ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՅԻՍ 28Ի ԱՌԻԹՈՎ. Սփիւռք-Հայրենիք Յարաբերութիւնները Խորհրդայնացումից Մինչեւ Այսօր՝ Ըստ Ժամանակի Իշխանութեան Վարած Քաղաքականութեան

0505Peroomian2-color - Copy

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ

 

0505Peroomian2-colorՀայ ժողովրդի պետականութեան վերածնունդի 102րդ տարեդարձին նուիրուած «Ասպարէզ»ի այս բացառիկ համարին իրենց մասնակցութիւնը բերած գրչակիցներիս եմ թողնում վեր հանելու «Մայիս 28»ի խորհուրդը, իմաստն ու պատմական նշանակութիւնը եւ մի քիչ շեղուելով ցանկանում եմ տարածուել մինչեւ այսօր ու այդ իմաստն ու խորհուրդը դիտարկել Սփիւռք-հայրենիք յարաբերութիւնների շրջագծի մէջ։

Քննարկմանս ընթացքում, գուցէ նոյնիսկ աւելի նեղ նկատուի ընտրածս տեսանկիւնը ու իբրեւ Դաշնակցութիւն-Հայրենիք  յարաբերութիւններ ընկալուի։ Դրա պատճառը համոզումս է. հաւատում եմ, որ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ Դաշնակցութիւնը Սփիւռքում ստանձնեց ազգային արժէքների պաշտպանութեան եւ պահպանման գործը եւ այդ արժեչափով էլ դիտեց, դրուատեց կամ քննադատեց Հայաստանի իշխանութիւնների ձեռքբերումները, կամ՝ խոտոր քայլերը։ Այդու եւ ձեւաւորուեցին յարաբերութիւնները՝ պայմանաւորուած թէ՛ Դաշնակցութեան եւ թէ Հայաստանի ժամանակի իշխանութեան վարած քաղաքականութեամբ։

Արագ ակնարկ նետենք անցեալի վրայ՝ այդ յարաբերութիւնների սկզբնաղբիւրը եւ զարգացումը ըմբռնելու համար։

Նախ՝ Խորհրդային Հայաստան – կամ աւելի ճիշտ խորհրդայնացած Հայաստան, ուր ի սկզբանէ քաղաքականութիւնը յեղափոխական գիծ էր որդեգրել։ Իշխանութիւնը ինքն իրեն Ռազմայեղափոխական Կոմիտէ էր կոչում եւ այդպէս էլ վերաբերւում էր ժողովրդի հետ՝ կողոպուտ, թալան, անհատների գոյքի ու հարստութեան իւրացում, անհատական հաշուեյարդար, բանտարկութիւն, սպանութիւն։ Երկրի տնտեսութիւնը հիմնուած էր թալանուածի վրայ։ Ռուսաստանից խոստացուած հացն ու շաքարը չկար․ դեռ Հայաստան հասած օտար օգնութիւնն էլ ուղարկւում էր «նուէր Ռուսաստանի բանուորներին»։

Աւանդական արժէքները, որոնք արդէն իսկ աշխարհականացման (secularizion) փուլն էին անցնում – ընտանիք, եկեղեցի, ազգային աւանդութիւններ, նահապետական ըմբռնումներ, կանանց իրաւունքներ – ուժի ու պարտադրանքի տակ արագընթաց եւ արմատական փոփոխութեան գործընթացի մէջ մտան։ Եթէ անկախ հանրապետութեան ղեկավարութիւնը հասարակութեան աշխարհականացման ծրագիրները իրագործում էր աստիճանաբար ու փորձում էր ազգային կեանքը կազմակերպել ազատական, ժողովրդավարական, նահապետական, հողագործական, ընկերվարական գաղափարախօսութիւնների խառնիճաղանջի մէջ, կոմունիստ վարչակարգը քանդում էր հինը ու պարտադրում ապազգայինը կամ ռուսականը։ Խորհրդային Հայաստանի սահմանադրութիւնը, ռուսական մոդելի վրայով ձեւաւորուած, բանաձեւում էր՝ «բանուորը ստեղծողն է արժէքների»։

Ի հարկէ գիտենք, թէ ինչպէս դժգոհութեան ալիքը յորձանուտ դարձաւ եւ ապստամբութեան յանգեց մի քանի անգամ (Փետրուարեան ապստամբութիւնը առաջինն էր)։ Ռազմական յեղափոխութիւնը Լենինի հրամանով յետքայլ կատարեց, բայց ազգային արժէքների, ազգային գաղափարախօսութեան ուղղորդումը դէպի կոմունիստական, սովետական նպատակներ շարունակուեցին միայն մի քանի զիջումներով (հայերէնը պետական եւ կրթութեան լեզու, իբրեւ թէ այլ կուսակցութիւնների գոյութեան հանդուրժում)։

Սեղմումը իր դէմքը ցոյց տուեց 1926ին։ Քաղաքացիական իրաւունքներից զրկուեցին նախկին հողատէրերը, նախկին ոստիկաններն ու գործարանատէրերը, փոքր մասնաւոր առեւտրականները եւ դաշնակցականները։ Զատորոշուած հասարակական դասակարգումների մէջ սրանք իրաւազուրկ դասակարգ յայտարարուեցին։

Մշակութային ստեղծագործութիւնները, գրականութիւն, երաժշտութիւն եւ այլ գեղարուեստական դրսեւորումներ, ռադիօ, մամուլ, սինեմա, պիտի ծառայէին կոմունիզմի (համայնավարութեան) քարոզչութեանը. պիտի հետեւէին Ստալինի բնութագրումին. «Մշակոյթը պիտի լինի ազգային իր ձեւի մէջ եւ սոցիալիստական՝ բովանդակութեան մէջ»։ Դրա անշեղ իրագործմանը սատարում էր դիտախուզութեան դաժան ու անզիջող ցանցն ու հալածանքը․ որսում ու խստօրէն պատժում էին դժգոհներին կամ գծից շեղուողներին։

Լիովին արժէքազրկուեց եկեղեցին, աթէիստական կամ հակա-կրօնական քարոզչութիւնը քաջալերուեց։ Պետութիւնը գրաւեց եկեղեցական կալուածները․ մի մասը իբր թէ նուիրեց աղքատներին, մի քանի եկեղեցի էլ սինեմայի (կինօթատրոն – շարժապատկերի սրահի) վերածուեցին։ Կոմսոմոլներին (կոմերիտմիութեան անդամներին) քաջալերում էին հոգեւորականներին հալածել փողոցում, նոյնիսկ սպաննել, գողանալ եկեղեցու թանկարժէք իրերը։ Գէորգ Ե․ կաթողիկոսը ինքն իրեն փակել էր Էջմիածնում եւ որեւէ ազդեցութիւն չունէր տիրող իրավիճակի վրայ։ «Ազատ եկեղեցի» կոչուած շարժումը աւէրներ էր գործում։

Ազգային դաստիարակութիւնը տեղի տուեց կրթական համակարգում։ Դպրոցները դարձան «սոցիալիզմի կրթական օրգաններ»։

Երկրի ղեկը Կոմունիստ կուսակցութեան ձեռքում էր, որ իշխում էր երկաթէ բռունցքով՝ յենուած ոստիկանութեան, Հայաստանում տեղաւորուած Կարմիր բանակի եւ գաղտնի ոստիկանութեան, այսինքն՝ Չեկայի ուժին։ Կոմունիստ կուսակցութիւնը նպատակադրել էր հայ հասարակութիւնը կերպարանափոխել ըստ սովետական օրինակի, այսինքն ստեղծել «Սովետական քաղաքացի»։ Ըստ Մերի Քիլբորն Մաթոսեանի, չնայած սովետական վիճակագրութիւնները վստահելի չէին, այնուամենայնիւ կարելի է եզրակացնել, որ 20ականների վերջերին Հայաստանի բնակչութիւնը հազիւ մէկ միլիոն էր հաշւում, որից 84.5 տոկոսը՝ հայ․ իսկ բնակչութեան պատկերը սովետական դասակարգային բաժանումների հիման վրայ, ցոյց էր տալիս, որ Հայաստանի 12.69 տոկոսն էր միայն պրոլետարիատ համարւում (բանուորներ, ինժեներներ, արհեստաւորներ, շինարարներ, պետական պաշտօնեաներ), 0.08 տոկոսը կոլխոզնիկներ էին – դեռ կոլխոզը (հաւաքական գիւղատնտեսութիւնը) հնարաւոր չէր եղել պարտադրել – 76.19 տոկոսը՝ գիւղացիներ եւ արհեստաւորներ, ովքեր կոլխոզի մէջ չէին մտել, 7.62 տոկոսը՝ բուրժուաներ (հողատէրեր, առեւտրականներ, կուլակներ), 3 տոկոսը՝ այլք (ուսանողներ, թոշակառուներ, զինուորներ)։ Ուրեմն դեռ կարելի չէր եղել նպատակադրուած փոփոխութիւնը իրագործել։ Գոյութիւն ունէր ընդդիմութիւն․ ասում էին դաշնակները ազգայնական շարժումներ են հրահրում։ Սրանք հակա-յեղափոխականներ էին կոչւում եւ պիտի չէզոքացուէին։ Եւ դա կատարուեց մաքրագործումների միջոցով 1927ին եւ այսպէս շարունակաբար։

Մինչեւ 1932 թուականը, ներդրուած նորարարութիւնները արդէն փոխել էին գիւղական հասարակութեան կերպարը՝ ռադիօ, օրաթերթ, դասախօսութիւններ, ակումբներ, մշակութային ձեռնարկներ։ Պարտադրւում էր կոլխոզը, որին հակառակ էր գնում մանաւանդ արեւմտահայ գաղթական գիւղացիութիւնը, որ հակուած էր իր հողակտորը ունենալու ու մերժում էր կոլխոզը: Արեւմտահայ գաղթական գիւղացիութիւնը բողոքել էր նաեւ 1921ին, երբ Ռազմայեղափոխական կոմիտէն բոլոր սեփականատէրերի հողերը իւրացրել եւ որոշ մասը գիւղացիութեան մէջ էր բաժանել, սակայն Մուսթաֆա Քեմալին դիւր գալու համար, կոմիտէն թուրքերին աւելի էր հող յատկացնում, քան հայ գիւղացուն։

Քաղաքներում մեծ չափերով շինարարութիւն էր գնում, բնակելի շէնքեր, ակումբներ, մարզասրահներ, գրադարան, զբօսայգի, թանգարան, ճաշարաններ ու կաֆէներ (սրճարաններ-Խմբ.), սինեմա եւ այլն, ի հարկէ մեծ մասամբ վիճելի որակով։

Ընտանիքների նահապետական սովորութիւնները կոտրելու նպատակով, կանանց համար զարգացման ծրագիրներ էին մշակւում, կանանց տնից դուրս պարտականութիւններ ու պաշտօններ էին տրւում։ Կոմունիստ կուսակցութեան «Կին բաժին»ները կանանց ազատականացման կենտրոններ էին դարձել։ Նոր պետական օրէնքները աւելի զարկ տուեցին կանանց իրաւունքներին ընտանիքում եւ համայնքի մէջ։ Բայց շատ անգամ դրանք չափազանցութիւնների հասան․ օրինակ՝ եթէ պետութիւնը վճռէր, որ ծնողը թերանում է երեխաների դաստիարակութեան մէջ, երեխաներին առնում եւ ինքն էր դաստիարակում։ Նոյնպէս եթէ կինը աշխատում էր գործարանում, եւ ընդհանրապէս երկար ժամեր, երեխաներին պետութիւնն էր դաստիարակում։ Երեխաներին մօրից բաժանելը բացի այն որ քանդում էր ընտանիք հասկացութիւնը, նաեւ առաջ էր բերել երիտասարդների սանձարկութիւն, խուլիգանութիւն, որ մեծ խնդիր էր հասարակութեան մէջ։

Ամուսնութիւնը պարտադիր չէր, կին ու տղամարդ կարող էին ապրել իրար հետ, երեխաներ ունենալ․ իսկ օրինական եւ ապօրինի երեխաների իրաւունքները հաւասար էին։ Ծայրայեղ ֆեմինիստական գործունէութեան պատճառով «Կին բաժին»ները 1929ին լուծարուեցին, բայց մինչ այդ կազմուել էր «Կանանց կենցաղը բարելաւող յանձնաժողով»ը, որ մեծ դեր ունեցաւ կանանց մշակութային զարգացման մէջ, բայց նաեւ խաթարեց նրանց աւանդական կեցուածքը, նոյնիսկ՝ բարոյականութիւնը։ Կանայք ընտանիքից դուրս պարտականութիւններ ստանձնելով աւելի անկախ էին դառնում։ Շատերը ամուսնութիւնից յետոյ էլ պահում էին իրենց հօրական ազգանունը։ Եւ սովորութիւնը շարունակուեց։

Ամէնից խիստ քարոզչութիւնը պատանիների եւ երիտասարդների մէջ էր տարւում՝ նրանց հաւատարիմ կոմունիստներ դաստիարակելու համար։ Դրա կենտրոնը կոմսոմոլն էր, կոմերիտմիութիւնը, որի մէջ սկզբնական շրջանում ծնողների հակառակութեան պատճառով աղջիկները 11 տոկոս էին կազմում։ Կոմսոմոլի գործունէութեան ծիրի մէջ էին մտնում հակա-կրօնական քարոզչութիւն, քաղաքական ուսմանց խմբեր, մարմնամարզութիւն, զբաղումների ակումբներ, պիոներների կազմակերպութիւն եւ յառաջդիմականների խմբեր՝ «յետադէմ» ուսուցիչների դէմ պայքարելու համար։ Սերունդների հաւատարմութիւնը դէպի ընտանիքը զիջել էր նորաստեղծ հաւատարմութեանը դէպի սովետական հաստատութիւններ՝ կոլխոզ, կոմսոմոլ, արհեստակցական միութիւններ, ակումբ։

Սովետական քաղաքացու, կոմունիստ մարդու կառուցումը կատարւում էր նպատակաուղղուած ծրագրով՝ դպրոցի, մամուլի, ակումբների, ռադիոյի, սինեմայի, թատրոնի միջոցով։ Դիմադրութիւնը գալիս էր եկեղեցուց, որ դեռ փորձում էր պահել աստուածավախութիւնն ու քրիստոնէական բարոյախօսութիւնն ու սկզբունքները։ Դիմադրում էր նաեւ մտաւորականութիւնը, որ դեռ փորձում էր ազգային ոգի ներշնչել։

Հայերէնի հանդէպ հանդուրժողականութիւնը որդեգրուած քաղաքականութիւն էր, չնայած 1922ին ուղղագրութիւնը փոխեցին իբրեւ թէ բանուորին ու գիւղացուն մատչելի դարձնելու համար, բայց բուն նպատակը լեզուն իր արմատներից պոկելն էր եւ աստիճանաբար ռուսերէնին մօտեցնելը․ ու վերջապէս, արարքը մի յաւելեալ սեպ էր Սփիւռք-հայրենիք յարաբերութիւնների մէջ։

Ռուսերէնը ի սկզբանէ պարտադիր դարձաւ բոլոր դպրոցներում։ Իսկ ռուսերէնից փոխ առնուած բառերը լեզուն աղաւաղելու ամէնից արագ ճամբան էին եւ շատ գրաւիչ։ Ոչ միայն լեզուն անդամալուծուած էր եւ բնական զարգացման անատակ, այլ գնալով մեծանում էր թիւը ռուսախօս հայերի, ովքեր դա մի տեսակ վայելչութիւն կամ ազնուականութիւն էին համարում։

Համալսարան մտնելու համար ռուսերէն գիտենալը պարտադիր էր, իսկ ատենախօսութիւնը ռուսերէնով պիտի գրուէր։ Համալսարան չէին ընդունւում իրաւազուրկ դասակարգի երեխաները։ Համալսարանի կրթական որակը իջած էր, քանի որ դասախօսները ընտրւում էին պարտիայի անդամներից։ Կոմունիստ լինելը աւելի կարեւոր էր, քան նրանց գիտելիքն ու դասատուութեան ունակութիւնը։

1929-1936ը Խ․ Միութեան «երկրորդ յեղափոխութեան» շրջանն է՝ բռնի ճարտարարուեստականացում (industrialization)։ Ծրագիրը կազմուած էր Մոսկուայում, բայց դերակատարները հայ կոմունիստ գործիչներն էին։ Սրանք նոր ղեկավարութիւնն էին՝ յանձին Աղասի Խանջեանի։ Հին բոլշեւիկները մաքրագործուած էին․ նրանց նոյնիսկ վերագրուել էր հանդուրժող քաղաքականութիւն, որ ընդունելի չէր։ Պէտք էին հասարակութեան արժեչափերը փոխելու հատու միջոցներ։

Ճարտարարուեստականացումը արագացնելու համար գործարաններ էին բացւում եւ գիւղացուն պարտադրում էին գիւղը թողնել եւ բանուորութեան գնալ։  Գիւղատնտեսութեան համար լուծումը կոլխոզն էր, որ պարտադիր դարձաւ 1929ին: Աքսորւում, պատժւում էին այն գիւղացիները, ովքեր դիմադրում էին։ Դիմադրութիւնը եւ բռնութեան գործադրումը այնքան խիստ էր, որ դժգոհութեան ալիք բարրձրացրեց։ 1930ին յետքայլ կատարուեց։ Այդ թոյլատու պայմաններում, գիւղացիութեան 80 տոկոսը դուրս եկաւ կոլխոզից։ Ուրեմն, 1932ին Կարմիր բանակի միջոցով դիմադրութիւնը ճնշուեց։ Կոլխոզը համատարած օրէնք դարձաւ։ Ճարտարարուեստականացումն ու հաւաքական գիւղատնտեսութիւնը վերջնականապէս կործանեցին հայ ընտանիք հասկացութիւնը։ Սա կոմունիստների մարտահրաւէրն էր հայ ազգային սրբութիւնների ու արժէքների դէմ։

Բայց ազգայինը հնարաւոր չէր հայի մէջ կտրականապէս ջնջել։ Միակ ճամբան հերթական մաքրագործումներն էին, որի ամենասոսկալին տեղի ունեցաւ Ստալինի ու Բերիայի մեղսակցութեամբ 1936ից սկսած ու տեւեց մինչեւ 1939, այսինքն՝ սկիզբը Բ․ աշխարհամարտի։ Այս արմատական մաքրագործումների առաջին զոհերից էր ինքը՝ Աղասի Խանջեանը 1936ին, ով բռնի ճարտարարուեստականացում էր բերել Հայաստան, բայց բաւական չափով չէր կարողացել դէմ դնել ազգայնական միտումներին։

Խանջեանի մահից յետոյ տեղի ունեցած հալածանքն ու մաքրագործումները գլխատեցին ազգային մտաւորականութիւնը՝ Ակսել Բակունց, Եղիշէ Չարենց, Վահան Թոթովենց, Գուրգէն Մահարի եւ շատ ուրիշներ։ Յովհաննէս Քաջազնունին, ով գրել էր «Դաշնակցութիւնը այլեւս անելիք չունի» յօդուածը եւ ում հանդուրժում էին խորհրդային իշխանութիւններն ու նոյնիսկ կրթութեան կոմիսարիատում գործ էին տուել նրան, 1937ին, Մայիս 28ի օրը չգնաց գործի, նրա մէջ զարթնել էր հին Քաջազնունին։ Եւ դա իր կեանքով վճարեց։

Այս մաքրագործումներով վերացաւ նաեւ Խանջեանի սերնդի նոր ղեկավարութիւնը։ Իսկ հասարակութիւնը արդէն այլափոխուած կամ փոխակերպուած էր։ Նրա հիմքը կազմում էին ո՛չ թէ ըստ աւանդութեան՝ ընտանիք-եկեղեցի-գիւղ, այլ կոլխոզ եւ գործարան։ Հայ երիտասարդը ամէն առիթ ունէր յառաջդիմելու, միայն եթէ Կոմունիստ կուսակցութեան էր պատկանում, Մարքսիզմ-Լենինիզմին քաջատեղեակ էր եւ իւրացրել էր սովետական մշակոյթը՝ որ ռուսական մշակոյթի մի մասնիկն էր։

1929ից արգիլուեց Յունուարի 6ը տօնել, դրա փոխարէն Յունուարի 21ն էին տօնում, որ Լենինի ծննդեան օրն էր։ Կիրակին որպէս հանգստեան օր ջնջուեց։ Վերջին Կիրակին 1929ի Սեպտեմբեր 29ն էր։ Ստալինի համար կիրակիները վտանգաւոր էին։ Չէ՞ որ այդ օրը ընտանիքի անդամները իրար հետ էին անցկացնում եւ հաւանականութիւն կար որ նաեւ եկեղեցի էլ գնային։ Իսկ գործարանները չպիտի կանգնէին․ ուրեմն, աշխատոյժը խմբերի էր բաժանուած եւ իւրաքանչիւրը իր յատուկ հանգստեան օրն ունէր։

Ինչպէս The Impact of Soviet Regime in Armenia աշխատութեան մէջ, որից (ի շարս միւս պատմագիտական ուսումնասիրութիւնների) մեծապէս օգտուել եմ այս յօդուածի համար, Մերի Քիլբորնը է վկայում, Խորհրդային Միութեան ազգային քաղաքականութիւնը սկզբից մինչեւ վերջ հակասութիւնների շարան է եղել։ Մի կողմից պարտադրել են ռուսականացում, միւս կողմից քաջալերել են ազգայինը՝ ի հարկէ միշտ իր սահմանների մէջ։ Ազգային զգացումները շահագործել են, եթէ դա պէտք էր Սովետի շահերին, ինչպէս արուեց Բ․ աշխարհամարտի նախաշէմին։ Մաքրագործուել էր մտաւորականութիւնը, գլխատուել էր բանակը, Սովետը ունակ չէր գերմանացիների դէմ իրեն պաշտպանելու։ Ստալինի կարգադրութեամբ զարկ տրուեց ազգային գրականութեան ու երգերին․ Հայաստանում թոյլատրուեց հրատարակել Րաֆֆի եւ այլ արգիլուած հայրենասիրական գործեր։

1940ին ուղղագրութիւնը մի քիչ փոխուեց ու դասականին մօտեցաւ։ Կիրակին նորից հանգստեան օր նշանակուեց։ Զինուորագրութիւնը քաջալերող յատուկ ֆիլմեր ցուցադրուեցին։ Երիտասարդութիւնը ներշնչումով ու պատրաստակամութեամբ գնաց պաշտպանելու Սովետական Միութիւնը՝ Մեծ հայրենիքը։

Պատերազմից յետոյ հայրենասիրութիւնն ու ազգային զգացումները այլեւս պէտք չէին Ստալինին․ ու դարձեալ ճնշումներ, հալածանք, աքսոր։ Աքսորուեցին հսկայ թուով հայրենադարձներ ամբողջ ընտանիքներով․ նրանք իրենց ազգային շնչով ու դրսի աշխարհից բերած տպաւորութիւններով կասկածելի էին Ստալինի համար։ Դա 1949 թիւ, Յունիս 9ն էր։ Սերօ Խանզադեանը դա երկրորդ Ցեղասպանութիւն է անուանում։ 1947-1954 տարիները, այսինքն՝ մինչեւ Ստալինի մահը, մեծ մաքրագործումների հերթական մի այլ շրջան էր։ Ստալինի մահից յետոյ ճնշումները մի քիչ թուլացան։ Բայց հայ հասարակութիւնը արդէն փոխակերպուած էր։ Արդէն, ամէն անգամ երբ այդ տասնամեակներում ազգայինը գլուխ էր բարձրացրել, գլխատուել էր Մոսկուայի տէրերի կողմից եւ հայ ղեկավարների ձեռամբ։

Հայ ժողովուրդը ամբողջ 70 տարի ապրեց սովետական լուծի տակ։ Արձանագրեց յաջողութիւններ գիտութեան, արուեստի ու մշակոյթի բնագաւառներում։ Կրեց չարիք ու կորուստ։ Մոսկուայի թելադրանքներին ու իր իսկ ղեկավարութեան անզիջող քաղաքականութեան ու խիստ պատժամիջոցներին տոկալու համար միջին հայը գտաւ միջոցը՝ թէկուզ խոտոր իր ազգային, աւանդական սկզբունքներին․ մի քիչ խաբել, մի քիչ խարդախել, ստել, գողանալ։ Ասում ենք փոխուեց հայի նկարագիրը։ Եւ այդ բոլորը՝ ինչպէս ժողովուրդն է ասում, մարդաւարի ապրել կարողանալու համար։

Այս բոլորի մէջ ո՞ւր էր Դաշնակցութեան դերը Խորհրդային Հայաստանի պատմութեան մէջ՝ Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնների ծիրում։ Վտարանդի Դաշնակցութիւնը դիտում էր դրսից ու ականատես էր աւանդական արժէքների կոպիտ խախտումներին։ Իր մամուլով քննադատում էր, ահազանգում տգեղ երեւոյթների դէմ․ բայց իր ձայնը խորհրդահային չէր հասնում։ Դաշնակցական մամուլը արգիլուած էր Հայաստանում․ միայն մի քանի առանձնաշնորհեալներ էին կարդում եւ արտայայտուած մտքերը օգտագործում՝ Դաշնակցութեան դէմ աւելի ու աւելի լարելու ժողովրդին։

Հայ բոլշեւիկների թշնամական վերաբերմունքը դեռ 1917ից սկսուեց։ Բոյկոտեցին Արեւելահայոց համագումարը։ Անաստաս Միկոյեանը իր կուսակցութեան կողմից հրապարակած յայտարարութեան մէջ այն որակում էր. «Խոշոր բուրժուազիայի կառքին լծուած եւ ռեակցիոն հոգեւորականներից դեռեւս չխզուած մանր բուրժուազիայի նացիոնալիստական հնարք»։ Համագործակցել այդ տարրերի հետ նշանակում էր, «դաւաճանել ինտերնացիոնալիստական պրոլետարական տակտիկային ու ռեւոլուցիային՝ ի հաճոյս հայ իմպերիալիստական մանր բուրժուազիայի դաշնակցութեան պարտիայի գլխաւորութեամբ»։ (Այս հայառուսերէն խառնուրդը ձեզ օրինակ բոլշեւիկների թողած աւանդի, որ շարունակւում է ցայսօր։)

Դաշնակցութեան դէմ այս դիրքորոշումը Հայաստանի անկախացումից յետոյ աւելի սուր բնոյթ ստացաւ։ 1919ի Մայիս 28ին  Ազատ Անկախ եւ Միացեալ Հայաստանի յայտարարութեան առիթով, նոյն Անաստաս Միկոյեանը գրում էր. «Հայ շովինիստները․.. առաջ են քաշում յանցաւոր քիմեռային գաղափար՝ պատմական Հայաստանի սահմաններում « Մեծ Հայաստանի» ստեղծում։ …Մեր կուսակցութիւնը չի կարող սատարել ո՛չ «Մեծ» եւ ոչ էլ «Փոքր» Թրքահայաստանի գաղափարին»։

Հայ բոլշեւիկները չհաւատացին անկախութեան գաղափարին։ Խոչընդոտեցին Մոսկուայի հետ հասկացողութեան գալու Դաշնակցութեան առած իւրաքանչիւր քայլը։ «Հայաստանի բանուորներին, զինուորներին ու գիւղացիներին» կոչ արեցին  չխաբուել «անկախութիւններով» եւ «պառլամենտներով», այլ «ձգտել դէպի Ռուսաստան», որ հաց ու շաքարով պիտի լեցնի երկիրը, որ պիտի տանի «դէպի մեր լուսաւոր ապագան՝ սոցիալիզմը»։ Նպատակ էին դրել «Դաշնակների իշխանութեան բռնի ռեւոլուցիոն տապալումը» ամէն գնով։ Ու երբ Մուսթաֆա Քեմալի զօրքերը Հայաստան արշաւեցին, հայ բոլշեւիկները ընդառաջ գնացին թուրքերին, հրահրեցին հայ զինուորին չկռուել թուրքի դէմ։ Սարգիս Կասեանը, Աւիս Նուրիջանեանը, Ասքանազ Մռաւեանը, Շաւարշ Ամիրխանեանը գաղտնի հաղորդագրութեամբ հայ բոլշեւիկ խմբերին կարգադրում էին. «Հայ բոլշեւիկների խնդիրը պէտք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտութիւնը, որով եւ կ՚արագացուի Հայաստանի խորհրդայնացումը։ Այս նպատակի համար պէտք է կազմալուծել հայկական կռուող բանակը բոլոր միջոցներով․․․»։

Եւ վերջապէս, հայ բոլշեւիկները նոյնիսկ ադրբեջանցի բոլշեւիկների հետ միացան ու Կարմիր բանակի մասնակցութեամբ տապալեցին Հայաստանի անկախութիւնը։

Թշնամական վերաբերմունքը Դաշնակցութեան հանդէպ շարունակուեց ամբողջ խորհրդային տիրապետութեան ժամանակաշրջանում։ Այդ վերաբերմունքը թելադրեց Խորհրդային Հայաստանի հերթական ղեկավարների քաղաքականութիւնը Սփիւռքի նկատմամբ՝ բացարկել Սփիւռքի այն հատուածը, այն կազմակերպութիւններն ու կառոյցները, որոնք Դաշնակցութեան են համակրում կամ հետեւում, եւ մերժել նրանց հետ որեւէ կապ կամ համագործակցութիւն։ Հակադաշնակցական քաղաքականութիւնը երբեք չմեղմացաւ․ դարձաւ ատաղձը Հայաստանում հասակ նետող սերունդների դաստիարակութեան ու Սփիւռք-հայրենիք յարաբերութեան․ դարձաւ բնաւորութեան գիծ, սովետահայ մարդու ինքնութեան բաղադրիչ մասնիկ ու մինչեւ այսօր․․․

Խորհրդահայ պատմաբանները խեղաթիւրեցին պատմութիւնը, որովհետեւ, ինչպէս խորհրդահայ յարգուած պատմաբան Լենդրուշ Խուրշուդեանն էր բացատրում՝ «Հասկանալի է, որ բռնի ուժով իշխանութեան գլուխ եկած բոլշեւիկների պատմագրութիւնը յենուած էր սխալ եւ անընդունելի ելակէտների վրայ։ Այդ պատմագրութեան առանցքը եղել է պատմութեան կեղծարարութիւնը»։

Դեռ աւելին, խորհրդահայ պատմագրութիւնը փորձեց արդարացնել ու հերոսացնել ազգային գաղափարախօսութիւնը ինտերնացիոնալիզմին զոհ տուած ու երկիրը Մոսկուայի տէրերին ծախած ու յետագային էլ նրանց ծառայութեան մէջ մտած հայ բոլշեւիկներին։ Այդ կոմունիստ հերոսների արձանները կանգնեցուեցին։ Նրանց անուններով գիւղեր ու փողոցներ կոչուեցին։

Սերունդների մէջ սրսկուել էր ատելութիւն դէպի Դաշնակցութիւնը։ Ու երբ պէտք եղաւ հայ ժողովրդի ազգային ջիղը շարժել ու ասենք Ղարաբաղեան շարժման համար օրինակելի ազգային հերոսներ գտնել, մեր ազատագրական պայքարից ընտրուեցին նրանք, ովքեր իրենց դժուարին կեանքի ընթացքում մի բանից կամ մէկից վշտացած մի ծուռ խօսք էին ասել Դաշնակցութեան հասցէին։ Եւ քանի որ դրանց թիւը բաւական չէր, յիշուեցին անուններ ու գործեր առանց նրանց պատկանած կուսակցութիւնը յիշատակելու․ երգուեցին յեղափոխական երգեր, բայց «բարեփոխուած» բառերով։

Յետ-խորհրդային անկախ Հայաստանի Հանրապետութեան շրջան – անկախութեան առաջին տարիներին, մանաւանդ՝ երկրաշարժից յետոյ եւ ղարաբաղեան կռիւների ընթացքում Դաշնակցութեան կառոյցների բերած մեծ օգնութեան արդիւնքում, մի տեսակ համակրանք ստեղծուեց Դաշնակցութեան հանդէպ ու մի քիչ էլ չափազանցուած պատկերացում՝ նրա ուժի ու կարողութիւնների նկատմամբ։

Արխիւները բացուեցին, արգիլուած նիւթերն ու գրականութիւնը հասանելի դարձան երիտասարդ պատմաբաններին։ Փորձ կատարուեց անաչառ եւ տրամաբանական մօտեցումով վեր հանել մօտիկ անցեալը, հիմքը դնել ազգային պատմագրութեան։

Ազգային ուժեղ զգացումներով տարուած, սկսեց մտաւորականութեան շարժումը՝ ուղղագրութիւնը փոխելու եւ ընդունելու դասականը, որովհետեւ նախորդը պարտադրուած էր, որովհետեւ կորցրել էր Գրաբարի իր արմատներն ու տրամաբանութիւնը, որովհետեւ Սփիւռքի գրականութիւնը մերժելու առիթ էր ընծայել Հայաստանի հային։ Բայց դա շուտով քաղաքականացուեց, Սփիւռքի թելադրանք համարուեց ու բախուեց նոր ղեկավարութեան ընդդիմութեան։ Դա այն ժամանակներն էր, երբ Սփիւռքը «կաթնատու կով»ի կարգավիճակում էր։ Ասում էին. «Դուք նիւթական օգնութիւնը ուղարկէք եւ մի խառնուէք թէ մենք ինչպէս կը վարուենք դրա հետ»։

Նոյն ազգայնական զգացումներով եւ ղեկավարութեան հակա-բոլշեւիկ քաղաքական վարքագծի շնորհիւ առաջ քաշուեց տեղանունների անուանափոխութեան հարցը։ Գիւղերի ու քաղաքների անունները յետ նախկինին փոխուեցին։ Օրինակները շատ են․ Լենինականը Գիւմրի դարձաւ, Ղարաքիլիսան, որ Կիրովականի էր փոխուել, Վանաձոր դարձաւ, Հոկտեմբերեանը՝ Արմաւիր, Սովետաշէնը` Նուբարաշէն, Օրջոնիկիձէի շրջանը` Էրեբունի եւ այսպէս շատ։ Փոխուեցին նաեւ քաղաքների փողոցների անունները․ օրինակ՝ Ալավերդեանը՝ Հանրապետութեան, Լենինի պրոսպեկտը՝ Մաշտոցի, Ազիզբեկովի հրապարակը՝ Սախարովի, Մարքսի փողոցը՝ Խորենացիի եւ այդպէս շատ։ Հանուեցին Լենինի, Ստալինի, Մեշադի Ազիզբեկովի, Ղուկաս Ղուկասեանի եւ մի քանի նմանների արձանները։

Որոշ դէպքերում, ազգայնական զգացումները մոլուցքի վերածուած անցեալը, սովետականը, ռուսականը քանդելու սկսուեց, ու առանց շատ խորանալու տեղը դրուեց արեւմտեանը, մանաւանդ՝ կրթական ու տնտեսական ոլորտներում։ Արդիւնքը ձախողութիւն էր։ Խորտակուեց Հայաստանի Սովետից կախեալ տնտեսութիւնը եւ մեծ խանդավառութեամբ ընդունուեց ազատ շուկայականը։ Արդիւնքը օլիգարք դասակարգի հզօրացումն էր ու տնտեսական կեղեքիչ մենաշնորհների առաջացումը։ Խորհրդային կրթական համակարգը իր օրէնքներով տապալուած էր, եւ դրան փոխարինող նորը չկար։ Դասագրքերը պիտի փոխուէին, բայց պիւտճէ չկար։ Իսկ այս պարագայում, Արեւմուտքն էլ իր թելադրանքն ունէր։ Յիշում եմ, երբ Համաշխարհային դրամատունը (World Bank) համաձայնուեց նիւթապէս հովանաւորել դասագրքերի հրատարակութիւնը, «Քաղաքացիական Կրթութիւն» դասագրքում, որ որպէս նորոյթ պիտի կիրառուէր միջնակարգ դպրոցներում, Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը փոխել էր տուել։

Յիշում եմ, որ 1998ին ինձ յանձնարարուեց գրել «Հայկական Հարցի Պատմութիւն» դասագիրքը՝ հայոց պատմութեան դասագրքերի մէջ չխորացուած կամ խեղաթիւրուած երեւոյթների բացը լեցնելու համար։ Վերը յիշածս պատմաբան Լենդրուշ Խուրշուդեանը այդ նախագծի խիստ կողմնակիցն էր։ Նոյնիսկ ծրագրում էր նոյն ոգով դասագիրք պատրաստել բուհերում օգտագործելու համար։ Ինձ ասուեց, թէ քանի որ Համաշխարհային դրամատունը նման գիրք չի հովանաւորի, ես փորձեմ Սփիւռքում հովանաւոր գտնել։ Հայ Կրթական Հիմնարկութիւնը իր նուիրատուութեամբ գլուխ բերեց գործը։ Յետագայում, ի հարկէ դասագրքի տարածումն ու կիրարկումը մեծ խոչընդոտների դէմ առաւ։ Տիրող մտայնութիւնը պատրաստ չէր հայոց պատմութեան նման միանգամայն նոր ընկալում ընդունելու։

Իսկ նոր, Համաշխարհային դրամատան հետ համաձայնեցուած հայոց պատմութեան դասագիրքը, որ «Հայոց Պատմութիւնը Համաշխարհային Պատմութեան Համատեքստում» (2001) վերնագիրը կրեց, դարձեալ հպանցիկ ակնարկ էր մեր նորագոյն պատմութեան նշանակալից դէպքերի եւ երեւոյթների վրայ՝ աշխարհի մեծադիր պատմութեան արանքներում ճզմուած։

Նոյն դժուարութիւններին ու խոչընդոտներին հանդիպեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան դասաւանդումը բոլոր տարիքների համար իմ նախաձեռնութիւնը Հայաստանում։ Գործը պիտակաւորւում էր, նոյնիսկ առանց դրա մասնագիտական հենքին ու տարիքային բաժանումներին յատուկ մեթոդին ու նիւթերին չծանօթացած, համարւում էր վտանգաւոր՝ երեխայի հոգեբանութիւնը խաթարող, զոհի հոգեբանութիւն ներշնչող եւ նոյնիսկ Թուրքիային աւելի թշնամացնող։

Անկախութեան շրջանում, դարձեալ որպէս հակադարձ բուհերում ռուսերէնի տիրապետութեան, հայոց լեզուի ուսուցումը բուհերում պարտադիր դարձնելու եւ աւարտաճառերը հայերէնով գրելու օրէնք անցաւ։ Բայց թէ ինչպէ՞ս եւ ի՞նչ պիտի պարապուէր, որ տարբեր լինէր դպրոցում անցածից, դա խնդրոյ առարկայ չդարձաւ։

Հայերէնը հանրապետութեան պաշտօնական լեզու յայտարարուեց, լեզուի օրէնքը վաւերացուեց 1993ին։ Կազմուեց Լեզուի կոմիտէ, որ պիտի հսկէր լեզուի մաքրամաքուր կիրառման եւ զարգացման վրայ։ Դա պիտի ասել մեծ ազդեցութիւն չունեցաւ սանձահարել կարողանալու ռուսերէն բառերի գործածութիւնը թէ՛խօսակցական լեզուի եւ թէ պաշտօնական գրականութեան մէջ։

Դեռ աւելին, Արեւմուտքի մշակոյթի, գիտելիքների, սովորութիւնների մուտքը Հայաստան հետը մի նոր երեւոյթ բերեց՝ անթիւ ու անհամար անգլերէն բառեր։ Ու ծիծաղելին այն է, որ մեծ մասը ռուսերէն հնչականութեամբ։ Եւ այդ ռուսերէն կամ անգլերէն բառերը այնքան հարազատ են գործածողի համար, որ ազատօրէն հոլովում ու խոնարհում է դրանք, ֆինանսաւորել, մանիպուլացնել, ֆիքսել, ֆէյքել, լայքել։ Օրինակները շատ են։ Բայց լսենք Մայքլ Բաբայեանին, երիտասարդ պատմաբան, հեղինակը վերջերս լոյս տեսած մեզ համար անփոխարինելի, մեծարժէք հատորի, որ «Յուշամատեան Անկախութեան, Հայաստանի Հանրապետութեան 1918-1921թթ. Պետական Գործիչների» վերնագիրն է կրում։ Մայքլը գրում է. «Մի ցաւագարութիւն էր, երբ ՀՀում հայերէն խօսելիս ռուսերէն բառեր էին խառնում խօսքին եւ ցայսօր դա կայ, մէկ այլ պատուհաս է անգլերէն բառերի գործածութիւնը վերջին տարիներին հայերէն խօսքում՝ պիտի մերժենք երկուսն էլ, եւ ցանկացած օտարամոլութիւն անընդունելի է, երբ գործ ունենք մեր պետական լեզուի հետ»։

Դեռ անկախութիւնից առաջ, ու երկրաշարժից էլ առաջ, տասնամեակներ բացակայութիւնից յետոյ, Դաշնակցութիւնը իր Ընդհանուր ժողովում «Դէպի Երկիր» կարգախօսով որոշում տուեց իր ուժերը ներդնել ի խնդիր Հայաստանի բարօրութեան եւ յառաջդիմութեան։ Ապա իր կառոյցներով վերադարձաւ Հայաստան նախ գաղտնի, իսկ անկախութիւնից յետոյ պաշտօնապէս գրանցուած։ Շարքերը լեցուեցին նուիրեալ նորագիրներով։ Կարճ ժամանակում սնկի պէս ծլած կուսակցութիւնների մթնոլորտում, դրանց մէջ նաեւ ԿաԳէԲէի ծննդաբերած Դաշնակցութիւն կեղծ կուսակցութիւնը՝ ինքնակոչները, ՀՅ Դաշնակցութիւնը իր գործունէութիւնը ծաւալեց իբրեւ ամէնից կազմակերպուած, ամէնից գործունեայ եւ ուրոյն գաղափարախօսութեամբ զինուած կուսակցութիւն։ Բայց ԿաԳէԲէն Հայաստանից չէր հեռացել ու գործի էր անցել թակարդներ լարելու Դաշնակցութեան դէմ, խոչընդոտելու նրա գործունէութիւնը, որ խոտոր էր Լեւոն Տէր Պետրոսեանի տարած քաղաքականութեանը։ 1992ին Տէր Պետրոսեանը իր նշաւակելի ելոյթով վերջ տուեց Դաշնակցութեան օրինական ներկայութեանը Հայաստանում։

Միջանկեալ յիշենք, որ Ռոբերտ Քոչարեանի օրօք, մանաւանդ առաջին շրջաններում, Դաշնակցութեան հանդէպ դրական վերաբերմունք կար, բանտից ազատել, նոր գործունէութեան դիւրութիւններ տալ, եւ նոյնիսկ, դժբախտաբար, տնտեսական շահոյթի հնարաւորութիւններ ստեղծել իր շրջապատի, իրեն պաշտպանողների համար։

Դաշնակցութիւնը, սակայն, Հայաստանի իր գործունէութեամբ եւ գործելակերպով, եւ մանաւանդ իր դէմ ծառացած սովետական շարունակուող տրամաբանութեան ու աշխարհընկալման միջավայրում, չկարողացաւ իր պատմութեան, գաղափարախօսութեան եւ տեսլականին արժանի ժողովրդականութիւնը շահել։ Խորհրդահայ խեղաթիւրուած պատմութեան սերմանած գիտելիքների վրայ հիմնուած հակա-դաշնակցական աւանդական վերաբերմունքը շարունակւում է։  Դաշնակցութիւնը կորցրել է իր փայլը, ո՛չ միայն իր թոյլ տուած սխալների կամ հակառակորդների սադրանքների, այլ մանաւանդ՝ դրսից եկած քարոզչութիւնների արդիւնքում (վերջապէս միակ կուսակցութիւնն է, որ միացեալ Հայաստանի է ձգտում, անհանդուրժելի՝ Ռուսաստանի էլ, ԱՄՆի էլ, Թուրքիայի ու Ադրբեջանի համար էլ)։

2018ի Հայաստանի անկախութեան հարիւրամեակին ընդառաջ, աւելի շեշտուեց այդ վերաբերմունքը՝ միտումնաւոր կերպով նսեմացնելու Դաշնակցութեան եւ անհատ դաշնակցական գործիչների դերը անկախ հանրապետութեան կեանքում, արդարացնելու հայ բոլշեւիկների կործանիչ գործունէութիւնը այդ տարիներին, ծածկելու, սքօղելու Հայաստանի խորհրդայնացումից առաջ եւ յետոյ հայ բոլշեւիկների կատարած ոճիրները, մի տեսակ փնտռտուք՝ «մեղմացուցիչ դէպք յանցանաց»ի, եւ վերջապէս նորից նոր վեր հանելու Ռուսաստանը՝ որպէս Հայաստանի եւ հայ ազգի փրկչի «խորհուրդը»։ Արդիւնքը՝ հարիւրամեակի անփառունակ եւ վիճելի բովանդակութեամբ միջոցառումներն  ու հապճեպ կազմակերպուած գիտաժողովներն էին։ Սրանք, ի հարկէ, Նիլոլ Փաշինեանի յեղափոխութիւնից մէկ ամիս յետոյ տեղի ունեցան, բայց կազմակերպուած էին Սերժ Սարգսեանի օրօք։

 

Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ – Հայաստանի ժողովուրդը, մանաւանդ՝ երիտասարդութիւնը եւ նոյնիսկ սփիւռքահայութիւնը, մեծ ակնկալիքներով գլուխ բերեցին յեղափոխութիւնը, եւ նոր իշխանութիւնը գործի գլուխ եկաւ մեծ խոստումներով։ Բայց․․․ Երեւի թէ հնարաւոր չէր արագօրէն պէտք եղած փոփոխութիւնը մտցնել երկրի կառուցուածքի, ներքին ու արտաքին քաղաքականութեան բոլոր բնագաւառներում։ Բարենորոգման հսկայ ներուժ էր հարկաւոր, փորձառու աշխատակազմ եւ անյողդողդ հետեւողականութիւն։ Ու ժողովուրդը համբերեց։ Չկորցրեց Մեծ Յոյսը, որով տոգորուել էր նորերի գալով։

Գուցէ վարչապետը ճիշդ էր, որ առաջնահերթութիւն դարձրեց կոռուպցիայի (փտածութեան) դէմ պայքարը, քանի որ, բոլոր բնագաւառներում էլ արմատը հենց կոռուպցիան էր։ Իսկ կոռուպցիան արմատաւորուել էր դեռ խորհրդային շրջանից։ Քչերն էին կառավարութեան յատկացրած ռուբլիների վարձատրութեամբ իրենց կեանքը պտտեցնում։ Մի քիչ գողանալը, մի քիչ իւրացնելը, մի քիչ կաշառք վերցնելը, դրամական կամ այլ, գոյատեւելու միջոց էր։ Դա դարձել էր սովետական քաղաքացու յատկանիշ, որ սերնդէ սերունդ արեան մէջ էր մտել եւ որ շարունակուեց անկախութեան շրջանում, Լեւոն Տէր Պետրոսեանից սկսած։ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ թալանուեցին գործարանները, եւ կայքը երկաթի գնով վաճառուեց հարեւաններին, իսկ ապօրինի եկամուտը, միլիոնաւոր դոլարներ, դուրս ուղարկուեց։ Ռոբերտ Քոչարեանի օրօք, դրսի օգնութիւնների, միջազգային առեւտրի առկայութեան պայմաններում, իսկ յետոյ հանրապետականների ժամանակ, արդէն երկրում հսկայ հարստութիւն էր կուտակուած, բաժինը մեծ էր։ Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան իրենց թիկունքը պաշտպանելու ու հաւատարիմների շրջանակը մեծացնելու համար, կողոպուտից բաժին էին հանում, անձնական շահոյթի հնարաւորութիւն ստեղծում։ Բարգաւաճեց ու իր տիրապետութիւնը հաստատեց օլիգարքների դասակարգը, ովքեր երկրի տնտեսութիւնը իրենց մենաշնորհն էին դարձրել։

Վարչապետը այսօր կոռուպցիայի դէմ պայքար է տանում, պայքար հնացած վարչարարութեան եւ օլիգարքների անարդար իւրացումների դէմ, պայքար մենաշնորհների դէմ, որոնց անխնայ գործունէութիւնը առաջ էր բերել Հայաստանում նախադէպը չունեցող ծայրահեղ աղքատների մի դասակարգ։ Բայց այդտեղ էլ վճռականութեան պակաս կայ, դատական համակարգի բարեփոխումները, անցումային արդարադատութիւնը եւ ոչ միայն, յետքայլ են ապրում։   Սահմանադրութեան փոփոխութիւնը մի տեղ չհասաւ։ Պայքարը ընդհանուր, համատարած բնոյթ չի կրում, կարծես ընտրովի լինի, կարծես վարագոյրի ետեւում առ ու տուր է կատարւում, ոչ անպայման դրամական իմաստով։ Ու ժողովուրդը սպասում է այդ բնագաւառներում հասցուելիք վերջնական հարուածին, որ չի գալիս։

Նոր իշխանութիւնը հասցրեց վարկաբեկել բոլոր կուսակցութիւններին, իւրաքանչիւրի գործունէութեան մէջ մի արատ, մի թերութիւն գտնելով ու դրանք խոշորացոյցով աշխարհին ներկայացնելով։

Նոր իշխանութիւնը քննադատութիւն չհանդուրժեց։ Ի պատասխան քննադատութեան նոյնը կրկնուեց. «Երբ դուք իշխանութեան վրայ էիք, ինչո՞ւ այդ չարիք։ Ինչո՞ւ դուք էլ կոռուպցիան սատարեցիք»։ Ժողովուրդը արդէն գանած էր կուսակցութիւններից։ Մտայնութիւնը միակուսակցականութիւն է եղել ու չի փոխուել։ Եթէ Հանրապետական չէ ,ուրեմն Իմ Քայլը թող լինի։

Իմ տպաւորութեամբ, զանազան բնագաւառներում քաղաքականութիւն եւ հայեցակարգ է որոշւում, որ շատ անգամ լիիրաւ քննարկուած չէ, մանաւանդ՝ դրա մէջ չեն ներգրաւուած մասնագէտների կարծիքը։ Հայեցակարգը դիւրութեամբ վաւերացւում է Ազգային ժողովում, ուր հենց իրենք են մեծամասնութիւն կազմում, ինչպէս լինում էր հանրապետականների օրօք, ու գործի է դրւում՝ դժգոհութեան ու քննադատութեան ալիք բարձրացնելով ժողովրդի մէջ։ Լռեցնելու միջոցը՝ «կամ ինձ հետ, կամ իմ դէմ», հիւանդագին մոլուցքով պառակտել հասարակութեանը, երբեմն էլ՝ հին «ադաթ»ով ոստիկանութեան ուժը գործածելով։

Ամենախոցելին ինձ համար ԿԳՄՄ նախարարութեան, կամ աւելի ճիշդ նախարարի եւ իր գործակիցների ընթացքն է եւ թոյլ տուած արտայայտութիւններն ու գոռոզ եւ շատ ինքնավստահ գործունէութիւնը։ «Ով որ խօսի կրթութեան մասին, Դաշնակցութիւնը չպիտի խօսի» ու անարդարօրէն, կարճատեսութեամբ եւ պատմութիւնից անտեղեակ, մատնանիշ է անում իր նախորդի, դաշնակցական նախարարի արածն ու չարածը։ 1997ից սկսած, աշխատել եմ Կրթութեան եւ գիտութեան բոլոր նախարարների հետ եւ ունեցել եմ դրական յարաբերութիւններ։ Ներկայ նախարարի հետ չստացուեց։

Իսկ նախարարի ինքնավստահ ու հապճեպ որոշումները։ Այո, հայոց լեզուի պարապմունքը բուհերում աւելորդ էր, քանի որ կրկնութիւնն էր դպրոցներում տրուածների։ Այո, սխալ ծրագրի ու սխալ դասաւանդման պատճառով, համալսարանաւարտ ուսանողներից շատերը լեզուին չէին տիրապետում, մանաւանդ իրենց մասնագիտութեան մէջ արտայայտուելու կարողութիւնը չունէին, ուրեմն ճամբան ռուսերէնի դիմելն էր, իսկ վերջին տարիներին, մանաւանդ արհեստագիտական (technology) ասպարէզում՝ անգլերէնի, որովհետեւ ուսանողի մասնագիտական լեզուն հայերէնով չէր զարգացել։ Ճամբան բուհերում հայոց լեզուի դասաւանդման վերացումը չպիտի լինէր, այլ՝ բարելաւումը։ Նոյնպէս՝ բուհերի կրթական մակարդակը բարելաւելու ճամբան դրանց ինքնավարութիւնը ջնջելն ու իշխանութեան անմիջական մասնակցութիւնը կառավարման մէջ պարտադրելը չէ։

Դպրոցներում հայոց եկեղեցու պատմութեան դասագրքերն ու դասաւանդումը բարելաւելու ճամբան այդ նիւթը հայոց պատմութեան հետ միաձուլելը չէ, ուր երկու նիւթերն էլ կը տուժեն։ Նախորդ վարչակարգի օրերին, եւ ո՛չ դաշնակցական նախարարի օրօք, հայոց պատմութիւնը միացուեց համաշխարհային պատմութեան։ Ականատես եղանք բացասական արդիւնքին։

Նախարարութիւնների գործունէութիւնը լճացումից ու անդիմագծութիւնից դէպի նպատակասլաց ծրագիրներ ուղղորդելու փոխարէն, եղածը քանդուեց կամ համախմբումի ենթարկուեց (կոնսոլիդացուեց), ու նորը դեռ չի հասցրել ամրակայուել։

Օտարամոլութիւնը, անցեալում Ռուսաստանին, հիմա Ամերիկային ու Եւրոպային կոյր հետեւելը չարիք է։ Հայաստանը պէտք չունի Իստամբուլեան նախագիծը (իրենք կոնվենցիա են ասում) վաւերացնելու։ Պէտք չունի այս ու այն «փոքրամասնութիւններ»ի դատը իր առաջնահերթ հարցերի մէջ ներառնելու։

Խոցելի երեւոյթները շատ են։ Ընդդիմութիւնը աւելի ու աւելի է ընդարձակւում ու մանաւանդ հասարակութեան մէջ արմատ նետելով յուսահատ քայլերի, ցոյցերի ու բողոքների առիթ տալիս։ Չեմ բացառում այն վտանգաւոր երեւոյթը, որ ընդդիմութեան առողջ ու մտահոգ քննադատութիւնների հետ միախառնուած գործում է դիրք ու շարունակ հարստութիւն դիզելու աղբիւրները կորցրած, ժողովրդին ապակողմնորոշող նախորդների կեղտոտ վրէժխնդրութիւնը։

Հայաստանի պետականութեան վերածնունդի հարիւրերկրորդ տարեդարձը խնկարկելու փոխարէն, ներկայ իրավիճակից մտահոգուած ցաւս արտայայտեցի։ Փորձեցի ցոյց տալ թունաւոր աղբիւրը այն մտայնութեան, որ հայ բոլշեւիկի ուղեղից բխեց ու շարունակում է հոսել։ 1918, Մայիս 28ը արժեզրկուեց ու դեռ շարունակւում է արժեզրկուել։ Բայց պէտք չէ յուսահատուել ու տեղի տալ։ Պէտք է պայքարել։ Ներկայ պայմաններում, աւելի քան երբեւէ, Դաշնակցութիւնը պիտի արթուն լինի ու իր աւանդական դերի մէջ ամրակայուի։ Խոտոր երեւոյթների դէմ իր պայքարը տանի եւ հայրենիքի շահը ամէն ինչից բարձր դասի։ Թող յերիւրանքներ ու յոխորտանքներ հնչեն Դաշնակցութեան հասցէին, թող նրա պատմութիւնը խեղաթիւրող, ներկան վարկաբեկող նպատակադրուած արշաւը շարունակուի ու վարչապետը յայտարարի, թէ «Դաշնակցութիւնը Հայաստանում ապագայ չունի»։ Ինչպէս հաւատացեալ կոմունիստ, ազգայինը ջնջող Աղասի Խանջեանն է Դրաստամատ Սիմոնեանի հետ զրոյցում ասել. «Ի հարկէ, մի որեւէ բան պատահելիս՝ ես եւ դու կը փախչենք, եւ հայ ժողովրդի տէրը կը դառնայ Դաշնակցութիւնը»։

Ես այսօր, յօդուածս «Ասպարէզ»ի Մայիս 28ի առցանց բացառիկին հասցնելուց յետոյ, երեկոյեան պիտի նստեմ հեռուստացոյցի առջեւ, գինու բաժակը ձեռքիս պիտի խմեմ Մայիս 28ը կերտած մեր համեստ, բայց դժբախտաբար մինչեւ այսօր անկրկնելի հսկաների յիշատակի համար ու մեր կուսակցութեան յոյս եւ ապագայ՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան պատրաստած յայտագիրը դիտեմ, նրա պատգամը լսեմ։

Գիտեմ, որ Արամ Մանուկեան, Յովհաննէս Քաջազնունի, Գարեգին Նժդեհ, Նիկոլ Աղբալեան ծնող ազգի ծոցից էլի՚ կը ծնուեն ու Դաշնակցութեան հնոցում էլի՚ կը կոփուեն նոր ժամանակների նոր հերոսներ։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

2 Comments

  1. Յարութ Չէքիճեան said:

    Հրաշալի պաատմական ամփոփում՝ 1918֊էն 2020։

  2. Mary Najarian said:

    Thank you Roubina, very informative and interesting article. I learned a lot and it is sad what is happening to the Armenian education: culture, history, religion. The future is not too promising…In Aleppo where we grew up, May 28, was a very special HOLIDAY.We loved, respected and celebrated, and under a lot of adversity we carried the tricolor and marched proudly, and bravely on the streets in a moslem country.. What’s happening now?

*

Top