Փետրուարի 18. Ողբերգական Վերջ՝ Խոստումնալից Սկզբի

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մետիա».- Երէկ, Երեւանի մէջ սփռուող, իսկ այսուհետեւ նաեւ համացանցի վրայ տեսնուող «Երկիր Մետիա» հեռատեսիլի կայանը հետեւեալ հաղորդումը փոխանցած է Փետրուարեան ապստամբութեան մասին. («Երկիր Մետիա» կրնաք դիտել www.mogulus.com/yerkirmedia կայքէջէն)

Փետրուար 18ը մեր ժողովրդի պատմութեան մէջ նշանաւորուել է իբրեւ համաժողովրդական արդար ցասումի արտայայտութեան՝ Փետրուարեան ապստամբութեան օր: Դա իրաւունքների վերականգման հայ ժողովրդի գերագոյն ճիգն էր ընդդէմ դաւադիր յեղկոմի ու Չեկայի: Իշխանութիւնը խաղաղ ճանապարհով պոլշեւիկներին յանձնած Հայաստանի Առաջին Հանրապետութեան կառավարութեանը տրուել էին գրաւոր վստահութիւններ, որ չեն լինելու հետապնդումներ ու բռնութիւններ: Մինչդեռ արդէն Դեկտեմբերի 6ին Չեկան ձերբակալում է Դաշնակցութեան Բիւրոյի եւ կենտրոնական կոմիտէի 18 անդամների: Հետեւում են զինուորականների աքսորը՝ վերջին կաթիլը դարձաւ Փետրուար 17ը, երբ Երեւանի բանտում կացնահարուեցին ազատագրական պայքարի երախտաւոր մարտիկները՝ Համազասպը, գնդապետ Ղորղանեանը, այլ գործիչներ: Հետապնդուած գործիչների յիշատակը յաւերժացնող խաչքարի մօտ այսօր ծաղիկներ են դրել նրանց վաստակը գնահատող քաղաքացիներ:

Թէեւ հարկադրուած, բայց գիտակցաբար առանց զէնքի յանձնած իշխանութիւնը, խորհրդային դահճի ձեռքին դարձաւ վրէժի գործիք: Վրէժ ոչնչի համար: Դեկտեմբերի 2ից յետոյ Դաշնակցութեան Բիւրոն անգամ տարածել էր շրջաբերական, որով իր գործիչներին կոչ էր անում ինտէգրուել (մերուիլ-Խմբ.) նոր հասարակութեանը եւ շարունակել ծառայել հայրենիքին: Մինչդեռ ռուսական իշխանութեան դրածոները նրանց կացնով դիմաւորեցին:

(Կը խօսի) Արտաշէս Շահբազեան, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար. «Ե՛ւ սպանել են, ե՛ւ գնդակահարել են, ե՛ւ կացնահարել են. մի ատելութիւն, որ չգիտես որտեղից է գալիս: Այս մարդիկ գաղափարական հակառակ ճամբարի մարտնչողներ չեն եղել, չեն կռուել այդ իշխանութեան դէմ:

Նրանց անունները յայտնի են հերոսամարտերից՝ գեներալ Նազարբէկեան, Նիկոլայ Ղորղանեան, Համազասպ Սրուանձտեան… 1200 սպաների աքսորեցին, միւսներին նետեցին Չեկայի բանտը: Մթնոլորտը հեղձուցիչ էր ու ժողովուրդը յետ խլեց իր նուիրած իշխանութիւնը: Գառնիից, Հրազդանից ծայր առած ընդվզումները Երեւանում պայթեցին իբրեւ ապստամբութիւն:

18ին ապստամբութիւնը բռնկում է: Մէկ օր ուշանար՝ կացնահարուելու էին եւ Նիկոլ Աղբալեանը, Յովհաննէս Քաջազնունին եւ պետական այլ գործիչներ: Հայրենիքի շատ զինուորներ խուսափեցին մահուանից: Երեւանի բանտի դռները բացելուց յետոյ պարզ դարձաւ՝ ինչ սարսափելի նախճիրներ էին իրականացրել պոլշեւիկները»:

Պոլշեւիկեան դաւադիր իշխանութիւնը խախտեց խոստումը: Երկրի ղեկը կամաւոր յանձնած Առաջին Հանրապետութեան նուիրեալները բանտարկուեցին ու կացնահարուեցին: Այս խաչքարը յաւերժացնում է նրանց յիշատակը:

(Կը խօսի) Տէր Շահէ, Հոգեհանգստի խօսք. «Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ…»:

Տէր Շահէն նշեց նրանց սրբացման անհրաժեշտութիւնը: Հաւաքուածները յիշատակեցին բազում մանրամասներ նուիրեալների ազգանուէր կեանքից ու գործերից: Անկախութիւնը վերագտած երկիրը փորձում է արժեւորել իր նահատակներին:

(Կը խօսի) Հայկազուն Ալվրցեան, ԵՊՀ հայագիտութեան կենտրոնի աւագ գիտաշխատող. «Եթէ չլինէր Փետրուարեան ապստամբութիւնը, Հայաստանի պետականութեան հեռանկարը կասկածի տակ էր: Բացառիկ էր ու եզակի սփիւռքում թէ Հայաստանում, մեծ լիցք էր ժողովրդի գաղափարական պայքարի համար»:

Վերանկախացած Հայաստանը, Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ, երկար տեւել չէր կարող. երկրից աքսորուել էին գրեթէ բոլոր բարձրաստիճան զինուորականները, թալանուել էին ռազմապահեստները, չկար աջակից ուժ: Ընդամէնը 42 օր, որ մարդիկ դիմաւորեցին արցունքոտ աչքերով ու եռագոյններով: «Փետրուարեան աւանտիւրա» (արկածախնդրութիւն-Խմբ.) որակուած ժողովրդական ցասումը, սակայն, դաս եղաւ պոլշեւիկեան իշխանութեանը նոր, հանդուրժողական գործիչներ ուղարկելու: Նաեւ յաջողուեց փրկել Զանգեզուրը, որ պէտք է կցուէր Ատրպէյճանին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top