Բաքուն Ղարաբաղեան Կարգաւորման Նոր Ռազմավարութիւն Է Փորձարկում. Petrosrategies

1213baku

1213baku

Թարգմանեց՝ ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

Ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնը, որը մասնագիտացած է գլոբալ էներգետիկ հետազօտութիւնների ոլորտում, վերլուծում է Ադրբեջանի վերջին տնտեսական եւ քաղաքական իրադարձութիւնները: «Բաքուն գիտի, որ սպառւում է ժամանակը, քանի որ նաւթի նրա պաշարները կրճատւում են, իսկ գազի արտահանումը չի կարող բաւարար եկամուտ բերել դրանք փոխհատուցելու համար», գրում են Petrostrategies-ի վերլուծաբանները: Այս համատեքստում նրանք քննարկում են նաեւ քաղաքական վերջին զարգացումներն Ադրբեջանում:

Ադրբեջանը բոլորովին վերջերս ներքին եւ արտաքին քաղաքական մեծ շրջադարձ կատարեց՝ հրաժարուելով եւրոպական ինտեգրման (միաւորումի-Խմբ.) ծրագրից, որը նա հետապնդում էր 2007ից՝ շեշտը դնելով Ռուսաստանի հետ դաշինքի վրայ, ինչպէս նաեւ վճռականօրէն հաստատելով մահմեդական աշխարհին իր մաս լինելը եւ ի ցոյց դնելով հաւատարմութիւնը աւանդական ընտանեկան եւ կրօնական արժէքներին, որոնց դէմ նա նախկինում հանդէս էր գալիս յանուն աշխարհիկութեան:  Այդ փոփոխութեան արտայայտութիւնը եղաւ, իհարկէ, նախագահ Իլհամ Ալիեւի ելոյթը Բաքուի համալսարանում, Նոյեմբերի 27ին: Սակայն փոփոխութիւնները փաստացի սկսուել են Հոկտեմբերին, երբ Ալիեւը յայտարարեց, որ այլեւս այլախոհութիւն չի հանդուրժի իր վարչակազմի ներսում: Այնուհետեւ նա սկսեց աշխատանքից հեռացնել իր աշխատակազմի ու կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաների, որոնցից մի քանիսն այդ պաշտօններին էին դեռ հայր Ալիեւի ժամանակներից, որին Իլհամը փոխարինել է 2003ի վերջին: Այդ պաշտօնեաները դիտարկւում էին որպէս աշխարհիկ, արեւմտամէտ դիրքորոշման երաշխաւորներ, սակայն նրանց քաղաքական դերը սկսեց թուլանալ յօգուտ «Փաշաեւների կլանի», որին ներկայացնում է Ալիեւի կինը՝ Մեհրիբանը, ով հանրապետութեան առաջին փոխնախագահ է նշանակուել 2017ի Փետրուարին՝ այդպիսով դառնալով ամուսնու յետնորդը նրա յանկարծակի մահուան դէպքում:

Նոյեմբերի 27ին Բաքուի համալսարանի հարիւրամեակի կապակցութեամբ 45 րոպէանոց ելոյթում Իլհամ Ալիեւը անգութ քննադատում էր նրանց, ովքեր հրաժարւում էին փողեր տալ իր երկրին, երբ այն «դժուարին դրութեան» մէջ էր 1994ի (երբ Ադրբեջանը պարտութիւն կրեց Ղարաբաղեան պատերազմում) եւ 1997ի արանքում, երբ տրուեց նաւթի արտահանման մեկնարկը: «Այսօր երբեմն մենք լսում ենք ինչ-որ արտաքին շրջանակներից, թէ իբր «մենք ուզում ենք օգնել Ադրբեջանին, ուզում ենք տեսնել Ադրբեջանը որպէս զարգացած երկիր»: Այս ամէնը սուտ է: (…) Այն ժամանակ, երբ գանձարանը դատարկ էր, մենք վարկերի էինք դիմում, մեզ ոչ ոք չէր տալիս։ Այդ պատճառով, երբ ինչ-որ մէկն ասում է, թէ Ադրբեջանի լաւն է ուզում, մի՛ հաւատացէք: (…) Մենք աւանդական արժէքների վրայ հիմնուած պետութիւն ենք կառուցում: (…) Որոշ երկրներ այժմ ուշադրութիւն չեն դարձնում դրան: Նրանք տարբերութիւն չեն տեսնում տղամարդկանց ու կանանց միջեւ: (…) Կայ գենդերային (սեռային-Խմբ.) հաւասարութիւն, մենք ընդունում ենք դա, բայց մենք չենք կարող ապրել աւանդական մտածողութիւնից դուրս», ասել է Ալիեւը:

Խօսելով այն մասին, որ Եւրոպան դեռեւս տնտեսական ճգնաժամի մէջ է՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Ո՞ւր պէտք է ինտեգրուենք՝ ճգնաժամի՞ն: Ինտեգրուենք հասարակութեան, որն ասում է՝ վերջ իսլամի՞ն: Ինտեգրուենք հասարակութեան, որ տարբերութիւն չի տեսնում տղամարդկանց ու կանանց միջե՞ւ: (…) Մենք ոչ մի դէպքում այնտեղ չենք ինտեգրուի», ասել է Իլհամ Ալիեւը:

Եւրաինտեգրման քաղաքականութիւնից հրապարակային այս հրաժարումը տեղի ունեցաւ Նոյեմբերի 30ին, TANAP գազատարի բացումից ընդամէնը երեք օր առաջ:  Գազատարը պէտք է Եւրոպա արտահանի տարեկան մինչեւ 10 մլրդ. խմ. ադրբեջանական գազ: Դրա կառուցումը ռուսական գազից ԵՄի կախուածութեան նուազեցման միջոց ներկայացնելու Միացեալ Նահանգների եւ Եւրոպայի լայնածաւալ ջանքերի արդիւնքն էր (չնայած դրա հզօրութիւնը համեստ է եւրոպական շուկայում «Գազպրոմ»ի վաճառած ծաւալների համեմատ): Բաքուն այսօր, ընդհակառակը, ցանկանում է ամրապնդել իր կապերը Մոսկուայի հետ: Բացի այդ, գազամուղը շահագործման է յանձնւում մի ժամանակ, երբ համաշխարհային շուկայում գազի մեծ առաջարկ կայ, իսկ գները ցածր են: Արդ, «Շահդենիզ-2» հանքավայրի եւ այն սպասարկող գազամուղների կառուցումը (ներառեալ՝ TANAP-ի) արժել է աւելի քան 40 մլրդ. դոլար, եւ դրա շահութաբերութեան համար կը պահանջուի նաւթի առնուազն 70 դոլար գին:

«Շահդենիզ-2»ից գազի արտահանումը Բաքուին չի բերի նրա ակնկալած ֆինանսական եկամուտը: Դա շատ տհաճ է մի երկրի համար, որն արդէն իսկ հիասթափուած է ոչ միայն նաւթի արդիւնահանման նուազումից (ինչն սկսուել է 2012ին), այլեւ հում նաւթի համեմատաբար ցածր գներից: Ընդհանուր առմամբ, 2017ին Ազերի-Շիրագ-Գիւնեշլի խորջրեայ հանքավայրի կոնցեսիայի (շահագործելու արտոնագրութեան-Խմբ.) պայմանները վերաբանակցելուց յետոյ միջազգային ընկերութիւնները՝ BP-ի գլխաւորութեամբ, սկսել են ներդրումներ անել սահմանափակելու նաւթի նուազող արդիւնահանման տեմպը, սակայն այդ ջանքերը թանկարժէք են, եւ նաւթի արդիւնահանման մակարդակը հնարաւոր կը լինի կայունացնել ընդամէնը մի քանի տարով (հնարաւոր է՝ արդիւնահանման մի փոքր աւելացմամբ): Սակայն այդ հանքավայրերում պաշարների կէսից աւելին արդէն արդիւնահանուել է, եւ այժմ խնդիրը դրանց անխուսափելի վերջնասպառումն է:

Ադրբեջանի տնտեսութիւնը բաւականաչափ հզօր չէ, որպէսզի կարողանայ հրաժարուել ածխաջրածիններից իր կախուածութիւնից: 2018ին գրանցուել է ընդամէնը 1.4 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019ին ակնկալուող 3.6 տոկոսը աճը Սեպտեմբերին վերանայուել է նուազման ուղղութեամբ՝ մինչեւ 2.3 տոկոս: Հարեւան Վրաստանի համապատասխան ցուցանիշը կազմել է 4.8 տոկոս 2018ին եւ 5.1 տոկոս՝ 2019ին (առաջին 10 ամիսները), թէեւ այն նաւթ կամ գազ չունի: 2018ին Հայաստանի տնտեսութիւնն աճել է 5.2 տոկոսով, իսկ 2019ին Համաշխարհային բանկն ու ԱՄՀն արդէն կանխատեսում են տնտեսական աճ 5.5-6 տոկոսի սահմաններում:

Ալիեւն այլեւս չի կարող յուսալ, որ ածխաջրածիններից եկամուտների աւելացումը կ՛աշխուժացնի իր երկրի տնտեսութիւնը՝ իրեն թոյլ տալով (եթէ իհարկէ ցանկանայ) սկսել աւելի արդար բաշխել ազգային հարստութիւնը բնակչութեան շրջանում:

Ալիեւը, հնարաւոր է, մտավախութիւն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ յեղափոխութիւնը կարող է վարակել հասարակական կարծիքը նաեւ իր երկրում։ Ադրբեջանի ղեկավարը, հնարաւոր է, նաեւ մտավախութիւն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ յեղափոխութիւնը 2018ի Ապրիլին, երբ յաջողուեց իշխանութիւնը խլել կոռումպացուած ռեժիմից, որը դրանից ընդամէնը շաբաթներ առաջ անպարտելի էր թւում, կարող է վարակել հասարակական կարծիքը նաեւ իր երկրում: 2019ին Ադրբեջանում բողոքի ցոյցերի քանակն աւելացել է, եւ դրանք այլեւս չեն ճնշւում այնքան կոշտ, որքան նախկինում: Ակնյայտօրէն ճնշման ներքոյ իշխանութիւններն անգամ ազատում են քաղբանտարկեալներին:

Բաքուի համալսարանում Ալիեւի ելոյթից մէկ օր անց երկրի խորհրդարանը լուծարուեց: Ինչո՞ւ: Արդեօք դա արուեց քաղաքական հակառակորդներին նոր խորհրդարան մուտքն ապահովելու եւ այդպիսով ժողովրդի զայրոյթը պարպելու յոյսո՞վ: Նախագահ Ալիեւը քննադատել է այլ երկրներում տեղի ունեցող յեղափոխութիւնները, որոնք, ըստ նրա, չեն կատարում իրենց խոստումները: «Հիմա ամբողջ աշխարհը տեսնում է, որ յեղափոխութիւնները միայն դժբախտութիւն են բերել այդ երկրներին, ասել է նա Բաքուի համալսարանում՝ յայտարարելով խորհրդարանական յաջորդ ընտրութիւններից յետոյ «արմատական բարեփոխումների» մասին:

Ադրբեջանը սկսել է զգալիօրէն սերտացնել կապերը Ռուսաստանի հետ: Նոյեմբերի 20-25ն ընկած ժամանակահատուածում Մեհրիբան Ալիեւան «պետական այց» կատարեց Մոսկուա, որի ընթացքում հանդիպեց Ռուսաստանի բարձրագոյն ղեկավարների հետ ու ողջունեց «միջազգային ասպարէզում Ռուսաստանի դիրքերի աճը»: Երբ Իլհամ Ալիեւը Բաքուի համալսարանում ելոյթից յետոյ ողջունեց ՌԴ ղեկավարի աշխատակազմի ղեկավարի գլխաւորած պատուիրակութեանը, նա ասաց, որ Վլադիմիր Պուտինը «աշխարհի առաջատար երկրի նախագահն է», «աշխարհի քաղաքական գործիչների շարքում թիւ մէկն է»:

Բաքուն, հնարաւոր է, փորձում է օգտուել Երեւանի եւ Մոսկուայի միջեւ Հայաստանում «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ ծագած որոշ տարաձայնութիւններից, եւ կարող է յոյս ունենալ այդ կերպ իրեն բաւարարող լուծում գտնել Արցախի խնդրում, որը Ստալինը 1923ին միացրել է Խորհրդային Ադրբեջանին, եւ որը ԽՍՀՄ փլուզումից յետոյ նուաճել է իր անկախութիւնը:

Ադրբեջանի կառավարութիւնն այդ հակամարտութեան գինը ներկայացնում է որպէս երկրի տնտեսութեան առջեւ ծառացած խնդիրների հիմնական աղբիւր: Բաքուն, իհարկէ, գիտի, որ ժամանակն սպառւում է, քանի որ իր նաւթի պաշարները կրճատւում են, իսկ գազի արտահանումը չի կարող բաւարար եկամուտ բերել, որպէսզի փոխարինի նաւթից ստացուող եկամուտներին: Ադրբեջանը փորձում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նոր քաղաքական ռազմավարութիւնը, նախքան անհրաժեշտութեան դէպքում զէնքին դիմելը, ինչպէս 2016ի Ապրիլին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top