Վիքիպեդիայում խմբագրելը` մասնագիտական կողմնորոշման գործիք

Tamara 1

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

Tamara

Թամարա Գրիգորեան

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպութեան վիքիակումբները դեռահասներին զարգանալու մեծ հնարաւորութիւններ են տալիս: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի հիմնականում գիւղական համայնքներում գործող վիքիակումբներում տեղի պատանիները վիքի տարբեր նախագծերում աշխատելու հնարաւորութիւն ունեն:

Վիքիպեդիա հանրագիտարանում խմբագրելիս բացի լեզուական, թարգմանչական հմտութիւնները զարգացնելը` դպրոցականները հնարաւորութիւն ունեն նաեւ ստացած  գիտելիքի շնորհիւ կողմնորոշուել ապագայ մասնագիտութեան հարցում, կամ էլ արդէն ընտրած մասնագիտութեան վերաբերեալ յօդուածներ խմբագրելով` բազմակողմանի տեղեկատուութիւն ստանալ դրա վերաբերեալ:

Ալավերդու վիքիակումբի խմբագիր 17ամեայ Մարիամ Սարգսեանն արդէն գրեթէ երկու տարի է` խմբագրում է Վիքիպեդիա նախագծում: Մարիամը դեռ վերջնական չի կողմնորոշուել ապագայ մասնագիտութեան հարցում, սակայն վստահ է` Վիքիպեդիայում խմբագրելն իրեն շատ է օգնում այդ ճանապարհին:

«Միշտ հակում եմ ունեցել դէպի լեզուները, իսկ վիքիպեդիան վերհանել է իմ ներսում թաքնուած թարգմանչին: Վիքիաշխարհի շնորհիւ ես հասկացել եմ, որ լեզուները ընդամէնը բառերի ու քերականական կանոնների խումբ չեն, կամ էլ սոսկ հաղորդակցման միջոց: Լեզուները հոգի ունեն, որը պէտք է հասկանալուց  աւելի շատ զգալ: Պէտք է ընկերանալ լեզուի հետ եւ լսել նրան», ասում է Մարիամը:

Քարվաճառի վիքիակումբի 15ամեայ խմբագիր Լենա Ղազարեանը Վիքիպեդիա նախագծում խմբագրում է արդէն 3 տարի:

Lena Ghazaryan

Լենա Ղազարեան

«Յատկապէս վերջերս հիմնականում խմբագրում եմ այնպիսի յօդուածներ, որոնցից ստացած գիտելիքները կարող են օգնել ապագայ մասնագիտութեանս հարցում։ Որոշել եմ լրագրող դառնալ եւ գրում եմ լրագրողական թեմայով յօդուածներ: Այսպիսով խմբագրելը ոչ միայն հաճելի ու հետաքրքիր է, այլ նաեւ` օգտակար։ Օգնում է աւելի լաւ պատկերացնել լրագրողի մասնագիտութիւնն իր բոլոր առանձնայատկութիւններով։ Շատ մասնագիտական տերմինների (եզրերու-Խմբ.) ծանօթանում եմ հէնց յօդուածը գրելիս։ Ծանօթանում եմ պատմութեան ընթացքում լրագրութեան փոփոխմանը, լրագրութեան ժանրերին», պատմում է Լենան: Ապա մասնագիտութեան վերաբերեալ գրել է արդէն մօտ 20 յօդուած:

«Գրել եմ պարբերականների, լրագրողների, լրագրողական ժանրերի, հեռուստատեսային հաղորդումների մասին։ Սկզբում աւելի բարդ էր, հիմա աւելի հեշտ եմ թարգմանում, քանի որ աստիճանաբար ծանօթանում եմ բառապաշարին»:

Արեւածագի վիքիակումբի 16ամեայ խմբագիր Տաթեւ Առաքելեանը Վիքիպեդիա նախագծում խմբագրում է արդէն 5 տարի: Տաթեւը որոշել հաշուապահ դառնալ եւ սկսել է խմբագրել մասնագիտական յօդուածներ:

«Ապագայ մասնագիտութեանս վերաբերեալ խմբագրած յօդուածներն ինձ տալիս են գիտելիքներ, հետաքրքիր տեղեկութիւններ: Այս յօդուածներն ինձ համար մեծ նշանակութիւն ունեն, քանի որ դրանք  յետագայում եւս ինձ շատ պէտք են գալու:

Տաթեւը նոր է սկսել խմբագրել մասնագիտական յօդուածներ: «Առայժմ ստեղծել եմ մօտաւորապէս 4-5 յօդուած, քանի որ զուգահեռ գրում եմ նաեւ այլ թեմաներով»: Մասնագիտական յօդուածներով մտադիր է շարունակել հարստացնել Վիքիպեդիա հանրագիտարանը, քանի որ դրանք խմբագրելը հետաքրքիր է, նաեւ` հեշտ է ստացւում:

Յօդուածներ խմբագրելուց բացի, վիքիակումբներում պարբերաբար կազմակերպւում են նաեւ կրթական բնոյթի տարբեր միջոցառումներ:
«Մասնագիտութեան ընտրութեան հարցում ինձ օգնել է Ալավերդու վիքիակումբի բազմաթիւ հրաշալի ծրագրերից մէկը, որի շրջանակներում ծանօթացել եմ տարբեր ոլորտների լաւագոյն մասնագէտների հետ, որոնք ներկայացրել են իրենց փորձը, աշխատանքի բնոյթը», պատմում է Ալավերդու վիքիակումբի խմբագիր Մարիամ Սարգսեանը:
Մասնագիտութեան հարցում ճիշդ կողմնորոշուելը բարդ, միեւնոյն ժամանակ` պատասխանատու որոշում է: Վիքիպեդիայում խմբագրելը մասնագիտական կողմնորոշման գործիքներից մէկն է, որը խորհուրդ են տալիս իրենք` դեռահասները:

 

Թամարա Գրիգորեան՝ Քարվաճառի վիքիակումբի համակարգող

«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top