«Այսօր Սփիւռքին Առնչուող Երկու Հիմնական Մարտահրաւէր Կայ՝ Հայրենադարձութիւն Եւ Հայապահպանութիւն»

mher

mher

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵԿԾԱՆՈՒ, ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈՑԵՆՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ «ՀԱՄԱՍՓԻՒՌՔ» ՌԱԴԻՕՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ, ՎԱՐՈՂ ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՀԵՏ

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ազգային Վարժարանների Խնամակալ Մարմնի հրաւէրով Կալիֆորնիայում էիք: Որ՞ն էր Ձեր այցի նպատակը:

ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Այցիս նպատակը Ազգային Առաջնորդարանի  վարժարանների Հայոց պատմութիւն առարկայի ուսուցիչների հետ 5րդ դասարանի հայրենագիտական բնոյթի՝ իմ հեղինակած դասագրքին շուրջ մասնագիտական դիտարկումներ իրականացնելն ու անհրաժեշտ դասախօսութիւններ կազմակերպելն էր: Առիթից օգտուելով՝ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել Խնամակալ մարմնին՝ յանձինս ատենապետուհի Լիզա Կապուտեանի եւ միւս յարգարժան գործընկերների արդիւնաւէտ համագործակցութեան համար։

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այսօր հայապահպանութեան տեսակէտից բաւարար աշխատանք տարւում է Սփիւռքում։ Ին՞չ խնդիրներ էք տեսնում այս մասով։

 ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Սփիւռքում հայապահպանութեան աշխատանք միշտ տարուել ու այսօր էլ տարւում է։ Ժամանակին այդ աշխատանքը հիմնականում ընկած էր Սփիւռքի կառոյցների ուսերին։ Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը, կարծէք թէ, փորձում է այդ պատասխանատու աշխատանքի մի փոքրիկ մասը իր վրայ վերցնել։ Սա որպէս ընդհանուր վիճակի նկարագիր։ Սակայն խնդիրները աւելի խորքային են։ Սփիւռքի դասական հատուածի գոյութեան ընթացքում հայապահպանութեան հարցում նոր մարտահրաւէրներ են ի յայտ եկել։ Քաղաքական եւ կրօնական տարբեր երանգներ ունեցող հայ սփիւռքի դասական հատուածը առնուազն հայապահ­պա­նութեան հարցում իր ներուժը միաւորելու կարիք ունի։ Իր հերթին յետխորհրդային հանրապետութիւններում եւս այս հարցի հետ կապուած պատկերը կրկնակի անմխիթար վիճակում է գտնւում։ Միւս կողմից Հայաստանի պատկան կառոյցները կարիք ունեն Սփիւռքի հետ հայապահպանութեան հարցում առաւել էական գործակցութեան անցնել։ Հայապահպանութեան հարցում, ըստ իս, Սփիւռքում առկայ հիմնական մարտահրաւէրներից հարկ է առանձնացնել հայեցի դաստիարակութեան հարցը։ Այն անհրաժեշտ է երկու հիմնական մասերի բաժանել․ կրթական եւ մշակութային։ Հարցի կրթական մասի գլխաւոր խնդիրներ են հանդիսանում հայեցի դաստիարակութիւն ապահովող դպրոց ստեղծելն ու պահպանելը, ուսուցչական կազմը վերաորակաւորելը եւ անհրաժեշտ երիտասարդ մասնագէտներով համալրելը, հայագիտական առարկաների մասով Սփիւռքի առանձնայատկութ­յուն­ները հաշուի առնող չափորոշիչների ու առարկայական ուղեցոյցների, դասագրքերի պատրաստելը։ Հարթ չէ պատկերը նաեւ մշակութային ասպարէզում։ Հայ մշակոյթը Սփիւռքի մեր հայրենակիցներին եւ, յատկապէս, մատղաշ սերնդին անհրաժեշտ չափով եւ որակով մատուցելը պակաս կարեւոր չէ կրթական հիմնախնդիրներից։ Աւելին, դրանք փոխլրացնող հարցեր են։ Այս մարտահրաւէրները լուրջ եւ գործնական քայլեր ենթադրող աշխատանք են ենթադրում, որոնք մեծ ներդրումների եւ մասնագիտական կարող ներուժի կենտրոնացման հետ են կապուած։ Հարցը աւելի է սրւում, քանի որ այս ուղղութիւններով միջին վիճակ հասկացութիւն չկայ։ Սփիւռքում, ինչպէս վերը նշեցի, տարբեր մակարդակներում գտնուող իրավիճակներ կան։ Նոյնիսկ հայեցի կրթական միջավայրի ապահովման հարցով Սփիւռքի առաւել կայուն համայնքներն այսօր վերոյիշեալ մարտահրաւէրների առջեւ են կանգնած։ Եթէ դրանք ինքնահոսի տրուեն եւ իւրաքանչիւրն իր իմացածի եւ ունեցածի չափով լուծումներ կատարի, ապա մօտ ապագայում Սփիւռքում ձուլման գործընթացների առաւել մեծ օրինակներ ենք արձանագրելու։

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Դուք առիթ ունեցաք նաեւ այցելելու հանրային եւ մասնաւոր վարժարաններ: Ինչպէ՞ս էք գնահատում հայոց պատմութեան եւ լեզուի կրթութեան որակը:

 ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ուրախութեամբ տեղեկացայ, որ Կալիֆորնիայի հանրային որոշ դպրոցներում ուսուցանում են ոչ միայն հայոց լեզու, այլ նաեւ՝ հայերէնով տարբեր առարկաներ, այդ թւում հայոց պատմութիւն։ Սա  շատ կարեւոր է առաջին հերթին այն առումով, որ հայեցի դաստիարակութեան ապահովման հարցում ազգային վարժարանների կողքին աւելացել է փոքրիկ, բայց նշանակալի եւս մէկ հնարաւորութիւն։ Գիտէք, Սփիւռքում կրթական յիշեալ հարցերը տարբեր լուծումներ են ենթադրում։ Դրանցից պէտք է օգտուել եւ դրանք անհրաժեշտ է զարգացնել։ Միւս կողմից, սակայն, այս հարթակում եւս տեսանելի են որոշ խնդիրներ։ Ազգային վարժարանների համեմատութեամբ այս հարթակում աւելի շատ հայ աշակերտներ են սովորում։ Սակայն հայերէնով դասաւանդումը, ցաւօք, հասանելի չէ տեղի հանրային դպրոցներում սովորող մեծաթիւ հայ աշակեր­տութեան համար։ Անորոշ է դասագրքերի հարցը։ Այստեղ մեծ մասամբ կիրառում են հայաստանեան աշակերտական լսարանի համար նախատեսուած դասագրքե­րը։ Ուսուցչի ուսերին է ընկած դասագրքերի «յարմարեցման» աշխա­տանքը։  Ինչպէս տեսնում էք առկայ են խնդիրներ, որոնք համալիր լուծումներ են պահանջում։ Այնուամենայնիւ, այս հարթակի հանրային լինելու հանգամանքը մօտեցման որոշակի ճկունութիւն է ենթադրում, որը հենւում է հետեւեալ սկզբունքի վրա․ զարգացնել՝ չվնասելով եղածը։

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր Սփիւռքի առաջնային մարտահրաւէրները:

 ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ըստ էութեան, այսօր Սփիւռքին առնչուող երկու հիմնական մարտահրաւէր կայ՝ հայրենադարձութիւն եւ հայապահպանութիւն։ Եկէք լինենք իրատեսական։ 21րդ դարում դժուար է համոզել սոցիալապէս ապա­հով պայմաններում ապրող մեր հայրենակիցներին ուղղակի տեղափոխուել հայրե­նիք։ Ակնյայտ է, որ նման քայլի յաջողութեան համար անհրաժեշտ է համապա­տասխան պայմաններ ապահովել։ Միւս կողմից, կարծում եմ, մենք պէտք է մտածենք հայրենադարձութեան ոչ ուղղակի ձեւերի մասին։ Դրանք կարող են արտայայտուել տարբեր ձեւաչափերով։ Այստեղ գլխաւոր հարցը փոխվստա­հութեան ապահովումն է։ Մենք պէտք է սկսենք իրար վստահել սովորել եւ դա պէտք է ամրապնդուի կոնկրետ օրինակներով։ Հայապահպանութեան մասով արդէն նշեցի։ Պարզապէս յաւելեմ, որ այս մասով յաճախ եմ լսում, թէ կան հետաքրքիր մտքեր եւ նախագծեր։ Միայն թէ այդ ամէնը չպէտք է կցկտուր եւ պարզապէս գործի իրականացումը փաստելուն միտուած ծրագրեր լինեն։ Մենք, ցաւօք, այդքան ժամանակ չունենք։ Ականատես ենք այնպիսի օրինակների, երբ հայ ծնողները տարբեր պատճառներով զաւակներին հեռու են պահում հայկական դպրոցից։ Արձանագրում ենք հայոց լեզուի մոռացութեան մեծ չափի հասնող օրինակներ: Սրա կողքին արեւմտահայերէնի պահպանման, ուղղագրութեան հետ կապուած եւ այլեւայլ խնդիրներ։ Լուծումները պէտք է լինեն համաչափ եւ հնարաւորինս կիրառելի։ Միւս կողմից այդ լուծումները պէտք է լինեն նաեւ հասցէական։ Այո, թւում է շատ խնդիրներ նման են, բայց իրավիճակային զարգացումներն ու տեղային առանձնայատկութիւնները լուծումների տարբեր  եղանակներ են պահանջում։ Աւելին, եթէ կ՛ուզէք այս խնդիրները պահանջում են, այսպէս կոչուած, արագ արձագանգման խմբի առկայութիւն։ Մասնագէտներ, ովքեր տիրապետում են Սփիւռքի ներկային ոչ թէ գրքերի եւ համացանցային հրապարակումների մակարդակով, այլ կա՛մ ներկայացնում են Սփիւռքի այս կամ այն համայնքն ու կառոյցը, առանձին մտաւորականներ են, կա՛մ էլ նրանք, ովքեր գործնականում ներգրաւուած են Սփիւռքի հետ կապուած տարաբնոյթ ծրագրերում։ Ամենակարեւորը, նրանք պէտք է տիրապետեն լուծումների բանաձեւերին։

 

 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք անձնապէս ներգրաւուած էք Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման գործում՝ ի դէմս ձեր թէ՛ գիտակրթական, եւ թէ՛ լրատուական նախագծերի։ Ինչ՞ն առիթ դարձաւ որպէս հայագէտի գործունէութիւն սկսելու նաեւ այս լրատուութեան հարթակում:

 ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Սփիւռքը ճանաչելու համար ժամանակին պահանջ ստեղծուեց խօսելու Սփիւռքի հետ։ Դա իրականացնելու առաւել կարճ եւ արդիւնաւէտ տարբերակը Սփիւռքի ձայնը լսելի դարձնելն է թէ՛ հայրենիքում, թէ՛ հէնց Սփիւռքում։ Այո, հէնց Սփիւռքում, քանի որ այսօր հայութեան մեծ մասը գտնուելով հայրենիքից դուրս՝ շատ դէպքերում ծանօթ չէ միմեանց։ Այս կապի հաստատումը լոկ ինքնանպատակ չէ։ Ես համոզուած եմ, որ վերոյիշեալ խնդիրներից շատերի յաղթահարումը հնարաւոր է նաեւ համայնքներում կուտակուած դրական եւ բացասական փորձը ճանաչելու միջոցով։ Այս ամէնը հասանելի դարձնելու նպատակով ժամանակին ընդունեցի Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարութեան՝ նոր նախագիծ սկսելու առաջարկը։ Այսպէս ծնուեց «Համասփիւռք» հաղորդաշարը։ Արդէն երեք տարի հեռարձակուող ռադիօ հաղորդումն ունեցել է 130ից աւելի թողարկում եւ  սահմանները հասել են Կանադայից մինչեւ Հնդկաստան: Ծրագրի ընթացքում մեր հայրենակիցները՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից, խօսում են Սփիւռքին առնչուող տարբեր խնդիրների, ներկայ իրավիճակի մասին: Փորձում եմ լսելի դարձնել տարբեր մարդկանց տեսակէտներ՝ ուսանողից մինչեւ պատասխանատու այրեր։ Կարեւորում եմ նաեւ համայնքները ճանաչելուն միտուած թողարկումներս, քանի որ շատ յաճախ տողատակերում կարող էք ինքներդ լսել առօրեայ խնդիրների իրական դրսեւորումներ։ Մի բան, որը յաճախ քօղարկւում է առանձին բանավէճային թողարկումների ժամանակ։

Ժամանակին անդրադարձայ, որ այսօր, ցաւօք, հայաստանեան լրատուադաշտում Սփիւռքի թեման ընդհանուր լրատուութեան շատ չնչին տոկոսն է կազմում։ Հիմնականում հետեւողական անդրադարձ է լինում խիստ հրատապ խնդիրների դէպքում, ինչպէս օրինակ՝ պատերազմը Սիրիայում եւ այլն: Սփիւռքի առօրեայի հարցերով, կարծես, այդքան էլ հետաքրքրութիւն չկայ հայրենիքում, եւ նոյնիսկ չկայ հարթակ, որտեղ կարելի է կարդալ Սփիւռքի ցանկացած համայնքի մասին ամենօրեայ տեղեկութիւններ: Ժամանակին կար «Հայերն այսօր» համացանցային պարբերականը, որը այսօր, ցաւօք, չի գործում։  Համասփիւռքի զարգացմանը զուգահեռ միշտ յիշեալ հարցը փորձել եմ զարգացնել։ Վերջապէս վճռել եմ սկսել այդ գաղափարի իրագործման կազմակերպումը սեփական ուժերով։ Այսօր գործում է «Spyurk.info» լրատուական-վերլուծական կայքը։ Հաւատում եմ, որ այս գաղափարը պէտք է յաջողի։ Այն ի վերջոյ մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնութեան առօրեային է անդրադառնում: Կայքը բաց է բոլոր մեր հայրենակիցների հրապարակումների համար, ովքեր հայ սփիւռքի տարաբնոյթ հարցերի շուրջ ունեն դիտարժան վերլուծութիւններ եւ հաւաստի նորութիւններ։

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նաեւ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի հայոց պատմութեան ամբիոնի դոցենտ էք: Ին՞չ կարծիք ունէք Հայաստանի Բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզու եւ հայոց պատմութիւն առարկաների պարտադիր դասաւանդման կէտը հանելու օրէնսդրական նախաձեռնութեան մասին։

ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ցանկացած բարեփոխում ենթադրում է դրական փոփոխութիւն։ Այդ փոփոխութիւնը, սակայն, չպէտք է գործնականում ի հաշիւ կասեցումների իրականացուի։ Հիմնական հարցադրումը նրանում է, թէ ի՞նչ ենք ցանկանում ստանալ այս բարեփոխման միջոցով: Մեր նպատակը ո՞րն է, որ բարձրացնենք ոչ հայագիտական ֆակուլտետներում մասնագիտական առարկա­ների դասաւանդման մակարդակը՞։ Այսինքն թոյլ տանք, որ նոյն քիմիկոսը աւելի շատ ժամանակ տրամադրի իր մասնագիտական նիւթին։ Ինչպէս հասկանում եմ հնչած պաշտօնական տեսակէտներից՝ հարցի տրամաբանութիւնը դա է։ Ուրեմն եկէք անկեղծ լինենք եւ զուգահեռ ասենք, որ հայոց պատմութեան հիմնահարցեր եւ խօսքի մշակոյթ (դիտարկուող առարկաները ԵՊՀ-ում իրականում այսպէս են կոչւում) առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում դասաւանդւում է միայն բակալաւրի առաջին տարում եւ այն էլ շաբաթական երկու ակադեմիական դասաժամ (մէկ դասաժամի տեւողութիւնը 45 րոպէ): Ըստ էութեան սա կրթական ծրագրում մի չնչին տոկոս է կազմում եւ նման փոփոխութեամբ չեմ կարծում, որ կտրուկ ինչ որ բանէր պէտք է բարելաւուեն։  Եթէ հարցը նրանում է, որ աւելորդ է դասաւանդել դպրոցը նոր աւարտած ուսանողի համար նոյն բանը, ինչը ինքը անցել է դպրոցում, ապա այստեղ պէտք է կրկին վերյիշել, թէ ինչ ենք դասաւանդում։ Գոնէ հայոց պատմութեան հիմնահարցեր առարկայի մասով կարող եմ ասել, որ դա պարզապէս պատմական տուեալների վերաշարադրում չէ։ Երիտասարդ մասնագէտը, անկախ մաս­նագիտութեան, իբրեւ քաղաքացի պէտք է կարողանայ մեր ընդհանուր պատմական անցեալի դասերի վերլուծական հմտութիւններին տիրապետելով՝ անաչառ դիտարկումներ իրականացնի իր հայրենիքի եւ հայրենակիցների ներկայի, ինչու չէ նաեւ ապագայի հարցերի շուրջ։

Իրականում, եթէ ցանկանում ենք ոլորտային արդիւնաւէտ բարեփոխում­ներ իրականացնել, ուրեմն կասեցնելու փոխարէն գործնական քայլերով նպաստենք դասաւանդման որակի, դասախօսական կազմի մասնագիտական մակարդակի եւ դասաւանդուող դասանիւթի որակի բարձրացմանը: Յուսամ՝ պատկան մարմինները, կառուցողական մօտեցմամբ առաջնորդուելով, կ’իրականացնեն մեր գիտակրթական ոլորտի միմիայն զարգացմանը միտուած բարեփոխումներ։

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top