Քարվաճառում Ընթացքի Մէջ Է Բուժմիաւորման Նոր Մասնաշէնքի Շինարարութիւնը

TAMARA-GRIGORYAN-2

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

TAMARA-GRIGORYAN-2Արցախի Շահումեանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում այս օրերին ընթացքի մէջ է շրջանային բուժմիաւորման նոր մասնաշէնքի շինարարութիւնը: Այն իրականացւում է Հայաստան Համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ Արցախի կառավարութեան համաֆինանսաւորմամբ: Նոր մասնաշէնքի կառուցման հետ հիմնանորոգուելու է նաեւ Քարվաճառի շրջանային բուժմիաւորման առկայ մասնաշէնքը:

Մեզ հետ զրոյցում անդրադառնալով բուժմիաւորման առաջնային խնդիրներին` գործադիր տնօրէն Կարէն Սարգսեանն ընդգծեց  բուժսարքաւորումների հիմնաւոր բացակայութիւնը:

«Վերանորոգումից եւ նոր մասնաշէնքի կառուցումից յետոյ ըստ նախագծի նախատեսւում է նաեւ բուժմիաւորումն ապահովել անհրաժեշտ սարքաւորումներով, եւ ես վստահ եմ, որ մեծ առաջընթաց կը լինի», նշեց մեր զրուցակիցը:

Նոր կառուցուող մասնաշէնքում նախատեսւում է ունենալ վիրաբուժական, վերակենդանացման, թերապեւտիկ բլոկներ (բուժական բաժիններ-Խմբ.), ծծնդասենեակ, ատամնաբուժարան:

«Կ՛աւելացուի լաբորատոր կորպուս (տարրալուծարանային զանգուած-Խմբ.), ինչի շնորհիւ տեղում հնարաւոր կը լինի պատշաճ ախտորոշում իրականացնել: Այս հիմնանորոգման արդիւնքում բուժմիաւորումը կը դառնայ ժամանակակից, իր չափերին համապատասխան մրցունակ հիւանդանոց` որակեալ բուժսպասարկմամբ», վստահ է բուժմիաւորման գործադիր տնօրէնը:

IMG_20200723_120521

Մասնագիտութեամբ թերապեւտ, առողջապահութեան կազմակերպիչ Կարէն Սարգսեանն առաջնային է համարում նաեւ բուժմիաւորումը ոչ միայն սարքաւորումներով, այլ նաեւ մասնագէտներով զինելը:

«Առաջնային է նաեւ մասնագէտների խնդիրը: Եւ նոր մասնաշէնքի կառուցման ու եղած մասնաշէնքի հիմնանորոգման հետ փորձ է արուելու լուծում տալ նաեւ այս խնդրին: Նոր հաստիքներ կը լինեն, կը բացուեն նոր աշխատատեղեր»: Ըստ մեր զրուցակցի, այս պահին բուժմիաւորմանն առաջնային անհրաժեշտ է մանկաբոյժ, եւ այս հարցն առաջիկայում կը լուծուի:

Նշենք, որ Քարվաճառի հիւանդանոցի այսօրուայ շէնքը կառուցուել է խորհրդային տարիներին: Վերջին անգամ այն մասնակի նորոգուել է 1998-2000ական թուականներին։
Բուժմիաւորումը շրջանի առողջապահական հիմնական կառոյցն է:

Նշենք, որ հիմնանորոգման եւ կառուցապատման շինարարական աշխատանքները նախատեսւում է աւարտել 2021 թուականի վերջին:

 

«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից

 

 

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top