ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԻՐԱՒԱԲԱՆ ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՀԵՏ

Untitled

Untitled

Մեր Համայնքից, Մեր Համայնքի Համար

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0227leonardԳլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին մասնակցում է իրաւաբան, հասարակական-քաղաքական գործիչ Լէոնարդ Մանուկեանը, ով նշանակալի ներդրում ունի նաեւ հայ համայնքի կեանքում: Նա քաջածանօթ է Գլենդելի մարտահրաւէրներին՝ քաղաքապետարանի Ծրագրման յանձնախմբում շուրջ տասնմէկ տարի ծառայելու արդիւնքում, եւ նշում է, որ առաջադրուել է, քանզի ունի քաղաքում առկայ խնդիրները լուծելու ծրագիր եւ ռազմավարութիւն:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը ձեզ մղեց առաջադրուելու, ի՞նչ մարտահրաւէրներ կան այսօր Գլենդելում:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Իմ բնաւորութիւնն այնպիսին է, որ երբ որեւէ ոլորտում կարիք կայ, եւ ես էլ կարող եմ զգում խնդիրը լուծել՝ ներգրաւուում եմ: Գլենդելում տարբեր հարցեր եմ տեսնում, որոնք կարգաւորման կարիք ունեն, եւ ես ունեմ լուծումներ, այդ պատճառով էլ առաջադրեցի թեկնածութիւնս քաղաքի կառավարող մարմնում: Ամենամեծ մարտահրաւէրը համարում եմ բնակարանների բարձր վարձը, երկրորդը՝ երթեւեկութիւնը, նաեւ՝ Հարաւային Գլենդելում այգիների բացակայութիւնը:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նախորդ տարի ընդունուեց վարձերը վերահսկելուն ուղղուած օրէնք, ինչը սակայն ոչ բոլոր քաղաքացիները միանշանակ ընդունեցին: Թանկարժէք բնակարաններն ու բարձր վարձերը նաեւ առիթ են դառնում քաղաքի երկարամեայ բնակիչների հեռանալուն: Ի՞նչ լուծում էք առաջարկում:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Նախորդ տարի վարձերը վերահսկելուն ուղղուած օրէնք ընդունուեց, որը չի նախատեսում, որ վարձը կ՛իջնի, այլ միայն երաշխաւորում է, որ շատ չի բարձրանայ: Այսօր, քաղաքի վարձակալների մեծամասնութիւնը եկամուտի շուրջ քառասուն տոկոսը ծախսում է տան վրայ: Այս հարցը պէտք է փորձ արուի շտկել քաղաքապետարանի տարբեր ծրագրերի միջոցով:

Վարձերի բարձրացման պատճառներից է այն, որ քաղաքում մեծ թուով թանկարժէք  շէնքեր են կառուցուել, որոնց վարձը շատ բարձր է, եւ սա էլ թելադրում է, որ ընդհանուր գները բարձր մնան: Քաղխորհուրդը կարող է մէկ որոշմամբ նման շէնքերի կառուցումը սահմանափակել, այնինչ դրանք շարունակւում են կառուցուել, ինչը խորացնում է խնդիրը: Թողել են, որ շուկան որոշի, թէ որքան եւ որտեղ պէտք է նոր կառոյցներ լինեն, այնինչ, դժբախտաբար, շուկան միայն իր շահի մասին է մտածում եւ ոչ՝ բնակիչների: Այսօր, Գլենդելի բնակիչները հեռանում են եւ հաստատւում Սանլենդում, Թահանգայում, Գրանադա Հիլզում, Նորթ Հոլիվուդում:  Մինչդեռ, քաղաքապետարանը կարող է հին շէնքերը վերանորոգել՝ դրանք տրամադրելով որպէս մատչելի բնակարաններ: Ես առաջարկում եմ ընդարձակ ծրագիր այս խնդրի համար, եւ քանի որ իննսունականներից Հայ Դատին եմ ծառայել՝ աւելի ընդգրկուն եմ տեսնում պատկերը: Նախորդ քառասուն տարիներին փորձել ենք մեր քաղաքական ուժը զօրացնել՝ հիմնուելով քաղաքում ունեցած մեր քուէների վրայ, եւ արդիւնքում կարողացել ենք լուծել համայնքի համար առաջնային նշանակութեան բազմաթիւ հարցեր: Այժմ, երբ քուէները պակասում են, ես մտահոգ եմ, թէ ի՛նչ պէտք է պատահի մեր համայնքին: Այս խնդիրը նոր չէ եւ տարիներ է որ կայ, բայց դժբախտաբար, քաղխորհուրդը, եւ այսօր վերընտրուելու համար պայքարող քաղխորհրդի անդամները ոչ մի հիմնաւոր լուծում չեն առաջարկել այս հարցի ուղղութեամբ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ըստ ձեզ՝ ի՞նչն է պատճառը:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Միակ բանը որ կարող եմ դատել՝ մարդու կատարած աշխատանքն է եւ թէ ովքեր են ընկերները: Օրինակ, ընտրարշաւի ընթացքում  քաղխորհդի երկու թեկնածու, ովքեր ցանկանում են վերընտրուել, եւ մէկ թեկնածու, ով առաջին անգամ է առաջադրուել եւ բացայայտ անշարժ գոյքի ոլորտից է, արշաւի ընթացքում հսկայական դրամներ են ստացել հիմնականում տանտէրերից եւ անշարժ գոյքի գործակալութեան ղեկավարներից: Ըստ այդմ, նշածս թեկնածուները հակուած կը լինեն պահպանել ներկայ իրավիճակը: Իմ կարծիքով, խնդիրն առաւել սուր է Գլենդելում, որտեղ բնակիչների 67 տոկոսը վարձակալ է, եւ բնակարանների թանկացումը մեծապէս ազդում է նրանց կեանքի որակի վրայ: Սա հաշուի առնելով, իրավիճակը պէտք է հիմնովին եւ արագ փոխուի:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ծրագրում դուք մեծապէս կարեւորում էք հանրային անվտանգութեան հարցը, այգիների ստեղծումը: Ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ առաջարկներ ձեր կողմից:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Գլենդելը բաւական անվտանգ է ընդհանուր յանցագործութիւնների առումով: Իմ կողմից անվտանգութեան հարցին անդրադառնալը հիմնականում վերաբերւում է երթեւեկութեանը: Ես առաջարկում եմ մեծացնել Գլենդելի ոստիկանութեան երթեւեկութեան բաժանմունքը, կազմել յստակ ռազմավարութիւն եւ ծրագիր:

Անդրադառնալով այգիների հարցին, նշեմ, որ յատկապէս հարաւային Գլենդելում այգիների պակաս կայ: Այդ մասին մշտապէս բարձրաձայնում են նաեւ բնակիչները: Քաղխորհրդի ներկայի անդամներն ասում են, որ այգիների համար տարածքներ չկան, իսկ եթէ կան էլ՝ թանկ են: Իմ կարծիքով, սակայն քաղաքական կամքի առկայութեան դէպքում, հնարաւոր է այդ հարցը լուծել, ինչպէս տարիներ առաջ կառուցուեց «Ամերիկանա»ն: Եթէ հնարաւոր է շուկայ ստեղծել, ինչո՞ւ հնարաւոր չէ այգի կառուցել:

0228leonard

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշում էք, որ ընտրուելու դէպքում, քաղաքապետարանի տարբեր յանձնախմբերում առիթ էք ստեղծելու ներգրաւել մեծ թուով կանանց եւ վարձակալների: Ինչո՞վ է պայմանաւորուած ձեր առաջարկը:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Այս հարցին պատասխանելու համար կը ցանկանայի անդրադառնալ Հայ Դատի յանձնախմբում իմ գործունէութեանը: 80ականներին, Գլենդելի քաղխորհրդում ունէինք միայն մէկ հայ անդամ: Այն ժամանակ մենք պայքարում էինք՝ առաջնորդուելով այն կարգախօսով, որ թէկուզ փոքրամասնութիւն ենք կազմում քաղաքում, սակայն պէտք է տեղ ունենանք եւ մասնակցենք որոշումների ընդունման գործընթացին: 2019թ.ին, քաղխորհրդի հինգ անդամներից չորսը հայեր էին, յանձնախմբերում մեծամասնութիւնը հայեր են, բայց երկու խնդիր կայ:

Առաջինը, որ Գլենդելի բնակչութեան 52 տոկոսը կազմող կանանց միայն 27 տոկոսն է ներգրաւուած քաղաքապետարանի յանձնախմբերում, իսկ վարձակալները, որ քաղաքի բնակչութեան 67 տոկոսն են կազմում՝ ընդհանրապէս ներկայացուած չեն որեւէ յանձնախմբում: Ընտրուելու դէպքում, ստեղծելու եմ պայմաններ, որ կանանց եւ վարձակալների մասնակցութիւնը մեծանայ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը՝ ընտրելու իրաւունք ունեցող բնակիչներին:

ԼԷՈՆԱՐԴ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Այս ընտրութիւններին իւրաքանչիւր ընտրող պէտք է հարց տայ իրեն, արդեօք իր եւ իր համայնքի կեանքն այսօր աւելի լա՞ւ է, քան  հինգ տարի առաջ էր, եւ ըստ պատասխանի՝ որոշում կայացնի: Մեր խնդիրները նոր չեն. տարիներ է, որ շարունակւում են, եւ ժամանակն է, որ հիմնաւոր լուծումներ գտնենք:  Չմոռանանք խնդիրները դիտարկել նաեւ անձնականից դուրս եւ մտածենք Գլենդելում մեր համայնքի երկարատեւութեան մասին:

 

Տեղեկանք.- Լէոնարդ Մանուկեանն ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխուել 1979 թուականին եւ 1986թ.ից բնակւում է Գլենդելում: Համալսարանից ստանալով իրաւաբանի կոչում, Մանուկեանը 25 տարի է աշխատում է իր մասնագիտութեամբ: Նրա գործունէութիւնը ներառում է Գլենդելի քաղաքապետարանում Ծրագրման յանձնախումբը, Դեմոկրատական կուսակցութեան կենտրոնական յանձնախմբում պատուիրակ է: Շուրջ երեսուն տարի, Մանուկեանը հայանպաստ գործունէութիւն է ծաւալել՝ ներգրաւուած լինելով Հայ Դատի յանձնախմբում, ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում, Վահան եւ Անոյշ Շամլեան վարժարանում, Հայաստան հիմնադրամում եւ այլուր:

Յիշեցնենք, որ Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին, երեք տեղի համար պայքարում է ութ թեկնածու: Ընտրողները հնարաւորութիւն ունեն քուէարկելու երեք թեկնածուի օգտին: Ընտրութիւններն արդէն սկսուել են, եւ Գլենդելի բնակիչները մինչեւ Մարտի 3ը կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել Լոս Անջելեսի մարզի տարածքում գործող իւրաքանչիւր ընտրատեղամասում, ինչպէս նաեւ՝ փոստով:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top