Ո՞վ Է Թուլացրել Արցախի Սահմանը. Մի Յանցաւոր Հրամանի Հետեւանքները

0817border

0817border

ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ

 

«Ես զինուորական եմ եւ հրաման եմ կատարել», «Ազատութեան» հետ զրոյցում 2008 թուականի մարտեան դէպքերի ժամանակ Արցախից Հայաստան զօրք բերելու հանգամանքին այսպէս է արձագանգել Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան այդ օրերի նախարար Մովսէս Յակոբեանը:

Ինչպէս պարզ է դարձել գեներալ Սամուէլ Կարապետեանի հրապարակուած հարցաքննութիւնից, 2008 թուականի Փետրուարի 23ին Լեռնային Ղարաբաղի տարբեր ստորաբաժանումներից Հայաստան է բերուել 700 զինծառայող: Նոյն հարցաքննութեան մէջ գեներալ Կարապետեանը նշել է, որ այդ ժամանակահատուածում հայկական կողմը Արցախում դիրքեր է կորցրել, որոնք յետագայում վերականգնել է:

Հարցաքննութեան հրապարակումից յետոյ հնչեցին հարցադրումներ, թէ ինչու է զինուորը սահմանը թուլացնելու հաշուին բերուել Հայաստան:

Այդ օրերին Արցախի պաշտպանութեան նախարար, ներկայումս Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Գլխաւոր ռազմական տեսուչ Մովսէս Յակոբեանը արձագանգել է, թէ նախ պէտք է հասկանալ ինչու են հրապարակուել նախաքննութեան գաղտնիք համարուող նիւթերը:

Յեղափոխութիւնից յետոյ նոր իրականութեանն արագ ադապտացուած (պատշաճեցուած-Խմբ.) գեներալի պատասխանները, մեղմ ասած, տարակուսելի են ու նոր հարցեր են ծնում:

Նախ՝ դարձեալ նկատելի է իրաւական պեդանտիզմը (իմաստակութիւնը-Խմբ.), երբ խնդրի բովանդակութիւնը ստորադասւում է կարեւոր հարցին, թէ ինչպէ՞ս են հրապարակուել նախաքննութեան գաղտնիք համարուող նիւթերը:

Այս հարցին հանգամանալից անդրադարձել ենք՝ նկատելով, որ խօսքն այլեւս չի վերաբերում նախաքննութեան գաղտնիքին, եթէ հաշուի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարեանի եւ միւսների գործը վաղուց դատարանում է, ու այդ նիւթերն այլեւս հրապարակային դատավարութեան մի մասն են: Բայց եթէ նոյնիսկ նիւթերի հրապարակման հարցում առկայ է յանցակազմ, ապա դրանով պէտք է զբաղուեն իրաւապահ մարմինները, իսկ Մովսէս Յակոբեանն այլեւս պէտք է պատասխանի այլ՝ աւելի կարեւոր հարցերի:

Ումի՞ց է ստացել հրամանը՝ Հայաստանի, թէ՞ Արցախի իշխանութիւններից:

Սա շատ սկզբունքային հարց է, որն առնուազն կարեւոր է Մարտի 1ի գործում պատասխանատուների շրջանակը ամբողջացնելու տեսանկիւնից: Եթէ Մովսէս Յակոբեանը հրամանը ստացել է Երեւանից, ապա ինքն իր հերթին հրաման է տուել Օգանովսկուն, էլ ո՞ւր մնաց Արցախի սուբյէկտութիւնը (ենթակայութիւնը-Խմբ.):

Կը նշանակի՝ Հայաստանի՝ ղարաբաղեան ծագում ունեցող երկու նախագահները փաստացի զաւթել են Հայաստանի իշխանութիւնը՝ Արցախի սուբյէկտութիւնը ոչնչացնելու, նրա առաջնագիծը թուլացնելու, բանակի գեներալներին քրէաօլիգարխիայի մաս դարձնելու եւ յանցագործ արարքների մղելու ճանապարհով: Իհարկէ, իրավիճակն արմատապէս չի փոխւում նաեւ այն պարագայում, եթէ պարզուի, որ Մովսէս Յակոբեանն ու Օգանովսկին Երեւանի հրամանը ստացել են միջնորդաւորուած՝ պաշտօնական Ստեփանակերտի միջոցով: Այս դէպքում մեծանում է Մարտի 1ի գործով պատասխանատուների ցանկը:

Ահա այսպէս է Ռոբերտ Քոչարեան-Սերժ Սարգսեան զոյգը «մտահոգուել» Արցախի ճակատագրով՝ բարիկադը (պատնէշը, պարիսպը-Խմբ.) հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխելով Երեւանի փողոցներ, թշնամու փոխարէն թիրախաւորելով Հայաստանի քաղաքացիներին:

Գեներալ Յակոբեանի «անմեղ» պատասխանից յետոյ հարցադրումներ են առաջանում նաեւ Հայաստանի գործող քաղաքական իշխանութեանը: Արցախի ՊԲ երկու բարձրաստիճան պաշտօնեաներ, ըստ էութեան, խոստովանում են, որ մասնակցել են Մարտի 1ի արիւնոտ իրադարձութիւններին: Եթէ Քոչարեանի գործով անցնում են բարձրաստիճան գեներալներ, ինչո՞ւ է ընտրական ու «հումանիստական» մօտեցում որդեգրուել այլ բարձրաստիճան զինուորականների հանդէպ, աւելին՝ Մովսէս Յակոբեանը նոր իշխանութեան պարագայում նոյնիսկ բարձր պաշտօն է զբաղեցնում: Արդեօք նա համագործակցո՞ւմ է նախաքննութեան հետ՝ տալով արժէքաւոր տեղեկութիւններ, թէ՞ գործ ունենք այլ շարժառիթների հետ: Սա սկզ-բունքային հարց է, որն ուղղակիօրէն ազդելու է Մարտի 1ի գործի լեգիտիմութեան (օրինականութեան-Խմբ.) վրայ:

Պակաս կարեւոր չէ հետեւեալ հարցի պատասխանը՝ նախաքննութիւնը զբաղւո՞ւմ է Մարտի 1ին Արցախի զինուորականների մասնակցութեան դրուագով, թէ՞ այն լղոզուել է Քոչարեանի ու միւսների գործում՝ պատասխանատուութիւնը տարածելով միայն Սէյրան Օհանեանի ու Իւրի Խաչատուրովի վրայ:

BBC-ի յայտնի հրապարակումից յետոյ հասարակութիւնն իրաւունք ունի ստանալ այս հարցերի պատասխանները, մանաւանդ որ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցի անդրադարձը՝ եթէ նոյնիսկ սենսացիոն (զգայացունց-Խմբ.) բացայայտումներ չի անում, որոշակիօրէն իրավիճակ է փոխել՝ Մարտի 1ի գործի շուրջ նոր դիսկուրս (մեկնաբանութիւն-Խմբ.) առաջացնելով ոչ միայն Հայաստանում:

«Ես զինուորական եմ եւ հրաման եմ կատարել» ձեւակերպումն արդեօք զինուորականններին ազատո՞ւմ է պատասխանատուութիւնից ու ենթադրում է քրէական հետապնդման դադարեցում նաեւ Սէյրան Օհանեանի ու Իւրի Խաչատուրովի հանդէ՞պ, թէ՞ գործ ունենք քաղաքական իշխանութեան ու նախաքննութեան մարմնի սուբյէկտիվիզմի (ենթակայական մօտեցումի-Խմբ.) հետ:

Միւս կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը ստացած Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը որոշ մանրամասներ է յայտնել, թէ ինչպէս են քննւում նմանօրինակ դիմումները: ՄԻԵԴը հին համակարգի ներկայացուցիչներին ակնարկել է՝ աւելի զուսպ ակնկալիքներ ունենալ Ստրասբուրգից: ՄԻԵԴը պարզաբանում է, որ Մարդու իրաւունքների եւրոպական կոնվենցիայի (համագումարի-Խմբ.) 16րդ արձանագրութիւնը հնարաւորութիւն է տալիս պետութիւններին դիմել խորհրդատուական կարծիքի համար: Դիմումը պէտք է առնչուի կոնվենցիայով սահմանուած իրաւունքների եւ ազատութիւնների կիրառման կամ դրանց մեկնաբանման սկզբունքներին: Խորհրդատուական կարծիքի համար կարելի է դիմել, եթէ գործի քննութիւնը տեղական ատեաններում դեռ ընթանում է: Դատարանը կարող է որոշել՝ ընդունել դիմումը կամ մերժել այն: Հինգ դատաւոր են որոշելու՝ կ՛ընդունե՞ն դիմումը, թէ ոչ, մերժման դէպքում էլ բացատրութիւններ կը տրամադրեն:

Ինչպէս տենում ենք՝ ՍԴ դիմումի առաջնահերթութեան կարգով քննարկման մասին որեւէ յիշատակում չկայ, աւելին՝ արձանագրւում է, որ Մեծ պալատի տուած խորհրդատուական կարծիքները պարտադիր չեն կատարման համար:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Varouj Garabedian said:

    Եկէք վարկեան մը ասանկ մտածենք. ՊԻՊԻՍԻին լուրերը եթէ սխալ են, արդիւնքը ինչ պիտի ըլլայ: Օր մըն ալ պիտի սկսինք թիւրքերուն եւ ազերիներուն տուած լուրերով մենք մեզի քննադա՞տել: Իմ կարծիքովս, մենք մեր ճաշը մեր ձեռքով պէտք է եփենք եւ օտարներուն դուրսը ձգենք: Նայինք ով յանցաւոր է, մենք գտնենք եւ մենք հաշիւի բերենք, չէ թէ ուրիշին ըսածներով փոթորիկ հանենք: Ղարապաղի սահմանին վրայէն հայ զինուոր մը Ազրպէյճան հասաւ: Ինչու ազրպէյճանցիներուն ըսածին չենք հաւատա՞ր, քանի որ գիտենք որ անոնք միշտ սուտ կըխօսին: Եւ լաւ է որ չենք հաւատար եւ ասոր պէս փոթորիկներ չենք հաներ այդ զինուորին համար: Օտարները մեզի կուզեն ծուղակը նետել, պէտք է խելքերնիս գործածենք եւ չինանք:

*

Top