանապարհ ընկանք դէպի Քեմալիյէ (Էղին): Մնձուր ու Քէշիշ լեռների միջեւ, դէպի Երզնկա գնացող Եփրատի ափին, բազմաթիւ փապուղիներ, սրածայր ժայռեր ու սուր դարձուածքներ ունեցող ճանապարհներով փորձեցինք այնտեղ հասնել: Անհնար է, որ այդ ընթացքում չբարձրանայ մարդու ջերմաստիճանը։ Շրջանի ուղղաձիգ ու բարձր լեռներն այնպիսի զգացողութիւն են ստեղծում, կարծես գոթական եկեղեցու մէջ լինես: 8 կմ. երկարութեամբ Թաշէօլը տեղ է գտել աշխարհի ամենավտանգաւոր ճանապարհների մէջ: Ճանապարհի կառուցումը տեւել է 132 տարի: Ականատես ենք լինում քարքարուտների, Եփրատի ուղղաձիգ ժայռուտներից հոսող մեծ ու փոքր ջրվէժների, քարանձաւների, ժայռերի վերեւից մեզ ողջունող վայրի այծերի, բազէների, իւրայատուկ բնութեան: Երբ ճանապարհն աւարտւում է, երեւում է Եփրատի երկաթէ Շըրզու կամուրջը: Ժողովրդի մէջ այն յայտնի է «Ատելութեան կամուրջ» անունով: Սակայն այդ անունը ինձ չի յիշեցնում Բարբարոս Բայքարայի նոյն վերնագրով գրած ազգայնական վէպը, այլ յիշեցնում է 1890-91 թթ. Համիդիէ զօրաջոկատների կողմից իրականացուած կոտորածները եւ յետագայում՝ 1915թ., այդ կամրջի վրայ կատարուած վայրագութիւնները: Այն, որ Հին Շըրզու կամուրջը կառուցուած է եղել փայտից եւ ունեցել է ճարտարապետական գեղագիտութիւն, հասկանում ենք ժամանակաշրջանի նկարիչների նկարներից: Ներկայում, ցաւօք, այդ ինքնատիպ կամուրջը ջրի տակ է մնացել, հէնց վերեւում անշուք, երկաթից կառուցուած Նոր Շըրզու կամուրջն է: Երբ տեսանք այդ կամուրջը, հասկացանք, որ հինգ րոպէ յետոյ Էղինում ենք լինելու:

 

ԷՂԻՆ ԿԱՄ ԱԿՆ

 

0000Eghin Ermeni evleri

Հայկական սուն մը Ակնի մէջ

Էղին մտնելիս անմիջապէս յիշեցի Գարեգին վրդ. Սրուանձտեանի հետեւեալ նախադասութիւնները, որոնք նա գրել է 1879թ. շրջան գալու ժամանակ. «Հէ՜յ, յայտնի քաղաք, մտքովս կ՛անցնէ՞ր, որ դու քո այցելուներին այսքան դժուարութիւն կը պատճառես: Քարերից, խոտերից, վախերից, մեզ արեան ու քրտինքի մէջ թողնող բլուրներից յետոյ անմիջապէս ձորակի գագաթից Էղինն է երեւում: Այն կարծես մի դրախտավայր լինի՝ գեղեցիկ շէնքերով ու ծառերով: Անհրաժեշտ է իջնել մինչեւ հովտի վերջ, Եփրատի թագաւորութեանը ողջունել, յետոյ էլ կամրջով անցնել: Ահա այդ ժամանակ հասկանում ես, թէ դրախտ թուացող քաղաքը ինչքան դժուար ու անանցանելի քարքարուտ մի վայրում է գտնւում: Մարդ ինչպէս որ կը դժուարանար պատ կամ աշտարակ մագլցել, մենք այդքան դժուարացանք Էղին հասնելու ժամանակ: Մի հենք ունէինք, այն էլ քարէ աստիճաններն էին, շռնդալից, գուռ-գուռ հոսող ջրերը, փողոցում գտնուող պատերից դէպի վեր սլացող ու շրջակայքը գեղեցկացնող ծառերի կանաչ տերեւները»:

Էղին անունը ծագում է հայերէն ակն բառից, որը նշանակում է՝ աղբիւր: Այդ շրջանը արժանի է իր անուանը, քանի որ ամէն անկիւնից ջուր է յորդում: Ժամանակի ընթացքում անունը Էղին է փոխուել, իսկ 1922 թ. տրուել է Քեմալիյէ անուանումը: Սակայն հնում կիրառուած տեղանունները թուրքացնող մտածելակերպը համարում է, որ Էղին անունը թուրքերէն «աղ իւրթ» բառից է ծագում, որն ունի «Դրախտի նման գեղեցիկ պարտէզ» նշանակութիւնը: Թէ որն է Էղին անուան ծագումը, թողնում եմ ձեր հայեցողութեանը:

Ընդունուած է համարել, որ հին էղինցիները եկել են Վասպուրականի շրջանի Անի քաղաքից: Օսմանեան ժամանակաշրջանում երկու հարիւր տարի շարունակ այս փոքրիկ արուարձանը պալատին ամիրաներ, անթիւ գրականագէտներ, քաղաքագէտներ, երաժշտագէտներ ու արուեստագէտներ է տուել: Ջելալիների ապստամբութեան ժամանակ այդ շրջանի ժողովուրդը գաղթել է այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Իզմիթը (Նիկոմեդիա-«Ակունք»ի Խմբ.), Ադըփազարը, Իզմիրը (Զմիւռնիա-«Ակունք»ի Խմբ.), Բուրսան, Թեքիրդաղը: 18րդ դարից ի վեր այստեղից աշխարհի բազմաթիւ շրջաններ տարատեսակ ապրանքներ են արտահանուել ու ներկրուել: Հայ ընտանիքները արտահանումը, ներկրումն ու արտադրութեան հոսքը կարգաւորելու նպատակով ընտանիքի անդամներից ոմանց ուրիշ քաղաքներ են ուղարկել, իսկ երիտասարդներին էլ բարձրագոյն կրթութիւն ստանալու համար՝ Պոլիս ու արտասահման ուղարկել: Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը Էղինի ու Էնչիթի (Թօփքափը) մօտով էր անցնում ու Երզնկա հասնում: Յայտնի է, որ Էնչիթի գիւղում 1915թ. առաջ ոսկու սակարան է եղել: Աբդուլ Համիդ Ա.ը 1779թ. հրապարակում է «Գաղթ դէպի տուն» կոչուող օրէնքը, որով արգելւում էր դէպի Պոլիս ու արեւմուտք բնակիչների գաղթը, քանի որ այնտեղից հեռացածները այլեւս չէին վերադառնում: Իսկ 1896թ. Համիդիէ գնդերի կողմից Էղինում իրագործուած աղէտն ու իսլամացման գործողութիւնները պատճառ են դարձել Էղինից արտագաղթի:

 

ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Այս շրջանում գիւղատնտեսական հողերը քիչ են, սակայն պտղատու ծառերը բազմազան են ու շատ: Թթի մշակման հետ մէկտեղ հայերը սկսել են զբաղուել նաեւ շերամապահութեամբ: Գորգագործութիւնը, ոսկերչութիւնը եւս մեծ նշանակութիւն են ունեցել: Էղինցի հայ վաճառականները այդ ապրանքները վաճառում էին այնպիսի երկրներում, ինչպիսիք էին՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Աւստրիան, Իրանը: Էղինցիների ամենահանգիստ ժամանակահատուածը 1750-1850թթ. էին: Այդ ժամանակաշրջանում սուլթանի սադրազամների (վարչապետ-«Ակունքի» խմբ.), հաշուապահները, ատենապետները, պալատական ոսկերիչները Էղինից էին: 20րդ դարի սկզբին Էղինում մօտ 300 վաճառական կար: Իրենց հարստութեան շնորհիւ նրանք 1895թ. Համիդիէ զօրաջոկատներին մեծ գումարներ են վճարում ու փրկւում մահից, սակայն միայն մէկ տարի են կարողանում հանգիստ շունչ քաշել: Յաջորդ տարի չեմ կարողանում կանխել 3000ից աւել մարդու սպանութիւնը: Ըստ 1914թ. եկեղեցական արձանագրութիւնների՝ Էղինում եղել է 16,741 հայ, 25 եկեղեցի, 3 վանք ու 20 դպրոց, որտեղ ուսանել է 1300 աշակերտ:

 

ՊՏՂԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾՈՒՀԻ ԱՆԱՀԻՏԸ

 

Ներկայում 18 տեսակի թթի ծառ կայ, որով հպարտանում էին էղինցիները: Սակայն նրանից մետաքս ստացող վաճառական չկայ: Անասնապահութեամբ զբաղուելը դադարել է կամ դադարեցուել, մանելու թել, գործելու գորգ չկայ: Էղինից 40 կմ. հեռաւորութեան վրայ ոսկու հանք է գտնւում: Ոսկի կայ, բայց ոսկին մշակող արհեստաւոր չկայ: Կարճ ասած՝ եթէ հայ չկայ, հարստութիւն էլ չկայ: Հայերից միայն գեղեցիկ տներն են մնացել: Արժէ տեսնել այստեղի տների գեղեցկութիւնն ու ճարտարապետութիւնը: Էղինը լեռան լանջին հիմնադրուած վայր է: Ամէն տեղից աղբիւր ու բարիք է յորդում: Տների դռների թակիչները արուեստի գործեր են: Խաչաձեւ թակիչների կողքին, թուրքական շամանական աւանդութային նշաններ էլ կան: Տների յատակի կառուցման մէջ օգտագործուած «կաւճին» կոչուող քարերը այդ տներին մի առանձին շուք են հաղորդում: Ակնյայտ է, որ այդ անունն էլ է հայերէն: Որոշ տների վրայ պտղաբերութիւնը խորհրդանշող կրծքաձեւ ելուստներ կան: Դա ոչ այլ ինչ է, քան պտղաբերութեան աստուածուհի Անահիտի խորհրդանիշը: Տները ծածկուած են ուղղահայեաց տնկուած փայտերով: Դրա պատճառն այն է, որ ձիւնն ու անձրեւը շէնքերին վնաս չտան: Ներկայում գեղեցիկ տները տգեղ թղթէ ցուցանակներով են ծածկուած: Վերականգնողներն էլ ասում են, որ դա արուել է անգիտակցաբար, սակայն դա լաւ պաշտպանական մեթոդ է: Այդ ցուցանակների շնորհիւ շէնքերը փրկուել են վնասուելուց:

 

ՀԱՅԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ ՄԻԱԿ ԵԿԵՂԵՑԻՆ

 

0000Eghin tokmakh

Թակիչ մէ Ակնի մէջ

Էղինի կենտրոնում կանգուն մնացած հայկական միակ կոթողը Օջաք գիւղի մուտքի մօտ գտնուող եկեղեցին է: 1915 թ. լքուած եկեղեցին նախ վերածուել է գորգագործական հիմնարկի, ապա՝ բանտի: 1990 թ. լքուած եկեղեցին ներկայում բաժանուած է երեք մասի՝ գորգագործական արուեստանոց, թանգարան ու սրճարան։ Սուրճս խմելիս սիրտս ցաւում էր, սակայն երբ տեսայ մնացած աւերակները, փառք տուեցի Աստծուն, որ գոնէ այս կառոյցը կանգուն է մնացել:

Աբուչեհ գիւղում կամ էլ ներկայիս անունով Աբչահայում, 1914 թ. արձանագրութիւնների համաձայն, ապրում էր 1920 հայ (320 տուն). այնտեղ կային Ս. Նշան ու Ս. Գէորգ եկեղեցիները, գործում էր 3 դպրոց: 1847 թ. տարեգրքերում առկայ է արձանագրութիւն առ այն, որ գիւղից դուրս երեք աւերակ եկեղեցի է եղել՝ Ս. Թորոս, Ս. Սահակ ու Ս. Յակոբ անուններով: Շեփիքեանի արձանագրութիւններում կայ յիշատակում, որ Ս. Թորոս մատուռը գտնւում էր գերեզմանատան ներսում: Երբ գիւղի բարձրադիր հատուածում սուրճ էինք խմում, ասացին, որ ներքեւի հատուածը հին հայկական գերեզմանոց է եղել: Երբ ուշադիր նայեցինք գերեզմանոցի եզրին, տեսանք երկու մեծ քարեր: Մի փոքր քայլելուց յետոյ բանաստեղծ Թեջերի տան առջեւ յայտնուեցինք: Այդ տունը հիմա թանգարանի է վերածուել: Այդ տան կողքին գտնուող դատարկ տարածքը ուշադրութիւն է գրաւում: Հողատարածքի մէջ եւ եզրերին կան պատմական նշանակութիւն ունեցող աստիճաններ, ջարդուած սիւների կտորներ: Երբ մի փոքր ուսումնասիրութիւն կատարեցի, իմացայ, որ այդտեղ եղել է մի հին հայկական եկեղեցի: Այդ տարածքի եզրերին քարեր տեսանք, որոնց վրայ խաչեր կային: Եկեղեցուց մնացած քարերի մի մասն անմիջապէս եկեղեցու հետեւում գտնուող ախոռի առջեւում էր կուտակուած: Ուշադիր նայելիս տաշած քարերի վրայ զարդանախշեր նկատեցինք:

 

ՀԱՅ ՀՈՌՈՄՆԵՐԸ

 

Երբ զբօսնում էինք Էղինի շրջակայ գիւղերով, հանդիպեցինք մի ժամանակաշրջան Արաֆում ապրած հայ հոռոմներին պատկանող եկեղեցիների: Ովքե՞ր էին այդ հայ հոռոմները: Յունական աղբիւրների համաձայն՝ նրանք հայերէն խօսող ու գրող յունական համայնքի ներկայացուցիչներն էին, որոնք Յոյն ուղղափառ պատրիարքութեան եկեղեցական ծէսերը կատարում էին հայերէն ու թուրքերէն: Նրանց ծագման մասին կան տարբեր տեսակէտներ: Դրանցից առաջինը յոյն պատմաբան Քսենոփոնի «Նահանջ Բիւրոց. Անաբասիս» գրքում է: Ըստ նրա՝ Ալեքսանդր Մեծը Ասիա կատարած արշաւանքի ժամանակ, անվտանգութեան նկատառումներով, յոյն զինուորներին թողնում է արեւելեան Անատոլիայում (Արեւմտեան Հայաստան-«Ակունք»ի Խմբ.): Զինուորները հայ կանանց հետ են ամուսնանում, ձուլւում ու յունարէնը մոռանում: Մէկ այլ տեսակէտի համաձայն՝ Քաղկեդոնի որոշումները չընդունած հայ ու ասորի համայնքների նկատմամբ կիրառուած ճնշումներին դիմակայելու համար մի խումբ հայեր յունացել են: Նրանք ապրել են վեց գիւղերում: Դրանցից չորսը Էղինի շրջակայքի՝ Վանք (Եաքաքէօյ), Ձորակ (Քարաբուլութ), Մուսէգայ (Քոչաչիմեն) ու Շիրզու (Էսենթեփէ) գիւղերն են: Մամսան (Ալաքուշ) Չեմիշքեզեքին (Չմշկածակ-«Ակունքի» Խմբ.) էր կից, իսկ Հոգուսը՝ Քեմախին: Յայտնի է, որ Համաշխարհային Ա. պատերազմի ժամանակ դէպի Էրզրում (Կարին-«Ակունքի» Խմբ.) ու Երզնկա ռուսների առաջխաղացումը խանդավառութեամբ ընդունող Հոգուս գիւղում գտնուող հայ հոռոմները պատերազմի աւարտին՝ ռուսների հետ քաշուելով Ռուսաստան են գաղթել. 1924թ. պայմանագիրով, Յունաստան ուղարկուած 70 ընտանիք տեղափոխուել է Էղրիբոզի հիւսիսում գտնուող Կաստանիոտիսիա ու հիմնել Նոր Էղինը, 50 ընտանիքի էլ Սելանիկի (Սալոնիկ, Թեսաղոնիկէ-«Ակունք»ի Խմբ.) մօտակայքում գտնուող Դիաւաթայ բնակավայր է տեղափոխուել: Այդ ամէնի հետեւանքով այդ համայնքի որեւէ ներկայացուցիչ չէր մնացել:

 

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՋԱՐԴ ՈՒ ՓՇՈՒՐ ԵՆ ԱՐԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ

 

Շրզը (Էսենթեփէ) գիւղում եղել է հայ հոռոմների հոծ բնակչութիւն: Գիւղում աւերուած շէնքերը փորձում են դիմակայել ժամանակի փորձութեանը: Այնտեղ է գտնւում արտաքուստ բաւականին լաւ տեսք ունեցող հայ հոռոմների՝ Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցին: Երբ փոքր բակից մտանք եկեղեցի, տեսանք, որ գանձագողերը քար ու քանդ են արել եկեղեցու ամէն անկիւն: Պատերից, առաստաղից ու յատակից ոչինչ չէր մնացել: Պատի վրայ հայերէն մակագրութիւն գտանք, թէ եկեղեցին վերանորոգուել է Էղինի Վանք գիւղից Ստեփան ամիրայի որդի Անաստասի կողմէ, 1873թ. Մարտ ամսին: Դրա նման որոշ մակագրութիւններ կան Վանք գիւղի աղբիւրի մօտ ու Էղինի թանգարանում: Եկեղեցու արտաքին պատերի վրայ մեծ ու փոքր խաչերը դեռեւս իրենց տեղում են: Վերադառնալիս ձեռքս ընկաւ տեղական «Հասրեթ» թերթը: Մի անկիւնում հրապարակուած լուրը գրաւեց իմ ուշադրութիւնը: Այնտեղ նշուած էր. «Եկեղեցին վերականգնւում է ու բացւում որպէս սրբատեղի, տուրիզմի զարգացման համար»: Երբ նայեցինք լուրի մանրամասները, տեսանք, որ վերը նշուած եկեղեցին վերակառուցուելու է քաղաքապետարանի կողմից: Լաւ է այն փաստը, որ կանխւում է եկեղեցու յետագայ թալանն ու աւերումը: Յուսով եմ, որ վերակառուցումը կ՛իրականացուի վարպետների կողմից:

 

104 ՏԱՐԻ ՅԵՏՈՅ ՊԱՊԻՍ ԳԻՒՂՈՒՄ ԵՄ

 

Էղինից մօտ 50 րոպէ հեռաւորութեան վրայ գտնուող Փոքր Արմտան (ներկայիս՝ Արմութլու) գիւղ գնացինք: Արմտանն այժմ Իլինչ շրջանում գտնուող գիւղ է: Էղինում սրածայր լեռնային տեսարանից յետոյ Եփրատի ափով առաջ շարժուեցինք: Հիասքանչ դաշտերի, հովիտների մօտով հասանք Փոքր Արմտան: Ճանապարհի եզրին գտնուող փոքր գիւղերը ալպեան գիւղերն էին յիշեցնում, սակայն, ցաւօք սրտի, ներսը բոլորովին նրանց նման չէր: Երբ ասում եմ Արմտան, նախեւառաջ մտքիս է գալիս պապս, որին ընդհանրապէս չեմ տեսել, ապա՝ գրող Յակոբ Մնձուրու «Արմտան» գիրքը: Աղբիւրների համաձայն՝ Փոքր Արմտան գիւղում ապրում էր 580 մարդ, այսինքն՝ 75 հայ ընտանիք. այնտեղ եղել է Ս. Աստուածածին եկեղեցին ու Մեսրոպեան դպրոցը:

Պապս 1902թ. ծնուած փոքրարմտանցի Գաբրիէլ Գոգանեանն է: Նա գիւղի փալանագործ Թորոսի որդին է եղել: 87 տարեկան մօրս պատմածների համաձայն՝ նրանց տունը գիւղի ամենամեծ քարէ տներից մէկն է եղել: Իրենց տան առջեւով Պաղջուր կոչուող շատ սառը աղբիւր է հոսել: 1915թ. առաջ որոշ ժամանակով նրանք Պոլիս են գնացել ու ապրել Սամաթիայում, սակայն պապիկիս հայրիկ Թորոս էֆենդին Արմտանի օդից, ջրից ու գիւղի գեղեցկութիւններից յետոյ մեծ քաղաքում չի կարողացել ապրել ու վերադարձել է իր գիւղը:

 

1915ԻՑ ՅԵՏՈՅ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ

 

Պապս 104 տարի առաջ իր գիւղում 13 տարեկան հասակում ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանութեանը: Իր եղբայրներից Միքայէլի հետեւից՝ «Ափար, ինձ էլ տար» խօսքերը մինչեւ մահ չմոռացաւ: Պապս շաբաթներ շարունակ իր ընկերոջ հետ սոված, ծարաւ, քարանձաւներում թաքնուելով հասել է Արաբկիր: Այնտեղ մի իմամ պապիս իր տանն է թաքցրել: Նրան տուել է Քեամիլ անունը: Նոյնիսկ մի Ղուրանի վրայ Քեամիլ է գրել ու ապահովութեան համար ասել է, որ այն միշտ իր մօտ պահի: Բացի այդ՝ պապիս սովորեցրել է նաեւ Ղուրան կարդալ: Մի տարի շարունակ իմամի տանը մնալուց յետոյ իմամին օգնող իմ պապով սկսում են հետաքրքրուել իմամի աղջիկները: Իմամը պապիս առաջարկում է ամուսնանալ իր աղջիկներից մէկի հետ: Պապս այդ առաջարկը չի ընդունում ու ասում է, որ այլեւս նրանց տանը մնալը ճիշդ չէ: Դրանից յետոյ իմամը ցանկանում է, որ նա գիւղում երկու երեխայի հետ այրիացած մի հայ տիկնոջ մօտ մնայ ու օգնի նրան: Այդ կնոջ ամուսինը զինակոչուել էր ու այլեւս չէր վերադարձել: Երկու երեխայ ունեցող այրի կինն ու պապս երեք տարի միմեանց օգնել են: Պապս Արաբկիրում փոքր հասակում այս միութիւնից մի երեխայ է ունենում, սակայն նա իր գլուխն է գցած լինում Պոլիս գնալու միտքը ու կինն էլ այդ ցանկութեանը ըմբռնումով է մօտենում: Երբ պապս իմացել է, որ ճանապարհները ապահով են, Պոլիս է գնացել՝ չնայած, որ տղան դեռեւս մի քանի օրական է եղել: Անյայտ է, թէ ինչու, սակայն նա ոչ իր որդի Գէորգով է հետաքրքրուել, ոչ էլ՝ Արաբկիր լուր ուղարկել: Պոլսում մի նոր կեանք է սկսել ու Թագուհի անունով մի աղջկայ հետ ամուսնացել: Ամուսնութեան ժամանակ պապս ակնարկել է, որ տղայ երեխայ ունի: Սակայն կինը ականջալուր չի եղել, քանի որ մտքով չի անցել, որ այդքան փոքր հասակում պապս կարող էր երեխայ ունենալ: Գաբրիէլի ու Թագուհու ամուսնութիւնից 3 տղայ ու 1 աղջիկ է ծնւում: Տարիներ են անցնում: Մի օր Գաբրիէլի տան դուռը թակում են: Դուռը Թագուհին է բացում ու ապշում Գէորգի ու Գաբրիէլի նմանութիւնից: Նա յիշում է պապիս խօսքերն ու իր որդուն ասում. «Միքայէլ վազի՛ր, հօրդ ասա, որ իր տղան է եկել»: Այդ տեսարանին ականատես եղած մայրս իր մօր բերանից դուրս եկած երկրորդ նախադասութիւնը երբեք չի մոռանում. «Նե՛րս արի, որդի՛ս, սա նաեւ քո տունն է»: Ջուրը վերջապէս իր հունը գտնել էր: 1915թ. ցաւերը, թէեւ ուշ, բայց երբեմն թոյլ են տուել նման գեղեցիկ ու երջանիկ պահեր ապրել: Այդ երջանկութիւններից մէկն էլ այն էր, որ տարիներ անց գտել են պապիս քոյր Վարդուհուն, որին մահացած էին կարծում:

Սակայն երբ մտածում են, որ ամէն ինչ արդէն կարգին է, «Ունեցուածքի հարկ»ն է կիրառւում, շատ դժուարութեամբ ձեռք բերած կեանքը մի օրում ձեռքներից խլւում է:  Իսկ պապիս ամենաշատը կոտրել է այն, որ հարկը վճարելուց մի քանի օր անց ներում է կիրառուել: Այս բոլոր դժուարութիւնների մէջ, 5 երեխային ու ընտանիքի ապրուստը հոգալ փորձող պապիս սիրտը չդիմացաւ: Նա 58 տարեկան հասակում մահացաւ:

 

ԱՐՄՏԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԼՔՈՒԱԾ ԼԻՆԻ

 

0000Armadan camiye -kilise

Արմտանի մէջ մզկիթի վերածուած եկեղեցի մը

Ահա ես, 104 տարի յետոյ, կրկին Ապրիլ ամսին, պապիս գիւղում՝ Արմտանում եմ: Գիւղի տեսարանը, ներկայացուածի նման, շատ գեղեցիկ է: Հեռուից տեսնելով քարէ տները՝ ոգեւորուեցի: Պատմութիւնները ճիշդ էին: Սակայն երբ մտանք գիւղ, ցաւօք սրտի, տխուր տեսարանի ականատես եղանք: Ոչ պտղատու ծառեր կային, ոչ այգիներ, ոչ էլ գուռ-գուռ հոսող ջրեր. կանգուն մնացած որեւէ տուն, եկեղեցի, դպրոց չկար: Գիւղը ամբողջութեամբ լքուած է: Քարէ շէնքերի մեծ մասից միայն պատերն են մնացել, խարխուլ վիճակում: Իմ մայրիկի պատմած՝ բաւականին մեծ քարէ տները փնտռելու ժամանակ որոնում էի նաեւ այն տունը, որի տակից Պաղջուրն էր հոսում: Սակայն՝ ապարդիւն: Մինչդեռ իր յուշերում ու «Արմտան» գրքում գրուած էր, որ գիւղը առատ է աղբիւրներով: Գիւղում շրջելիս տարեց մի պարոն եկաւ ու մեզ հարցուփորձ արեց: Երբ ես ասացի, որ 104 տարի յետոյ եկել եմ իմ պապի գիւղ ու նրա տունն եմ փնտռում, նրա շրթուքների վրայով մի թախծոտ ժպիտ անցաւ: Նա ասաց, որ 60 տարի է, ինչ այդ գիւղում է ապրում, ու որ գիւղում երկու տարեց մարդուց բացի՝ որեւէ մէկը չի մնացել: Գիւղում հայերից մնացած Քահանայի տուն կոչուած աւերակ քարէ տունը ներկայում փորձում է դիմակայել ժամանակի փորձութեանը: Քահանայատուն կոչուող մի շէնք եւս կար, որի կտուրը չկար, իսկ պատերը ճիգեր էին գործադրում կանգուն մնալու համար: Կարծում եմ, որ դա Մեսրոպեան դպրոցն է եղել: Շէնքի ապակիներից այդ տպաւորութիւնը ստացայ: Գիւղի բնակիչը պատմեց նաեւ, որ գիւղի եկեղեցին քանդուած է, սակայն ուշադրութեամբ նայելիս նկատում ենք, որ ներքին հատուածը պահպանուել է ու մզկիթը կառուցուել է եկեղեցու հիմքի վրայ: Յակոբ Մնձուրու տան տեղը հարցրեցի նրան: Նա պատասխանեց, որ գրող Մնձուրուն շատ լաւ է ճանաչում, սակայն նրա տունը, ցաւօք սրտի, չկայ. աւերակների է վերածուել: Իսկ երբ հարցրեցի հոսող ջրերին մասին, նա պատասխանեց. «Ես ինչքան յիշում եմ՝ այս գիւղում ջուր չի հոսել»: Աւելի շատ ուսումնասիրելուց յետոյ տեղեկացայ, որ երբ գիւղերը լքուել են, ծառերի արմատները ժամանակի ընթացքում ջրի աղբիւրները փակել են, ինչի պատճառով աղբիւրները չորացել են կամ փոխել են հունը: Ահա այդ գիւղում էլ նոյն նախադասութիւններն եմ ասում, գիւղում հայ չկայ, ծառ չկայ, բերք չկայ, ջուր չկայ, արտադրանք չկայ, չկայ ու չկայ։ Տարբեր զգացմունքեր եմ ունենում՝ ցաւ, տխրութիւն, երջանկութիւն, բարկութիւն, կարօտ, բաժանութիւն ու այս բոլորը՝ միաժամանակ:

Կոկորդս խեղդւում էր, աչքերումս՝ մի քանի կաթիլ արցունք, հոգումս թախիծ՝ հեռացայ գիւղից: Մեր դիմաց Մեծ Մրմտան գիւղը տեսանք ու մեքենայով երկու րոպէում հասանք այնտեղ: Դա էլ Փոքր Արմտանից չէր տարբերւում. աւերակ էր, մինչդեռ հին արձանագրութիւններում ասւում է, որ այնտեղ 1300 հայ է ապրել, 1 վանք, 1 եկեղեցի, 1 տաճար ու 1 մեծ դպրոց է եղել: Ցաւօք սրտի, այդ ամէնից ոչինչ չի մնացել: Այն Փոքր Արմտանից աւելի վատ վիճակում է, քանի որ քարէ շէնքերը քանդուել են, դրանց տեղերում տգեղ տներ են կառուցուել. քարէ տները աւերուել են, իսկ քարերը օգտագործուել են ախոռների կառուցման մէջ:

 

(Շարունակելի)

 

Թարգմանեց՝

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«ԱԿՕՍ» եւ «ԱԿՈՒՆՔ»

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top