ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂԵԱՆԻ ՀԵՏ

0000TIGRAN4

0000TIGRAN4

Բացայայտելով Մարդկային Էութիւնը. Տիգրան Ձիթողցեանի Արուեստը

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ

 

Տիգրան Ձիթողցեանը մարդկային էութիւնը բացայայտող վարպետ է, արուեստագէտ: Նա դա անում է՝ կերտելով գերիրատեսական, յաճախ մոնումենտալ (կոթողական-Խմբ.) կտաւները, որոնք, եթէ անգամ հպւում են դէմքիդ, միեւնոյն է՝ թւում են, թէ միլիոնաւոր մղոններով հեռու են քեզանից:

Իրենց ուլտրա-գեր-լուսանկարչական ճշգրտութեամբ, հետեւաբար եւ՝ բացայայտ յստակութեամբ, այդ աշխատանքները քեզ են նայում  տարօրինակ հարազատութեամբ, անբացատրելի համակրանքով ու սեւեռումով, սակայն՝ ոչ երբեք դատելով: Նրանք նաեւ ճանաչելու, պեղելու բանալիներ են տալիս քեզ՝ սակայն երբեք չբացայայտելով ճանապարհը կամ միջոցը:

Այո, դա այդպէս է, որովհետեւ արուեստագէտ եւ մտածող Ձիթողցեանը պարզապէս քաջատեղեակ է մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիութեանը, հետեւաբար եւ՝ անմեկնելիութեանը:

Նա գիտէ բացարձակ մենակութեան անհրաժեշտութիւնը, ու, միաժամանակ, գիտէ սառնասիրտ ու լուռ յամառութեամբ բացայայտել բաբախող սրտի թաքնուած լեզուն:

«Հայելի»ն Տիգրան Ձիթողցեանի ամենանշանաւոր շարքերից է: Այս միագոյն (մոնոխրոմ) աշխատանքներում հիմնականում պատկերուած են դէմքերը ձեռքերի հետեւում թաքցուած կանանց դիմանկարներ, իսկ նրանց՝ բնորդուհիների դիմագծերն արտացոլւում եւ երեւակւում են  ձեռքերի վրայ:

Ձիթողցեանի բացառիկ գործերի շարքում են 2000ականներին նուիրուած  «Հազարամեակը» եւ «Միացում» վերտառութեամբ աշխատանքները, ինչպէս նաեւ «Պաշարիր Wall Street-ը» նկարները:

Իր՝ հիմնականում այլաբանական աշխատանքներում, Ձիթողցեանը զրոյացնում է տեխնիկապէս յագեցած մեր հասարակական-քաղաքական իրականութիւնը, ու, միաժամանակ, տարեց իմաստունի խորհրդին հետեւող երիտասարդի խելամտութեամբ՝ ազատօրէն վերցնում է համաշխարհային արուեստի մեծերից:

Տիգրան Ձիթողցեանն ապրում եւ աշխատում է Նիւ Եորքում: Նա ծնուել է 1976թ.ին, Երեւանում:  Նրա առաջին անհատական ցուցահանդէսը բացուեց, երբ տասը տարեկան էր: Այդ ցուցադրութեան աւելի քան 100 նկարներ Երեւանից ուղեւորուեցին ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա եւ Իսպանիա: Յետագայում Ձիթողցեանի աշխատանքները շարունակուեցին ցուցադրել աշխարհի բազմաթիւ երկրներում, այդ թւում՝ Եւրոպայում: Աւարտելով Երեւանի Գեղարուեստի ակադեմիան, Ձիթողցեանն իր մագիստրական (մագիՍտրոսի) կոչումը ստացաւ Շուէյցարիայի L՛Ecole cantonale d՛art du Valais-ում:

Յետագայում նա իր մասնագիտական կրթութիւնն ամբողջացրեց Անգլիայում եւ Հարաւային Աֆրիկայում:

 

Ձիթողցեանի շատ ստեղծագործութիւններ մասնաւոր հաւաքածուների մաս են կազմում: Նրա աշխատանքները ներառուած են նաեւ աշխարհի բազմաթիւ թանգարանների եւ պատկերասրահների մշտական հաւաքածուներում:

Սիւզան Սարանդոնի մասնակցութեամբ նրա աշխատանքները ներկայացնող «Ամերիկեան Հայելի. Անմահութեան Մտադրութիւն» ֆիլմը 2018ին արժանացաւ մրցանակի:

Ձիթողցեանին հանդիպեցի Երեւանում‘ նրա հետ խօսելով Օգոստոսի 22ին,  «Նուռ» ցուցասրահում բացուելիք իր անհատական ցուցահանդէսի մասին:

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ.- Ունենալով որոշ կոմպոզիցիոն (բաղադրութեան-Խմբ.) ընդհանրութիւններ, «Հայելի» շարքի աշխատանքներն, այնուամենայնիւ, զանազան մեկնաբանութիւնների եւ ընկալումների առիթ են տալիս: Ո՞րն էր այս շարքի ստեղծման շարժիչ ուժը:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑԵԱՆ.- Որպէս ուսումնասիրող եւ պրպտող մէկն, ով աշխատում է դիմանկարի ժանրում, ես չէի կարող չանդրադառնալ սելֆիի երեւոյթին: Սկզբում այն ներխուժեց սոցիալական ցանցեր, իսկ յետոյ եկաւ զտման ժանանկաշրջանը: Ինձ ապշեցնում էր ինքնացուցադրման այդ մոլուցքը, որը սակայն շուտով վերահսկելի դարձաւ: Եւ ես սկսեցի պատկերել կանանց զտուած դիմանկարներ, այնպիսին, ինչպէս նրանք ցանկանում էին երեւալ ուրիշներին: Ես զտողի դեր ստանձնեցի: Շարունակական  ինքնադիրքաւորումով հանդերձ՝ նկարի սուբյէկտը (ենթական-Խմբ.) թաքնւում է վերահսկուող, կառավարելի պատկերի եւ սահմանափակող զտիչների յետեւում:

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ.- «Գրաքննուած» վերտառութեամբ կտաւում կինը ձեռքերով թաքցնում է դէմքը՝ կարծես պաշտպանուելով հետաքրքրասէր աչքերից: Սրան ի հակադրութիւն, «Հայելի» շարքի կանայք, թէեւ ձեռքերով ծածկել են, բայց չեն թաքցրել իրենց դէմքը: Ի՞նչ էք տեսնում այս տարբերակներում:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑԵԱՆ.- Դա իմ կեանքի մի շրջան էր, երբ կնոջը վերաբերւում էի որպէս «ուրիշ, այլ» երեւոյթի, որը միաժամանակ թէ՛ առեղծուած է, թէ՛ գրաւիչ: Այդ շարքի վրայ աշխատելիս նաեւ ինքս ինձ էի ուսումնասիրում, քննում էի նրա հետ ձուլուելու, կնոջն ամբողջութեամբ ճանաչելու հեռանկարը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ հնարաւորութիւն ունեցայ մանրակրկիտ աշխատել այնպիսի մանրամասների վրայ, ինչի ժամանակն ու հնարաւորութիւնը իրական կեանքում չէի ունեցել:

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ.- «Հազարամեակ», «II Հազարամեակ», ինչպէս նաեւ «iPray» աշխատանքներում, ուր պատկերել էք մարդկութեան կեանքում տեխնոլոգիաների անկասելի ազդեցութիւնը, կարծես երեւոյթն առաւել ընդգծելու նպատակով, ներառել էք Տիրամօրն ու Մանկանը: Ի՞նչ էք կարծում, արդեօք կոմպոզիցիոն, իմացական  եւ յուզական ա-ռումներով  գաղափարներն առաւել ազդեցիկ են դառնում, երբ դիտարկւում են անցեալի մշակոյթի դիտանկիւնից:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑԵԱՆ.- Արուեստը պատմութեան ընթացքում փոխել է իր գործառնական նշանակութիւնը: Վերածննդի գեղանկարչութիւնը իդէալականացնում էր հոգեւոր եւ սոցիալական արժէքները: Մենք այսօր տեխնոլոգիական վերածննդի դարաշրջանում ենք ապրում:  Երբ ինձ անհատական ցուցահանդէսով հրաւիրեցին Ֆլորենցիա՝ որոշեցի աւանդական Ֆլորենտական դպրոցի գեղանկարչական լեզուով եւ տեխնիկայով ներկայացնել ժամանակակից ընտանեկան արժէքները: Ես համադրեցի ու սրբանկարները մեկնաբանեցի մերօրեայ տեխնոլոգիականներով: Ահա, թէ ինչու է առկայ մօր եւ երեխայի միջեւ բաժանումը եւ «գործառնական մեկուսացումը» աւանդական այն ձեւաչափերում, որոնք սովորաբար կիրառւում էին սրբերին փառաբանելու համար:

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ.- «Պաշարէք Wall Street-ը» վերտառութեամբ աշխատանքը կարծես ձեր անդրադարձը լինի սոցիալական անարդարութեանը. պոլօ խաղացողն իր կենսակերպով հակադրւում է սոցիալ-տնտեսական ամէնօրեայ խոչընդոտներ յաղթահարող զանգուածներին: Արդեօք արդար կը լինի՞ ասել, որ Նիւ Եորքն իր խիտ ու թանձր էներգետիկայով (աշխուժութեամբ, ներուժով-Խմբ.) մեծապէս ներկայ է ձեր աշխատանքներում:

Եւ, առհասարակ, ձեր աշխարհընկալումների վրայ Նիւ Եորքն ի՞նչ ազդեցութիւն ունի:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑԵԱՆ.- Լինելով Wall Street-ի բնակիչ՝ «Պաշարիր Wall Street-ը» ցոյցերի ժամանակ ես ամէն օր իմ շէնքի առջեւ հեծեալ ոստիկանութեան էի հանդիպում: Մի օր հրաւիրուեցի Համփթօնի «Պոլ»ի բարեգործական ձեռնարկին» ու յայտնուեցի սոցիալական բոլորովին հակադիր մի միջավայրում, ուր շուրջս քննարկւում էին հարուստների եւ հզօրների խնդիրները: Ու ես մտածեցի, ինչ կը լինի, եթէ պոլօ խաղից վերցնեմ ձիերին եւ նրանց հանդիպեցնեմ իմ հարեւանութեամբ գտնուող Նիւ Եորքի ոստիկանութեան բաժանմունքում  9ից 5 աշխատանք ունեցողներին: Ես այդ աշխատանքը նուիրել եմ բարեգործութեան նպատակով:

 

ՍՈՆԱ ՀԱՄԱԼԵԱՆ.- «Հայկական Հայելին», թերեւս, ձեր ամենավառ, ապշեցնող  ու առեղծուածային ստեղծագործութիւններից է: Ի՞նչ կ՛ասէք այս մասին:

ՏԻԳՐԱՆ ՁԻԹՈՂՑԵԱՆ.- Ես ուզում էի նկարել այսօրուայ Հայաստանի դիմանկարը: Ծերանոցում մի տարեց կնոջ հանդիպեցի: Նա զարմանալի, ապշելու գեղեցիկ հայկական աչքեր  ունէր: Բայց 2015ի նկարում նրա աչքերը չէք կարող տեսնել. երկու ձեռքով փակ է դէմքը: Ես ուզում էի նկարել հայ տատիկի, ով շատ բան է տեսել եւ պատմելու այդքան շատ բան ունի: Եւ, այնուամենայնիւ, օրուայ սոցիալական եւ քաղաքական իրողութիւններից ելնելով, նա նախընտրում է թաքցնել դէմքը: Նա մեր՝ բոլոր հայերի տատն է, նրա հետ կարող է նոյնականանալ մեզանից իւրաքանչիւրը:

Կարծում եմ, նա այսօր կ՛ուզենար ցոյց տալ իր գեղեցիկ դէմքը: Հայաստանեան իրականութեան մէջ այսօր փոփոխութիւններն ակնառու են, եւ այն արտացոլուած է փողոցում քայլող հայ մարդկանց դէմքին:

Ես երբեք Հայաստանն այնքան պայծառ եւ բացսիրտ չեն տեսել, ինչպէս այս օրերին: Իսկ ես պարզապէս դիտորդ եմ։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top