ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆԻ ՀԵՏ

0000KAMALIAN1

0000KAMALIAN1

«Թուային Գիւղատնտեսութիւնից Մինչեւ Կենդանիների Ապահովագրում. Ոլորտում Նորամուծութիւնները Շատ Են»

 

Վարեց՝ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

 

Հայաստանում գիւղատնտեսութեան ոլորտում պետական աջակցութեան ծրագրերով շահառուների թիւը գերազանցել է նախատեսուածը: Պետութիւնը պլանաւորում է փոփոխութիւններ կատարել այն ծրագրերում, որոնցից օգտուելիս գիւղացիների համար խոչընդոտներ են առաջացել, մասնաւորապէս այն ծրագրերում, որոնց սուբսիդաւորող (նպաստող-Խմբ.) վարկերի համար անհրաժեշտ է գրաւ: Նախատեսւում է նաեւ շուտով արդէն սկսել գիւղատնտեսութեան ապահովագրութիւնը: «Արմէնփրէս»ը գիւղատնտեսութեան ոլորտում իրականացուած եւ սպասուելիք ծրագրերի մասին խօսել է ՀՀ տնտեսութեան փոխնախարար Արտակ Քամալեանի հետ:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Քամալեան, շատերը մտավախութիւն ունէին, որ մէկ նախարարութիւնում մի քանի ոլորտների միաւորումը կը բերի դրանցից ինչ որ մէկի տուժելուն: Հիմա, երբ արդէն գործում էք միաւորուած, արդիւնքներն ինչպիսի՞ն են:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Այս պահին արդիւնքների մասին խօսելը դեռեւս վաղ է, քանի որ ոլորտների միաձուլումը նոր է աւարտուել, արդիւնքների մասին կարող եմ խօսել մէկ, երկու տարուց: Սակայն, այստեղ այդքան կարեւոր չէ կառուցուածքը, ինչքան բովանդակութիւնը, եւ մասնաւորապէս կադրային քաղաքականութիւնը: Շատ բարդ կը լինի արդիւնաւէտ զարգացնել գիւղատնտեսութիւնը, եթէ չլինեն որակեալ մասնագէտներ, որոնք տիրապետում են գիւղատնտեսութեանը, նոր տեխնոլոգիաներին, ինչպէս նաեւ ձեռնարկատիրական եւ գործառնական հմտութիւններին:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Վարչապետ Փաշինեանն իր ասուլիսում որպէս գիւղատնտեսութեան ոլորտի կարեւոր փաստ էր նշել ջերմոցային պայմաններում աճեցուած գիւղմթերքի արտահանման ահռելի աճը: Ինչո՞վ է պայմանաւորուած արտահանման այդ աճը, ի՞նչն է խթան հանդիսացել եւ ո՞ր երկրներն են արտահանման հիմնական շուկաները:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Գիւղատնտեսութեան զարգացումը պահանջում է ներթափանցել նոր արտաքին շուկաներ եւ աւելացնել թիրախային շուկաներում հայկական ապրանքների մրցունակութիւնը: Հայաստանի ներքին շուկան փոքր է, հետեւաբար, գիւղատնտեսութեան ոլորտը պէտք է ուղղուած լինի արտահանմանը: Այս պահին, գիւղմթերքի համար հիմնական շուկան ԵԱՏՄն է, հիմնականում Ռուսաստանը, որտեղ արտահանւում է գիւղմթերքի շուրջ ութսուն տոկոսը: Հետեւաբար, ջերմոցային տնտեսութիւնների աւելացումը եւ արտահանման ծաւալների մեծացումը պայմանաւորուած է այս շուկաներում մեր մրցակցային դիրքերի ամրապնդմամբ:

Այժմ մենք նախատեսում ենք խթանել փոքր եւ միջին ջերմային տնտեսութիւնների զարգացումը, մօտ ժամանակներս կառավարութիւն է ներկայացուելու նոր ծրագիր՝ ջերմատնային տնտեսութիւնների զարգացման մասին:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Արտահանման առումով առհասարակ ի՞նչ միտումներ ունենք, գիւղատնտեսութեան ո՞ր ճիւղերն են այս առումով առաւել նպաստաւոր:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Արտահանման կառուցուածքում գերակշռում է պտուղ-բանջարեղէնը: Այս տարի հիմնականում արտահանուել են ծիրան, դեղձ, կեռաս, լօլիկ, վարունգ եւ այլն: Օրինակ, համաձայն օպերատիւ (գործօն-Խմբ.) տուեալների՝ Սեպտեմբերի 16ի դրութեամբ արտահանուել է 5.700 տոննա վարունգ՝ նախորդ տարուայ ցուցանիշը այն գերազանցել է 2.7 անգամ, ձմերուկի արտահանումը եւս այս տարի եղել է 3 անգամ աւելի շատ՝ 650 տոննա, արտահանուել է 784 տոննա ելակ, որը 2.8 անգամ աւելի է նախորդ տարուայ ցուցանիշից:

Արտահանման հիմնական աշխարհագրութիւնը ԵԱՏՄ անդամ պետութիւններն են: Արտահանման աճի հիմնական շարժիչ ուժերն են՝ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքների ազատ եւ առանց մաքսատուրքերի կամ այլ խոչընդոտների առեւտուրը, մեր արտադրանքը գնային առումով մրցակցային է միւս երկրների համեմատ, եւ Հայաստանում արտադրուած պտուղ բանջարեղէնը ունի գերազանց որակական եւ համային ցուցանիշներ:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Կաթիլային ոռոգուող հողատարածքների թիւը եւս զգալիօրեն աւելացել է։ Պետութիւնն այս ուղղութեամբ վարկերի հիմնման համար վարկային տոկոսադրոյքների սուբսիդաւորման ծրագիր էր իրականացում, արդեօք դա՞ է նպաստել աւելացմանը, ծրագրի հետ կապուած ի՞նչ պլաններ կան առաջիկայում:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Ցաւօք, կարծում եմ, որ պետական այդ ծրագիրը չի նպաստել դրան, այդ իսկ պատճառով մենք այժմ վերանայում ենք այն: Մարդիկ շատ չեն օգտուել ծրագրից տարբեր պատճառներով: Մենք հաւաքագրել ենք այդ խնդիրները եւ շուտով կառավարութիւնում շրջանառելու ենք նորացուած տարբերակը: Օրինակ, ինտենսիւ այգիների հիմնման ծրագրից օգտուելու համար գիւղացիները պէտք է ունենան մեծ գրաւի առարկայ: Այս պատճառով, նախատեսում ենք փոփոխութիւններ. փոքր տնտեսութիւնների՝ մինչեւ 5 հա այգիների համար փոխհատուցումն աւելացնել, իսկ մեծ տնտեսութիւններին թոյլատրել օգտուել սուբսիդաւորուող վարկերից, որոնք այս պահին ծրագրից չեն կարող օգտուել: Այս փոփոխութիւնները, կը նպաստեն շահառուների թուի աւելացմանը:

Այգեգործութեան զարգացման ուղղութեամբ գործում են երեք ծրագրեր՝ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման եւ այգիների պետական օժանդակութեան: Մենք նախատեսում ենք երեք ծրագրերը միացնել: Ծրագրից օգտուելն աւելի պարզ եւ դիւրին է լինելու, եւ պետական օժանդակութիւնը լինելու է ոչ միայն ֆինանսական, այլեւ կ՛ունենայ հմտութիւնների զարգացման բաղադրիչ: Կը հաւաքենք այն ֆերմերներին, որոնք ուզում են զբաղուել ջերմոցային տնտեսութեամբ եւ խիստ մասնագիտական, բարձր որակի ուսուցում կը ստանան: Որոշ մասնագէտներ, անհրաժեշտութեան դէպքում, կը հրաւիրուեն արտերկրից:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարոն Քամալեան, այս տարի ոլորտում ի՞նչ կարեւոր ծրագրեր են եղել:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Վերջին մի քանի ամիսների ընթացքում նախարարութիւնը մշակում է կայուն գիւղատնտեսութեան զարգացման ռազմավարութիւն 2020-2030թթ.: Այն կազմուած է 88 միջոցառումներից: Առաջին երեք տարուայ համար նախատեսել ենք մօտ 23 միջոցառում: Ընթացիկ եւ գալիք տարուայ համար առանցքային է հողային բարեփոխումը: Հողային բարեփոխման պիլոտային ծրագիրը կը մեկնարկի Արմաւիրի մարզից: Երկրորդը կենդանիների հաշվառումն ու համարակալումն է, երրորդը՝ բրուցելոզի դէմ պայքարը:

Իրականացնելու ենք եւս մի քանի պիլոտային ծրագրեր՝ մասնաւորապէս շուկայի զարգացման եւ լոգիստիկ կենտրոնների կառուցման մասին: Բոլոր ծրագրերը հիմնականում օգտագործելու են նոր տեխնոլոգիաներ: Ունենք նաեւ «Խելացի ֆերմա» ծրագիրը եւ ջերմոցների ու ջերմատների զարգացման ծրագիրը: Մեր ռազմավարութեան մէջ կայ առանձին հատուած, որը կոչւում է նորարական տեխնոլոգիաների եւ թուային գիւղատնտեսութեան զարգացում: Այդ առաջնահերթութեան մէջ մենք ունենք մօտ 15 միջոցառում, որ պէտք է իրականացուի մօտակայ մի քանի տարիների ընթացքում:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ. Գիւղատնտեսութեան ապահովագրութեան ծրագրի մասին շատ էր խօսւում, ի՞նչ փուլում է այն:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Պլանաւորում էինք ծրագիրը մեկնարկել Սեպտեմբերի 30ին: Այն կը սկսուի պիլոտային ծրագրից, հանրապետութեան վեց մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց ձոր, Տաւուշ եւ Կոտայք: Սկսելու ենք ծիրանից եւ խաղողից, իրականացնելու ենք երկու ռիսկի ապահովագրում՝ կարկուտ եւ ցրտահարութիւն: Առաջին փուլի արդիւնքներն ամփոփելուց յետոյ մեկնարկելու է ապահովագրութեան ծրագրի երկրորդ փուլը: Երկրորդ, երրորդ փուլերում պլանաւորում ենք, որ ապահովագրուող մշակաբոյսերի եւ մարզերի թիւը աւելանայ:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.-Պարոն Քամալեան, խօսւում էր նաեւ ոչխարաբուծութեան զարգացման մասին, ծրագրի իրականացումն ի՞նչ փուլում է, եւ ինչո՞ւ է մեզ համար այս ուղղութիւնը կարեւոր:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Ոչխարաբուծութեան զարգացումը ունի մեծ ներուժ, հաշուի առնելով Իրանում եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններում հայկական գառան մսի եւ կենդանի ոչխարների նկատմամբ բարձր պահանջարկը:

Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք մեր երկրում բարելաւել ոչխարների տոհմային եւ ցեղային յատկանիշները: Ծրագրի արդիւնքում կը կարողանանք աւելի մատչելի գներով ներմուծել տոհմային կենդանիներ: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսում ենք ստեղծել երկու տոհմաբուծարան: Այժմ համաշխարհային բանկի հետ բանակցութիւններ ենք վարում այս ուղղութեամբ: Երկու տոհմաբուծարաններից մէկը նախատեսում ենք կառուցել Ազգային ագրարային համալսարանի, միւսը կարող է լինել Գիւմրու սելեկցիոն կայանի բազայի հիման վրայ: Այս ծրագրի իրականացման արդիւնքում մենք կը նուազեցնենք տոհմային կենդանիների ներկրումը:

Հայաստանից արտահանման համար հիմնական թիրախն են՝ Իրանը, Իրաքը, Քուէյթը եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնները: Այստեղ առկայ են որոշակի բնապահպանական ռիսկեր, որոնք այս պահին գնահատուած են ցածր: Այս պահին ունենք մօտ 1 մլն. հա արօտավայրեր, 600 հազարից աւելի ոչխարների գլխաքանակ: Եւ եթէ կարողանանք կայուն կառավարել արօտավայրերը, խնդիրներ չեն լինի:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.-Տաւարաբուծութեան զարգացման ծրագրով ի՞նչ արդիւնքներ են գրանցուել այս տարի:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Մի քանի ամիսների ընթացքում Հայաստան են ներմուծուել շուրջ 200 գլուխ խոշոր եղջերաւոր տոհմային կենդանիներ: Դեռ վաղ է խօսել ծրագրի յաջողութեան մասին: Ծրագիրն ունի նմանատիպ խնդիրներ, որոնք առկայ են նաեւ սուբսիդաւորուող տոկոսներով վարկային ծրագրերում: Գիւղացիական տնտեսութիւնները, որոնք ցանկանում են օգտուել ծրագրից, շատ են, սակայն գիւղացիները չունեն բաւարար գրաւի առարկայ: Եւ այդ դէպքում բանկերը չեն համաձայնում վարկ տրամադրել: Մենք հիմա աշխատում ենք այս ուղղութեամբ, որ մշակուի նաեւ կենդանիների ապահովագրումը: Հոկտեմբերի վերջերին մենք ունենալու ենք հերթական քննարկումը KFW-ի եւ միւս գործընկերների ու շահառուների հետ: Յոյս ունեմ, որ համաձայնութեան կը գանք, եւ միւս տարուանից կը մեկնարկի կենդանիների ապահովագրումը: Ամենամեծ խնդիրն է, որ կենդանիները պէտք է հաշվառուած եւ համարակալուած լինեն:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ. Պարոն Քամալեան, պետական աջակցութեան ծրագրերով որքա՞ն շահառուներ ունենք:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Մենք պլանաւորել էինք տարեկան գրանցել 4700 շահառու սուբսիդաւորուող վարկերի ծրագրով, 7 ամսուայ տուեալներով արդէն իսկ ունենք գերակատարում՝ 5100 շահառու, գիւղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրով տարեկան պէտք է ունենայինք 130 միաւոր տեխնիկա, այս պահին ունենք 300ից աւելի, փոքր ու միջին խելացի անասնաշէնքերի կառուցման աջակցութեան ծրագրով նախատեսում էինք 30 անասնաշէնք, այս պահին հաւաստագրուել են, եւ համալսարանում դասընթացներն արդէն անցել են ու մասնակցել են 90ից աւելի մարդ: Սակայն այն ծրագրերը, որոնք կապուած են գրաւի առարկայ ունենալու հետ, բաւարար ընթացքով չեն իրականացւում: Սակայն, ինչպէս արդէն ասացի, մենք պատրաստւում ենք փոփոխութիւններ կատարել, եւ այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք ՓՄՁ ԶԱԿի փորձը:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.-Իսկ հակակարկտային կայաններն աւելացնելու ծրագրեր նախատեսւո՞ւմ են արդեօք առաջիկայում:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Այո՛, կան նաեւ նման ծրագրեր, քանի որ, ես հաւատացած եմ, գիւղատնտեսական ապահովագրութեան ծրագրի արդիւնաւէտութիւնը պայմանաւորուած է նաեւ ֆիզիկական պաշտպանութեան միջոցառումների արդիւնաւէտութեամբ: Մենք ունենք մի քանի առաջարկներ, հակակարկտային համակարգի արդիականացման վերաբերեալ, ու դա նշուած է մեր ռազմավարութեան եռամեայ առաջնահերթութիւնների մէջ: Այժմ քննարկում ենք եւ պատրաստում ենք առաջարկներ, որոնք կը քննարկենք համապատասխան գերատեսչութիւնների հետ եւ կը սկսենք իրականացնել: Ծախսերն աւելի քիչ են, համեմատ այն վնասի, որը մենք կրում ենք կարկուտից:

 

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.-Եւ վերջում, պարոն Քամալեան, խաղողի մթերման շրջանն է, ի՞նչ խնդիրներ ու միտումներ կան այս տարի:

ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼԵԱՆ.- Ես այցելել եմ Արարատի կոնեակի գործարանի Արմավիրի մթերման կենտրոն եւ յաճախ հանդիպում եմ վերամշակող ձեռնարկութիւնների հետ: Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: Մթերման միջին գինը կազմում է շուրջ 150-155 դրամ: Խաղողի որակը ըստ օպերատիւ տուեալների շատ աւելի բարձր է, քան նախորդ տարի, սակայն քանակը զիջում է անցեալ տարուայ ցուցանիշներին: Սեպտեմբերի 17ի դրութեամբ մթերուել է 54 հազար տոննա, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում այն կազմել էր 42 հազար տոննա:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top