Մեծաքանակ Ուրանի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի

Ամուլսարի հանք
Ամուլսարի հանք

Ամուլսարի հանք

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«1952-1954թթ.ին, խորհրդային տարիներին, Ռուսաստանից հետազօտական խումբ է ուղարկուել Ամուլսար՝ ռադիօակտիւ միացութիւններ փնտռելու, եւ գտել են ուրան (մօտ 100 տոննա), ինչպէս նաեւ՝ թորիում եւ ռադոն: Նրանց հետազօտութիւնների արդիւնքում գրուած զեկոյցը բաղկացած է 126 էջից, եւ ժամանակին տպագրուել է որպէս «բացարձա՛կ գաղտնի» փաստաթուղթ, որովհետեւ ռադիօակտիւ (շողարձակ) միացութիւնները, ուրանը համարւում են ռազմավարական պաշարներ երկրի համար», այս մասին յայտարարեց դոկտոր Գագիկ Մելիքեանը «Ապրիլ» գրախանութում Սեպտեմբերի 18ին կազմակերպուած՝ «Ամուլսար. ի՞նչ ակնկալել» խորագրով ձեռնարկի ժամանակ:

Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի քիմիայի պրոֆեսորը նշեց, որ նշած ուսումնասիրութեանը ծանօթացել է մօտ մէկ ամիս առաջ եւ համարում է, որ այն չափազանց բարձրորակ է, եւ առկայ քարտէզում նշուած են բոլոր այն հատուածները, որտեղ կարելի է պարզ տեսնել ռադիօկատիւ միացութիւնների վայրը: «Եթէ հանքը շահագործուի, պայթեցումներ են տեղի ունենալու եւ փոշին բարձրանալու է եւ տարածուելու, իսկ յատկապէս այդ վայրերում, որ յայտնի է, որ քամոտ է՝ ողջ շրջակայքը կը վարակուի ուրանով կամ թորիումով, ինչը կը մնայ հազարաւոր տարիներ: Ըստ այդմ, տուեալ շրջանի բնակիչների համար միակ ուղին այդ վայրերից հեռանալն է: Վտանգը շատ մեծ է, եւ վտանգներն էլ այս դէպքում կառավարելի չեն», նշեց դոկտոր Մելիքեանը: Նա մտահոգիչ համարեց փաստը, որ Ամուլսարում առկայ ուրանի մասին չեն խօսում ո՛չ բնապահպանութեան, ո՛չ առողջապահութեան նախարարութեան ներկայացուցիչները: Գագիկ Մելիքեանը տեղեկացրեց նաեւ, որ սարում առկայ են ծանր մետաղներ, այդ թւում՝ կապար, սնդիկ, մկնդեղ:

Դոկտոր Գագիկ Մելիքեանը (ձախ) եւ Յարութ Պրոնոզեանը «Ապրիլ» գրախանութում Սեպտեմբերի 18ին կազմակերպուած՝ «Ամուլսար. ի՞նչ ակնկալել» խորագրով ձեռնարկի ժամանակ

Դոկտոր Գագիկ Մելիքեանը (ձախ) եւ Յարութ Պրոնոզեանը «Ապրիլ» գրախանութում Սեպտեմբերի 18ին կազմակերպուած՝ «Ամուլսար. ի՞նչ ակնկալել» խորագրով ձեռնարկի ժամանակ

Բանախօսը նշեց, որ երբեմն ցուցադրւում են տեսանիւթեր, որտեղ Ամուլսարի հարեւան գիւղերի բնակիչներից ոմանք կողմ են հանքի շահագործմանը՝ աշխատատեղերի ստեղծման ակնկալիքով, սակայն ճշմարտութիւնն իմանալուց յետոյ՝ դժուար թէ մնան նոյն կարծիքին:

«Խորհրդային տարիներին ուրանով լի հանքերում աշխատելու էին ուղարկում մարդկանց, ովքեր դատապարտուել էին մահապատժի. նրանց ընտրելու հնարաւորութիւն էին տալիս, եւ ասում էին, որ կարող են ուղարկել հանք աշխատելու, որտեղ նրանք վեց ամից անց մահանալու են: Արդեօք Հայաստանի այդ շրջանի բնակիչները գիտե՞ն, թէ ինչ է սպասուելու իրենց եւ իրենց երեխաներին՝ հանքի շահագործումից յետոյ: Տարածքի վարակուելը ծանր մետաղներով շատ աւելի վատ է, քան եթէ քիմիական զէնք օգտագործուի, քանզի վերջինիս հետեւանքները կարելի է վերացնել, իսկ ծանր մետաղների դէպքում՝ չէզոքացման մեթոդ չկայ, բացի այն, որ հարկաւոր է այդ հողի շերտը ֆիզիկապէս վերցնել եւ տեղափոխել այլ տեղ, ինչը գործնական առումով անհնար է»:

Մելիքեանը նշեց, որ շահագործող ընկերութիւնը խօսում է մոնիթորինգի (հսկողութեան) մեխանիզմների մասին, սակայն ըստ նրա, դրա համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: »Իւրաքանչիւր ծանր, ռադիօակտիւ միացութիւնների համար պէտք է սենսորներ (ցուցիչներ) դրուեն, եւ կարիք կը լինի մեծ թուով մարդկանց, ովքեր պէտք է վերսահսկեն իրավիճակը, ինչն իմ կարծիքով, անհնար է: Ասենք, պայթիւնից յետոյ քամին տարածեց փոշին դէպի Գնդեվազ, Ջերմուկ, ինչ մոնիթորինգի մասին կարող է խօսք գնալ: Հարցերը պէտք է գործնական տեսակէտից դիտարկել«, նշեց պրոֆեսորը:

Պահ մը ձեռնարկէն

Պահ մը ձեռնարկէն

Մելիքեանն անդրադարձաւ արբիտրաժի (իրաւարարութեան) միջոցով խնդիրը լուծելուն՝ նշելով, որ այս առումով անհարկի վախ են տարածում ժողովրդի շրջանում, այնինչ արտառոց ոչինչ իրականում չկայ, եւ կողմերի միջեւ որեւէ հարցի շուրջ անհամաձայնութեան դէպքում դա բնական երեւոյթ է: »Իւրաքանչիւր համաձայնագիր պէտք է ունենայ մաս, որտեղ ներկայացուած է, թէ ինչ դէպքերում է հնարաւոր տուեալ փաստաթուղթը չեղեալ համարել, եւ Ամուլսարի դէպքում էլ կարող են լինել խախտումներ, կապուած, օրինակ, ռադիօկտիւ միացութիւնների առկայութեան եւ նրանց հետ վարուելու մասով: Մենք ձեռք ենք բերել մեր այնքան սպասուած անկախութիւնը, եւ չպէտք է թոյլ տանք, որ մեզ հետ վերաբերուեն որպէս երրորդ աշխարհի երկիր: Իրենց հարկաւոր չի մեղադրել, որովհետեւ դա մեր մեղքն է՝ եթէ մենք թոյլ ենք տալիս, որ մեզ այդպէս օգտագործեն, եւ յետոյ թողեն ու գնան: Այս մտածելակերպը հարկաւոր է փոխել«, ամփոփեց Գագիկ Մելիքեանը՝ յայտարարելով, որ ինքը եւ գործընկերները պատրաստ են կամաւոր հիմունքներով մասնագիտական խորհրդատուութիւն տրամադրել ՀՀ կառավարարութեանը: Նա ափսոսանք յայտնեց, որ վարչապետի ԱՄՆ այցի շրջանակներում, կազմակերպիչներին դիմելուց յետոյ էլ, ամերիկահայ գիտնականների համար առիթ չի ստեղծուել հանդիպելու Նիկոլ Փաշինեանին:

Ձեռնարկի գլխաւոր բանախօսներից էր բնապահպանական ճարտարագէտ Յարութ Պրոնոզեանը, ում նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ, ԱՄՆից, Աւստրալիայից, Կանադայից հաւաքուած մասնագէտների խումբը մէկ ու կէս տարի ուսումնասիրել են Ամուլսարի հանքի շահագործող »Լիդիան« ընկերութեան ներկայացրած աշխատանքային փաստաթղթերը:

«Լիդիան»ը հանքարդիւնաբերութեան ոլորտում որեւէ նախնական փորձ եւ վարկանիշ չունեցող ընկերութիւն է՝ ֆինանսական թոյլ հնարաւորութիւններով, եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման քիմիականապէս եւ էկոլոգիապէս (բնապահպանական) վտանգաւոր նախագիծ: «Լիդիան»ի առաջին եւ միակ ծրագիրը Ամուլսարն է: Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դէպքում, երկարաժամկէտ կործանարար բնապահպանական եւ թթուային դրենաժի (չորացման) հետեւանքները կը շարունակուեն հարիւրաւոր տարիներ: Արդիւնքում երկարաժամկէտ կորուստները բազմաթիւ անգամ աւելին կը լինեն, քան 10 տարուայ կարճաժամկէտ օգուտները:

Լրացուցիչ վտանգի գործօն է նաեւ հանքային ապարների կառուցուածքը, 0.75 գրամ ոսկի մէկ տոննա հանքաքարի մէջ: Դա նշանակում է տարածքի մեծ աւերում: Անիրատեսական է ենթադրել, որ Ամուլսարի նախագիծը ոչ մի ջուր չի թողնի շրջակայ միջավայրին: Կը լինի ջրի աղտոտում: Մի ընկերութիւն, որը երբեք չի շահագործել հանքավայրը, առաջարկում է հանքարդիւնաբերութիւն՝ բարձր թթուային արտադրութեամբ եւ աղտոտող արտահոսող ներուժով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սրտում: Միացեալ Նահանգներում լայնածաւալ հանքերի վրայ կատարուած ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ հանքերի 75ից 93 տոկոսը բացասաբար է անդրադարձել ջրի որակի վրայ, եւ որ մեղմացման միջոցառումները ձախողուել են հանքերի 64 տոկոսում:

Բացասական կործանարար հետեւանքները հարիւրամեակների ընթացքում կ՛անդրադառնան բոլոր ջրային ռեսուրսներին (միջոցներուն) ներառեալ Ջերմուկը եւ Սեւանայ լիճը», յայտնեց Պրոնոզեանը:

Նա մտահոգուած էր, թէ այս փաստերի առկայութեան դէպքում ինչո՞ւ է Հայաստանի կառավարութիւնը դեռ ցանկանում իրականացնել այս նախագիծը՝ յղում անելով վարչապետ Փաշինեանի վերջին յայտարարութեանը, թէ «այս պահին, սարի շահագործումն արգելող իրաւական հիմքեր չկան»:

Յարութ Պրոնոզեանը յայտարարեց, որ կան պայմանագրի հետ կապուած մի շարք փաստեր, որոնց արդիւնքում, շահագործումը կարելի է կասեցնել: «Կարդացէք «Լիդիան»ի՝ Մարտի 2017 վերջնական տեխնիկական (գիտարուեստական) փաստաթղթից էջ 397ը, որտեղ ասւում է, որ լրացուցիչ ուսումնասիրութիւններ անհրաժեշտ են գէօքիմիայի (երկրաքիմիական), ջրերի մաքրման եւ ջրային հաշուեկշիռների համար: Սակայն, մինչ օրս էլ »Լիդիան«ը նման վերջնական եւ հաստատուած գրաւոր տեղեկութիւններ չունի այս ուղղութեամբ, սակայն պնդում է, որ պէտք է հանքավայրի շահագործումը շարունակուի: Առանց վերջնական գէօքիմիայի, ջրերի մաքրման եւ ջրային հաշուեկշիռների բալանսաւորման պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թոյլտուութիւն ստանալ եւ գործել որեւէ վայրում եւ համապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ հիմնական ուսումնասիրութիւնները «Լիդիան»ի պարտականութիւնն են, եւ դրանք պէտք է արուէին նախքան թոյլտուութիւն ստանալու դիմումը եւ գործի սկսելը, ոչ թէ դրանից յետոյ: Սա 2016թ. պայմանագրի պայմաններից փոփոխութիւն է: Հետեւաբար ՀՀ կառավարութիւնը եւ շրջակայ միջավայրի նախարարութիւնը պէտք է ծրագիրը չեղեալ յայտարարեն եւ կատարուած ցանկացած աշխատանք, գործողութիւն, շինարարութիւն կամ ներդրում դառնում է »Լիդիան«ի եւ ոչ թէ Հայաստանի կառավարութեան պատասխանատուութիւնը», նշեց Պրոնոզեանը:

Ըստ մասնագէտի, «Լիդիան»ի նախագիծն ունի բազմաթիւ բացասական սոցիալական (ընկերային), տնտեսական եւ շրջակայ միջավայրի ռիսկեր եւ հետեւանքներ, որոնք հարիւրամեակներ շարունակ հետապնդելու են Հայաստանին տարբեր եղանակներով: Այս նախագծի չեղարկումը այդ ապակառուցողական հետեւանքները կանխելու միակ միջոցն է: «Լիդիան»ը պէտք է թափանցիկ լինէր Ամուլսարի նախագծի բոլոր բացասական ռիսկերը եւ հետեւանքները ներկայացնելու համար, նախքան թոյլտուութիւն ստանալու դիմումը:

«Նոյնիսկ այսօր նրանք համարձակութիւն չունեն դա անել: Այս անորոշութիւններից ազատուելու համար Հայաստանի, »Լիդիան«ի եւ ներդրողների համար լաւագոյն տարբերակը Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը դադարեցնելն է», եզրափակեց Պրոնոզեանը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

4 Comments

  1. Գեվորգյան said:

    Այո՛, ուրանի մասին լռում են,խոսում են միայն ցիանիդի եվ թթվային ջրերի մասին:

  2. Գեվորգյան said:

    Ուրանի մասին դավադրաբար լռում են,խոսում են միայն ստորջրյա ջրերի ցիանիդային թթվային վտանգի մասին,որը եվս ոչ պակաս վտանգ է:Ոչ մեկը նախապես չի կարող կանխատեսել ո՛չ ստորգետնյա ջրերի եվ ո՛չ էլ քամու ողղության մասին,դա միֆ է:Գիտնական չեմ,բայց բնությունը տերեվի շարժումից եվ ջրի կարկաչից եմ զգում,ամպերից,արեվից,լուսնից կանխագուշակում եմ հաջորդ օրվա եղանակը,տարվա եղանակներն էլ շատ բան են հուշում ապագա ձմռան կամ ամառվա մասին:Բնությունը չճանաչող մարդիկ բարոյական եվ իրավական ո՛չ մի իրավունք չունեն նման հարցերին խառնվելու:

  3. Կարինե Հայրապետյան said:

    Ամեն ինչ ճիշտ է, ահա պատճառը, որ Երեւանում նոր ծրագրով քաղծկեղի հետազոտման կենտրոն են բացում, մի կողմից քաղծկեղով կտանջեն, մի կողմից էլ տանջամահ կանեն բուժման ծրագրով․․․

*

Top