ՅՈՒՇԱՏԵՏՐ. Պաքուի Հայութեան Արիւնարբու Ջարդարար Ճիվանշիրի Արդարահատոյց Ահաբեկումը՝ Միսաք Թորլաքեանի Ձեռամբ

0719torlakian

Ն. ՊԷՐՊԷՐԵԱՆ

 

0719torlakian

Միսաք Թորլաքեան

1921 թուականի Յուլիս 19ին (որոշ աղբիւրներու համաձայն Յուլիս 18ին), այդ ատեն տակաւին Օսմանեան Կայսրութիւն անունով ճանչցուած Թուրքիոյ մայրաքաղաքին՝ Կոնստանդնուպոլսոյ մէջ, դաշնակցական արդարահատոյց մարտիկ Միսաք Թորլաքեան օր ցերեկով գործադրութեան յանձնեց Պէյպուտ Խան Ճիվանշիր կոչուած եւ Պաքուի մէջ, 1918 թուականի Սեպտեմբերին, տասնեակ հազարներով հայերու ջարդը հրահանգած Ատրպէյճանի ներքին գործոց նախարարին դէմ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կայացուցած մահապատիժի դատավճիռը:

Պատմութենէն ծանօթ է, որ Առաջին Աշխարհամարտի վերջին ամիսներուն մեծապետական ռազմական մրցապայքարը թէժացաւ Պաքուի նաւթահորերուն տիրանալու ճակատին վրայ: 1918ի ամառը արտակարգօրէն «տաք» եղաւ Պաքուի մէջ, ուր թրքական արշաւող զօրքերուն եւ անոնց հովանիին տակ հայասպանական իրենց ախորժակները սրած ազերիական իշխանութեանց ու ամբոխին դէմ՝ Պաքուի հայութիւնը կենաց-մահու կռիւ կը մղէր: Դաշնակցական մարտիկները Ռոստոմի, իսկ հայ եւ ռուս պոլշեւիկները Ստեփան Շահումեանի ղեկավարութեամբ միացեալ մէկ ճակատ կազմած՝ յանուն Պաքուի ոչ-թաթար անզէն բնակչութեան ինքնապաշտպանութեան՝ հերոսական կռիւներ մղեցին ամիսներ շարունակ, մինչեւ որ աշխարհէն լքուած՝ Պաքուի բնակչութիւնը ալաթուրքա կոտորածի ենթարկուեցաւ Ճիվանշիրի արիւնախում ջարդարարներուն ձեռամբ:

Այդօրինակ ահաւորութեամբ հայասպանական ջարդի յանցագործ պատասխանատու էր ատենի Ատրպէյճանի մուսաւաթական կառավարութեան ներքին գործոց նախարար Ճիվանշիրը, որուն անունը «իրաւամբ» դրուած էր ՀՅԴ 9րդ Ընդհանուր Ժողովի որոշած «Նեմեսիս Գործողութեան» ճշդած հայ ժողովուրդի գլխաւոր ջարդարարներու ցուցակին վրայ:

Նոյնինքն Միսաք Թորլաքեանի «Օրերուս հետ» յուշագրութեան, ինչպէս նաեւ «Նեմեսիս»ի պատասխանատու գործիչներու վկայութեանց համաձայն՝ Ճիվանշիրի ահաբեկման որոշումին գործադրութիւնը անակնկալօրէն արագացաւ, երբ այլ ջարդարարի մը՝ Աղայեւի ահաբեկման համար կատարուած հետախուզութեան ժամանակ, «Նեմեսիս»ի արդարահատոյցները պատահականօրէն Պոլսոյ մէջ գտան Ճիվանշիրը: Այս ուղղութեամբ շահեկան է, Armenian On Web կայքէջի 30 Օգոստոս 2009ի նիւթերու շարքին, Արման Եղիազարեանի հետագայ գրառումը.-

«1921 թ. Մ. Թորլաքեանը գալիս է Պոլիս եւ Յարութիւն Յարութիւնեանի եւ Երուանդ Ֆնդգեանի հետ դաշնակցականների Կ. Պոլսի խմբի կազմում դառնում է «Նեմեսիս» գործողութեան մասնակիցներից մէկը: Թորլաքեանին եւ նրա ընկերներին յանձնարարուեց հետեւել եւ ոչնչացնել Աղայեւին, որը հայերի կոտորածների կազմակերպիչներից մէն էր Պաքւում: Սակայն տեղի ունեցաւ անկանխատեսելին: Պաքուի Հայ Ազգային Խորհրդի նախկին ղեկավար Աբրահամ Գիւլխանդանեանը անցորդներից մէկի մէջ ճանաչեց Պաքւում եւ Պաքուի նահանգում հայերի ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից Ատրպէյճանի նախկին ներքին գործերի նախարար Պէյպուտ Խան Ճիվանշիրին: Մ. Թորլաքեանը նրան անուանում է «Ատրպէյճանի Թալէաթ»:

«Հետապնդումը սկսուեց անմիջապէս: Այդ գործողութեան իրականացման պատիւն ընձեռուեց ինձ (Թորլաքեանին): 1921 թ. Յուլիսի 18ի երեկոյեան երկու մեքենաներ կանգնեցին «Բերա Փալաս» հիւրանոցի մօտ, որտեղ ապրում էր Ճիվանշիրը: Երբ նա դուրս եկաւ սրճարանից եւ գնաց հիւրանոցի ուղղութեամբ, մարդկանց ամբոխի միջից ես մօտեցայ նրան: Նա շատ բարձրահասակ էր: Այդ պատճառով ես կրակեցի ոչ թէ նրա գլխին, այլ՝ կողքին: Առաջին գնդակը նրան չտապալեց: Նա կարողացաւ պինդ կառչել իմ ձեռքերից: Դրանով՝ նա ինձ օգնեց, քանի որ դէպի ինձ թեքուեց կրծքով: Ես երկու անգամ կրակեցի նրա կրծքին: Նա ընկաւ: Ես ցանկացայ փախչել մօտակայ գերեզմանոցի միջով, սակայն լսեցի Ճիվանշիրի ձայնը, ով օգնութեան էր կանչում: Ես մտածեցի.- «Նա դեռ չի մահացել, անհրաժեշտ է վերադառնալ եւ վերջ տալ նրան»: Նրա շուրջն արդէն հաւաքուել էին 20-30 մարդ: Նրանք, երբ իմ ձեռքում զէնք տեսան, մի կողմ քաշուեցին: Ես մօտեցայ եւ մի գնդակ եւս ուղարկեցի նրա սիրտը… Ես փորձեցի փախչել, բայց ինչ-որ մէկը բռնեց ինձ: Դա Ճիվանշիրի եղբայրն էր: Ես կրակեցի նրա աչքին, սակայն նա ինձ բաց չէր թողնում եւ ես որոշեցի յանձնուել, քանի որ մօտենում էին ոստիկանները: Ինձ մօտեցաւ թուրք ոստիկաններից մէկը, որը փորձեց վերցնել զէնքս: Ես ասացի.- «Նոյնիսկ մի փորձիր, թէ չէ շան նման կը սատկացնեմ»: Այդպէս մենք կանգնել էինք, մինչեւ հասան ֆրանսիացի ոստիկանները: Ես զէնքը տուեցի նրանց: Այնժամ սկսուեց ծեծը: Ինձ հարուածում էին բոլորը: Երբ գործը հասաւ ոստիկանութեանը, իմ վրայ հագուստից գրեթէ ոչինչ չէր մնացել: Սկսուեց հիմնական ծեծը: Ես ուշագնաց եղայ: Երբ ուշքի եկայ, ապա տեսայ, որ ինձ է մօտենում ֆրանսիացի ոստիկանը մեծ մահակով: Այդ պահին, ոստիկանական բաժանմունքի ղեկավարին, ով կատարուածին նայում էր բացակայող հայեացքով, մօտեցաւ թուրքական ոստիկանութեան գաղտնի աշխատակիցը եւ նրան նկատողութիւն արեց: Երբ ֆրանսիացի ոստիկանը բարձրացրեց մահակը, որպէսզի հարուածի իմ գլխին եւ սպաննի, ոստիկանական բաժանմունքի ղեկավարը միջամտեց.- «Դուք իրաւունք չունէք ինչ-որ մէկին սպաննել այստեղ, իմ բաժանմունքում: Սպաննուածը թուրք էր, իսկ այս մարդը երեւի հայ է եւ հաւանաբար մեր հպատակը»: Ծեծն աւարտուեց, սկսուեց հարցաքննութիւնը»: Դատն այդ գործով տեւեց մի քանի ամիս: Դատարանի առաջ կանգնած Թորլաքեանը վկաների ցուցմունքների լսումներից եւ Պաքւում հայերի ջարդերի նիւթերի ծանօթացումից յետոյ, Հոկտեմբերի 20ին, բրիտանական դատարանի կողմից պատասխանատու չճանաչուեց իր գործողութիւնների համար»:

Ճիվանշիր

Ճիվանշիր

Անգլիական զինուորական դատարանին առջեւ Թորլաքեանի դատապաշտպանութիւնը կատարեց Խոսրով Ներսէսեան, որ կուռ եւ հիմնաւոր փաստարկումներով մերկացուց Ճիվանշիրի ծանրագոյն յանցագործութիւնը։ Դատարանը թէեւ յանցանք նկատեց գործուած ահաբեկչութիւնը, բայց արդարացուց Թորլաքեանը՝ նկատի ունենալով անոր հոգեկան ու մտային հաւասարակշռութեան հասցուած հարուածը Ճիվանշիրի կողմէ։

Միսաք Թորլաքեան անպարտ արձակուեցաւ 22 Նոյեմբեր 1921ին, անցաւ Յունաստան եւ հոնկէ ալ Մ. Նահանգներ, ուր մնայուն բնակութիւն հաստատեց Քալիֆորնիոյ մէջ։

Երկրորդ Աշխարհամարտի աւարտին, Թորլաքեան գործուն մասնակցութիւն բերաւ Դրոյի նախաձեռնած հայ ռազմագերիներու փրկարական աշխատանքներուն։

Թորլաքեան կուսակցական աշխոյժ գործունէութիւն ծաւալեց մինչեւ իր վերջին տարիները, երբ հիւանդութիւնը անկողնին գամեց անխոնջ մարտիկին։

Այդ ժամանակ էր, 1968ին, որ Մ. Նահանգներ կատարած իր շրջապտոյտի ընթացքին, Ամենայն Հայոց Վազգէն Առաջին երջանկայիշատակ Հայրապետը հիւանդանոց այցի գնաց մահամերձ Թորլաքեանին եւ դաշնակցական աննկուն ահաբեկիչին արժանացուց Ազգային Հերոսի օրհնութեան։

Այդ օրհնութեամբ՝ առյաւէտ փակուեցան, 12 Նոյեմբեր 1968ին, ցաւատանջ եւ ցասկոտ աչքերը Միսաք Թորլաքեանի:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top