«Երեւանը Ինձ Համար Առաջին Հերթին Մեր Ժողովրդի Միասնութեան Սիմվոլն Է». Նիկոլ Փաշինեան  

1022Yerevan-Pashinian

1022Yerevan-Pashinian

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան մասնակցեցաւ Երեւանի 2801րդ տարեդարձի հանդիսաւոր արարողութեան եւ այս առիթով հաստատեց, որ Երեւանի յոբելեանը հայ ժողովուրդին ամէնէն սիրելի տօներէն մէկն է:

«Երեւանի ամէն քար իր մէջ ներառում է մեր ազգային երազանքների մի կտոր: Ժամանակակից Երեւանը, այն Երեւանը, որ այսօր մենք ունենք, սկսել է կառուցուել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թւում էր՝ դրանից ընդամէնը տարիներ առաջ յայտնուել էր ոչնչացման եզրին: Եւ ամէն քարի հետ մեր ժողովրդի մէջքն էր ուղղւում, ողնաշարն էր ուղղւում, ոտքերն էին ամրանում, եւ ամէն շէնքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակութիւնը, ամէն շէնքի հետ մեր ժողովուրդը մտածողութեան նոր կերպ եւ նոր ձեւ էր գտնում եւ սահմանում ինքը իր համար: Եւ ես համոզուած եմ, որ Երեւանը իր ճարտարապետութեամբ, իր քաղաքաշինութեամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողութիւնը, ապագայի մտածողութիւնը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել յաղթանակների, քաղաքական, տնտեսական, ռազմական յաղթանակների: Եւ ես Երեւանի այս օրը չեմ կարող չյիշատակել ժամանակակից Երեւանի իսկական հեղինակին, մեր մեծերից մէկին՝ Ալեքսանդր Թամանեանին: Եւ ես կարծում եմ, որ այսօրուայ Երեւանը, մեր սէրը Երեւանի նկատմամբ նաեւ մի յարգանքի իսկական տուրք է Թամանեանին եւ բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երեւանի կերպարը», նշեց Փաշինեան:

Ան ընդգծեց, որ Երեւան նաեւ հայահաւաք գործառոյթ ունեցած է։ «Այսօր երկու նշանաւոր մարդկանց շնորհուել է Երեւանի պատուաւոր քաղաքացու կոչում: Երուանդ Մանարեանը ծնուել է արտերկրում, Սփիւռքում, վերադարձել է Հայաստան, այստեղ գործունէութիւն ծաւալել: Պարոն Պիատրովսկին ծնուել է Երեւանում եւ հիմա ղեկավարում է աշխարհի ամենանշանաւոր թանգարաններից մէկը, որի հիմնադրման գործում շատ կարեւոր եւ մեծ ներդրում է ունեցել մեր միւս հայրենակիցը՝ Յովսէփ Օրբէլին: Երեւանն այսպիսի քաղաք է, Երեւանը հաւաքել է բոլոր տեղերից: Երեւանը հաւաքել է Հայաստանի բոլոր գիւղերից եւ մարզերից: Հայաստանում չկայ այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիւ քաղաքացիներ այսօր երեւանցի կոչուելու պատիւը չեն կրում: Չկայ Սփիւռքի որեւէ համայնք, որում ծնուած եւ որից սերող մեր բազմաթիւ հայրենակիցներ երեւանցի կոչուելու այդ պատիւը չեն կրում», ըսաւ վարչապետը:

Փաշինեան շեշտեց, որ Երեւանը իրեն համար առաջին հերթին հայ ժողովուրդի միասնութեան, ամբողջականութեան, ինքնութեան խորհրդանիշն է: «Պատահական չէ, որ հէնց Երեւանից բացւում է մեր ժողովրդի համար ամենակարեւոր տեսարանի ամենայաջողուած ռակուրսը (պատկերը), եւ դա տեսարան է դէպի մեր Բիբլիական Արարատ սար: Մենք բոլորս սիրում ենք Երեւանը, եւ Երեւանը սիրում է մեզ բոլորիս: Եւ այս է պատճառը, որ ուր էլ գնանք, ուր էլ լինենք, մեր առաջին ձգտումն ու ցանկութիւնն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երեւան, վերադառնալ եւ կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսուել է 2801 տարի առաջ եւ դեռ պիտի շարունակուի հազարամեակներ: Շնորհաւորում եմ մեզ այս դարակազմիկ տօնի եւ օրուայ կապակցութեամբ: Սիրում եմ Երեւանը, սիրում եմ երեւանցիներին», եզրափակեց վարչապետը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

One Comment;

  1. Վռամ said:

    Կ’երեւի թէ մարդը յիշողութեան խնդիր ունի: Ընդամէնը երկու շաբաթ առաջ նո՛յն բանը Գիւմրիի մասին ըսած էր…:

*

Top