Ս. Կարապետ Մայր Եկեղեցու Անուանակոչութեան Տօնը Համախմբել էր Համայնքին

0130garabed4

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Սուրբ Յովհաննէս Մկրտիչի կեանքը, նկարագիրը եւ ծառայութիւնն օրինակ թող լինեն մեր կեանքի եւ գործունէութեան համար. երկրային կեանքի ընթացքում, նա Սուրբ Հոգով էր զօրանում եւ իր ճանապարհից չշեղուեց, որովհետեւ նպատակն էր մարդկանց փոխանցել, որ ինչը որ յայտարարում եւ խոստանում են, պէտք է գործով ապացուցեն: Յովհաննէս Մկրտիչը խոնարհ, հնազանդ, քաջ եւ ճշմարտախօս անձ էր, եւ նոյնիսկ մահուան գնով իր նկարագրից երբեք չշեղուեց ու գլխատուեց յանուն արդարութեան, ճշմարտութեան՝ միշտ մնալով հաւատարիմ Աստծուն», Հոլիվուդի Ս. Կարապետ Մայր եկեղեցու անուանակոչութեան տօնի Ս. պատարագին իր քարոզում Ս. Յովհաննես Մկրտիչի անձի ու գործունէութեան մասին այսպէս արտայայտուեց Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը:

«Մենք էլ մեր սկբունքներից չշեղուենք, սիրելինե՛ր, արդարութիւնը, ճշմարտութիւնը, պարկեշտութիւնը, անկեղծութիւնը պէտք է ծանրակշիռ լինեն մեր կեանքում եւ գործունէութեան մէջ, ինչպէս որ Մկրտիչի կեանքում էր», ժողովրդին կոչով դիմեց սրբազանը՝ աղօթելով, որ Սուրբ Յովհաննէսը բարեխօս լինի Աստծոյ առջեւ, եւ իր օրինակով, մենք էլ լինենք արդարամիտ, արդարագործ:

Մուշեղ արք. Մարտիրոսեանը նշեց, որ անուանակոչութեան տօնը պէտք է լինի հաւատքի եւ ուխտի վերանորոգման օր, եւ գոհունակութիւն յայտնեց առ Աստուած, որ Սուրբ Կարապետ Մայր եկեղեցու տօնն առիթ է բազմաթիւ հաւատացեալների համար Ս. պատարագի միջոցով հաղորդակից լինելու Աստծուն եւ նրա պատգամներին:

Յունուարի 19ին կայացած Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգիստ եւ մատաղի օրհնութիւն, որն այնուհետեւ բաժանուեց ժողովրդին:

Սուրբ սեղանը սպասարկում էր Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը, ով երախտիքի խօսք յայտնեց եկեղեցու մշտական բարերարներին եւ ընդգծեց եկեղեցու օծման կնքահայր եւ մատաղի հովանաւոր Վահէ Կարապետեանի եւ տիկնոջ՝ Վերոնիք Մոնիկի ներկայութիւնը, ովքեր տասնամեակներ շարունակ աջակցել են եկեղեցուն, ինչպէս նաեւ՝ խորանի բարերար Յակոբ եւ Հայկուհի Դաղլեաններին:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ կայացաւ աւանդական դարձած ճաշկերոյթը, որ համախմբել էր Մայր եկեղեցու ծխական մեծ ընտանիքին: Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանի եւ եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի, ե-րեսփոխանների, Տիկնանց միութեան կազմակերպմամբ, եկեղեցուն կից «Կարապետեան» սրահում հաւաքուել էին համայնքի հոգեւոր դասի եւ աշխարհիկ ներկայացուցիչներ, բարերարներ, Ազգ. Կենտրոնական վարչութեան անդամներ, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէութեան, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի եւ Մարի Փոսթոյեան մանկամսուրի, ՀՕՄի «Մայր» եւ ՀՄԸՄի Լոս Անջելեսի մասնաճիւղերի, «Րաֆֆի» ռումինահայ մշակութային եւ հայրենակցական միութեան, Տարօն Տուրուբերանի հայրենակցական միութեան, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Հոգեւոր եղբայրակցութեան ներկայացուցիչներ, հիւրերի թւում էր նաեւ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Դէյվիդ Ռայուն:

Օրուայ հանդիսավարը՝ Հոգաբարձութեան անդամ Սուրէն սրկ. Հազարեանը ողջունելով ներկաներին, խօսեց ծառայութեան մասին, այն մարդկանց ծառայութեան, ովքեր նիւթական եւ բարոյական աջակցութիւն են ցուցաբերում եկեղեցուն, ովքեր ծառայում են խորանին, նաեւ՝ անդրադարձաւ Ս. Կարապետ Մայր եկեղեցու անուանակոչութեան տօնին, որն առիթ է դարձել ծառայութեան ոգին զօրացնելու:

Եկեղեցու դերի մասին նրա խօսքերն առարկայական դարձրին Կիրակնօրեայ դպրոցի եւ Մայր եկեղեցու հետ սերտօրէն համագործակցող Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի սաները: «Սովորել ենք եւ յաւիտեան պէտք է պահպանենք մեր նախահայրերի քրիստոնէական սրբազան հաւատքը, հաւատարիմ լինենք ազգային պայքարի ուղուն, եւ մեր հերթին, այն փոխանցենք յաջորդ սերունդներին», վարժարանի սաների խօսքը, համեմուած հայ մտաւորականների ու գրողների գրական ժառանգութեամբ, ազգային երգ ու պարով, եւս մէկ հաւաստիացումն էր ազգային եկեղեցու եւ վարժարանի առաքելութեան լիարժէք իրականացման:

«Կիրակնօրեան կրթում է ոչ միայն կրօնի եւ եկեղեցական արժէքների իմացութեամբ, նաեւ մեր նոր սերնդին սովորեցնում է հայասիրութիւն, հայեցիութիւն, հայ գիր եւ հայ մշակոյթ: Մեր ազգային վարժարանն էլ այն կրթօջախն է, որ պատրաստում է ազգային ու համամարդկային արժէքներ կրող, ստեղծելու ու գործելու պատրաստ երիտասարդներ», իր խօսքում նշեց հանդիսավարը:

Հայ մանուկների, պատանիների եւ երիտասարդների ստեղծած ոգեւորիչ եւ յուզիչ մթնոլորտում, Ս. Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը ներկայացրեց օրուայ մեծարեալին: «Աւելի քան տասնհինգ տարիների գեղեցիկ աւանդոյթ է, որ Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին, իր յարակից կառոյցներով ու կազմակերպութիւններով, հովանաւորներով հաւաքւում է մեծարելու հայորդիների, շնորհակալութիւն յայտնելու նրանց բազմաբնոյթ եւ բազմապիսի ծառայութիւնների համար: Ինձ համար հոգեկան հաճոյք է խօսել այսօրուայ մեծարեալի, մեր սիրելի Արթուր Արթենեանի մասին, ում ազնուութեամբ լեցուն սիրտն ու վեհ հոգին պատրաստ են ծառայելու ամէնուր եւ ամէն առիթով՝ անձայն, անշշուկ: Արթուրը լռելեայն, առաջնորդուելով աւետարանական իմաստութեամբ, որ աջ ձեռքով տրուածի մասին ձախը երբեք չպէտք է գիտենայ, օգնել եւ շարունակում է օժանդակել  հայ եկեղեցուն, հայկական կազմակերպութիւններին ու միութիւններին, հայրենիքին»:

Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն այնուհետեւ ներկայացրեց օրուայ մեծարեալի գործունէութիւնից որոշ դրուագներ, պատմեց Արթենեանի աջակցութեան մասին Արցախին, երբ քառօրեայ պատերազմի ժամանակ, նա անմիջապէս թանկարժէք բժշկական սարքաւորումներ էր հասցրել արցախեան ճակատում մարտնչող վիրաւոր զինուորներին: «Յիշում եմ, երբ 2000 թուականի առաջին տարիներին, եկեղեցու հիմնական նորոգութեանը ձեռնարկեցինք, մի պահ ֆինանսական խնդրի առջեւ էինք եւ փորձում էինք գումար գտնել շինարարութիւնն աւարտին հասցնելու համար: Հեռաձայնեցի Արթուրին, եւ յաջորդ օրն առաւօտեան, ընկերոջ հետ միասին եկան եկեղեցի ու նուիրաբերեցին անհրաժեշտ գումարը», առաջնորդարանին եւ Ս. Կարապետ Մայր եկեղեցուն մշտապէս սատարող Արթենեանի հերթական բարեգործութիւնը յիշեց քահանայ Վասիլեանը: Անդրադառնալով ամերիկեան քաղաքական շրջանակներում Արթուր Արթենեանի՝ համահայկական հարցերի լուծման ուղղութեամբ տարուող աշխատանքներին, տէր Վիգէնը յիշեց 2015 թուականը: «Արթուրը Հավայիում, մեծ ճիգեր գործադրեց՝ հասնելով այդ նահանգի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ընդունմանն ու Արցախի անկախութեան ճանաչմանը, եւ դա արեց միայնակ», պատմեց Ա. քհնյ. Վասիլեանը՝ նշելով, որ Արթենեանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահներ Օբամայի եւ Թրամփի հետ՝ նրանց տեղեկացնելով եւ յորդորելով ընդունել պատմական ճշմարտութիւնները:

Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը բարձր գնահատեց մեծարեալի ծառայութիւնն Աստծոյ Սուրբ խորանին եւ ազգային ծրագրերում նրա ներդրումը, Հոգաբարձութեան ներկայացուցիչների հետ միասին Արթենեանին յանձնեցին գնահատանքի յուշագիր:  Արթենեանի գործունէութեան մասին խօսք ասաց նաեւ Մուշեղ արք. Մարտիրոսեանը՝ անդրադառնալով Արթենեան ընտանիքին, որտեղ կայ՝ «աստուածասիրութիւն, հայրենասիրութիւն, աւանդապահութիւն, սէր եւ յարգանք միմեանց նկատմամբ, եւ այդ բոլորը Արթուրը ժառանգել է իր ծնողներից»: Առաջնորդ սրբազանը օրհնութեան ու գնահատանքի գիր շնորհեց մեծարեալին, որտեղ մասնաւորապէս ասուած էր. «Արթուր Արթենեանի կեանքն ու եկեղեցանուէր վաստակը պերճախօս վկայութիւնն են ազնիւ հայի եւ հաւատացեալ քրիստոնէայի արժանիքների: Իր ծնողների դաստիարակութեամբ սնուելով, քայլերն ուղղել է դէպի հայ եկեղեցի եւ ծառայել է Ս. Կարապետ Մայր եկեղեցում որպէս դպիր եւ ուրարակիր: Հայրենասիրութիւնն Արթուրի համար սոսկ ձեւական բնոյթ կրող եւ անցեալից եկող ժառանգութիւն չէ, այլ՝ ոգեղէն ձգտում եւ սրտի տրոփիւն: Վարձքդ կատար, Արթուր, եւ թող ընտանէասիրութիւնդ, կեանքդ ու ծառայութիւնդ տիպար օրինակ դառնան նորահաս սերունդներին»:

Լոս Անջելեսում իր ներդրումների համար, որոնք առիթ են դարձել բազմաթիւ մարդկանց կեանքում բարեփոխումների, Արթուր Արթենեանին, քաղաքապետարանի անունից, վկայագիր յանձնեց Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Դէյվիդ Ռայուն: Նա յայտնեց, որ մեծ ուրախութեամբ է մասնակցում իր վաղեմի ընկերոջ մեծարման ձեռնարկին եւ պատմեց, թէ ինչպիսի՛ նուիրուած ընկեր է Արթենեանը:

Յունուարի 19ին ստացած ստացած գնահատագրերը համալրեցին՝ երկրին, համայնքին, Հայաստանին ու Արցախին մատուցած ծառայութիւնների համար Արթենեանի ստացած բազմաթիւ պատուոգրերի շարքը, այդ թւում՝ ԱՄՆ ընտրուած պաշտօնեաների կողմից, բայց ամենահարազատ գնահատանքն, իր կեանքի չորրոդ տասնամեակը նոր թեւակոխած Արթուրը համարում է Արցախի նախագահի կողմից տրուած Երախտագիտութեան մեդալը:

Երեսուն տարուց աւելի ԱՄՆում բնակուող Արթուրը խոստովանում է, որ հայրենասիրութիւնը փոխանցուել է հօրից, ազգային ոգին զօրացել է մեծապէս Սուրբ Կարապետ Մայր եկեղեցու միջոցով. «Եկեղեցին մեծ դեր է ունեցել իմ կեանքում. պատանեկութեան տարիներից ծառայել եմ եկեղեցում, եղել եմ նաեւ դպիր: Կարծում եմ, առանց հաւատքի, առանց հոգեւորի, անհատի կեանքը չի իմաստաւորւում: Մեր ազգը այսօր կայ, Ցեղասպանութիւնից յետոյ չձուլուեց, չօտարացաւ, եւ դա եկեղեցու շնորհիւ էր, որ պահեց նաեւ մեր լեզուն ու մշակոյթը: Բոլորի կեանքում, յատկապէս Սփիւռքում, շատ կարեւոր է, որ կապը լինի եկեղեցու հետ, որ կարողանանք առաւել համախմբուած պայքարել, քաջալերենք միմեանց, քանզի որպէս ազգ շատ գործեր ունենք առջեւում»: Արթենեանը կարեւորում է իւրաքանչիւր հայ անհատի դերը համայնքի եւ ազգի զօրացման հարցում, եւ յորդորում է պատանիներին ու երիտասարդներին, որ ուսման մէջ առաջամարտիկ լինեն, որովհետեւ այսօր ժամանակները փոխուել են, եւ գրիչը շատ աւելի զօրեղ է: Հայ ծնողներին էլ կոչ է անում, որ ուղղորդեն իրենց զաւակներին աշխատելու դաշնային, նահանգային եւ տեղական կառավարական գրասենեակներում, եւ երկրի զարգացմանը նպաստելուն զուգահեռ նաեւ օգտակար լինեն հայ համայնքին ու հայրենիքին՝ օտարներին հայ ժողովրդի խնդիրները ներկայացնելով եւ նրանց միջոցով նաեւ բարձր հարթակներում դրանք արծարծելով: «Իմ մեծ ցանկութիւնն է, երազանքս, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը», ասում է Արթենեանն ու հաւատում, որ դա իրականութիւն կը դառնայ մի օր: Նրա հաւատն արդարացուած է, քանզի, ինչպէս տէր Վիգէնը նկարագրեց, Արթուր Արթենեանը լռելեալն աշխատում է իր երազանքն իրականացնելու ուղղութեամբ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top