ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆԻ ՀԵՏ

Untitled

 

«Նպատակս Է Շարունակել Պայքարը Սոցիալական Արդարութեան Համար, Պաշտպանել Կանանց, Փոքրամասնութիւնների, Աշխատաւոր Դասի Եւ Փոքր Բիզնեսի Շահերը»

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0227elenՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր թեկնածութիւնն առաջադրել էք Դեմոկրատական կուսակցութեան Լոս Անջելեսի մարզի Կենտրոնական յանձնախմբում: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մարմինը, ինչպիսի՞ գործառոյթներ ունի:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Դեմոկրատական կուսակցութեան Լոս Անջելեսի մարզի Կենտրոնական յանձնախմբում ներգրաւուած են տարբեր ընտրատեղամասերից ներկայացուցիչներ: Իմ թեկնածութիւնն առաջադրել եմ 43րդ շրջանից, որ ներառում է Գլենդելը, Բըրբենքը, Փոքրիկ Հայաստանը, Լոս Ֆելիզը, Էթուոթըր Վիլեջը, Լա Կրեսենտան, Լա Քանեադան, եւ նահանգի ամենամրցակցային շրջանն է: Այս ընտրաշրջանում բնակուող 230 հազարից աւելի դեմոկրատներին յանձնախմբում ներկայացնում է եօթ թեկնածու, եւ ներկայում այդ տեղերի համար պայքարում է տասնութ անձ:

Կենտրոնական յանձնախմբի ներքոյ գործում են տարբեր ենթայանձնախմբեր, եւ իւրաքանչիւր պատուիրակ կարող է ընտրել, թէ որտեղ է ցանկանում ներգրաւուել, օրինակ՝ կուսակցութեան օրէնքների մշակման, կամ քուէարկութեան ներկայացուած օրինագծերի քննարկման հարցերում եւ այլ: Տուեալ շրջանի պատուիրակներն են որոշում, թէ իրենց տարածքում տեղի ունեցող գործընթացներում, օրինակ՝ տարբեր պաշտօնների համար ընտրութիւններում տուեալ շրջանի համար կուսակցութիւնը ում պէտք է աջակցութիւն յայտնի: Սա իրականում շատ մեծ նշանակութիւն ունի, որովհետեւ երբ կենտրոնական յանձնախումբն է որոշում, դա ենթադրում է, որ ամբողջ կուսակցութիւնն է աջակցում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կուսակցութեան Կենտրոնական յանձնախմբի անդամի ընտրութիւնների համար թեկնածուները սովորաբար կազմակերպո՞ւմ են մեծ ընտրարշաւներ։

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Դեմոկրատական պատուիրակի պաշտօնին լայն հանրութիւնը, եթէ կուսակցութեան անդամ չէ, ծանօթ չէ, եւ ոչ միայն հայ համայնքը, ինչն իմ համար մտահոգիչ է ու անհասկանալի, որովհետեւ, օրինակ երկրի նախագահի համար իւրաքանչիւր չորս տարին անցկացուող նախնական ընտրութիւնների քուէաթերթիկում առկայ է նաեւ Կենտրոնական յանձնախմբի անդամի անունը՝ ընտրութեան համար: Կարծում եմ, որ դա յատուկ է արուել այսքան տարի մի շարք նպատակներով, օրինակ կուսակցութեան մեծերը անաղմուկ են անցկացրել ընտրութիւնները, որ հնարաւորութիւն ունենան իրենք որոշելու, թէ ովքեր են ընտրուելու եւ իրենց մարդկանցով պահպանեն իրենց ուժը: Ինչու եմ այսպէս կարծում, որովհետեւ այս շրջանից կամ Հարաւային Կալիֆորնիայից, երբեք ոչ մի թեկնածու նման ընտրապայքար չի վարել, ինչպէս ես եմ վարում այս ընտրութիւններում: Երբ ես սկսեցի, տարբեր ընտրուած պաշտօնեաներ էին ինձ դիմում՝ ասելով, որ իրենք այդպէս չեն անցկացնում այս ընտրութիւնները: Սակայն ես միշտ մտածել եմ, որ ինչ աշխատանք որ կատարես՝ պարտաւոր ես բաց գործել եւ առիթը օգտագործել, որ քո համայնքին, եւ ոչ միայն հայերին, տեղեկացնես գործընթացների մասին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք առաջի՞ն հայ թեկնածուն էք, որ պայքարում է այս պաշտօնի համար:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ոչ: Ջուլիետ Մինասեանը ներկայում Կենտրոնական յանձնախմբի անդամ է եւ նա կարող է նշանակել մէկ այլ անդամ որպէս իրեն փոխարինողի, երբ չի հասցնում մասնակցել յանձնախմբի ժողովներին, տարբեր ձեռնարկների: Ես ներկայում Մինասեանի տեղի համար այընտրանքային անդամ եմ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կարո՞ղ են ձեր օգտին քուէարկել, եթէ ընտրողը դեմոկրատական կուսակցութեան անդամ չէ:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Այո: Եթէ դեմոկրատ են, իմ անունը կը տեսնեն իրենց քուէաթերթիկի վրայ: Եթէ որեւէ կուսակցութեան չես պատկանում, ապա կարող ես պահանջել Դեմոկրատական կուսակցութեան քուէաթերթիկ եւ քուէարկել նախընտրած թեկնածուի օգտին: Կալիֆորնիայում անցկացւում են բաց նախնական ընտրութիւններ, ինչը նշանակում է, որ այն անհատը, ով չի պատկանում որեւէ կուսակցութեան, ամէն ընտրութեան ժամանակ առիթ ունի որոշելու, թէ ո՛ր քուէաթերթիկով է քուէարկելու: Յորդորում եմ մեր հայրենակիցներին մասնակցել նաեւ ընտրութեանը, որովհետեւ մտահոգիչ է, որ հայաշատ շրջանից մենք համապատասխան ներկայացուցչութիւն չունենք մի յանձնախմբում, որտեղ նաեւ համայնքի զարգացման ուղղութեամբ նշանակալի որոշումներ են կայացւում: Օրինակ, կուսակցութիւնը համայնքային բազմաթիւ ծրագրեր է իրականացնում՝ դրանց համար յատկացնելով ֆինանսական միջոցներ, եւ ես չեմ յիշում, որ հայ համայնքին այդ գումարներից երբեւէ բաժին հասել է, ու կարծում եմ, որ ժամանակն է:

0227elen1

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նախընտրական ծրագրում նշում էք, որ առաջադրւում էք, որպէսզի շարունակէք աշխատանքները կանանց, փոքրամասնութիւնների, աշխատաւոր դասակարգի եւ փոքր բիզնեսի իրաւունքների պաշտպանութեան, կրթական համակարգի բարելաւման ուղղութեամբ:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Այս հարցերի ուղղութեամբ աշխատում եմ երկար տարիներ՝ տարբեր կազմակերպութիւններում, քաղաքապետարանում, այնուհետեւ իմ հիմնադրած խորհրդատուական ընկերութեան շրջանակներում իմ գործունէութեան ընթացքում մշտապէս աշխատել եմ նշուած հարցերի ուղղութեամբ եւ շարունակելու եմ: Կանանց իրաւունքների պաշտպանութիւնն այն հիմնական առիթն էր, որ որոշեցի մասնակցել այս ընտրութիւններին:

Կանանց իրաւունքների առումով, վերջերս ինձ համար շատ մտահոգիչ օրէնքներ են ընդունուել մի շարք նահանգներում, եւ դրանցից մէկը՝  յղիութեան արհեստական ընդհատման մասին է: Օրինակ, Ալաբամա նահանգում հաստատուած օրէնքով, որը դեռ պէտք է քննուի Գերագոյն դատարանում, եթէ կինը, որ սեռական բռնութեան է ենթարկուել եւ յղիացել է, փորձի դիմել արհեստական ընդհատման, կարող է դատապարտուել եւ ողջ կեանքն անցկացնել բանտում: Այսինքն, կառավարութիւնը ինքն է որոշում, թէ ինչպէս պէտք է իր կեանքը տնօրինի կինը: Սա ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է:

Գաղթականների եւ փոքրամասնութիւնների հարցով օրինակ բերեմ այն, որ տարիներ առաջ Գլենդելի քաղաքապետարանի աշխատակազմում շատ քիչ հայեր էին աշխատում եւ ոչ բարձր պաշտօններում, ոստիկանական համակարգում գրեթէ հայ չկար, այսինքն, քաղաքի կառավարող մարմնում Գլենդելի բնակչութեան գրեթէ կէսը հանդիսացող հայերը համարժէք ներկայացուած չէին: Սա մի խնդիր էր, որի ուղղութեամբ գործունէութիւն եմ ծաւալել եւ պիտի շարունակեմ:

Փոքր բիզնեսների համար, Կալիֆորնիայի խորհրդարանում անցեալ տարի ընդունուած «Էյ.Բի. 5» (AB 5) կոչուող բանաձեւը, որի միտքը գուցէ լաւն էր, գործնականում բացասաբար անդրադարձաւ փոքր բիզնեսի վրայ: Սա էլ մի հարց է, որ պէտք է վերանայուի:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք մեծ փորձառութիւն ունէք հասարակական-քաղաքական գործընթացներում: Ե՞րբ եւ որտեղի՞ց է սկսուել ձեր ուղին:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ծնուել եմ Հայաստանում եւ ԱՄՆ եմ տեղափոխուել ընտանիքիս հետ միասին, երբ տասը տարեկան էի: Որպէս կամաւոր, քաղաքական գործընթացներում սկսել եմ ներգրաւուել ութերորդ դասարանից: Այն ժամանակ դպրոցներում խտրականութեան դէպքերը շատ էին. 2000ականների սկզբներին Հայաստանից եւ Իրանից ներգաղթեալների թիւը մեծ էր, եւ աշակերտները դժուարութիւններ ունէին ներգրաւուելու, ծնողներն էլ՝ համակարգը դեռ լաւ չէին պատկերացնում: Կարծում եմ, որ անարդարութիւնը տեսնելը պատճառ դարձաւ, որ ես ինքս աշխոյժ լինեմ, քանի որ չեմ կարողացել երբեք ընդունել անարդարութիւնը: Երբ ինչ-որ հարցեր էին լինում, փորձում էի դրանք լուծել սկզբում դպրոցի տնօրէնութեան հետ, սակայն երբ չէր ստացւում, դիմում էի Միացեալ կրթաշրջանի խորհրդին: Առաջին անգամ երբ գնացի կրթաշրջան, միայն մէկ հայ անդամ կար, ով ինձ ասաց, որ հարցերն այլ կերպ պէտք է փորձել լուծել, չհասնել կրթաշրջան, սակայն իմ պատասխանն այն էր, որ եթէ կայ խնդիր, պէտք է ամէն հնարաւոր միջոց կիրառել լուծում գտնելու համար:

Առաջին ընտրարշաւը, որին մասնակցել եմ, 1999թ.ին էր, երբ Րաֆֆի Մանուկեանը առաջադրուել էր Գլենդելի քաղխորհրդում: Ես այն ժամանակ Հուվըր աւագ դպրոցի հայկական ակումբի նախագահն էի, եւ երբ արշաւի ղեկավար Ադրին Նազարեանն այցելեց մեր դպրոց կամաւորներ ներգրաւուելու, ես միանգամից գնացի եւ սիրահարուեցի ընտրութիւններին ու քաղաքական գործընթացներին: Մանուկեանի ընտրութիւնները շատ կարեւոր էին, քանի որ ամբողջութեամբ փոխեցին մեր քաղաքի ընտրողների պատկերը՝ արձանագրելով այնքան թուով հայ, որ դրանից յետոյ թեկնածուները կարող էին ընտրուել միայն հայ քուէով: Ես ինքս մասնակիցն եմ եղել այդ, կարելի է ասել շրջադարձային փուլին՝ ականատես լինելով, թէ ինչպէս իւրաքանչիւր ձայն կարող է վճռական լինել, տարբերութիւն բերել նաեւ հայ համայնքի զօրացման հարցում:

Յաջորդ արշաւը, որտեղ արդէն աշխատել եմ, 2000թ.ին էր, երբ Փոլ Գրիգորեանն առաջադրեց իր թեկնածութիւնը Կալիֆորնիայի խորհրդարանի, այնուհետեւ՝  Բըրբենքի Միացեալ կրթաշրջանի խորհրդի համար: «Եու.Սի.Էլ.Էյ.» համալսարանն աւարտելուց յետոյ աշխատանքի ընդունուեցի Գլենդելի Հայ Դատի յանձնախմբում, քանի որ մինչ այդ որպէս կամաւոր աշխատել էի կազմակերպութիւնում: Շուրջ եօթ տարուայ գործունէութեան ընթացքում, հիմնել ենք «Հայ վոթս» նախաձեռնութիւնը՝ հայ համայնքին առաւել ներգրաւուելու քաղաքական գործընթացներում՝ ընտրութիւններին մասնակցելու միջոցով, ստեղծուել է «Ուղի դէպի համալսարան» ծրագիր, որի նպատակն էր աշակերտներին եւ նրանց ծնողներին օգնել կողմնորոշուելու եւ կրթական համակարգին մօտիկից ծանօթանալու միջոցով որոշումներ կայացնելու, նաեւ՝ սկսեցինք անվճար իրաւաբանական ծառայութիւններ մատուցել համայնքին:

Աշխատել ենք նաեւ կառավարութեան հետ. Գլենդելի ոստիկանական համակարգում խտրական վերաբերմունք էր, հայ աշխատակցիներ չկային, եւ արդարացումն այն էր, որ հայերը չեն դիմում, ինչը ճիշդ չէր: Գլենդելի Հայ Դատի յանձնախումբն աշխատեց համապատասխան բաժանմունքի հետ, փոխուեց աշխատանքի ընդունման ձեւը, ինչի արդիւնքում մէկ տարում տասնվեց հայ ոստիկան որակաւորում ստացաւ աշխատելու ոստիկանութիւնում:

Գլենդելի քաղաքապետարանի այգիների, հանգստի եւ համայնքային ծառայութիւնների յանձնախմբում որպէս տնօրէն գործունէութեանս ընթացքում էլ բազմաթիւ բարեփոխումներ ենք կատարել: Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանում որպէս տնօրէն աշխատելիս, յաջողել ենք կապեր ստեղծելու Հարաւային Կալիֆորնիայի տարբեր համայնքների հետ եւ հիմնել ենք տասնչորս նոր մասնաճիւղեր Արեւմտեան ափի մի շարք նահանգներում՝ Այդահոյում, Կոլորադոյում, Արիզոնայում, Վաշինգտոնում, Եութայում եւ այլուր: Այս աշխատանքների շրջանակներում պայքարել ենք Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ինքնորոշման ճանաչման ուղղութեամբ, եւ հպարտ եմ, որ իմ պաշտօնավարման ընթացքում 19 նահանգ ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան մասին ուսուցումը ներառուեց Կալիֆորնիայի ուսումնական ծրագրում: Այս ընթացքում, թուրք-ադրբեջանական լոբին այնքան էր հզօրացել, որ մշտապէս փորձում էր խոչընդոտել, հակահայկական բանաձեւեր անցկացնել: Մեր համայնքների հետ աշխատանքի շնորհիւ, մեզ յաջողուել է կասեցնել նրանց գործողութիւններն ու հասնել մեզ համար բաղձալի նպատակների: Այս առումով էլ շատ կարեւոր է, որ հայ համայնքը պատշաճ ներկայացուածութիւն ունենայ տարբեր կառավարող մարմիններում, որպէսզի կարողանանք հասնել մեր հարցերի լուծմանն ու կանխենք թուրքական եւ ադրբեջանական ուժերին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ընտրարշաւի ընթացքում ի՞նչ աջակցութեան կարիք ունէք:

ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ընտրութիւնների մասին հանրութեանն իրազեկելու նպատակով, կարիք ունենք կամաւորների, ովքեր մեր գրասենեակից զանգեր կը կատարեն, կ՛այցելեն բնակիչների տները: Ունենք նաեւ ֆինանսական աջակցութեան կարիք, եւ կարեւոր չէ գումարի չափը, կարեւոր է, որ իւրաքանչիւրն իր հնարաւորութիւնների սահմաններում մասնակցի:

 

Տեղեկանք.- Երկու տասնամեակի ընթացքում, համայնքային ակ-տիւիստ եւ մարդու ու քաղաքացիական իրաւունքների պաշտպան Էլեն Ասատրեանը ծառայել է տեղական եւ տարածքային տարբեր կազմակերպութիւնների խորհուրդներում, ներառեալ՝ Գլենդելի քաղաքապետարանի Այգիների, հանգստավայրերի եւ համայնքային հարցերով յանձնախմբում որպէս նախագահ, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանում եւ յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղում, Գլենդելի Երիտասարդական դաշինքում, Գլենդելի համայնքային ոստիկանութեան գործընկերութեան խորհրդատուական յանձնախմբում եւ Լոս Անջելեսի մարզի քուէարկողների հետ հաղորդակցութեան յանձնախմբում: Ներկայում, նաեւ Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցութեան պատուիրակ է:

Էլենին իրենց զօրակցութիւնն են յայտնել՝ Կալիֆորնիայի խորհրդարանի, Լոս Անջելեսի, Բըրբենքի Քաղաքային խորհրդի անդամներ, Բըրբենքի Ուսուցիչների միութեան, Գլենդելի Միացեալ կրթաշրջանի անդամներ, Հայ Դատի յանձնախումբը, եւ այլոք:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top