Հայաստանեան «Ջիջի» Ընկերութիւնը Մուտք է Գործում Միացեալ Նահանգներ

Untitled

Untitled

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Ջիջի» (GG) ընկերութիւնը հինգ տարի առաջ յեղափոխեց Հայաստանի ուղեւորափոխադրող ծառայութիւնների ոլորտը՝ առաջարկելով մեքենայ (տաքսի) պատուիրել հեռախօսային յաւելուածի միջոցով: Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում յաջողուած նորարարութիւններից յետոյ, «Ջիջի»ն մուտք է գործում նաեւ Միացեալ Նահանգներ: Յուլիսի 9ին մեկնարկեց «Ջիջի Շաթլ» նախագիծը եւ փոքր հանրակառքով առաջին փորձնական ուղեւորափոխադրումը կատարուեց Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկօ եւ հակառակ ուղղութեամբ:

0711GG4«Ջիջի»ի պատմութիւնը սկսւում է 2011 թուականից, երբ ընկերութեան համահիմնադիր Խաչատուր Գրիգորեանն ընկերների հետ միասին հիմնում են «Ջիջի Լեբորաթըրիզ» ընկերութիւնը, որի շրջանակներում պատուէրով ծրագրեր են գրում հայաստանեան եւ արտասահմանեան տարբեր ընկերութիւնների համար՝ պարզ կայքերից մինչեւ գործարարական համակարգեր: «Աշխատանքը յաջող էր ընթանում, սակայն լիարժէք բաւարարուածութիւն չէինք ստանում՝ գիտակցելով, որ շատ դէպքերում անկախ չենք, կախուած ենք պատուիրատուից, եւ ոչ միշտ է ծրագրաւորումը համարժէք գնահատւում: Դէպքեր էին լինում, երբ մէկ տարուց աւելի աշխատում էինք ծրագրի վրայ, եւ արդիւնքում թէեւ վճարում էին մեզ, բայց նախագիծն այդպէս էլ չէր գործարկւում: Եւ նման դէպքերից յետոյ, մտածում էի, որ ժամանակն անցնում է եւ չեմ ստեղծել իմ արտադրանքը, որ օգտակար կը լինի մարդկանց, եւ բաւարարուածութեան զգացում կը պատճառի ինձ», յիշում է Խաչատուր Գրիգորեանը: Այս մտայնութեամբ առաջնորդուելով, նա, ընկերների հետ միասին նախաձեռնում է երկու նոր նախագիծ՝ «Ջիջի Ֆայնանսըզ»ը, որը սոցիալական հարթակ էր արժէթղթերով հետաքրքրուողների համար եւ «Ջիջի» տաքսի յաւելուածը: «Այս երկու նախագծերը ընկերութեան ներսում մրցում էին, եւ յաղթեց տաքսի յաւելուածը», պատմում է Խաչատուրը:

2014ի Ապրիլի 14ին, Հայաստանում առաջին անգամ գործարկւում է «Ջիջի» ուղեւորափոխադրող ընկերութիւնը, որն այսօր հայկական շուկայի առաջատարն է, եւ սպասարկում է ամսկան շուրջ 100 հազար օգտատիրոջ: «Երբ հարցնում են, թէ որն է մեր յաջողութեան գաղտնիքը, պատասխանս է, որ իւրաքանչիւր պատուիրատուի սպասարկում ենք ինչպէս մեր ընկերներին: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր «Ջիջի»ն ոչ միայն ոլորտի, այլ նաեւ՝ երկրում ամենաորակեալ ծառայութիւններ մատուցող ընկերութիւններից է: Այս փաստը, ոգեւորիչ է, բայց նաեւ պարտաւորեցնող՝ նշաձողը բարձր պահելու, քանզի մեր նպատակն է լինել մի ընկերութիւն, որն օրինակ կը ծառայի այլ ընկերութիւնների համար», նշում է Խաչատուրն ու պատմում, որ լսել է բազմաթիւ պատմութիւններ, երբ «Ջիջի»ի յաջողութիւնը ոգեշնչել է այլ անհատների՝ ստեղծելու իրենց ընկերութիւնը:

0711GG3Հայաստանեան յաջողութիւնից յետոյ, «Ջիջի» ընկերութիւնն ուժերը փորձում է վրացական եւ ռուսաստանեան շուկաներում: «Մոսկուայում հանդէս եկանք նորարարութեամբ՝ «Ջիջի Շաթլ» նախագծով: Այն գործում է վերջին մղոնի սկզբունքով, այն է՝ հանրակառքերը սպասարկում են միանգամից մի քանի ուղեւորի՝ որոշակի վայրերից դէպի նպատակակէտ: Սա նորութիւն է Ռուսաստանում եւ յայտնի է որպէս հայկական արտադրանք, ինչը մենք հպարտութեամբ ենք յայտարարում», նշում է Գրիգորեանը:

Լոս Անջելեսում նոյնպէս «Ջիջի» ընկերութիւնը կը ներկայանայ բացառիկ նախագծերով: «Ամերիկա գալու նպատակն այն է, որ ցանկանում ենք ընկերութիւնը ճանաչելի դարձնել աշխարհում, եւ Կալիֆորնիան ամենաճիշդ վայրն է այդ առումով: Այսինքն, եթէ յաջողես այստեղ՝ ապրանքանիշը համաշխարհային ճանաչում ձեռք կը բերի»:

Գրիգորեանն ընդգծում է. «Հայաստանի զարգացման համար կենսական է նաեւ գիտութեան եւ բարձր տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու-Խմբ.) ոլորտում հայկական որակեալ ապրանքանիշների ստեղծումն ու արտահանումը: «Ստեղծուած է Հայաստանում» ապրանքանիշ գրեթէ չկայ, որովհետեւ վերջնական արտադրութիւն չունենք, քանի որ հայ մասնագէտները պատուէրով աշխատում են տարբեր ճանաչուած ընկերութիւնների համար: Սակայն ժամանակն է, որ մենք ունենանք վերջնարդիւնք ստեղծող ընկերութիւններ, որ իրենք մասնաճիւղեր կը բացեն այլ երկրներում»:

Անդրադառնալով «Ջիջի»ի հնարաւոր մարտահրաւէրներին, Խաչատուր Գրիգորեանը նշում է, որ պատրաստուած են եւ ծանօթ են ոլորտի տեղական առաջատարներին ու գործելաոճին, այդ բոլորը հաշուի առնելով իրենց ռազմավարութիւնը մշակելիս: ««Ջիջի»ն, առաջին հերթին տարբերուելու է սպասարկման բարձր որակով, ինչը միշտ չէ, որ երկարաժամկէտ հատուածում յաջողւում է պահպանել, նոյնիսկ հեղինակաւոր ընկերութիւններին: Նաեւ, մեր գործընկերներին՝ վարորդներին, ովքեր կը դառնան թիմի անդամ, առաջարկելու ենք բացառիկ պայմաններ՝ իւրաքանչիւր պատուէրից նրանցից գանձելով 15 տոկոսից քիչ, այն դէպքում, երբ այստեղ գործող նմանատիպ ընկերութիւնները պահանջում են 20 տոկոսից աւելի: Միաժամանակ, մեր գրասենեակը բաց եւ հասանելի է լինելու մեր գործընկերների համար, որտեղ նրանք կը զգան իրենց որպէս ընկերութեան մասնակից: Մեր առաջնային մարտահրաւէրն է՝ մեր գործընկերներին ապահովել պատուէրներով, եւ այս հարցում մեծապէս ակնկալում ենք հայ համայնքի աջակցութիւնը», նշում է Գրիգորեանը:

0711GG1

«Ջիջի»ն ամբողջական ծրագրով պատրաստւում է ամերիկեան շուկայ մուտք գործել Սեպտեմբերից: «Նախնական գործունէութիւնը կը սկսենք մի քանի քաղաքներում՝ Գլենդել, Բրբենք, Նորթ Հոլիվուդ եւ յարակից մի շարք այլ տեղանքներ, եւ փորձնական շրջանն յաջողութեամբ յաղթահարելուց յետոյ կ՛ընդլայնուենք ողջ Լոս Անջելեսի մարզում», տեղեկացնում է Գրիգորեանը:

Ներկայում, «Ջիջի» ընկերութիւնը զբաղուած է աշխատակիցների ընդունելութեամբ:

Գլենդելի կենտրոնում, «Ջիջի» ընկերութեանը յատկացուած գրասենեակում մեր զրոյցի մասնակցում էր Միացեալ Նահանգներում «Ջիջի» ընկերութեան թիմին միացած Տարօն Լիզագուբը, ում աշխատանքային կենսագրութիւնը ներառում է «Գուգլ» եւ բարձր արհեստագիտութեան ոլորտի այլ յայտնի ընկերութիւնների հետ համագործակցութիւնը:  «Ծանօթացայ Խաչատուրի հետ եւ որոշեցի միանալ «Ջիջի»ին, որովհետեւ շատ ոգեւորիչ է նրանց գործունէութիւնն ու տեսլականը՝ հայկական ապրանքանիշը զարգացնելու եւ հանրայայտ ընկերութիւնների հետ համագործակցելու ուղղութեամբ: Միաժամանակ, ընկերութիւնը, որ գրասենեակներ ունի աշխարհի չորս երկրներում՝ իւրատեսակ կամուրջ կը դառնայ հայ մասնագէտների միջեւ»:

Տարօնն ու Խաչատուրը կիսուեցին նաեւ ապագայի ծրագրերից մէկով, որ վերաբերում է առանց վարորդի հանրակառքերի կիրառմանը, որտեղ որպէս գործընկեր տեսնում են նաեւ «Թեսլա» ընկերութեանը:

Հայ երիտասարդ ձեռնարկատէրերի նպատակներն ու տեսլականը Միացեալ Նահանգներում յաջողելու գործում մեծ դեր է վերապահուած ամերիկահայ համայնքին: «Ջիջի»ի Միացեալ Նահանգներում յաջողութիւնը նաեւ կ՛ոգեւորի Հայստանում գործող եւ արտադրող այլ ընկերութիւնների, միաժամանակ՝ ճանաչելի դարձնելով եւ վստահութիւն առաջացնելով հայկական արտադրանքի նկատմամբ: «Մեր յաջողելու դէպքում, Հայքում գործող շատ երիտասարդների մօտ կը յաղթահարուի անլիարժէքութեան բարդոյթը, երբ նրանք կը տեսնեն, որ իրենց վերջնարդիւնքն ընդունելի եւ ընկալելի է աշխարհի առաջատար երկրներից մէկում: Մենք պատրաստւում ենք փորձով եւ գիտելիքներով կիսուել մեր գործընկերների հետ, եւ հաւատում ենք, որ գաղափարի առկայութեամբ եւ միասնական կուռ աշխատանքի դէպքում՝ յաջողութիւնն այլընտրանք չունի: Պէտք է այնպէս անենք, որ Հայքը լինի բնակուելու եւ գործելու ամենապատուաբեր երկրներից», համոզմունքով նշում է Խաչատուրը՝ Հայաստանն անուանելով իր ընկալմամբ՝ Հայք:

«Ջիջի» ընկերութեան կողմից առաջարկուող աշխատատեղերի մասին տեղեկանալու համար կարելի է զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝ (818) 640-9911, կամ այցելել «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի ընկերութեան էջը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top