Պրոֆ. Ռ. Սաֆրաստեանի «Մուսթաֆա Քեմալ, Պայքար Հայաստանի Հանրապետութեան Դէմ (1919-1921թթ.)» Հրատարակութեան Առիթով

mariroseabusefian
Մարի Ռոզ Աբուսէֆեան

Մարի Ռոզ Աբուսէֆեան

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Գիրքը, որը բաղկացած է երկու մասից, մանրամասնօրէն նկարագրում է Քեմալ Աթաթուրքի նպատակասլաց գործունէութիւնը Հայաստանը վերացնելու համար, նաեւ նրա քաղաքական հայեացքների ձեւաւորման եւ երկրի տիրակալ դառնալու օգտագործած միջոցները:

Շատերիս են ծանօթ Քեմալի ազգայնամոլ հայեացքները եւ դրա իրականացման համար նրա վարած հետեւողական քաղաքականութիւնը: Այս ուսումնասիրութեամբ Սաֆրաստեանը պարզում է, որ մինչ այսօր Քեմալը բաւականաչափ աղաւաղուած է ներկայացուել, յատկապէս սովետական եւ հէնց թուրք մեկնաբանների կողմից, որն էլ անսակարկ իւրացուել է, է՛լ աւելի արժեւորելով նրա գործունէութիւնը որպէս բացառիկ քաղաքական գործչի:

Պրոֆ. Սաֆրաստեանի գրքի առաւելութիւնն այն է, որ իր ուսումնասիրութիւնը հիմնուած է ոչ թէ սոսկ թուրք մեկնաբանների տուած տեղեկութիւնների վրայ, ուր Քեմալին ընդունում են որպէս իրենց կուռքը, այլ հիմնուած է հէնց Քեմալի յուշագրութիւնների, նրա տուած հարցազրոյցների, նրա գաղտնի հրամանների, նրա գրառումների, մի խօսքով՝ նրա անձնական արխիւի վրայ:

Գրքում ներառուած են ոչ միայն Քեմալի՝ իր մասին տուած փաստագրութիւնները, այլ նաեւ այլ փաստաթղթեր, որոնցից ուշագրաւ են բրիտանացի հետախոյզ Ջ. Բենեթի յուշերը նրա մասին:

Հեղինակը ամէն կերպ հեռացել է թուրք պատմագիրների ազդեցութիւնից եւ ըստ հնարաւորինս ներկայացրել Քեմալի իրական դէմքն ու գործունէութիւնը, յատկապէս կապուած մեր երկրի ամենավտանգաւոր շրջանին, մեր անկախութեան տարիներին:

Գիրքը բաղկացած է երկու մասից, որն սկսւում է բրիտանական ռազմանաւի վրայ ստորագրուած Թուրքիայի պարտութեան զինադադարով, որն յայտնի է Մուդրոսի զինադադար անունով, որով հայ ժողովրդի շահերը աւելորդ անգամ զոհաբերուեցին՝ ի շահ Անտանտի պետութիւնների: Այդ զինադադարով Օսմանեան բանակում ծառայող գերմանացի սպաներն ու գեներալները փոխարինուելու էին թուրքերով, որով Քեմալի առջեւ մեծ հնարաւորութիւն բացուեց իր կարողութիւնը այդ ասպարէզում հաստատելու: 1918թ. Հոկտեմբերի 30ին նա նշանակւում է օսմանեան «Եըլդըրըմ» («Կայծակ») բանակային խմբի հրամանատար, փոխարինելով գերմանացի զօրավար գեներալ-ֆելդմարշալ Լիման ֆոն Զանդերսին: Սակայն ի ցաւ իրեն, այդ զօրախումբը շուտով կազմալուծւում է: Թէպէտ յաջորդող դէպքերը աւելի արագ զարգանալով՝ Քեմալի առջեւ նորանոր հնարաւորութիւններ էին բացում:

Քանի որ զինադադարի պայմանները բրիտանացիների ձեռքով էին շարադրուած, բնականաբար, ի օգուտ թուրքերին էր ծառայելու: Շատ չանցած Քեմալը ստանձնում է ռազմական նախարարի պաշտօնը եւ փորձում երիտթուրքերի թափուր թողած իշխանութիւնը գրաւել, մեկնում է Կոնստանդնուպոլիս, ուր մեծ հնարաւորութիւններ էր բացւում իր դաւադիր ծրագրերը իրականացնելու:

Մեծ պաշտօններ զբաղեցնելու համար, խտրականութիւն չդնելով միջոցների մէջ, նա նպատակասլաց, գաղտնօրէն դիմում է ե՛ւ սուլթանին, ե՛ւ բրիտանական գաղտնի հետախուզութեան՝ իր ծառայութիւնը առաջարկելով նրանց: Հարցն այն էր, որ պարտուած Թուրքիան քաոսային վիճակում էր գտնւում ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով: Քեմալը լինելով երիտթուրքերի «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան անդամ չդատապարտուեց, թէեւ երկար ժամանակ թաքնուած է ապրել ու գործել:

Հետաքրքիրն այն է, որ երիտթուրք ղեկավարները չեն վստահել նրան, յատկապէս Էնվերը, որը ջանք չի խնայել այդ դաւադիր խառնուածքով փաշային միշտ մայրաքաղաքից հեռու պահելու: Թէեւ իր ազգայնամոլութեամբ նա շարունակել է երիտթուրքերի գործունէութիւնը, որն իբրեւ թէ պաշտօնապէս «լուծման» էր ենթարկուել: Մինչեւ իսկ ամբողջապէս յենուել է այդ կուսակցութեան անդամների վրայ, որոնցից ոմանք երկրի ղեկավարման իր տարիներին իշխանութեան մաս են կազմել: Կառավարութեան հիմնական լծակը երկրում եղել է մէկ այլ գաղտնի կազմակերպութիւն, «խորքային պետութիւն»ը (derin devlet), որի ծրագրմամբ էլ իրականացուել էր Հայոց Ցեղասպանութեան ծրագիրը, որը եւ կառավարել է երկիրը:

Քեմալին յետագայ յաջողութեան մղողը եղել է Սուլթանի նշանակմամբ Օսմանեան կայսրութեան արեւելեան հատուածի ռազմական նախարարի պաշտօնի ստանձնումը: Այդ շրջանի մէջ էին մտնում մեր Վանի վիլայեթների, Տրապիզոնի, Կարինի, Սվազի, Էրզինջանի իշխանութիւնները։ Նրա առաջնահերթ խնդիրը դառնում է իրեն տրուած անսահմանափակ ուժի օգտագործմամբ այդ շր-ջանների վերջնական մաքրագործումը հայերից եւ որով նա հաստատում է իր միանձնեայ իշխանութիւնը:

Նա քաջ գիտակցել է, որ Թուրքիայի ներսում կատարուած հայերի մաքրագործումը դրսի աշխարհում այնքան էլ բարեկամական չի ընդունուել եւ ըստ իր բնաւորութեան, սկսել է երկդիմի ու զգուշօրէն գործել: Մի կողմից հասարակութեան մէջ «իրաւահաւասարութեան» կոչ ուղղել, միւս կողմից Քարաբեքիր փաշային հրամայել՝ «մէջտեղից վերացնել Հայաստանը»:

Այդ նոյն երկդիմութեամբ է մօտեցել նաեւ իր նախկին գործընկերների կատարած հայերի Ցեղասպանութեանը: Որքան էլ թուրք պատմաբանութիւնը փորձել է Քեմալի փառքը զերծ պահել կատարուած ցեղասպանութեան մասնակցութիւնից, մէջբերելով տարեթուեր եւ տարբեր հարցազրոյցներում օգտագործած նրա արտայայտութիւնները, որոնցից ամենայայտնին այն «ամօթալի» արարք որակաւորելն է, միաժամանակ արդարացրել է այդ արարքը՝ յայտարարելով, «որ հայերը անշնորհակալ գտնուելով, ապստամբել են Օսմանեան իշխանութեան դէմ, գործիք դառնալով ռուսների ձեռքին, որի համար եւ Օսմանեան կառավարութիւնը ստիպուած է եղել նրանց աքսորել երկրի խորքերը»: Այս նոյն եզրակացութիւնը նա յայտնել է նաեւ 1920թ. Քլարենս Սթրաթի հետ ունեցած հարցազրոյցում, եւ որով մինչեւ օրս էլ պաշտպանւում է Թուրքիան: Մէկ այլ փայլուն օրինակն էլ այն է, որ նոյն 1920թ. նա լուծարում է Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուների գործերը քննող ռազմական դատարանները:

Քեմալը կատաղի պայքարել է, որ հայկական պետականութիւն չստեղծուի եւ իր հրամանագրերում շեշտել է. «Վերացնել Հայաստանը իրապէս եւ քաղաքականապէս»:

Ուշագրաւ է, դեռեւս 1907 թուին, Ցեղասպանութիւնից 8 տարի առաջ, Քեմալի ծրագիրը՝ «մաքրել Արեւմտահայաստանը հայերից, որպէսզի այն դառնայ իրական թուրքական տարածք» եւ ակնդէտ իր նախորդների հետքերով այդ ուղղութեամբ, նրանց կէս թողածը յետագայում իրականացրել:

Պրոֆ. Սաֆրաստեանը Քեմալի օրագրի եւ նրա հաղորդագրութիւնների բացայայտումով հաստատում է մինչ այսօր մեզ հրամցուած սովետական թուրքագէտների, նաեւ այլ աղբիւրների, հէնց իրենց թուրքական «պատմագրութեան» տուած կեղծ տեղեկութիւնները:

Յատկապէս, մեր Առաջին Հանրապետութեան գործիչների մասին տարածուած այն ապատեղեկատուութիւնը, որով մեր ժողովրդի անգիտակ հատուածը մեղադրում է նրանց թուրքերի հետ բանակցութիւնների մէջ մտնելու համար, ոմանք աւելի սանձարձակօրէն այն անուանում են «սիրաբանութիւն»:

Իմ նպատակը ոչ թէ յարգարժան պրոֆեսորի գրքից մէջբերումներ հրամցնելով այն սպառելն է, այլ տեղեկացնել, որ մենք պարտաւոր ենք այս գիրքը կարդալու, ուր մանրակրկիտ բացայայտւում է, յանձին Աթաթուրքի, ընդհանրապէս Թուրքիայի պետութեան գործելակերպն ու նրանց հեռակայ ծրագրերն ընդհանրապէս, որի շարունակութեանը կրկին ականատես ենք այս օրերին: Այդ նոյն Քեմալի ծրագրի շարունակութիւնն է իրականացնում Թուրքիայի այսօրուայ իշխանութիւնը:  Հայերին մաքրեցին իրենց հազարամեայ տարածքներից, այդ մաքրագործմանը ներգրաւելով նաեւ քրդերին, նրանց հպատակեցնելով հաւասարութեան այն խոստումներով, որով մեզ խաբեցին, եւ ներկայում աշխարհը կրկին ականատես է այս անգամ էլ քրդերի բնաջնջմամբ Թուրքիայի տարածքների ընդլայնման հին ծրագրի իրագործմանը:

Այս աշխատութիւնը գնահատելի է նաեւ նրանով, որ ոչ միայն լուսաբանում է մեր Առաջին Հանրապետութեան դէմ Թուրքիայի կողմից գործադրուող մեզ իսպառ ոչնչացնելու երկարամեայ ծրագիրը, այլ նաեւ Ռուսաստանի, Անգլիայի համաձայնութեամբ այն առաջ մղելու համաձայնութիւնները:

Անշուշտ իւրաքանչիւր այսպիսի տարողութեան հետազօտութիւն լուսաբանում է պատմական դէպքերը նոր փաստարկներով, սակայն պրոֆ. Սաֆրաստեանը մէկ այլ աստիճանի է բարձրացրել իր ուսումնասիրութիւնը, անընդհատ ընդգծելով Քեմալի երկարատեւ ծրագրի իրագործումը, անուղղակիօրէն ընթերցողին շեշտելով պետութեան հեռակայ ծրագրով գործելու անհրաժեշտութիւնը, որից մենք զրկուել ենք Տիգրան Մեծից յետոյ:

Յատկապէս այս օրերին այս աշխատութիւնը արժէքաւոր է նաեւ նրանով, որ տրուած փաստարկները միայն անցեալ չեն, դրանք Թուրքիայի մինչեւ օրս կիրառուող քաղաքականութիւնն են հետապնդում, որով նա առաջ է ընթանում, ուստի պէտք է թօթափենք մեր մեծամիտ, հանգստաւէտ վիճակը եւ աւելի խորքով քննարկենք մեր թշնամու իւրաքանչիւր քայլը:

Մի՛ վարանէք եւ կարդացէ՛ք պրոֆ. Լ. Սաֆրաստեանի «Մուստաֆա Քեմալ, Պայքար Հայաստանի Հանրապետութեան Դէմ» լուրջ ուսումնասիրութիւնը:

 

ԻՐ ԳԱՂՆՏԻ,

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏԵՐՈՒՄ

 

«Մուստաֆա Քեմալի «ազգային ուխտ» ծրագրի ընդարձակումն է՝ Էրդողանի «ազգային ուխտը»: Մուստաֆա Քեմալի «ազգային ուխտը» իբրեւ թէ ենթադրում էր կործանուած Օսմանեան կայսրութիւնից մնացած «գերազանցապէս թուրքերով բնակեցուած» տարածքներում ստեղծել Թուրքիայի Հանրապետութիւն: Բայց հայերից «մաքրուած» Արեւմտեան Հայաստանի տարածքներում թուրքեր չկային, կային քրդեր: Նրանց ասուել էր ոչ թէ «թուրքական հայրենիքի» մասին, այլ «ընդհանուր մահմեդական հայրենիքի»: Կարճ ժամանակից քրդերը վերանուանուեցին «լեռնային թուրքեր»: Մինչեւ նրանց էթնիկական ինքնութեան հասունանալը շատերին աքսորեցին, բայց տարածքը չկարողացան թրքացնել: Քրդերն իրենք դուրս մղեցին Արեւմտեան Հայաստանում վերաբնակեցուած «բալկանեան թուրքերին», ովքեր իրենց հերթին իրենց հայրենիքներում իսլամացած եւ իրենց հայրենակիցների կողմից մերժուած-վռնդուած սերբեր, ալբանացիներ, բուլղարներ էին:

Սիրիայում տեղի ունեցող ներկայիս «Խաղաղութեան աղբիւր» գործողութիւնը Թուրքիայի նոր, էրդողանեան «ազգային ուխտն» է՝ Թուրքիային կցել յարակից տարածքները, ընդհուպ Կիպրոսը, Թրակիան եւ այլն: Սա դիտարկւում է իբրեւ Թուրքիայի սահմանակից տարածքներում անվտանգութեան գօտի ստեղծելու ծրագիր: Առաջիկայում կը տեսնենք դրա ընդլայնումը, ինչպէս նաեւ կը տեսնենք, որ Սիրիայի հիւսիսում թուրքերի գրաւած տարածքներում, ոչ թէ Թուրքիայում ապաստանած արաբ եւ քուրդ փախստականների կը բնակեցնեն, այլ թուրքերի կամ թրքացուած քրդերի, ինչպէս արեցին Ալեքսանդրեթում, Կիպրոսում, ստանալով «մայր հայրենիքին» միանալու երազանքներով «գերազանցապէս թուրքերով բնակեցուած տարածքներ»: Ընթացքի մէջ է թուրքական «ազգային ուխտ-2»ը»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top