Կառավարման Եւ Տնտեսական Ճգնաժամի Հիմքերը Հայաստանի Հանրապետութիւնում

Արա Նռանեան
Արա Նռանեան

Արա Նռանեան

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Հանրային բանավէճի օրակարգը յուշեց առանց որեւէ խմբագրման կամ փոփոխութեան ընթերցողի դատին տալ այն զեկոյցը, որն ուղիղ երկու տարի առաջ՝ 2017ի Սեպտեմբերին ներկայացրել էի Աղվերանում ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ անցկացուած խորհրդաժողովին, մասնակցութեամբ յայտնի գործիչների, սոցիոլոգների (ըմկերաբաններու-Խմբ.), տնտեսագէտների, գործարարների, գիտական եւ ուսումնական հաստատութիւնների ներկայացուցիչների, նախկին եւ ներկայ պաշտօնեաների:

ՆԱԽԱԲԱՆ
Թոյլ պետութեան մոդելի տրամաբանութեամբ… Մեր երկրում մշտապէս քննարկուող հարցերից է, թէ երբ է իրավիճակը շտկուելու եւ ով է այս ամէնի համար մեղաւոր: Ընդ որում՝ յստակ ձեւակերպուած չէ, թէ ի վերջոյ ինչն է երկրում ընթանում սխալ, ինչու է սխալ ընթանում, որն է ճիշդը եւ ինչպէս դրան հասնել: Հանրութիւնը մշտապէս դնում է միայն պարզ հարցադրում՝ ո՞վ է մեղաւոր:

Անձերի մեղաւորութեան դաշտ տանելով անշուշտ կարելի է հիմնաւորել սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) պատճառներով մշտապէս ճգնաժամային վիճակում յայտնուելու փաստը: Բայց որեւէ մէկի մտքով այս պայմաններում չի անցնում մէկ այլ աւելի խորքային խնդիր՝ Հայաստանի ներկայիս վիճակին եւ ապագայի հեռանկարներին առնչուող հարցերի պատճառները իրականում օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) են: Հայաստանում դժգոհ են բոլորը:

Գոհ մարդ չկայ:

Այդ դժգոհները բաժանւում են չորս մասի:

Առաջինը նրանք են, ովքեր ասում են, որ այո, խնդիրներ կան, սակայն դրանք կը լուծուեն աստիճանաբար, քանի որ ընդամէնը 2-3 տասնամեակում նորանկախ պետութիւնում չի կարող ամէն ինչ լինել իդէալական: Հարկաւոր է համբերութիւն՝ աստիճանաբար ամէն ինչ կը շտկուի:

Դժգոհների երկրորդ խումբը նրանք են, ովքեր համարում են, որ այդ խնդիրները իրան-իրան միայն ժամանակի մէջ չեն լուծուելու եւ ճիշդ քաղաքականութիւն իրականացնելու դէպքում ամէն ինչ կարող է աւելի դրական ուղղութեամբ գնալ: Թէեւ վիճակը լաւ չէ, սակայն այն շտկելի է ամէնօրեայ աշխատանքի արդիւնքում:

Երրորդ տեսակը ասում է, որ ամէն ինչի հիմքը սուբյեկտիւ գործօնն է: Անձերի փոփոխութիւնը կը փոխի իրավիճակ: Ընդ որում, նման մօտեցման կողմնակիցները գաղափարական եւ գործնական տեսակէտից ոչ միայն չեն տարբերւում ներկայիս իշխանութիւնից՝ դժգոհների առաջին խմբից, այլ ըստ էութեան ցանկանում են նոյն գաղափարախօսութեամբ առաջնորդուել, պարզապէս այլ անձերով:

Չորրորդ խումբը արտագաղթողներն են…

Այս մօտեցումների մէջ իսպառ բացակայում է այն կասկածը, որ Հայաստանում հիմք դրած, ձեւաւորուած եւ գործող մոդելը (նախատիպը-Խմբ.) պարզապէս չի թողնում այլ տեսակի պետութիւն ունենալու այլընտրանք: Որեւէ մէկը չի բարձրաձայնում մի կարեւոր հարց՝ Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծուել է պետական կառավարման համակարգ, որի խորքում ընկած է թոյլ պետութեան գաղափարախօսութիւնը: Դրանով է պայմանաւորուած այն հանգամանքը, որ անկախ իշխող անձերի փոփոխութիւնից, համաշխարհային կամ ներքին տնտեսական վիճակից, երկրի փաստացի ցարգացումը դադարեցուած է:

Հայաստանը ոչ միայն չի զարգանում, այլ նոյնիսկ հասարակական միտքը չգիտի ինչ անել եւ ինչպէս դա անել: Ստորեւ կը ներկայացուեն այն թէզերը, որոնք ոչ միայն դարձան հիմնարար թոյլ պետութիւն կառուցելու, աւելի ճիշդ՝ գոյատեւելու համար, այլ նաեւ այնքան են դարձել երկրի կառավարման բնական ուղեկիցները, որ որեւէ մէկը չի դնում դրանք կասկածի տակ:

1. Պետութիւնից պետական կառավարման ֆունկցիաների (պաշտօններու, գործառնութիւններու-Խմբ.) օտարում.
Թոյլ եւ աղքատ պետութեան մո-դելով առաջնորդուելը ունէր իր յստակ ծրագիրը, մեթոդները, որոնք տարիների ընթացքում կատարելագործուել են, աւելի ու աւելի թուլացրել պետական կառավարման համակարգը, կուտակել խնդիրներ, առանց դրանցից որեւէ մէկը լուծելը: Աւելին, ներկայիս մոդելի շրջանակներում յաջորդ տարիներին նոյնպէս Հայաստանի որեւէ խնդիր չի լուծուելու:

Հայաստանում պետական ֆունկցիաները տարիների ընթացքում օտարուեցին պետական կառավարման համակարգից, իսկ վերջինիս նպատակազրկեցին: Հայաստանի որեւէ պետական մարմին, պետական պաշտօնեայ՝ ամենաներքեւից մինչեւ վերեւ, չունի նպատակ, խնդիրներ, ֆունկցիաներ եւ ամենակարեւորը՝ գործիքակազմ: Հայաստանում փաստացի վերացուեց կառավարման դաշտը՝ պետական կառավարման համակարգը, երկիրը փաստացի չունի կառավարման համակարգ: Տնտեսութիւնը, տնտեսութեան ճիւղերը, ձեռնարկութիւնները, քաղաքացիները՝ առանձին են, պետական համակարգը՝ առանձին:

Կառավարման ֆունկցիան սկզբում փոխարինուեց կարգաւորման ֆունկցիայով, իսկ կարգաւորման գործառոյթը իմաստազրկուեց իրաւական դաշտի փոփոխութիւններով: Կարգաւորումն էլ վերածուեց ինքնակարգաւորման: Ինչի մասին է խօսքը: Հիմք ընդունելով այն թէզը, որ Հայաստանը յետ-խորհրդային համայնավար, բիւրոկրատական (դիւանակալային-Խմբ.) եւ կոռումպացուած (փտած-Խմբ.) հանրապետութիւն է, ուղղութիւն վերցուեց դէպի պետական կառավարման մարմիններից հնարաւորինս գործառոյթների օտարումը, իսկ մնացածի մասով՝ մանրամասն արտացոլումը իրաւական կարգաւորման մէջ:

Արդիւնքում՝ պետական կառավարման համակարգի գործունէութեան իմաստը դարձաւ ոչ թէ խնդիրների լուծումը եւ նպատակներին հասնելը եւ դրանց համար որոշ գործիքակազմերով գործառոյթների իրականացումը, այլ իրաւական կանոնակարգերի կատարումը: Միամիտ կարծիքը, որ օրէնսդրական մանրակրկիտ կարգաւորումը կը լուծի բոլոր խնդիրները՝ կապուած կոռուպցիայի (կաշառակերութեան-Խմբ.) կամ օրէնքը շրջանցելու հետ, դարձաւ իշխող եւ յանգեցրեց մի կողմից պետական մարմինների անգործութեան, իսկ միւս կողմից՝ աւելի մեծ կոռուպցիայի, բայց արդէն օրէնքների եւ բոլոր կանոնակարգերի դրոյթների պահպանմամբ: Ձեւաւորուեց պետական մարմինների նկատմամբ անվստահութեան ի սկզբանէ ընդունուած նախապաշարմունք: Ապականուեց ինքնին իրաւական կարգաւորում հասկացութիւնը, իսկ ֆունկցիայի կատարումը զոհ գնաց օրէնքների թուացեալ կատարման:

2. Ֆինանսական զսպուածութիւնը ընդդէմ զարգացման.
Յաջորդ կարեւոր թէզը, որը սպաննեց զարգացման հեռանկարը, ֆինանսական զսպուածութիւնն է, երազանքներ եւ նպատակներ ունենալու արգելքը: Պետութեան այս մոդելը ենթադրում էր ֆինանսական կարգապահութիւն՝ համաձայն այն հաստատման, որ ցանկացի այնքան, որքան գումար ունես, ծախսի այնքան, որքան գրպանումդ է:

Հայաստանի պետական բիւջէն դարձաւ աշխատավարձ, թոշակ տալու, ինչպէս նաեւ պետական ապարատի նուազագոյն կարիքների սպասարկման միջոց: Զարգացման տրամաբանութիւնը ամբողջութեամբ հանուեց պետական ֆինանսական քաղաքականութիւնից: Պետութիւնը դադարեց լինել խոշոր ներդրող եւ շուկայում միջավայր թելադրող, իսկ բիւջետային միջոցների օգտագործումը երկրի տնտեսութեան զարգացման համար սկսուեց դիտարկուել որպէս միջամտութիւն շուկայական տնտեսութեան գործունէութեանը: Այնինչ վաղուց յայտնի է, որ յստակ ընդգծուած նպատակը հետեւողական աշխատանքի հետ միշտ տալիս է իր արդիւնքը:

Սակայն դա թելադրում է բոլորովին այլ ոճի ֆինանսական քաղաքականութիւն եւ ֆինանսական հոսքերի կառավարում: Սա պետութեան մասով: Հասարակութեան պարագայում տեղի ունեցաւ հակառակը: Հայաստանում ձեւաւորուել է, այսպէս ասած, կատարեալ սպառողների հասարակութիւն: Դա այնպիսի սպառողներն են, որոնք ցանկանում են օգտուել բոլոր ժամանակակից բարիքներից, բոլոր գովազդուող եւ ոճային իրերից եւ նիւթական հնարաւորութիւնները որեւէ էական դեր այս նպատակի ապահովման համար չեն խաղում: Եւ հէնց այն պետական եւ մասնաւոր ֆինանսական համակարգը, որը պէտք է կոչուած լինի կառուցել հզօր տնտեսութեամբ պետութիւն, իր քաղաքականութեամբ ձեւաւորում է կատարեալ սպառողների հասարակութիւն:

3. Գործիքակազմից զրկումը.
Եւ քանի որ պետութիւնը որեւէ խնդիր եւ նպատակ չունէր, իսկ ողջ կարգաւորման գործառոյթը պէտք է մնար շուկային, այսինքն՝ ոչ մէկին, Հայաստանում պետական կառավարման համակարգը զրկուեց նաեւ համապատասխան գործիքակազմից: Ամբողջութեամբ վերացուեց պետական հատուածը, կազմաքանդուեցին ռազմավարական նշանակութեան պետական ձեռնարկութիւնները եւ ոլորտները: Առաջին հերթին խօսքը վերաբերում է տրանսպորտի, էներգետիկայի (ուժանիւթի-Խմբ.) եւ հանքարդիւնաբերութեան ոլորտներին:

Տնտեսութեան ապապետականացման արդիւնքում արհեստականօրէն ձեւաւորուեց տնտեսվարողների խաւ, որոնք աւելի ուժեղ էին ոչ միայն առանձին պետական մարմիններից կամ պաշտօնեաներից, այլեւ ողջ պետական համակարգից: Աւելին՝ պետական համակարգը սկսեց ծառայել մասնաւոր բիզնեսի շահերին: Այդ ամէնի լաւագոյն հայելին քաղաքաշինական պատկերն է:

4. Կառավարման կազմակերպական փոշիացում.
Գաղափարախօսութեան հիման վրայ պետականամէտ կառավարումը վերացնելու համար տեղի ունեցաւ նաեւ կառավարման համակարգի կազմակերպական փոշիացում: Նման լաւագոյն ապացոյցներից է տեղական ինքնակառավարման համակարգը գրեթէ հազարին հասնող ինքնակարգաւորուող, իսկ իրականում՝ ինչ-որ մարդկանց կողմից տնօրինուող տարածքների ձեւաւորմամբ:

Ձեւաւորուած մարմինները չունէին որեւէ էական լծակ, գումար եւ առաւել եւս՝ մտաւոր պոտենցիալ (կարողութիւն-Խմբ.) այդ համայնքները զարգացնելու, սակայն առկայ գործիքները բաւարար էին մի խումբ մարդկանց կարիքների բաւարարման եւ այլոց ճակատագրերի տնօրինման համար: Պետական կառավարման համակարգում փոշիացումը միաժամանակ արտայայտուեց եւ շարունակում է արտայայտուել կեղծ եւ անիմաստ մարմինների, ինչպէս նաեւ վիճելի գործառոյթներով կառոյցների ձեւաւորմամբ:

Նման մարմիններն են ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ, ԿԲ, բազմաթիւ անհասկանալի ՊՈԱԿներ, արտօնեալ Հիմնադրամներ եւ ԾԻԳեր, արդէն վերը նշուած ՏԻՄեր, ՄԻՊը, հիմա էլ բիզնես օմբուդսմեն (շահերու պաշտպան-Խմբ.) եւ նոյնիսկ՝ բժշկական օմբուդսմեն ինստիտուտները (հիմնարկները-Խմբ.), տարբեր տեսակի պալատներ՝ փաստաբանների, հաշուապահների, աուդիտորների (հաշուեքննիչներու-Խմբ.), ճարտարապետների եւ այլն: Պետական համակարգը փոշիացուեց նաեւ ինստիտուցիոնալ (կառուցային-Խմբ.) նորամուծութիւններով՝ գնումների համակարգ, հողերի անվերահսկելի մասնաւորեցում, տարբեր կոնցեսիաներ (մենաշնորհներ-Խմբ.) եւ բաց երկինքներ… Այսպիսի հաստատութիւնները դուրս մնացին պետական կարգաւորումից, դադարեցին մասնակցել պետութեան զարգացմանը, պետական միջոցների հաշուին ունեցան որոշակի ֆինանսական ազատութիւն եւ անկախութիւն, սակայն ոչ մի պարտաւորութիւն պետութեան առջեւ: Ի դէպ, նման կործանարար գործընթաց ընթանում է նաեւ որոշ զարգացած պետութիւններում, որտեղ բիւրոկրատական ապարատի (գործիքի-Խմբ.) շահը սկսում է իշխել պետական շահերին: Սակայն միեւնոյն ժամանակ որոշ երկրներ շարունակում են պահպանել խիստ պետական կառավարումն ու կարգաւորումը:

5. Պետականամէտ պրոֆեսիոնալ (մասնագէտ-Խմբ.) կառավարիչների դասի բացակայութիւն.
Այս տարիների ընթացքում երկրում փաստացի վերացուեց պետական համակարգի միջոցով պետական պաշտօնեաների զտման, ֆիլտրման եւ ձեւաւորման համակարգը, որը գոյութիւն ունէր խորհրդային տարիներին: Հաշուի առնելով զարգացման միտումները անկախութիւնից յետոյ, կարելի է արձանագրել, որ նոր սերնդի պաշտօնեաները չունէին ոչ համապատասխան քաղաքական ու գաղափարական յենարան, ոչ սկզբունքայնութիւն, ոչ էլ սեփական կարծիք:
Իսկ միասնական ծրագրային նպատակների բացակայութեան պայմաններում պաշտօնեաների միջին դասը վերածուեց վերադասի ցանկութիւնները կատարողների: Հայաստանում պրոֆեսիոնալ բարձրակարգ պետական կառավարիչների դասի բացակայութեան պայմաններում ունեցանք հազարաւոր պաշտօնեաներ, որոնք կարող են տնօրինել մարդկանց ճակատագրեր՝ լինի դա ՏԻՄերի, ուժային, դիւանագիտական, թէ տնտեսական կառավարման ոլորտում: Սակայն պետական մտածելակերպով քանի՞ պրոֆեսիոնալ պետական կառավարիչ ունենք: Հայաստանում սխալ ընկալուեց պետական մտածելակերպ հասկացողութիւնը:

Հայրենասիրութիւնը, հայրենիքի եւ ազգի ճակատագրով մտահոգութիւնը դեռեւս պետական մտածելակերպ չէ:

Պետական մտածելակերպը պետութեան տեսանկիւնից մտածելն է՝ առանց սուբյեկտիւ, այդ թւում՝ սեփական շահերի ազդեցութեան որոշումներ կայացնելու ունակութիւնը:

6. Նիւթականացուած հասարակութեան աղքատացում.
Կատարեալ սպառողական հասարակութեան ձեւաւորումը բերեց աղքատութեան: Ոչ, Հայաստանի բնակչութիւնը իրականում այնքան աղքատ չէ, որքան մշտապէս բարձրաձայնւում է: Աղքատութիւնը միայն նիւթական կատեգորիա չէ, այլ նաեւ հոգեւոր: Հասարակութեան հոգեւոր աղքատութիւնը բերել է հոգեւոր դիսկոմֆորտի (անհանգստութեան-Խմբ.) եւ նիւթական սահմանափակ բարիքները ոչ ճիշդ տնօրինելու վիճակի, ինչը առանձին քննարկման թեմա է…

Այս ամէնի արդիւնքում առկայ է պետութիւն, առկայ է պետական համակարգ, սակայն առկայ չեն՝

– Պրոֆեսիոնալ կառավարիչները, որոնք պէտք է ղեկավարեն պետութիւնը.

– Լծակներն ու գործիքները, որոնք պէտք է գործադրուեն այդ կառավարիչների կողմից.

– Քաղաքացիները, որոնք պէտք է իրագործեն պետութեան զարգացման ծրագիրը:

Քաղաքացիների դժգոհութեան, դժբախտութեան, արդիւնքում՝ արտագաղթի պատճառները հէնց պետութիւնում առկայ բարքերի նիւթականացումն է, ներքին հոգեւոր հարստութեան, հոգեւոր արժէքներով ապրելու կուլտուրայի (մշակոյթի-Խմբ.) բացակայութիւնը, անվստահութիւնը պետութեան եւ պետական մարմինների, իսկ արդիւնքում՝ երկրում իր ապագայի նկատմամբ: Չկայ այն նպատակը, յանուն որի մարդիկ տեսնում են իմաստ ապրել եւ պայքարել իրենց երկրի ապագայի համար: Հայաստանում հասարակութիւնը հրաժարւում է կրել հանրային հոգսը եւ կիսել ու կրել պատասխանատուութիւն երկրի հեռանկարի համար:

7. Թոյլ դիմադրողականութեամբ պետութիւն.
Այս ամէնով է պայմանաւորուած այն իրավիճակը, որը տեսնում ենք՝ ձեւաւորուել է թոյլ դիմադրողականութեամբ պետութիւն: Այս պետական համակարգը եւ պետական ապարատը դժուարութիւններ ունեն լուծելու որեւէ խնդիր, իսկ ցանկութեան դէպքում չունեն որեւէ հնարաւորութիւն: Բնական հարստութիւնների փոշիացում, տրանսպորտային (փոխադրութեան-Խմբ.) խնդիրներ, ճանապարհաշինութիւն, հասարակութիւնում բռնութեան աճ, վթարներ, ծխելու սահմանափակում…

Պետութեան ներկայիս մոդելով նոյնիսկ խնդիրներ, որոնց լուծելու ցանկութիւնն առկայ է, լաւագոյն դէպքում մնում են նոյն տեղում: Այս պայմաններում այնպիսի խնդիրներ, որոնք առնչւում են քաղաքական իշխանութեան եւ բարիքների բաշխմանը, առաւել եւս չեն կարող լուծուել: Խօսքը մենաշնորհների, քաղաքաշինութեան, գնումների համակարգի, վարկային եւ բիւջետային միջոցների ծախսերի արդիւնաւէտութեան, կադրային հարցերի մասին է եւ այլն:

8. Առանց նպատակի եւ ֆունկցիայի պետական կառավարումը՝ ոլորտների առեւտրայնացման պատճառ.
Հոգեւոր եւ արժէքային համակարգով ապրող էլիտայի (ընտրանիի-Խմբ.) եւ օրինակելի բարձրաստիճան պաշտօնեաների չափորոշիչների բացակայութեան պայմաններում իրականացւում է »թեթեւ« կառավարում՝ ֆունկցիան չկայ, նպատակը դրուած չի:

Պետական ֆունկցիան եւ քաղաքացու պարտականութիւնները փոխարինուեցին փող աշխատելով եւ միմեանց նկատմամբ առեւտրային յարաբերութիւնների՝

– Ճանապարհային ոստիկանութեան նպատակը ոչ թէ կանխարգելելն ու կարգուկանոնի հաստատումն է, այլ տուգանքների հաւաքագրումը:

– Կրթական հաստատութիւնների նպատակը ոչ թէ կրթութիւն տալն է, այլ վարձավճար հաւաքագրելը:

– Առողջապահական հիմնարկների նպատակը ոչ թէ բուժելն է, այլ դրամ վաստակելը:

Եւ այդպէս շարունակաբար բոլոր ոլորտներում: Համընդհանուր դրա-մահաւաքի պայմաններում ոլորտներում, որտեղ օրէնսդրօրէն փող վաստակելը սահմանափակուած կամ արգելուած է, դա արւում է ոչ ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) եղանակներով:

9. Կտրուկ քայլերով դէպի այլ արժեհամակարգով նոր պետական կառավարման համակարգի ձեւաւորում.

Ի՞նչ է հարկաւոր անել իրավիճակը փոխելու համար: Անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք ցոյց կը տան էլիտայի ցանկութիւնն ու ունակութիւնը լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հարկաւոր է սկսել ոչ ուղղակի կամ, աւելի ճիշդ՝ անուղղակի քաղաքական եւ տնտեսական խնդիրներից:

Իրավիճակից դուրս գալու համար կայ մէկ ուղղութիւն. սահմանել յստակ նպատակ՝ կառուցել այլ տիպի պետութիւն եւ հասարակութիւն նոր պետական կառավարման համակարգով եւ նոր տիպի քաղաքացիներով: Դրա համար առաջին փուլում անհրաժեշտ են կտրուկ քայլեր, որոնք ազդակ կը հաղորդեն հասարակութեանը նոր տիպի հասարակական յարաբերութիւններ կառուցելու ցանկութեան ու վճռականութեան վերաբերեալ:

Անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականութիւնը, իսկ պետական պաշտօնեաների առջեւ դնել յստակ, չափելի եւ կոնկրետ (յստակ-Խմբ.) նպատակներ: Պետական մարմինները պէտք է ունենան իրենց առջեւ յստակ 2-3 ռազմավարական նշանակութեան խնդիր, որոնց լուծումը կը բերի որակական փոփոխութեան իրենց կարգաւորման ոլորտում, ինչի հիման վրայ կը գնահատուի նրանց աշխատանքի որակն ու մակարդակը:

Տեսանելի կտրուկ քայլեր, որոնք կարելի է անել առաջին փուլում՝ շահումով խաղերի պետականացում, պետական տրանսպորտային համակարգի ձեւաւորում, օդային փոխադրողի ստեղծում, հանքարդիւնաբերութիւնում ներդրումների սահմանափակում, երթեւեկութեան կարգուկանոնի հաստատում (ոչ թէ միայն տուգանում՝ այլ կարգապահութեան ապահովում), հասարակութեան զինաթափում, քաղաքաշինական ոլորտում անվերահսկելիութեան եւ մասնաւոր շահերով առաջնորդուելով բացառում, լրատուական դաշտի կանոնակարգում, պետական համակարգից ձրիակերների, օրինակ՝ դիւանագիտական կորպուսում (խումբին մէջ-Խմբ.), վերացում եւ այլն:

Այո, Հայաստանն ունի տնտեսական եւ սոցիալական (ընկերային-Խմբ.) խնդիրներ, սակայն դրանց լուծումները միայն մասնագիտական տնտեսագիտական չեն:

«ԱՌԱՒՕՏ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top