Խաղաղութեան, Անվտանգութեան Երաշխաւորը

0129panag

0129panag

ՆՈՐԻԿ ԵՆԳԻԲԱՐԵԱՆ

 

28 տարի առաջ՝ 1992թ. Յունուարի 28ին, ստեղծուեց Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը: Նախարար նշանակուեց Վազգէն Սարգսեանը: 28 տարի առաջ՝ 1992թ. Յունուարի 28ին, կազմաւորուեց ՀՀ զինուած ուժերի անդրանիկ ստորաբաժանումը: Հայոց բանակի ծնունդը գրանցուեց պաշտօնապէս…

Եւ ծնունդ էր դա փառահեղ ու գեղեցիկ եւ այնքան նման դիւցազնական հերոս Վահագնի ծնունդին, միայն թէ «ընդ եղէգան փողից» չէր, որ «բոց ու ծուխ ելանէր», այլ միանգամայն իրական  ինքնաձիգի ու հրանօթի փողից, ձեռամբ նորօրեայ Վահագնների, որ Վարդան էին ու Գարեգին, Գէորգ ու Թաթուլ, Դաւիթ, Յովհաննէս, Պետրոս, Մովսէս ու էլի՛, էլի՛ անուններ, որոնք, Վարդանանց պատմութիւնն անող Եղիշէի խօսքով՝ «միեւնոյն յօժար սիրտն ունէին եւ առհասարակ միեւնոյն զէնքով էին զինաւորուած»:

«Միեւնոյն զէնքով», որը սէրն էր առ հայրենիք ու ազատութիւն, եւ ցասումն էր անարդարութեան դէմ, եւ արդար վրէժի զգացումն էր թափուած արեան, զրկանքների ու նուաստացումների համար: Եւ՝ «միեւնոյն յօժար սրտով», որովհետեւ կռիւը բոլորինն էր, եւ բոլորը յօժարակամ էին գնացել կռուի դաշտ եւ միակամ էին ու միասնական: Կամաւորականներ էին, ազատամարտիկներ, երկրապահներ, եւ սպարապետը յետոյ կ՛ասի. «Երկրապահի ամենամեծ ձեռքբերումներից մէկը, եթէ ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա իր մարմնով, իր արեամբ ծածկեց հանրապետութեան սահմանները եւ իր արիւնով հնարաւորութիւն տուեց, որ երկրում բանակ ստեղծուի»:

Խաղաղութեան, անվտանգութեան երաշխաւորը ստեղծուեց, եւ Արցախեան ազատամարտը դարձաւ նրա ձեւաւորման քուրան: Դժուարին եւ միաժամանակ հերոսական երկունքը մօտենում էր զարկ առ զարկ, գրոհ առ գրոհ, յաղթանակ առ յաղթանակ: Արձանագրուած է, եւ մենք կարող ենք ստոյգ վերականգնել պատմական պահը. 1992թ. Մայիսի 8ին էր, երեկոյեան, հայոց բանակի մեծ ծննդի վաւերացումից ուղիղ 20 օր առաջ, հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտական տարերքը ծաւալւում էր «իններորդ ալիք»ի ուժով, եւ սպարապետը  յայտարարեց. «Այն, ինչ կատարւում է Արցախում, հրաշք է»:

0129panag5Այդ հրաշքը Շուշիի ա-զատագրման ռազմական փայլուն գործողութիւնն էր, գեներալ Դրոյի մարգարէացումը. «Ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին»:

Հայոց բանակը ծնուեց այդ հրաշքից, Շուշիի բերդը գրաւած հայ քաջորդիների յաղթական համազարկերից, ցնծութեան շուրջպարից ու յուզախռիւ գրկախառնումներից, հայրենաշունչ երգերից, որ զինուորի ուղեկիցները եղան իր դժուար ճանապարհին եւ նոյնպէս կռուեցին, նոյնպէս յաղթեցին…

Հայոց բանակի ծնունդը եղաւ պատերազմի փորձութիւնների եւ պետական շինարարութեան առաջին ծանր, պատասխանատու քայլերի մէջ միաժամանակ: Պետութիւն եւ բանակ՝ ազգային մեծ երազանքի իրականացումն էր, որ ուժերի գերլարում էր պահանջում, հաւաքական կամք, միասնական ոգի: Զրկելով իրեն՝ ազգն իր բանակին, ինչպէս ծնողը՝ հարազատ զաւակին, տալիս էր իր վերջին հնարաւորութիւնը, ամէնը, ինչ ունէր եւ կարող էր տալ: Եւ դարձաւ այդ բանակը հպարտութեան ու ոգեւորութեան աղբիւր:

Մեծն Թումանեանը… Ամենայն հայոց բանաստեղծն էր՝ ամենայն հայոց ճակատագրով իմաստնացած, իր ժողովրդի գոյատեւման դարաւոր խորհուրդն իր մէջ առած, միս ու արիւն դարձրած հաւաքական մի ոգի, եւ ի՜նչ մեծ երազանք էր փայփայում հզօր պետութիւն եւ հզօր բանակ ունենալու մասին: Մի բանաստեղծութիւն ունի՝ «Հայկական բանակը», թուագրուած է՝ 1920թ. Փետրուարի 19ը, Թիֆլիս: Ըստ չհաստատուած լուրերի՝ նոյն ժամանակ էլ տպագրուել է «Բանակի Օր» մէկօրեայ թերթում, որը մեզ չի հասել, բայց մեզ է հասել բանաստեղծութեան ինքնագիրը եւ տասնամեակներ անց տպագրուել «Հայրենիքի Ձայն» թերթի 1989թ. Նոյեմբերի 1ի համարում:

Ազգային զարթօնքի շրջանն էր, եւ Թումանեանի բանաստեղծութիւնը պէտք եղաւ: Պէտք է նաեւ այսօր՝ հասկանալու, թէ իր ժողովրդի համար ճակատագրական ժամանակներում հայ մարդն ինչպիսին է կամեցել տեսնել հայկական բանակը:  Բանաստեղծութիւնը հզօր, անսասան բանակ ունենալու նրա մեծ երազանքի արտայայտութիւնն է.

«Ո՞վ է կանգնած լեռների հետ

Էն հզօրը անսասան,

Ծածանում է գլխին վետ-վետ

Իր դրօշը սրբազան»:

Հարց է տալիս Թումանեանը եւ ինքն էլ պատասխանում.

«Էն Սասունցի Դաւիթն է հին,

Մըսրայ շղթան խորտակել,

Թուր-Կեծակին իրեն ձեռին՝

Լոյս աշխարհ է դուրս եկել»:

Այսպէս՝ ամբողջ բանաստեղծութիւնը, որ այն ժամանակներում, այո՛, Թումանեանի մեծ երազանքի արտայայտութիւնն էր, յաղթական բանակ ունենալու իղձը, որ իր ժողովուրդը տասնամեակներ անց դարձնելու էր իրականութիւն:

Հայկական բանակը ծնուեց յաղթանակից եւ իրաւամբ կոչւում է յաղթանակած բանակ: Այդ յաղթանակը կռեցին եւ կոփեցին նրանք, ովքեր ընկան քաջի մահով, ու նրանք, ովքեր, երջանկայիշատակ Վազգէն Ա. վեհափառի խօսքով՝ «մահը խափանեցին յաղթութեամբ»: Պարզ, հասարակ տղաներ էին նրանք, ե՛ւ աղջիկներ, ե՛ւ կանայք, ե՛ւ արդէն տարիքաւոր այրեր, սովորելու էին, ընտանիք էին կազմելու, տուն ու թոռ էին պահելու, բայց գնացին կռուելու, որովհետեւ հայրենական հող ու ազգային արժանապատուութիւն ունէին պաշտպանելու, յիշատակներ ունէին պահպանելու, եւ հայրենիքի կանչը նրանց համար որպէս պատգամ հնչեց: Քաջազուն նախնիներից եկող, դարերով անցած եւ երբեք չմարած պատգամը՝ ի զէն, եթէ հողդ վտանգուած է: Քո սրբազան հողը…

Հայկական բանակը ծնուեց՝ պաշտպանելու արեամբ ու մաքառումներով սրբագործուած այդ հողը. «Սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց»:

Հայոց բանակն այսօր 28 տարեկան է: Մեր բանակն օրօրոց չունեցաւ՝ խրամատում ծնուեց, գրոհների մէջ, սահմանների պաշտպանութեան դիրքում, զէնքը ձեռքին:

Եւ ծնուեց նաեւ այն տղաների համար, որ հիմա 18 տարեկան են եւ՝ իր զինուորները: Վաղը նրանք դառնալու են ամէն մէկն իր գործին՝ կրթուելու, աշխատելու, տուն պահելու, շէնացնելու եւ բարենորոգելու երկիրը, բայց, եթէ պէտք լինի, նորից են զինուորագրուելու: «Լեռների չգր-ուած օրէնքների առաջին կէտում նշուած է՝ եղիր քո օջախի, քո տան, քո երկրի պաշտպանը: Քո կեանքը թանկ է, բայց աւելի թանկ չէ հայրենիքի պատուից». զօրավար Համազասպ Բաբաջանեանի խօսքն է:

Հայոց բանակն այսօր հզօր մի կառոյց է, մեր ժողովրդի կարեւորագոյն ձեռքբերումներից մէկը, նրա հպարտութեան առարկան, անվտանգութեան երաշխիքը: Երբ ստեղծւում էր նրա անդրանիկ ստորաբաժանումը՝ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թէ պատմական կարճ ժամանակահատուածում բանակաշինական ի՛նչ թռիչք է կատարուելու, հայրենասէր տղաներից բաղկացած ստորաբաժանումը ինչպէ՛ս է դառնալու ժամանակակից բանակ՝ զինուած արդիական տեխնիկայով ու ռազմական նորագոյն գիտելիքներով: Ռազմական համագործակցութիւնն այլ երկրների հետ, մասնակցութիւնը միջազգային խաղաղապահ ուժերին՝ մեր բանակի հեղինակութեան ստոյգ վկայութիւնն են: Լինելով մարտունակ եւ ճանաչուելով որպէս այդպիսին՝ նա լաւագոյն նախադրեալներ է ստեղծում տարածաշրջանում լիարժէք խաղաղութեան հաստատման համար:

Հայոց բանակը մեր անկախ պետականութեան խորհրդանիշերից մէկն է, պետութեան եւ ժողովրդի ջանքերի անդուլ համատեղման, համաձուլման փայլուն արդիւնքը:

 

«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top