ԳԵՏԱՇԷՆԻ ԱՐԾԻՒԸ՝ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԷԵԱՆ

Արցախում ծաւալուած զանգուածային բռնութիւնների ալիքն իր գագաթնակէտին հասաւ 91ի Ապրիլ-Մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ատրպէյճանական յատուկ նշանակութեան զինուած ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան ուժերի աջակցութեամբ, փաստօրէն, բացայայտ պատերազմ սկսեցին Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողութիւնը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցութեամբ յարձակուեցին նշուած շրջանների հայկական բնակավայրերի վրայ եւ դաժան մարտերով գրաւեցին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհուեց նաեւ հայկական ինքնապաշտպանութեան ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպէեանը՝ Գետաշէնի արծիւը:

Ապրիլի 21ը Ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի ծննդեան օրն է: Ամէն տարի Թաթուլ Կրպէեանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր յարգում են ազգային հերոսի յիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գիւղ:

«Կռուի դաշտում Թաթուլի կատարած սխրանքները հերոսութիւն էին ոչ միայն հայոց պատմութեան, այլեւ համաշխարհային պատմութեան մէջ: Նա միայնակ դուրս եկաւ ամբողջ աշխարհում հռչակուած «Կարմիր» բանակի դէմ, այն ժամանակ, երբ դեռ կար Սովետական Միութիւնը», պատմում է հերոսի այրին՝ տիկին Իրինան ու յաւելում, թէ ինչպէս է Թաթուլը ոստնել ու յայտնուել տանկի վրայ եւ ճանկել «Օղակ» գործողութիւնը ղեկավարող գնդապետ Մաշկովի օձիքը: Ձեռքի նռնակի օղակը բռնած, գնդապետին առաջն արած՝ Թաթուլն ու միւսները պատանդներին ազատելու նպատակով՝ գնացել են բանակցութիւնների: Ճանապարհին Թաթուլը հասցրել է խլել յարձակման մշակուած ու խիստ գաղտնի պահուող պլանը, որը որպէս նախատինք ու ամօթանք է մնալու փլուզուած Խորհրդային Միութեան այդ օրերի ղեկավար կոչուածների վրայ:

Առնական ու յաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կը տանի…»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մէջ ուժը մնում է: Գետաշէնն իր համար սրբութիւն էր:

«Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով». Դա իր սկզբունքն էր եւ իր մահով փրկեց 3000 մարդու, նշում է տիկին Իրինան:

Այսօր Թաթուլի ծննդավայր Արեգ գիւղում հերոսի անունով դպրոց կայ, եւ ինչպէս հերոսի այրին նշեց. «Գետաշէնում զոհուած ազատամարտիկ ազգային հերոսները եօթն են եւ Երեւանում բոլորի անունով էլ լաւ կը լինէր, որ դպրոցներ լինէին»:

Արեգ գիւղի շիրմատանը, ուր հանգչում է Թաթուլի աճիւնը, կառուցուած է մի մեծ յուշարձան, որը նուիրուած է Թաթուլի եւ միւս ազատամարտիկների նուիրական յիշատակին:

Եւ այսօր էլ, երբ ոմանք փորձում են անջրպետ դնել հայ ժողովրդի միջեւ, հասկանում ես, որ սա չէր ազգային հերոսի բաղձանքը, եւ տեղին է տիկին Իրինայի ասածը. «Թաթուլը չէր կռւում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնութիւն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմութեան մէջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթէ լինէր նա, կ’ասէր, որ սխալ է ազգը աղճատելը, դա մեր ազգային բնութագրին յարիր չէ»:

Իրօք, արծուի նման ապրեց Թաթուլն իր կեանքի քսանվեց տարիները եւ արծուի նման էլ զոհուեց՝ հպարտ, վեհանձնօրէն ու քաջաբար: Եւ նման քաջերի անունը շատ երկար է ապրում, որովհետեւ ժողովուրդն է պահում-պահպանում նրանց սխրանքի յիշողութիւնը:

«Ինչո՞ւ, վախենո՞ւմ էք մահից: Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնայ Երեւանի օդանաւակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ՝ այդ բանը չեմ անի», ասել էր Թաթուլն այդ տագնապալի օրերին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top