Գլխաւոր Հիւպատոս Բայբուրդեանի Հանդիպումը Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի Հետ

0303valad2

0303valad2

ԳԼԵՆԴԵՅԼ Փետրուարի 26ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ, որը Հանրապետական կուսակցութեան անդամ է: Հանդիպմանը մասնակցում էր Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը:

Ներկայացուցիչների պալատի անդամ Վալադաօն ներկայացնում է Կալիֆորնիայի Կենտրոնական հովտի կոնգրեսական 21րդ ընտրաշրջանը` հայաշատ Ֆրեզնոյի մի զգալի մասը իր մէջ ներառնող:

Բայբուրդեանը Վալադաոյին շնորհաւորեց Ներկայացուցիչների պալատի անդամ վերընտրուելու եւ Հայկական հարցերի կոնգրեսական յանձնախմբի համանախագահութիւնը ստանձնելու կապակցութեամբ: Բայբուրդեանը ներկայացրեց Արցախի դէմ ադրբեջանաթուրքական յարձակման հետեւանքները Արցախի եւ Հայաստանի համար, ինչպէս նաեւ պատերազմից յետոյ առաջացած մարդասիրական ճգնաժամը: Նա յատուկ կարեւորութիւն տուեց Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների խնդրին` ընդգծելով նրանց հայրենիք շուտափոյթ վերադարձի անհրաժեշտութիւնը:

Զրուցակիցները պայմանաւորուեցին հանդիպումներին պարբերական բնոյթ տալու մասին` ծրագրելով առաջիկայ հանդիպումը Ֆրեզնոյում անցկացնել:

Վալադաօն ջերմութեամբ արտայայտուեց ամերիկահայ համայնքի մասին եւ կարեւորեց համայնքի դերակատարութիւնը եւ ուրոյն ներդրումը Ամերիկայի խոշորագոյն նահանգի կեանքի բոլոր բնագաւառներում:

Բայբուրդեանը շեշտեց, որ Կալիֆորնիայի հայահոծ համայնքի ակունքները գտնւում են հէնց Ֆրեզնոյում, ուր հայկական համայնքը սկսել է ձեւաւորուել դեռեւս 19րդ դարի վերջին տասնամեակներին: Նա նաեւ գոհունակութիւն յայտնեց Հայկական հարցերի կոնգրեսական յանձնախմբի պետքարտուղարին եւ պաշտպանութեան քարտուղարին ուղղուած Փետրուարի 19ի նամակի համար, ուր Ամերիկա-Հայաստան յարաբերութիւնները ամրապնդելու կոչ կը կատարուէր: Բայբուրդեանը նաեւ իր գնահատանքի խօսքն ասաց առ այն, որ կոնգրեսականը Արցախ էր այցելել 2017ի Սեպտեմբերին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top