Խորէն Արամունիի «Ուղղիչ Տունը»

«ԱՍՊԱՐԷԶ».-Յուլիսի 18ին, Հայաստանի Գրողների Միութեան կլոր դահլիճի մէջ կայացած Խորէն Արամունիի «Ուղղիչ տունը» գրքի շնորահանդէսին, բանասիրական գիտութիւններու դոկտ. փրոֆէսօր Սամուէլ Մուրադեան այս խօսքը ներկայացուցած է հատորի մասին։

Տարիներ առաջ, երբ մի անգամ Նորայր Ադալեանը հարցրեց թէ՝ ի՞նչ կարծիքի ես Խ. Արամունու մասին, ասացի՝ դժբախտաբար ծանօթ չեմ նրա գործերին։ Ասաց՝ ես կարդացել եմ նրա գրականութիւնը եւ համոզուել եմ, որ նա լուրջ գրական երեւոյթ է։

Այս տարի Թեհրանում, «Ուղղիչ տունը» գրքի շնորհահանդէսի կապակցութեամբ, հասցրի կարդալ Արամունու նախորդ գործերը, յատկապէս այս գիրքը եւ եկայ այն համոզման, որ Նորայր Ադալեանը իրաւացի է, որովհետեւ մենք գործ ունենք շատ լուրջ եւ իսկապէս կայացած գրողի հետ. դա խորին եւ մասնագիտական համոզում է։

Նախորդ գրքերից, իհարկէ, կարող եմ մատնանշել այնպիսի տպաւորիչ պատմուածքներ, որոնք բնորոշ են նրա մտածողութեանը, ինչպէս օրինակ. «Նրանց կանգնած թաղեցի» պատմուածքը, որտեղ ներկայացւում են մանկութեան ու պատանեկութեան այն ընկերները, որոնք յետոյ դարձել են կուսակցականներ ու կուսակցականամոլներ, ամէն մէկը ժողովրդին, հայրենիքին ծառայելու փոխարէն որոշել է ծառայել իր կուսակցութեանը։ Թէպէտ պիտի ասեմ, որ Խ. Արամունու բոլոր ստեղծագործութիւններում էլ վատը պատկերելիս կայ նաեւ սրտցաւութիւնը, այն կեցուածքը, որ դժգոհում է ոչ միայն իրողութիւնից, այն փաստից, այն առարկայականից, որը ներկայացնում է գեղարուեստօրէն, այլեւ ամէն ինչի մէջ տեսնում է հայ մարդու աւանդական բացատրելի, երբեմն էլ անբացատրելի ցաւը։

Ուզում եմ տպաւորութիւններս ասել «Ուղղիչ տունը» գրքի վերաբերեալ։

Վահան Տէրեանը Աւետիք Իսահակեանին ասում էր՝ սիրում եմ քո երկերի մէջ դրսեւորուած զգացումների տարերային անմիջականութիւնը։ Ես Տէրեանից փոխ եմ առնում այս արտայայտութիւնը՝ այս պահին օգտագործելու համար, որովհետեւ յարմար եմ գտնում ինքս եւս ասել, որ Խ. Արամունին անկեղծ է իր բոլոր գրուածքների մէջ։ Երբ նայում եմ նրա շատ պարզ ու յստակ բանավէճը Չարենցի հետ, նրա գրողականութեան էութիւնը ինձ եւս թելադրում է լինել այնպէս, ինչպէս ինքն է՝ անկեղծ ու անմիջական։

1926 թուին, Չարենցը մի «սոսկալի յանցանքի» համար յայտնւում է Երեւանի ուղղիչ տանը, եւ քանի որ այդ Երեւանի ուղղիչ տուն կոչուածը ընդամէնը մի սովորական խորհրդային բանտ է եղել, ուրեմն Խ. Արամունին ճիշտ է նկատել, որ միայն գրողների հանճարը կարող է երեւանեան բանտը այդքան գեղեցիկ ու այդքան շքեղ նկարագրել, եւ այս պահին ես պիտի յիշեմ Յակոբ Պարոնեանի մի արտայայտութիւն, որտեղ Խ. Նարբէին առիթով ասում է. «Այնքան ախորժակով դամբանական կը կարդար, որ ներկայ եղողները մեռնելու փափաք կը զգային»։ Հիմա ճիշտ այդպէս, Չարենցը այնպէս է նկարագրում սովետական այդ բանտը, որ Արամունին ստիպուած է ասել. «Ընթերցողին թւում է, թէ խօսում ես Նիկոլայ երկրորդի պալատի պարտէզների ու ծաղկանոցների մասին»։ Արամունու բանավէճը Ե. Չարենցի հետ դառնում է անխուսափելի, որովհետեւ Խ. Արամունին 1969 թուականից, այսինքն Չարենցի բանտային ժամանակաշրջանից աւելի քան քառասուն տարի յետոյ, գնացել յայտնուել է մի երկրում, որն իր սահմանային՝ Նախիջեւան առաջին քաղաքից մինչեւ վերջին քաղաքը մի այդպիսի ուղղիչ տուն էր։ Հետաքրքիր է գրողի դիտելու կարողութիւնն ու դիտածը վերարտադրելու, պատկերաւոր ներկայացնելու ունակութիւնը։ Սա մեծ երեւոյթ է։ Ինչո՞ւ, որովհետեւ Արամունին անպայմանօրէն գրական գիտելիքների մեծ պաշար կուտակած անհատականութիւն է։ Նա Երուանդ Օտեանից ու միւս գրողներից տառացիօրէն իւրացրել է անկեղծ լինելու սկզբունքը։ Գրքում պարզ երեւում է, որ Իրանում հայ ազգային դաստիարակութիւն ստացած, ՀՅԴի դաստիարակչական ոգով մեծացած երիտասարդը յանկարծ հարկադրուած է լինում այսինչ կամ այնինչ փոքր հարցեր լուծելու համար դիմել զանազան խորամանկութիւնների, որովհետեւ միջավայրն էր այդ պահանջում։ Ինքը շփւում է մեծ ու փոքր չինովնիկների հետ եւ նրանց ներկայացնում է ճիշտ այնպէս ինչպէս որ կային, բայց այդ ամէնի մէջ չի կորցնում հայրենիքի հանդէպ սիրոյ զգացողութիւնը եւ ամէն մի ցաւոտ դէպք նկարագրելիս արտացոլում է իր անմիջական հայ մարդու վերաբերմունքը, իր հպարտութիւնը։

Ինչպէս ասացի Արամունուն բնորոշ է իրական, միաժամանակ բացասական տիպարների անուններ չտալը, բայց նաեւ կան մարդիկ, որոնք այդ համատարած խաւարի թագաւորութեան մէջ լուսաւոր կէտեր են։ Օրինակ ես հիացայ նրա արդարամտութեամբ, որով կարողացել է այն ժամանակների կրթութեան եւ գիտութեան նախարար Աշոտ Ասլանեանի կերպարը ուրուագծել՝ ցոյց տալով նրա մարդկային նկարագիրը։ Գրքում կայ մի փոքրիկ հատուած, որը ենթավերնագրուած է «Հանդիպում հսկաների հետ»։ Այդ հատուածում ես տեսայ, թէ Արամունին ինչպէս է նկարագրել մեծագոյն բանաստեղծներից մէկի՝ Յովհաննէս Շիրազի մարդկային դիմանկարը, թէ նա ինչպէս է մտահոգուած իր ազգի վաղուայ ճակատագրով։ Գրքում ներկայացնում է բանաստեղծի բնորոշ հարցադրումները, թւում է թէ լսում ես նրա իսկ բանաստեղծի ձայնով։ Շիրազի հետ քսանհինգ տարի մտերիմներ ենք եղել, այդ հարցադրումները այնքան բնորոշ են նրան ու այնքան հարազատօրէն են արտացոլւում գրքում։ «Իրանում հայերէն կարդո՞ւմ են, հայկական դպրոց կա՞յ, հայութիւն կա՞յ, չե՞ն ուզում գալ, ի՞նչ են մտածում, Արեւմտահայաստանի մասին ի՞նչ են մտածում, պայքար կա՞յ, յոյս կա՞յ»։

Գրքում մեծ տեղ է տրուել Երեւանի Պետական Համալսարանում իր ուսանելու ժամանակներին։ Այնտեղ իրենց ուրոյն տեղն ունեն այնպիսի մարդիկ, որոնց անունները դիտաւորեալ չի շեշտում, բայց կան նաեւ այնպիսի լուսաւոր կէտեր, որոնք ներկայացնում են Խ. Արամունի արձակագրի դիտողականութեան, նրբանկատութեան այն խոշոր առաւելութիւնը, որով սովորական թուացող փաստը դառնում է գեղարուեստական պատկեր։ Օրինակ մենք բոլորս լաւ յիշում ենք մեր դասախօս Լեւոն Ներսիսեանին, նրա մարդկային վեհ նկարագիրը, նրա արտաքին գեղեցկութիւնը, առինքնող գեղեցիկ խօսքը, խոշոր աչքերը, հայեացք, որի մէջ մի ամբողջ ժողովրդի պատմութիւն էր կարծես թաքնուած։ Հիմա, Արամունին մօտեցել է նրան, պիտի քննութիւնների տարբերութիւն յանձնի։ Նա յանձնարարում է՝ կը գնաս «Իլիական» ու «Ոդիսականը» կը կարդաս եւ կու գաս քննութեան։ Սա շատ բնորոշ է Լեւոն Ներսիսեանին, բայց առաւել բնորոշը այն է, որ Արամունին ասում է. «Չէիր կարողանում զանազանել, աչքերն էին դէմքի վրայ, թէ՞ դէմքը՝ աչքերի։ Խոշոր, խոհուն, խելացի, տիրող, գերող, գամող աչքեր էին»։ Սա արդէն արտայայտում է անհատականութեանը բնորոշ կարեւոր գիծ, գեղարուեստական պատկեր, որը շատ պարզ վկայում է հեղինակի գրագէտ լինելու, երեւոյթները տեսնելու եւ դրանց մէջ եղած գեղարուեստականը ցուցադրելու հմտութիւնը։

Այս գրքում Խ. Արամունին շատ բան է տեսնում։ «Առաջին Ապրիլ 24ը», որը 1970ականներին ունէր իր այսպէս ասած, բարդութիւնները, մի իրողութիւնը այն է, որ փակուած, փաթեթաւորուած մի պաստառ գալիս հասնում է մինչեւ Ծիծեռնակաբերդի համալիր-յուշարձան, այնտեղ բացւում է Աւետիս Ահարոնեանի այն մի բանատողը, որտեղ ասւում է. «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհն հային կարդայ նախատինք»։ Այս տողերի բացողը բնականաբար պիտի յայտնուէր կալանավայրում։ Մեզանից շատերը տեսել ու այդ բովով անցել են եւ ինչ որ նկարագրում է Խ. Արամունին այս գրքում, բոլորս դրանց վկաներն ենք, ականատեսներն ու կրողները։

Խորհրդային Հայաստանում Արամունին շփուել է շատ բաների հետ՝ առաջին համերգը, առաջին գրաքննութիւնը, առաջին դասը, առաջին գնումը, առաջին Ապրիլ 24ը, առաջին աշխատափափախը, առաջին, առաջին եւ այսպէս շարունակ:

Գրքի կառոյցը եւս հետաքրքիր է՝ կարդում ես առանձին դրուագներ, որոնք ինքնուրոյն գեղարուեստական միաւորներ լինելով, միաւորւում են մի մեծ ամբողջի մէջ, իսկ «ամբողջը» մի մեծ գերտէրութեան։ Նրանում եղած մարդկային ու հասարակական յարաբերութիւնների արդարամիտ նկարագիրն է։ Այդ «Ուղղիչ տուն» գեղարուեստական պատկերն ամբողջանում է հեղինակ-հերոսի՝ կենտրոնական եւ հիւսիսային մայրաքաղաքների այցելութեան նկարագրութեամբ։ Առիթը ամուսնական ճամբորդութիւնն էր, որի ընթացքում նա ճաշակել էր խորհրդային իրականութեան յայտնի ու թաքուն «բարիքները», ունեցել ծանրագոյն նուաստացման պահեր ռուսական չինովնիկների հետ հարկադիր հանդիպումներում։

Այնուամենայնիւ պիտի նկատենք հետեւեալը, որ այս գիրքը պէտք է համարել Խ. Արամունու մեծ գեղարուեստական արձակի վերջին խոշոր նուաճումներից մէկը։

Սրտանց շնորհաւորում եմ այս գրքի լոյս ընծայման առիթով։ Ուզում եմ նաեւ նրա 60ամեակի առիթով մաղթել նրան ստեղծագործական նորանոր նուաճումներ՝ ի շահ մեր գրականութեան եւ յանուն մեր ժողովրդի։

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top