Փաշինեանն Ու Իր Թիմը Պէտք Է Հասկանան, Որ Ամենավտանգաւորը «Անգրագէտ Պօղոսներն» Են, Երբ Զգում Են, Որ Խաբուել Են

0824gizaged

0824gizaged

ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ

 

Ամուլսարը լակմուսի (իտմուս-Խմբ.) թղթի դերակատարութիւն ունեցաւ բազմաթիւ հարցերում: Սկսած քաղաքականից, վերջացրած ներանձնային յարաբերութիւններից: Բայց մինչ այդ ամենակարեւոր ու, թերեւս, անհրաժեշտ դերակատարութիւնը, որ ունեցաւ Ամուլսարի հարցը, վերաբերում էր Նիկոլ Փաշինեանին, նրա ոչնչով չհիմնաւորուած ինքնավստահութեանն այն առումով, որ միայն իր խօսքը բաւարար է համապետական ու նոյնիսկ աւելի բարձր մակարդակի հարցեր լուծելու համար: Ցաւալի է, բայց տարիուկէս պարոն Փաշինեանը երկիրը կառավարում էր այս մտայնութեամբ. «Փաշինեանը ժողովրդի բացարձակ լեգիտիմութիւնը (օրինա-կանութիւնը-Խմբ.) վայելող վարչապետ է եւ նրա խօսքը անքննելի է»: Ժողովրդի մեծամասնութեան մօտ այս մտայնութիւնն էր իշխողը:

Վարչապետը, թերեւս, ինքն էլ էր սկսել հաւատալ դրան, ու Ամուլսարը սառը ցնցուղի դեր կատարեց, որ ճիշդ գնահատելու դէպքում խիստ ուսանելի կարող է լինել: Այլապէս, ինչպէս բազմաթիւ դէպքերում, այս անգամ էլ խնդիրը այնքան բուն Ամուլսարը չէր, որքան հանքարդիւնաբերութեան ընդհանուր խնդիրների համակարգային լուծումը եւ այդ թւում՝ Ամուլսարը դրանցից մէկը, որի լուծումը պէտք է փնտռել ընդհանուր համակարգային լուծման մէջ: Եւ ոչ առանձնացնել ու ներկայացնել որպէս առանձին խնդիր ու փորձել համոզել մարդկանց, որ այս մէկը նախադէպը չունեցող, գերժամանակակից սարքաւորումներով զինուած հանք է, որի պարագայում բացառւում է անգամ մէկ լիտր աղտոտուած ջրի արտահոսքը շրջապատի գետերի ջրային աւազան:

Եթէ Փաշինեանի կառավարութիւնը իր գործունէութեան տարիուկէսուայ ընթացքում հանքարդիւնաբերութեան մասով մշակած ու ընդունած լինէր ինքնիշխան պետութեանը յարիր օրէնսդրութիւն եւ այդ օրէնսդրական հիմքով սահմանուած լինէր այս ոլորտի խաղի կանոնները, ապա այսօր այս իրավիճակը չէր ստեղծուի, ու տեղի ունեցած գործարքի նկատմամբ քննարկումները կ՛ընթանային նոր իրավիճակին համապատասխան օրէնքի շրջանակներում, ու իրավիճակը հաստատ աւելի հասկանալի ու քննարկելի կը լինէր: Մինչդեռ պարոն Փաշինեանը, բառիս խորքային իմաստով, առաջնորդուեց «իմ դէմ խաղ չկայ» տղայական համոզմունքով ու ոչ միայն ինքը, իր վարկանիշը, իր կուսակցութիւնն ու կառավարութիւնը, նաեւ երկիրը յայտնուել է բաւականին խոցելի իրավիճակում, որի խոցելիութիւնը դարձեալ Ամուլսարը չէ: Չնայած, որ վարչապետի այս հարցի հետ կապուած ցանկացած քայլ փակուղային է: Առաջ գնալը, հանքը շահագործելը, ինչին տանում են զարգացումները, յղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Յետքայլը դարձեալ իր օգտին չի խօսում, չնայած, որ երէկ նա հարցի առնչութեամբ նման մի բան արեց, «Էլարդի» եզրակացութիւնն ուղարկելով բնապահպանութեան նախարարութիւն՝ պարզելու՝ եզրակացութեան մէջ կա՞ն տուեալներ, որոնք, Հայաստանի օրէնսդրութեան համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակայ միջավայրի ազդեցութեան նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտութիւն են առաջացնում:

Դա ինչ-որ առումով ողջունելի է, եթէ, իհարկէ, ընդամէնը ժամանակ շահելու նպատակ չի հետապնդում: Անկախ ամէն ինչից՝ ազդելու է վարչապետի վարկանիշի վրայ բացասական առումով: Այս ամէնում շատ լաւ էր մի բան, որ Փաշինեանը, որ գրեթէ կտրուելով իրականութիւնից, չէր պատկերացնում իրավիճակը, կը սթափուի: Գուցէեւ առաջին հայեացքից որեւէ ընդհանրութիւն չկայ, բայց Ամուլսարի «հովերից» էր, որ դեռ չնշանակած ազատել են տնտեսագիտական համալսարանի ռեկտորին (համալսարա-նապետ-Խմբ.):

Մի կողմ թողնելով երիտասարդ այդ յեղափոխական բարեփոխականից սպասուելիք ոչ պակաս վտանգները գիտակրթական համակարգում, նորից գանք հանքարդիւնաբերութեանը: Զարմանալի, նոյնիսկ զաւեշտալի էր թւում, երբ իմքայլական պատգամաւոր Հայկ Գէորգեանը բնապահպաններին, որպէս վերջիններիս «հակընդդէմ խոցող հարց», շարունակ շեշտում էր, թէ ինչու Քաջարանի, Կապանի եւ միւս հանքերի փակման հարցը չեն բարձրացնում եւ սեւեռուել են հէնց Ամուլսարի վրայ: Քիչ է, որ մինչ այդ իշխանութեան եկած թիմը այդ ուղղութեամբ բացարձակապէս ոչինչ չի արել, մի բան էլ դժգոհում են բնապահպաններից, որ այդ ուղղութեամբ չեն աշխատել, ու աշխատում: Նիկոլ Փաշինեանի՝ շուրջ հարիւր րոպէանոց ելոյթում սպասելի էր լսել, ինչպէս արդէն նշուեց, հարցի լուծման կոնցեպտուալ (յղացա-կան-Խմբ.), սկզբունքային առաջարկներ ամբողջ հանքարդիւնաբերութեան առումով: Ի վերջոյ, տարիուկէսը բաւարար ժամանակ է դրա համար: Ոչ մի խօսք: Մինչդեռ, անկախ այսօրուայ զարգացումներից, վաղը նոյն բնապահպանները բարձրացնելու են միւս հանքերի շահագործման հարցը: Շատերի պարագայում եթէ ոչ գործունէութիւնը դադարեցնելու, ապա բնապահպանական անվտանգութեան չափանիշները էապէս բարձրացնելու, ժամանակակից սարքաւորումներով վերազինուելու եւ արտադրական թափօնները նուազագոյնի հասցնելու առումով: Նիկոլ Փաշինեանն իր ելոյթում փոխանակ այդ ուղղութեամբ համատեղ գործելու, բնապահպանների հետ օրէնսդրական փոփոխութիւնների իր պատրաստակամութիւնը յայտնելուն, ուղղակի ու անուղղակի մեղադրական ակնարկներ ուղղեց միւս հանքատէրերին: Եթէ տարիուկէսը բաւարար ժամանակ չէր այդ ուղղութիւններով գործնական քայլեր իրականացնելու համար, գոնէ պէտք է հիմքերը դրուած լինէին, եւ պարոն Փաշինեանը «դատարկ ձեռքերով» չներկայանար հասարակութեան հետ զրոյցի ու փորձէր սրան-նրան խառնակչութեան մէջ մեղադրել: Եթէ ոչ վաղը, ապա մօտ ապագայում նոյն խնդիրները բարձրացուելու են նրանց պարագայում:

Գոնէ այդ դէպքում Փաշինեանն ու իր թիմը պատրաստ լինեն հիմնաւոր ինչ-որ բան ասելու, ինչ-որ լուծում առաջարկելու: Ցաւօք, քննարկումները եւ դրանցում իմքայլականների պահուածքը յուշում են հակառակի մասին:

Դաշնակցութիւնն առաջարկում է հանրաքուէի մեխանիզմի (մեքենակառոյց-Խմբ.) կիրառում, որը հարցի լուծման տարբերակներից մէկն է: Որքանով է ընդունելի, դա այլ հարց է: Եւ պարոն Փաշինեանի իմքայլական ոչ շարքային ներկայացուցիչներից մէկն ի պատասխան յայտարարում է, որ «ժողովուրդը երբեմն կարող է սխալուել կոնկրետ (յստակ-Խմբ.) հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բաւարար գիտելիք կամ տեղեկութիւններ ունենալու պատճառով: Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագէտ Պօղոսը՝ իր անգրագէտ բազմամարդ ընտանիքով, աւելի մեծ դեր խաղայ կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»: Սա արդէն տխուր է, որովհետեւ տարիուկէս առաջ էլ գիտնական Պետրոսը պնդում էր, որ անգրագէտ պօղոսների շնորհիւ Փաշինեանը 70-80 տոկոս ձայն է հաւաքել, ինչի արդիւնքում այսօր իրականութեան զգացողութիւնը կորցրել է: Հետեւաբար, եթէ չլինէին անգրագէտ պօղոսները (իսկ որն է սրանց գրագիտութեան չափման միաւորը, բանասիրութեան դոկտորը, որ քաղաքական խարդաւանքներից գլուխ չի հանում՝ գրագէ՞տ է, թէ՞…), չէր բացառւում, որ «Իմ քայլը» այսօր ԱԺում մեծամասնութիւն չէր ունենայ, ու այդ դէպքում բոլորովին այլ իրավիճակ կ՛ունենայինք նաեւ Ամուլսարի հարցում: Ինչեւէ: Այսօր ունենք այն, ինչ ունենք, մնում է, որ միայն պարոն Փաշինեանն ու իր թիմը մի շարք չհասկացածների հետ հասկանան նաեւ, որ ամենավտանգաւորը անգրագէտ պօղոսներն են, երբ զգում են, որ խաբուել են: Չնայած, որ դա տարիուկէս առաջ պէտք է որ հասկացած լինէին:

 

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top