Վիեննայի Եւ Սանկտ Պետերբուրգի Համաձայնագրերը Պէտք Է Վերածնուեն

1019peniamin

1019peniamin

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՕՂՈՍԵԱՆ

Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ

 

Քաղաքական գիտութեան Հայաստանի ասոցիացիայի (միութեան-Խմբ.) տնօրէն, դոկտոր Բենիամին Պօղոսեանը Openspace.eu կայքում հրապարակած յօդուածում նշում է, թէ ինչ պէտք է անել կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ հատուածում Ղարաբաղեան հակամարտութեան տարածաշրջանում ռազմական գործողութիւնների վերսկսումը թոյլ չտալու համար:

 

Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը շարունակում է հետաքրքրել տարածաշրջանային անվտանգութեան հարցերի գիտակներին: Չնայած Հայաստանում «Թաւշեայ յեղափոխութիւնից» անմիջապէս յետոյ աճող լաւատեսութեանը, վերջին ամիսներին աւելի շատ գերակշռում է յոռետեսական տրամադրութիւնը: Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ 2019ի սկզբին տեղի ունեցած երկու հանդիպումները եւ արտգործնախարարների մակարդակով բանակցութիւնները որեւէ բեկման չեն յանգեցրել: 2018ի Հոկտեմբերից ի վեր շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի վրայ միջադէպերի թուի էական նուազումը դրական քայլ է, չնայած այստեղ նոյնպէս վերջերս կարելի է նկատել բախումների աճ, որի արդիւնքում երկու կողմերում զոհեր են եղել:

Աճող լարուածութեան ցուցանիշներից մէկը ԱՊՀ վերջին երկու գագաթնաժողովներին տեղի ունեցածի միջեւ եղած կտրուկ տարբերութիւնն էր: Դուշանբէի 2018ի սեպտեմբերեան բանակցութիւնները յանգեցրին լարուածութիւնը նուազեցնելու եւ երկու առաջնորդների միջեւ օպերատիւ (ներգործող, ուղղակի-Խմբ.) կապ ստեղծելու վերաբերեալ պայմանաւորուածութեան: Վերադառնալով Երեւան՝ ՀՀ վարչապետը բաւական դրական էր խօսել ադրբեջանցի պաշտօնակցի մասին՝ նրան նկարագրելով որպէս կրթուած եւ խելացի անձնաւորութիւն:

Մէկ տարի անց, 2019ի Հոկտեմբերի 11ին Աշխաբադում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահը Հայաստանին հրապարակաւ մեղադրեց ֆաշիստներին փառաբանելու մէջ եւ կոշտ պատասխան ստացաւ իր հայ գործընկերոջից: Ըստ պաշտօնական աղբիւրների, երկու առաջնորդները Աշխաբադում ընթրիքի ժամանակ քննարկել են ղարաբաղեան հիմնահարցը, սակայն բովանդակութեան եւ արդիւնքների վերաբերեալ տեղեկութիւններ չկան:

Թւում է, թէ բանակցութիւններում առաջընթացի բացակայութիւնը կողմերի մօտեցումներում ակնյայտ անհամատեղելիութեան արդիւնք է: Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը յստակ պատկերացում ունեն, որ վերադարձ անցեալին՝ ո՛չ կարգավիճակի, ո՛չ էլ տարածքների առումով, հնարաւոր չէ: Այս դիրքորոշումը մէկ անգամ եւս Հոկտեմբերի 11ին Ստեփանակերտում հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Մինչդեռ, Ադրբեջանը նոյնպէս ունի յստակ դիրքորոշում՝ հակամարտութիւնը կարող է լուծուել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, ինչը, ըստ Բաքուի, նշանակում է Ղարաբաղի կողմից ներկայում վերահսկուող բոլոր տարածքների վերադարձը Ադրբեջանին: Նախագահ Ալիեւը վերահաստատեց այս դիրքորոշումը Սոչիում, Վալդայի համաժողովում ունեցած ելոյթի ընթացքում:

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այդ կարծիքները չեն կիսում ոչ միայն էլիտաները (ընտրանիները-Խմբ.), այլեւ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը: Այսպիսով, նոյնիսկ եթէ Հայաստանի, Ադրբեջանի կամ Ղարաբաղի ղեկավարները պատրաստ են մեղմել իրենց դիրքորոշումները, ապա իրենց հասարակութիւններում նրանք հանդիպելու են ուժեղ դիմադրութեան: Հաշուի առնելով ղարաբաղեան խնդրի նկատմամբ զգայունութեան բարձր աստիճանը ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ադրբեջանում, կառավարութեան դիրքորոշման ցանկացած էական փոփոխութիւն, ամենայն հաւանականութեամբ, կը բերի ներքին խժդժութիւնների, եւ կարող է անգամ յանգեցնել կառավարութեան փոփոխութեան: Այսպիսով, ո՛չ ղեկավարութիւնը, ո՛չ հասարակութիւնները որեւէ պատճառ չունեն իրենց դիրքորոշումներում էական փոփոխութիւններ անելու համար, եւ դա անհաւանական է դարձնում բանակցութիւններում ցանկացած բեկում:

Հաշուի առնելով ներկայիս փակուղային իրավիճակը, միջազգային հանրութիւնը եւ յատկապէս Մինսկի խմբի համանախագահները պէտք է ընտրութիւն կատարեն: Տարբերակներից մէկը բանակցային գործընթացի շարունակութիւնն է, բայց յստակ պատկերացմամբ, որ այն որեւէ էական արդիւնքի չի բերի: Իհարկէ, աւելի լաւ է անարդիւնք բանակցութիւններ, քան շփումների լիակատար բացակայութիւն: Այնուամենայնիւ, հարկ է նշել, որ ստեղծուած իրավիճակը յանգեցնում է աճող դժգոհութիւնների, յատկապէս ադրբեջանական կողմից, ինչը կարող է յանգեցնել լայնածաւալ ռազմական գործողութիւնների դիտաւորեալ կամ պատահական բռնկման: Հաշուի առնելով հակամարտութեան տարածաշրջանում աճող անկայունութիւնը՝ Իրան-Սաուդեան Արաբիա լարուածութիւնը եւ Թուրքիայի ներխուժումը հիւսիս-արեւելեան Սիրիա, Ղարաբաղում ցանկացած լայնածաւալ ռազմական գործողութիւն կարող է դուրս գալ վերահսկողութիւնից, ինչը կարող է աղէտալի լինել տարածաշրջանային անվտանգութեան համար:

Անարդիւնք բանակցութիւնները նման զարգացումները կանխելու լաւագոյն միջոցը չեն: Նրանք գրեթէ զրոյական հնարաւորութիւն են առաջարկում՝ արագ արդիւնքների հասնելու համար: Այսպիսով, լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման ռիսկը (վտանգը-Խմբ.) նուազեցնելու միակ կենսունակ միջոցը վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցառումների վերաբերեալ քննարկումների վերսկսումն է՝ որպէս բանակցութիւնների առանցքային թեմա: Միջազգային միջնորդները մեծ ջանքեր էին գործադրում դրա համար 2016ի ապրիլեան քառօրեայ պատերազմից անմիջապէս յետոյ՝ փորձելով աւելացնել ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան աշխատակիցների թիւը եւ հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ գործարկել: 2016ի Մայիս եւ Յունիս ամիսներին ձեռք բերուած, այսպէս կոչուած, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պէտք է վերածնուեն, անհրաժեշտութեան դէպքում՝ փոփոխութիւններով: Այս միջոցները կարող են առանցքային դեր ունենալ ռազմական գործողութիւնների բռնկումը կանխելու համար, ինչը կարող է վտանգի ենթարկել ամբողջ տարածաշրջանը:

Զուգահեռաբար, պէտք է ակտիւացնել վստահութեան ամրապնդման միջոցառումները, եւ այստեղ կրկին կարեւոր դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպութիւնները: Ծրագրերի շարունակութիւնը, ինչպիսին է ԵՄ «Եւրոպական գործընկերութիւն յանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման (EPNK)» նախաձեռնութիւնը, կարող է առաջ ընթանալու համար ամուր հիմք լինել: Երկխօսութեան առկայ հարթակները պէտք է արդիականացուեն եւ ստեղծուեն նորերը: Միաժամանակ, կարեւոր է ունենալ ոչ միայն երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան, այլեւ եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ երկխօսութիւն: Այս համատեքստում, «Համագործակցութիւն յանուն խաղաղութեան» կոնսորցիումի (միջազգային համաձայնութիւն-Խմբ.) «Տարածաշրջանային կայունութիւնը Հարաւային Կովկասում» աշխատանքային խմբի աշխատանքը կարող է լաւ օրինակ ծառայել նման հարթակների համար:

Հաշուի առնելով հասարակութիւնների՝ ղարաբաղեան հիմնախնդրի լուծման հնարաւոր ուղիների վերաբերեալ ընկալումների բացարձակ անհամատեղելիութիւնը, միջազգային հանրութիւնը պէտք է շատ աւելի մեծ ուշադրութիւն դարձնի վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցառումներին՝ որպէս միակ կենսունակ միջոցի՝ լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսումը կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ կտրուածքով կանխելու համար:

 

«ՍԻՎԻԼՆԵԹ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top