«Մայրական Երախտագիտութիւն» Մետալ՝ Արցախով Շնչող «Ազդակ»ի Խմբագիրին

0000SHAHAN

0000SHAHAN

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած՝ Հայ Մամուլի համահայկական համաժողովին մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առաջնային տպագիր, ելեկտրոնային մամուլի առաջին դէմքերն էին, առիթ ունեցան լինելու նաեւ ՀՅԴի՝ Պէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրութիւնում եւ խմբագիր Շահան Գանտահարեանին յանձնելու Արցախի «Մայրութիւն» ՀԿի «Մայրական երախտագիտութիւն» յուշամետալը: Այն յանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայէլ Հաջեանը՝ նշելով, որ «Ազդակ»ը՝ ի դէմս Գանտահարեանի, մշտապէս սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թէ՛ պատերազմի ժամանակ, թէ՛ յետ-պատերազմական տարիներին, թէ՛ վերականգման ու վերակառուցման շրջանում եւ թէ այսօր:

«Մայրութիւն» կազմակերպութիւնն Արցախեան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծուել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժէք է ձեռք բերել, որովհետեւ ուշադրութեան կենտրոնում է պահում բոլոր այն հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարաւորութիւնների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրութիւն»ը նոյնպէս Հայոց բանակի ու զինուորների կողքին է: Կազմակերպութեան խմբերը մշտապէս առաջին դիրք են մեկնում՝ ցոյց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հաւատում են զաւակների, հայրենիքի պաշտպանութեանը զինուորագրուած տղաների արիութեանը, խիզախութեանը», իր խօսքում ասաց Հաջեանը:

Նա նաեւ մի դրուագ պատմեց, թէ ինչպէս է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարեանին: «Անցեալ տարի մենք պէտք է որդուս (Ապրիլեան քառօրեայի նահատակ Նորայր Հաջեան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք: Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մօտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանօթ չէր, նայեց ինձ ու ասաց՝ այս մարդու դէմքը ծանօթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչութիւն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպէ՞ս. Սիրիայի դէպքերի հետ կապուած, երբ Շահանը գրեթէ ամէն օր հանդէս էր գալիս հեռուստատեսութեամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին՝ տեղեկանալու, թէ ինչպէս է սիրիահայութեան վիճակը», պատմեց Միքայէլ Հաջեանը՝ փոխանցելով Շահան Գանտահարեանին Յասմիկ Միքայէլեանի ղեկավարած «Մայրութիւն» ՀԿի յուշամետալը:

Նա կարեւորեց «Ազդակ»ի դերն ու նշանակութիւնը ո՛չ միայն Սփիւռքի, այլ նաեւ ամբողջ հայութեան համար: Ասաց՝ երբ խօսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցութեան մասին, ապա Շահան Գանտահարեանն այդ համագործակցութեան կարեւոր ուղենիշներից մէկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»ը մշտապէս Արցախով է շնչում, ու եթէ բացենք «Ազդակ»ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կայ Արցախին:

«Շատ շնորհումներ են եղել, բայց այս մէկն իսկապէս յուզեց, նամանաւանդ, որ Արցախից է: Արցախն իսկապէս առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կը համարեմ «Ազդակ»ի մեծ ընտանիքի նուէրը, որովհետեւ ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»ն՝ առհասարակ» շնորհակալութեան խօսքում նշեց «Ազդակ»ի գլխաւոր խմբագիրը:

 

«ԵՐԿԻՐ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top