ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ 130ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻՆ՝ ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի Արտասանած Խօսքը

Հակոբ-Խաչատուրյան-արցախ-ՀՅԴ-130-1024x650

Հակոբ-Խաչատուրյան-արցախ-ՀՅԴ-130-1024x650

 

«Մեր Թշնամիները Հայաստանի Եւ Արցախի Սահմաններից Դուրս Են»

 

Գերաշնորհ եւ սիրելի սրբազան հայր, յարգարժան հիւրեր, հայրենակիցներ, ընկերներ,

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 130ամեակին նուիրուած տօնակատարութիւնների մեկնարկը սկսում ենք ազատագրուած Արցախից: Առհասարակ, ՀՅԴ 130ամեակը նշելը ոչ միայն տօնակատարութիւն է, այլ նաեւ հաշուետուութեան առիթ ժողովրդի առջեւ: Դաշնակցութիւնը յոյսի ու նուիրումի կազմակերպութիւն է՝ հայոց ազատատենչ ու առնական ոգին մարմնացնող, հայ ժողովրդի տեսլականը քայլ առ քայլ իրականացնող, հայոց պետականութեան հիմքերն ամրապնդող, Արցախի հիմնահարցն անխոնջ հետապնդող, ինչպէս նաեւ  Ջաւախքի ու Արեւմտեան Հայաստանի հայութեան իրաւունքները շեշտադրող: Մի խօսքով, հայ ժողովրդի վառ ապագայի յոյսը հունաւորողն է մեծ ու աննահանջ մարտնչող այս կառոյցը:

Պետականութեան առկայութեան ու բացակայութեան հանգրուաններում՝ իր 130ամեայ պատմութեան ընթացքում ՀՅԴն լծուած է հայ ժողովրդին ծառայելու գործին՝ միշտ կարեւորելով գործը ռոստոմեան վճռականութեամբ, միշտ անսալով քրիստափորեան յարատեւ կռուի պատգամին եւ միշտ կառչելով զաւարեանական  բարոյական հանգանակին, ու ամուր գաղափարական միատեսակութեան կողքին՝ նաեւ վարչական ապակենտրոնացման նրա համոզմունքին: Սկզբունքներ, որոնք այսօր էլ թարմ ու այժմէական  են:

Հայաստանի վերանկախացումից ու Արցախի ազատագրումից յետոյ բազմապատկուել են մեր գործունէութեան դաշտն ու ծրագրերը: Իր աշխարհասփիւռ համահայկական կառոյցով ՀՅԴն պարտաւոր է աջակցել իր հայրենիքի ու հայութեան բազմաթիւ կարիքների լուծմանը: Բայց որպէս պատասխանատու եւ լուրջ կազմակերպութիւն՝ այն շարունակաբար ճշդում եւ այժմէականացնում է իր առաջնահերթութիւնները, որոնցից իւրաքանչիւր տարուայ համար ընտրւում են էականները: Դրանց իրագործման համար տրամադրւում են մեր կազմակերպութեան տրամադրութեան տակ գտնուող նիւթական աղբիւրներն ու մարդկային ներուժը:  Այդ տարեկան առաջնահերթութիւններն անպայմանօրէն եւ առնուազն պէտք է ներառեն Հայաստանը, Արցախը, Սփիւռքը եւ Հայ Դատը: Մնացեալները ճշդւում են ըստ ծրագրերի եւ ժողովների որոշումների: Հայաստանի պարագայում՝ բնական է, որ համահայկական մեր յստակ նպատակը՝ ինչպէս անցեալում, նաեւ այսօր,  պետականութեան հիմքերի ամրապնդումն է՝ օժանդակելով կաշառակերութեան դէմ պայքարին, մտածուած ու ոչ կործանարար փոփոխութիւններին, որպէսզի անցնցում մնայ մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը՝ ազատ, անվտանգ ու իրեն յատուկ ստեղծարար ոգով, անխափան ծաղկեցնի հայրենիքը:

Այդ հայրենիքը, մեր պատկերացմամբ, պէտք է ունենայ իսկական ժողովրդավարական դիմագիծ, իշխանութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական ճիւղերի լրիւ տարանջատում ու փոխադարձ հակակշռում, ազգային գաղափարախօսական պինդ յենարան, կարծիքների այլազանութեան քաջալերում եւ առողջ կառուցողական բանավէճի հնարաւորութիւն, համերաշխութիւն՝ նաեւ առանց բաժանարար կեղծ գծերի պարտադրանքի, ընկերային արդարութիւն եւ տնտեսական հնարաւորութեան ընձեռում ժողովրդի բոլոր շերտերին:

Բարկացկոտ ու յեղափոխութեան պիտակի տակ ներքին պառակտումների տանող քաղաքականութիւնը պէտք է փոխարինուի հայրենի ժողովրդի եւ համազգային մակարդակով միասնականութիւն ստեղծելու միտումով, որպէսզի համախմբուած ճիգերով դիմագրաւենք Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին: Բնականաբար, մեր կազմակերպութիւնը հայրենիքում լծուած է նաեւ առօրեայ քաղաքական աշխատանքին, եւ որպէս արտախորհրդարանական ուժ՝ իր աշխատանքները ծաւալում է մասնագիտական ոլորտային յանձնախմբերի ձեւաչափով, որպէսզի կառավարական տարբեր ծրագրերի այլընտրանքներ ներկայացնի: Ինչպէս անցեալում, այսօր եւս՝ ճշդին ասելու ենք ճիշդ, իսկ սխալի պարագայում՝ ոչ միայն սխալ, այլ նաեւ ներկայացնելու ենք այլընտրանքներ՝ որպէս նոր հունաւորուող ուղիներ մեր անելիքների եւ գաղափարների մասին: ՀՅԴի համար Հայաստանում երիտասարդութեան ներգրաւումը, մտաւորականութեան համախմբումը, ժողովրդի մէջ համերաշխութեան ու իսկական հանդուրժողականութեան ստեղծումն առաջնահերթութիւններ են, որովհետեւ Հայաստանի մէջ մենք թշնամի չունենք: Մեր թշնամիները Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս են: Դրա համար անհրաժեշտ է, որ այս հանգրուանում, երբ այդքան նօսրացած են նիւթական միջոցներն ու մարդկային ներուժը՝ համախմբուել, որպէսզի կարողանանք ազգովին բռունցքուել:

Շուտով մենք նշելու ենք նաեւ մեր հիմնադիրներից՝ Քրիստափոր Միքայէլեանի մահուան 115րդ տարելիցը: Ինչպէս շատերդ տեղեակ էք՝ նա հանգչում է Բուլղարիայում, որտեղ եւ նահատակուեց իր գործի ճամբին: Մենք պատրաստւում ենք համահայկական միջոցառմամբ նշել՝ այցելելով նրա շիրիմին: Այդ շրջանակում՝ Բուլղարիայում նաեւ տեղի կ՛ունենայ միջազգային գիտաժողով: Արցախի պարագայում՝ մեզ համար հոգեկան մեծ հրճուանք է՝ գտնուելու այս մայր հողի վրայ, որովհետեւ Արցախը մեր հարազատ տունն է՝ անկախ նրանից, թէ որտեղ ենք բնակւում, անկախ նրանից, թէ մեզնից իւրաքանչիւրը որտեղ է գործում: Ուրախ եմ ասելու, որ Արցախի պարագայում մենք իշխանութեան հետ ունենք ամբողջական գործակցութիւն տասնամեակից աւելի, ներկայ իշխանութեան տարբեր օղակների հետ բեղուն գործունէութիւն ենք ծաւալել՝ ի շահ մեր ժողովրդի եւ ի սպաս Արցախի դատի: Բնական է, որ այդ առումով անելիքների հիմնական կողմը մեր կենտրոնացումն է Արցախի անվտանգութեան ապահովման, ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման ու տնտեսական զարգացման խնդիրների վրայ:  Վկայ՝ անցած տարուայ Հոկտեմբերին Արցախի բարեկամների խորհրդաժողովը, որը համախմբեց աւելի քան 150 օտարազգի քաղաքական, մտաւորական գործիչների ու լրագրողների, որոնք եկան Ստեփանակերտ՝ հակառակ Ադրբեջանի ամէն տեսակ սպառնալիքների: Խորհրդաժողովին յայտարարուեց Արցախի օտարազգի  բարեկամների նոր ցանցի ստեղծման մասին: Այդ ցանցն օրէցօր աճում է, եւ արդէն համախմբում է շուրջ 200 մարդու:

Արցախի համար մենք շարունակական նախաձեռնութիւններ ունենք: Բնականաբար, առաջիկայ ամսուայ ընթացքում հիմնական աշխատանքը կապուած է Արցախի ընտրութիւնների հետ: ՀՅԴն յայտարարել է, որ մասնակցելու է իր թեկնածուով՝ յանձին ընկեր Դաւիթ Իշխանեանի, նաեւ շեշտել է այդ  ընտրութիւնների՝ ամբողջովին արդար, թափանցիկ եւ անցնցում անցկացնելու անհրաժեշտութիւնը:  Որպէս համահայկական կազմակերպութիւն՝ մենք պէտք է լինենք այդ նպատակակէտերի իրագործման համար երաշխիքներ տրամադրողը: Սփիւռքի պարագայում՝ լաւ գիտէք, որ ՀՅԴն ունի պետականակերպ դերակատարութիւն ներհամայնքային կեանքում: Իր ուղեկից կազմակերպութիւններով այն մեր համայնքներին մատուցում է բազմատեսակ ծառայութիւններ՝ մանաւանդ շեշտադրելով հայապահպանման, իսկ վերջին տարիներին՝ նաեւ հայակերտման անհրաժեշտութիւնը:

Հայակերտում ասելով, մենք  հասկանում ենք՝ հայութեան պահպանումից բացի, Սփիւռքի՝ ձուլման վտանգի ենթադրուած տարբեր բաղադրիչ մասերի վերադարձը հայութեանը: Խնդիրը ներառում է եւ տարբեր երկրներում ձուլման վտանգուած  համայնքների, եւ Արեւմտահայաստանի թաքուն հայերի հարցերը: Հոյակապ գաղափար, որի իրագործմանը լծուած է ՀՅԴն: Մենք նաեւ յայտարարել ենք, որ յանձնառու Սփիւռքը հզօր հայրենիքի գրաւականն է: Ամուր հաւատում ենք այդ տեսլականին, նաեւ պնդում, որ Սփիւռքում ապրող իւրաքանչիւր յանձնառու հայ իր ուշադրութիւնն ու կիզակէտը դարձնի հայրենիքը՝ Հայաստանը ու Արցախը:  Բնականաբար, այնտեղ նոյնպէս անհրաժեշտութիւն է զգացւում շարունակական այժմէականացման եւ թարմացման: Այդ ուղղութեամբ ՀՅԴն այլ համահայկական կառոյցների հետ պիտի ձեռնարկի սփիւռքահայութեան խորհրդաժողով՝  հաւանաբար առաջիկայ ամրանը: Ինչ վերաբերում է Հայ Դատին, ապա մեր խորհրդաժողովի այս երկու օրերի ընթացքում այդ բաւականին խօսուել է: Պէտք է նշեմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել 4 ուղղութիւններով.

– Նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետութեանը եւ Արցախի Հանրապետութեանը՝ որպէս հիմնական առաքելութիւն:

– Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան խնդիր:

– Հայապատկան հողերի վրայ ապրող հայութեանը, այդ թւում՝ նաեւ Ջաւախքի մեր քոյրերին ու եղբայրներին օժանդակութիւն, որպէսզի յարգուեն ու զարգանան նրանց անհատական ու հաւաքական իրաւունքները:

– Հայ Դատի պայքարին մեր ժողովրդի՝ մանաւանդ երիտասարդութեան ներգրաւման աստիճանի բարձրացում:

Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴն ունի հարուստ աւանդոյթներ, որոնց էական մասը մնում է անփոփոխ, իսկ ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը միշտ յարմարեցւում են ժամանակների պահանջներին: Դա է մեր գոյատեւման ու երկարակեցութեան գաղտնիքը: ՀՅԴն նպատակասլաց կազմակերպութիւն է, որն իր առաքելութիւնն իրագործում է հաւաքական ղեկավարութեամբ եւ գաղափարական ամուր հենքով: ՀՅԴն քաջ գիտակցում է, որ երբ տիրական անձն է կենտրոնացած ձեւով ուժի կուտակում ապահովողն ու քաղաքականութիւն թելադրողը, տուժում է ամբողջ կառոյցը: Ուստի, ժամանակի ընթացքում անձի հետ կը վերանայ նաեւ իր ղեկավարած կառոյցը: Իսկ երբ հաւաքական է ղեկավարութիւնը, համոզիչ եւ նոյնիսկ վարակիչ է գաղափարախօսութիւնը եւ, միաժամանակ, երկաթեայ կարգապահութիւն ունեն նրա շարքերը, ապա այդ կազմակերպութիւնը կը մնայ ամուր՝ պարբերաբար վերանորոգուող ու նոր սերունդներ ներգրաւող: ՀՅԴն առաջնորդւում է այս վերջին տարբերակով: Այս է պարզ ու ջինջ իրողութիւնը, որքան էլ լուրջ, թէ կեղծ վերլուծաբաններ փորձեն տարբեր ժամանակաշրջաններում անհիմն ու շինծու որակումներ տալ: Մենք աներեր քայլելու ենք այն ճանապարհով, որ գծել է մեր ծրագիրը՝ յստակ առաջադրանքներով, մեր ընդհանուր ժողովները՝ արտացոլելով համաշխարհային կառոյցների լիազօր պատգամաւորների հաւաքական կամքը, եւ մեր գործադիր մարմինների որոշումները՝ միշտ շօշափելով  մեր շարքերի բազկերակը եւ որոնելով արդիական մօտեցումներ հին ու նոր մարտահրաւէրների դիմագրաւման համար: Մենք անվարան սպասարկելու ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի եւ ազգի շահերը՝ աներեր հաւատով, բարձր բարոյականութեամբ ու ամբողջական նուիրումով:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top