Արցախի Ժողովուրդն Ունի Նոյն Իրաւունքները, Ինչ Այստեղ Նստած Մեզանից Իւրաքանչիւրը. Նայիրա Զոհրաբեան՝ ԵԽԽՎի Նիստին  

0626Nayira

0626NayiraԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 25 Յունիսին, ԵԽԽՎի ամպիոնէն Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Նայիրա Զոհրաբեան՝ բարձրացնելով չճանչցուած պետութիւններու, մասնաւորապէս՝ Արցախի ժողովուրդին կրթական եւ առողջապահական իրաւունքի հարցը, ըսաւ, որ Արցախի ժողովուրդը ունի նոյն իրաւունքները, զորս ունի դահլիճին մէջ նստած իւրաքանչիւր անձ։

«Այսօր լրջագոյն խնդիր է, որ չճանաչուած պետութիւնների բնակչութիւնը զրկուած է եւրոպական կրթական ծրագրերում ներգրաւուելուց եւ այդ գործընթացի մասնակիցը լինելուց:

Հիմք ընդունելով ԵՈՒՆԵՍՔՕի կողմից 1960թ. Դեկտեմբերի 14ին ընդունուած՝ «Կրթական ոլորտում խտրականութիւնների դէմ» կոնվենցիան, մէկ անգամ եւս ուզում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել Արցախի Հանրապետութեան բնակչութեան համար անչափ կարեւոր՝ կրթական որակաւորման չճանաչուածութեան խնդրի վրայ: Արցախում ապրող մասնագէտները, ուսանողներն ու աշակերտները զրկուած են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթութիւն ստանալու իրաւունքից: Ի հարկէ, Արցախի իշխանութիւնները գործադրել են լրջագոյն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր պայմանները կրթական իրաւունքի լիարժէք իրագործման համար, եւ այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական եւ 5 բարձրագոյն ուսումնական հաստատութիւն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի սահմաններից դուրս մշտապէս առաջանում են անլուծելի խնդիրներ եւ խոչընդոտներ:

Մասնաւորապէս.

Կրթական աւարտական վկայականների չճանաչուածութիւնը հետագայ մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է ստեղծում արցախի բուհերում սովորող հազարաւոր ուսանողների համար:

Արցախի ուսանողները դուրս են մնում Եւրոպական բարձրագոյն կրթական տարածքից, չեն օգտւում Բոլոնիայի գործընթացով երաշխաւորուած ծրագրերից:

Մինչդեռ, ԵՈՒՆԵՍՔՕի կոնվենցիայի առանցքային դրոյթներից մէկը մարդու կրթութեան իրաւունքն է՝ անկախ նրանից, թէ որտեղ է նա բնակւում: Նոյնը վերաբերում է նաեւ Արցախում ապրող ժողովրդի առողջութեան իրաւունքի հարցին, որի իրացումը, դուք շատ լաւ հասկանում էք, չպէտք է պայմանաւորուած լինի Արցախի կարգավիճակով:

Ուստի, ես ակնկալում եմ Եւրոպայի խորհրդի աջակցութիւնը այս լրջագոյն հարցերի լուծման գործում: Եւրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կեանքի, առողջութեան եւ կրթութեան նոյն իրաւունքները, եւ այդ իրաւունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանաւորելը անթոյլատրելի եւ աններելի է», ըսաւ Նայիրա Զոհրաբեան։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top