Հայաստանի Եւ Արցախի Օմբուդսմենները Քննարկել Են Համագործակցութեան Հնարաւորութիւններ (Video)

0705ombudsmen

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայ Իրաւաբանական միութեան հրաւէրով Ամերիկա գտնուող Հայաստանի եւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպաններ (ՄԻՊ, օմբուդսմենները)՝ Արման Թաթոյեանն ու Արտակ Բեգլարեանը, Յուլիսի 1ին, Լոս Անջելեսի Հայաստանի գլխաւոր հիւպատոսարանում հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչներին: Նրանք երախտագիտութիւն յայտնեցին այն ամերիկահայերին, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայրենիքում կենսական նշանակութեան հարցեր վեր հանելու, դրանց լուծմանն աջակցելու ուղղութեամբ, այդ թւում՝ մարդու իրաւունքների պաշտպանութիւն, Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ճանաչում:

Թաթոյեանն ու Բեգլարեանը Հայ իրաւաբանական միութեան 30րդ համաժողովի գլխաւոր բանախօսներն են եղել, որտեղ ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում մարդու իրաւունքների պաշտպանութեան, ժողովրդավարական զարգացումների վիճակը, ինչպէս նաեւ՝ դատաիրաւական ոլորտում իրականացուող բարեփոխումները, կոռուպցիայի (զեղծարարութիւն-Խմբ.) դէմ պայքարի ընթացքը, եւ դրանցում մարդու իրաւունքների պաշտպանի դերը:

Թաթոյեանն ընդգծեց, որ Ամերիկա այցը լաւագոյն առիթ էր նաեւ հասկանալու, թէ ինչպէս կարելի է միութեանը ներգրաւուել՝ Հայաստանում բարեփոխումներն առաւել արդիւնաւէտ իրականացնելու համար:

0705ombudsmen

«Իմ համար հիմնարար սկզբունք է աշխատանքն Արցախի, Սփիւռքի, եւ միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանն ունենալով որպէս առանցք: Այս այցը կարեւորւում եւ նշանաւորւում է հէնց նրանով, որ ստեղծում ենք համատեղ աշխատանքի համար նոր հնարաւորութիւններ, հորիզոններ՝ թէ՛ Հայաստանում բարեփոխումների ամրապնդման, եւ թէ՛ Արցախի մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ: Կարեւոր էր մեր մասնակցութիւնը Հայ իրաւաբանների միութեան համաժողովին նաեւ այն առումով, որ ներկայ էին տարբեր նահանգներից եւ Կանադայից հայ իրաւաբաններ, որոնց հետ կարողացանք քննարկել մեր մարտհրաւէրներն ու լուծման հնարաւորութիւնները: Նրանց համար էլ կարեւոր էր, ՄԻՊի կողմից տեղեկատուութիւնը որպէս հաւաստի աղբիւր, որպէսզի հասկանան հայրենիքին աջակցութեան ծաւալները՝ դատական համակարգի բարեփոխումներին խօսքի ազատութեան, կոռուպցիայի դէմ պայքարի, դատական համակարգի զարգացման գործում», նշեց Թաթոյեան:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակն ունի միջազգային բարձր ճանաչում եւ ՄԱԿի անկախ յանձնախմբի կողմից շնորհուած ամենաբարձր կարգավիճակը: Արման Թաթոյեանը յայտնեց, որ յաջողութեան երաշխիքներից է այն, որ կառոյցը երբեւէ չի եղել քաղաքականացուած, չի պատկանում կուսակցական համակարգի եւ սովոր է աշխատել ամենաբարդ պայմաններում: Օմբուդսմենը նշեց, որ աշխատում են ոչ միայն մարդկանց կոնկրետ (յստակ-Խմբ.) ներկայացուած բողոքների ուղղութեամբ, թէեւ դա առանցքային է, այլ նաեւ երկրի իրաւական համակարգում համերաշխութիւն ապահովելու համար, որ անցումները լինեն սահուն, բարեփոխումները լինեն գործնական՝ իրական արդիւնքների ակնկալիքով:

Թաթոյեանն անդրադարձաւ նաեւ Արցախի մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան հարցին՝ նշելով, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի կողմից ներկայացւում է արցախցու իրաւունքի պաշտպանութեան հարցը՝ հիմնուած այն սկզբունքի վրայ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդել մարդու իրաւունքի պաշտպանութեան վրայ: «Արցախում էլ ապրում են երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամներ, եւ նրանց կրթութեան, մշակութային կեանքին մասնակցելու, առողջութեան պահպանման իրաւունքներն էլ պէտք է պաշտպանուած լինեն», նշեց Հայաստանի մարդու իրաւանց պաշտպանը:

Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանն էլ ամերիկահայ իրաւաբաններին եւ իրաւական ոլորտի ամերիկացի մասնագէտներին է ներկայացրել Արցախի միջազգային իրաւական կարգավիճակով ու Ադրբեջանի մեկուսացման քաղաքականութեամբ պայմանաւորուած արցախցիների իրաւունքների խախտումներին ու սահմանափակութիւններին՝ ընդգծելով, որ այդպիսի պայմաններում մարդու իրաւունքները մեծապէս խոցելի են, ուստի, միջազգային հանրութիւնը պարտաւորութիւն ունի պատշաճ ուշադրութիւն դարձնելու առկայ խնդիրների վրայ: Բեգլարեանը կարեւորեց գիտահետազօտական հաստատութիւնների նշանակալի դերը նշուած հարցերում։

«Հայ իրաւաբանական միութեան ղեկավարները մեզ համար կարեւոր հանդիպումներ են նախաձեռնել Կալիֆորնիայի մի շարք համալսարաններում, որտեղ գործում են մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով զբաղուող բաժանմունքներ: Այցելել ենք UCLAի «Խոստում» ինստիտուտի (Promise Institute for Human Rights) ղեկավարութեան, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոն, «Լոյոլա» համալսարանի իրաւունքի եւ ցեղասպանութեան ծրագրերի բաժին, Հարաւ-արեւմտեան համալսարանի իրաւաբանական բաժանմունք՝ հանդիպելով նրանց ղեկավարներին: Քննարկել ենք համագործակցութեան հնարաւորութիւններ: Կարեւոր է, որ կարողանանք այս հանդիպումները գործնական դաշտ բերել՝ այսինքն, կապեր ստեղծել տուեալ կառոյցների հետ, համատեղ ծրագրեր իրականացնել, ներկայացուցիչներին հրաւիրել Արցախ՝ պարբերաբար ներկայացնելով իրավիճակը, որպէսզի նրանք էլ իրենց օղակներով կարողանան համապատասխան որոշումների եւ կարծիքների վրայ ազդել: Սա երկարաժամկէտ աշխատանք է, որ կարիք ունի հետեւողականութեան, ինչի ուղղութեամբ ես եւ Հայ իրաւաբանական միութիւնը աշխատելու ենք», տեղեկացրեց Բեգլարեանը:

Անդրադառնալով Արցախի օմբուդսմենի գրասենեակի այլ աշխատանքներին, Բեգլարեանը մասնաւորապէս նշեց. «Փորձում եմ ներդրում ունենալ, որ արդարադատութեան, պետական համակարգի կատարողականութիւնն անընդհատ բարելաւուի, քանի որ բոլորիս պայքարը յանուն մեր իրաւունքների, մեր ազատութիւնների, եւ արժանապատուութեան է, եւ Արցախեան շարժումն էլ սկսուել է մարդու իրաւունքների պաշտպանութեան համար: Արտագաղթի հիմնական պատճառներից մէկն էլ մարդու իրաւունքի խախտումներն են լինում, եւ այդ առումով, հայրենիքում լուրջ գործ կայ անելու իրաւունքների պաշտպանութեան, սոցիալական բաւարար պայմանների ստեղծման ուղղութեամբ, որ մեր դարերի երազանքը։ Մեր Արցախեան շարժման, անկախութեան շարժման երազանքը համատեղ իրականացնենք», յայտնեց Բեգլարեանը՝ յորդորելով ամերիկահայ համայնքին մտածել համագործակցութեան հնարաւոր ձեւերի մասին:

Հիւպատոսարանում կայացած հանդիպմանը ելոյթ ունեցաւ Հայ իրաւաբանական միութեան ներկայացուցիչ Կարօ Ղազարեանը, ով անդրադարձաւ մարդու իրաւունքների պաշտպանների անձնական որակներին՝ ընդգծելով նրանց արհեստավարժութիւնը: Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանն էլ նշեց, որ 2004 թուականի ձեւաւորուած Հայաստանի ՄԻՊի գրասենեակի կենսական դերն ու նշանակութիւնն յատկապէս տեսանելի է դարձել ճգնաժամային իրավիճակներում, եւ կառոյցը պատուով է յաղթահարել խնդիրները: Նա գոհունակութեամբ ընդգծեց, որ Արցախի ՄԻՊի գրասենեակն այսօր կայացած հաստատութիւն է:

Միացեալ Նահանգներու մօտ Արցախի հանրապետութեան ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանն էլ նշեց, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան առումով հայոց պետականութեան համար դժուար է աւելի կարեւոր շրջան պատկերացնել: «Մարդու իրաւունքների պաշտպանութիւնն Արցախի իշխանութեան ուշադրութեան կենտրոնում է, եւ այն առիթի հիմքն էր, որ յետագայում վերածուեց Արցախի ազատագրական շարժման: Յուսով ենք, որ բոլորիս համատեղ մասնակցութեան եւ աշխատանքի շնորհիւ, կը կարողանանք նոր մակարդակի հասցնել մեր նուաճումները, որ ունենք որպէս ժողովրդավարութիւն, եւ կը շարունակենք զարգանալ, որպէս բաց հասարակութիւն, որտեղ իւրաքանչիւր մարդու պատիւը, իրաւունքները, կը լինեն պատշաճ կերպով յարգուած պետութեան կողմից»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top